Cerca

Vatican News
Արարատի մարզում երեխաների համար քաղաք է կառուցվելու Արարատի մարզում երեխաների համար քաղաք է կառուցվելու 

Արարատի մարզում երեխաների համար քաղաք է կառուցուելու

Այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամութիւն ունեցող և սոցիալապէս անապահով շուրջ 600 երեխայ և երիտասարդ

ՀՀ կառավարութիւնը որոշում կայացրել «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումեան և Տափերական համայնքներում անհատոյց հողատարածքներ տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպութեանը սեփականութեան իրաւունքով:

Ունկնդրէ լուրը

Նախագծի համաձայն՝ վերոնշեալ համայնքների տարածքներում նախատեսւում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացուեն երեխաների խնամքին, առողջութեան պահպանմանը, դաստիարակութեանը և զարգացմանը, կրթական ծառայութիւնների արդիւնաւէտ կազմակերպմանն ուղղուած ծրագրեր:

Այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամութիւն ունեցող և սոցիալապէս անապահով շուրջ 600 երեխայ և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ, իսկ միջնորդաւորուած շահառուներ կարող են լինել մօտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից: Բանիմաց ու փորձառու մասնագէտները փոքրիկ բնակիչներին կշրջապատեն առաւելագոյն ջերմութեամբ և հոգատարութեամբ, կցուցաբերեն անհատական վերաբերմունք ու մօտեցում:

«Երեխաների քաղաք» նախագծի հիմքում իրական՝ «մեծերի» քաղաքի մոդելն է՝ իրեն բնորոշ ենթակառուցուածքներով՝ մանկապարտէզ, միջնակարգ և աւագ դպրոցներ, հիւանդանոց, մարզահամալիր և այլ հաստատութիւններ՝ համարեցուած շարժողական խնդիրներ ունեցողների ազատ տեղաշարժման համար:

Իր տեսակով իւրօրինակ այս քաղաքի բնակիչները հնարաւորութիւն կունենան մասնագիտութիւններ ձեռք բերել, տիրապետել արհեստների, իւրացնել համակարգչային հմտութիւններ և ստացած գիտելիքներն ու փորձը կիրառել այնտեղ գործող արհեստագործական և գիւղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասերում, հիւրատանը, ռեստորանում և այլ հաստատութիւններում:

Մանուկների համար նախատեսուած յատուկ «քաղաքների» կառուցումը աշխարհում ընդունուած պրակտիկա է, որն առաջին անգամ կիրառուել է Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ: Հայաստանում նախագիծն իրականութիւն կդառնայ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպութեան նախաձեռնութեամբ և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսեանի անմիջական աջակցութեամբ:

«Երեխաները մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողն են, մեր երկրի ապագան: Մենք պարտաւոր ենք անել հնարաւոր ամէն բան՝ ապահովելու նրանց անհոգ մանկութիւնը և երջանիկ, հարմարավէտ ու ապահով ապրելու իրաւունքը; «Կարիտաս» բարեսիրական ընկերութեան հետ համատեղ մեր բոլոր ուժերն ու ջանքերը կենտրոնացրեցինք նախագիծը կեանքի կոչելու համար: Քննարկումների արդիւնքում ընտրեցինք 2 հարմար հողատարածք Շահումյան և Տափերական համայնքներում և նախագիծը ներկայացրեցինք նախարարների խորհրդի նիստին, որից յետոյ այն կառավարութեան կողմից հաւանութեան արժանացաւ», – ներկայացնելով նախագծի մանրամասները՝ պատմել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Մարզպետի խօսքով՝ Արարատի մարզի երեխաների համար այդօրինակ համալիրի կառուցումը կնպաստի մանկական աղքատութեան կրճատմանը, սոցիալապէս անապահով երեխաների զարգացմանը, կրթութեան ապահովմանը, ինքնադրսևորմանը, ներառմանը հասարակութիւնում:

«Երեխաների քաղաքի» կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարուայ աշնանը:

13/08/2019, 09:11