Cerca

Vatican News
Վիկտոր Պոգրեբնիյ, Սովետական Բանակի Սպայ Վիկտոր Պոգրեբնիյ, Սովետական Բանակի Սպայ   Պատմութիւնը

Սովետական բանակից մինչեւ քահանայութիւն. մի հաւատքի պատմութիւն սովետական վարչակարգի ստուերի ներքոյ

«Երեխայ ժամանակ մտածում էի, որ քահանայութիւնը լինելու է իմ կեանքի նպատակը»: Հէնց այսպէս է սկսւում հարցազրոյցը Սովետական Միութեան զինուորականի անցեալ ունեցող եօթանասուներեքամեայ Վիկտոր Պոգրեբնիյի հետ, ով եօթ տարի է ինչ քահանայ է: Ամուսնացած է, ընտանիքի հայր, մեծ հայր եւ այրի, քահանայ է ձեռնադրուել Կիեւում (Ուկրաինայ) 2012 թուականի յունուար 7-ին:

Չեզարէ Լոդէզերտոյ - Քիշնեւ

Հայր Վիկտորի պատմութիւնը սկիզբ է առնում Սլոբոդա-Ռաշկով գիւղում՝ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետութեան այժմեան անջատողական տարածքի սրտում, որը մշտական վէճի առարկայ է Մոլդովայի Հանրապետութեան հետ: ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ մշտապէս որպէս պահանջատէր է հանդէս գալիս իր իրաւասութեանը ենթակայ տարածքի համար: Այս փոքրիկ գիւղը, շնորհիւ շատ ակտիւ կաթողիկէ համայնքի, որի մաս էր կազմում երիտասարդ Վիկտոր Պոգրեբնիյը, ծնունդ է տվել բազմաթիւ քահանաների, ինչպէս նաեւ մէկ եպիսկոպոսի:  Համայնք, որը երբեք չի վախեցել իր հաւատքը վկայելուց, մինչեւ իսկ 1970-ական թուականներին, այլ կերպ ասած՝ կոմունիստական բուռն շրջանում, առանց որեւէ թոյլտուութեան, եկեղեցի կառուցելուց:

Զինուորական ծառայութեան ընտրութիւնը՝ առանց հաւատքը կորցնելու

Հոգեւորական դառնալու Վիկտորի ցանկութիւնը փշրուեց այն օրը, երբ նրան զօրակոչեցին սովետական նաւատորմում ծառայութեան: Նա ստիպուած եղավ հեռանալ իր հարազատ Սլոբոդա-Ռաշկով գիւղից: Դա վերջնական օտարացում էր, քանի որ զինուորական ծառայութիւնն աւարտելուց եւ իր արժանիքների համար գնահատանքի արժանանալուց յետոյ նա մշտական զինուորական ծառայութեան անցավ: Նա ուսում ստացավ Կալինինգրադի ռազմական ակադեմիայում, որն անշուշտ, իր նախնական ծրագրերի ճեմարանը չէր, ապա՝ բանակում բարձրացւում է նրա զինուորական աստիճանը եւ շնորհւում սպայի կոչում: Հեռու հայրենի գիւղից եւ էլ ավելի հեռու քահանայ դառնալու իր ցանկութիւնից՝ Վիկտորի կեանքը բեկումնային շրջադարձ է ընդունում: Մինչդեռ, նա երբեք չհեռացավ Աստծուց. «Ես չկորցրեցի իմ հաւատքը եւ հաւատարիմ մնացի այն ամէնին, ինչ ինձ սովորեցրել էին ծնողներս, բայց ես ստանձնել էի զինուորականի պաշտօն, յարգուած էի եւ ինձ պատասխանատու պաշտօններ էին վստահուած: Իմ կեանքը փոխուել էր, ես հանդիպել էի մի երիտասարդ աղջկայ, ով 1970 թուականին դարձավ իմ կինը: Իրականում, ես բարձրացայ խորան, բայց, որպէսզի դառնամ լաւ ամուսին»: 

Վիկտոր, առաջին քայլերը սովետական նաւատորմում
Վիկտոր, առաջին քայլերը սովետական նաւատորմում

Գաղտնի աղօթել

Հայր Վիկտորը պատմում է, թէ որքան դժուար էր համատեղել սեփական հաւատքը եւ միշտ կասկածամիտ կոմունիստական վարչակարգն ու զինուորական խիստ համակարգը: Նա պատմում է. «Ես շատ վատ փորձառութիւն ունեցայ, երբ ծառայում էի Հիւսիսային Բեւեռում տեղակայուած ռազմական բազայում: Վերադասներս գտել էին իմ Աւետարանը: Մի անգամ էլ ոստիկանութեան ձեռքն ընկայ, երբ աջակցում էի Սլոբոդա-Ռաշկովի եկեղեցու կառուցմանը: Ինձ մեղադրանք առաջադրուեց եւ ես հարցաքննվեցի իմ վերադասների կողմից: Երբ կարողանում էի, յաճախում էի կաթողիկէ եկեղեցի, որը գտնւում էր ճիշտ ԱԱԾ-ի գրասենեակի դիմաց: Եկեղեցի մուտք գործելու համար պէտք է զգուշաւոր լինեի, որպէսզի ինձ չնկատեին: Ես ընդյատակեայ կաթողիկէ էի՝ թաքնուած եւ վախեցած: Միեւնոյն ժամանակ փորձում էի հասկանալ, թէ արդեօք իմ զինակից ընկերների մէջ կան ուրիշ կաթողիկէներ, սակայն չէի կարող ինքս ինձ բացայայտել»:

Երջանիկ ընտանիք

«Այսուհետեւ իմ կեանքը սահմանագծուած էր, - շարունակում է Հայր Վիկտորը: Ես սիրում էի կնոջս, մեր ամուսնութիւնից ծնուեցին երկու երեխաներ, ապա, նրանք եւս ամուսնացան ու մեզ պարգեւեցին երեք թոռնիկներ եւ, ես դարձայ մեծ հայր: Այս ամէնից զատ, ես նաեւ բախտ ունեցայ հետեւելու այն ուղիին, ինչ եղբայրս էր ընտրել՝ դառնալով քահանայ»:
 

Վիկտորը կնոջ եւ աւագ որդու հետ
Վիկտորը կնոջ եւ աւագ որդու հետ

Վերջապէս ազատօրէն կարող եմ վկայել իմ հաւատքը

Կոմունիստական վարչակարգի փլուզումից յետոյ Վիկտորի կեանքը շրջադարձային փուլ թեւակոխեց եւ, որ ամենակարեւորն էր, նա վերագտավ հաւատքի խաղաղութիւնը եւ հնարաւորութիւն ստացավ առանց վախի իր զաւակներին քրիստոնէական դաստիարակութիւն տալու: Նրա կեանքը զինուորականի կեանք էր, ապա՝ տարիների ընթացքում, թոշակի անցած զինուորականի կեանք, մինչեւ որ ընտանիքի հետ միասին կը սկսէր ապրել խաղաղ կեանքով՝ նուիրուելով երեխաների եւ թոռնիկների դաստիարակութեանը:

Դժբախտաբար, 2008 թուականին վախճանվում է նրա կինը: Նա մնում է միայնակ: Հէնց այդ ժամանակ է, որ կրկին երեւան է գալիս քահանայ դառնալու նրա ցանկութիւնը: Իրականում, նա երբեք էլ չէր հրաժարուել իր սկզբնական կոչումից: Այդ նոյն տարում Կիեւի Եպիսկոպոսը նրան ընդունեց ճեմարան եւ, չորս տարի անց՝ 2012 թուականի յունուարի 7-ին, նա կրկին կանգնեց Տիրոջ խորանի առջեւ, բայց այս անգամ քահանայական օծում ստանալու համար, շրջապատուած ընտանիքի անդամներով եւ իր կրտսեր եղբօր կողքին, ով երկար տարիներ է ինչ քահանայ էր: 

Վիկտորը (մէջտեղում) Քիշնեւի Մայր Տաճարում պատարագ մատուցելիս
Վիկտորը (մէջտեղում) Քիշնեւի Մայր Տաճարում պատարագ մատուցելիս

«Չեմ կարող նկարագրել այդ պահի յուզմունքը, - ասում է Հայր Վիկտորը, - եւ յատկապէս՝ ընկղմումն իմ անցեալի հաւատքի մէջ: Միեւնոյն ժամանակ մտածում էի կնոջս մասին: Վստահաբար, լինելով երկնքում, նա երջանիկ էր իմ նոր ընտրութեան համար: Մինչ կը սկսեի իմ կրթութիւնը ճեմարանում, նախ, ցանկացայ խօսել երեխաներիս հետ, որպէսզի հասկանամ, թէ ինչ են մտածում այդ մասին: Նրանց կողմից լիակատար ըմբռնում ստանալուց յետոյ, էլ ավելի հաստատուն դարձայ իմ որոշման մէջ: Այս որոշումն ամենեւին էլ չի ջնջում ամուսնու եւ հօր իմ անցեալը: Այդ անցեալն է, որ հնարաւոր դարձրեց մի կոչում, որը պէտք է սպասէր իր ժամին եւ անցնէր կոմունիստական վարչակարգի դժուարին փորձութիւնը»:

Քահանայական ձեռնադրութիւնից յետոյ Կիեւի Եպիսկոպոսը Հայր Վիկտորին ծառայութեան նշանակեց մի քանի ժողովրդապետութիւններում: Ինչ-որ չափով նա վերստին հայր դարձավ, միայն թէ ավելի բազմանդամ ընտանիքով եւ պարտականութիւններով, որոնց միջոցով, եւ շնորհիւ այն ներքին երիտասարդութեան, որ կայ այդ երջանիկ քահանայի մէջ՝ օրէցօր էլ ավելի էր նուիրւում այն համայնքներին, որոնք վստահուած էին իրեն:

Անցեալ, որը հետապնդում է նրան եւ հեռացնում Ուկրաինայից

Նրան դեռեւս նոր եւ բարդ ժամանակներ են սպասւում: Սովետական բանակի զինուորի եւ Ռուսաստանի քաղաքացու իր անցեալը նրան թոյլ չեն տալիս մնալ Ուկրաինայում այն ժամանակ, երբ Կիեւի եւ Մոսկուայի միջեւ փոխյարաբերութիւններն ավելի են վատթարանում՝ մինչեւ իսկ հասնելով հակամարտութեան, որը վերջնականապէս բաժանում է նրանց: Հայր Վիկտորը ստիպուած եղավ լքել Կիեւի թեմը եւ ապաստան գտնել Ղրիմում, որը կրկին դարձել էր ռուսական տարածաշրջան: Օդեսայի Եպիսկոպոսը, որի ենթակայութեան ներքոյ էր Ղրիմը, Հայր Վիկտորին ծառայութեան է նշանակում Սիմֆերոպոլի ժողովրդապետութիւնում: 

Հ. Վիկտոր Պոգրեբնիյը (երրորդը՝ ձախից) այլ հոգեւորականների ընկերակցութեամբ
Հ. Վիկտոր Պոգրեբնիյը (երրորդը՝ ձախից) այլ հոգեւորականների ընկերակցութեամբ

Գիւղ վերադառնալու ցանկութիւնը

2019 թուականի տարեսկզբին, եօթանասուներեք տարեկան հասակում, բայց միշտ երիտասարդ ոգով, միտքը նրան ուղղորդում է դէպի հայրենի Սլոբոդա-Ռաշկով գիւղ: Որոշակի տարիքի հասնելով, նա իր ակունքներին վերադառնալու կարիք է զգում: Նա դիմեց Քիշնեւի Եպիսկոպոս, Սրբազան Անտոն Քոզային, խնդրելով ուսումնասիրել հայրենի գիւղ վերադառնալու իր հնարաւորութիւնը:

«Ինձ յուզեց այս քահանայի պատմութիւնը, - վկայում է Սրբազան Անտոն Քոզան, - եւ, իր արմատները վերագտնելու համար հարազատ Սլոբոդա-Ռաշկով գիւղ վերադառնալու ցանկութիւնը: Ես նրան հրաւիրեցի մի քանի օր հիւրընկալուելու մեր թեմական տանը, որպէսզի կարողանայինք հանդիպել, մտքեր փոխանակել եւ որպէսզի նրան ծանօթացնեի իմ թեմի հոգեւորականների հետ: Ես բացայայտեցի մի մարդու, ով անկասկած բազմաթիւ փորձութիւնների էր ենթարկուել իր երկար ու տառապալից պատմութեան ընթացքում, այնուամենայնիւ, նա երջանիկ մարդ է իր անմնացորդ նուիրմամբ եւ քահանայի փորձառութեան վկայութեամբ: Նա ժամանեց շատ քիչ իրերով՝ զինուորականին յատուկ սկզբունքով, սակայն հոգեւորականին եւ հօրը բնորոշ մեծ ու հոգատար սրտով»: 

Հայր Վիկտոր Պոգրեբնիյը Քիշնեւի Եպիսկոպոս, Սրբազան Անտոն Քոզայի հետ
Հայր Վիկտոր Պոգրեբնիյը Քիշնեւի Եպիսկոպոս, Սրբազան Անտոն Քոզայի հետ

Բարեկամութիւն Քիշնեւի Եպիսկոպոսի հետ

Մոլդովայի Քիշնեւ քաղաքում իր կեցութեան առաջին իսկ օրերին Հայր Վիկտորը ցանկութիւն յայտնեց այցելել Սլոբոդա-Ռաշկով, որպէսզի մի փոքր կարգի բերեր այն վայրը, որտեղ թաղուած են իր ծնողները: Այսպիսով, նա կարծես վերակենդանացնում էր իր անցեալի մի մասնիկը եւ նորից ճանապարհ ընկնում այն համայնքից, որտեղ հասունացել էր քահանայ դառնալու իր ցանկութիւնը, եւ, ի հարկէ, այն վայրը, որտեղից, իրականում, նա սկսել էր մի ուխտագնացութիւն, որը ժամանակի ընթացքում Վիկտորին մղեց դէպի զանազան փորձութիւններ, մինչեւ որ կրկին նրան կվերադարձնէր իր հաւատքի եւ կոչման սկզբնական ակունքին:

Թերթելով իր լուսանկարները, որոնցում սովետական բանակի սպայ էր եւ այն լուսանկարները, որոնցում Սուրբ Հաղորդութիւն էր մատուցում, Հայր Վիկտորն այսօր առանձնայատուկ յուզմունքով է ընդունում այն, որ հաւատքի ճանապարհին պէտք է թոյլ տալ, որպէսզի Աստուած անսպասելիօրէն այցելի մեզ. «Ես մտածում էի ամէն ինչի մասին, բացի այն բանից, որ կարող եմ քահանայ դառնալ: Սակայն, ճշմարտութիւնն այն է, որ Տէրը լսում է կարօտեալի աղօթքը՝ իմ աղօթքը»:

«Այժմ պատրաստւում եմ հանդիպել Օդեսայի Եպիսկոպոսի հետ, որպէսզի նրան ներկայացնեմ իմ համեստ ցանկութիւնը վերադառնալ իմ ընտանիքի հայրենի գիւղ, եւ, եթէ Աստուած կամենայ, կհավաքեմ որոշ իրեր, - շարունակում է քահանան, - եւ, Սլոբոդա-Ռաշկով վերադառնալուց յետոյ, Սիմէոն ծերունու նման կը կարողանամ ասել. «Այժմ, ո՛վ Տէր, խաղաղութեամբ արձակիր Քո ծառային»: Գիտեմ, որ այստեղ ինձ սպասում է Սրբազան Անտոն Քոզան, ում ես վստահեցի իմ կեանքի պատմութիւնը: Լաւ հոգեւոր առաջնորդի իմաստութեամբ, նա կը կարողանայ այս քահանային, չնայած նրա տարիքին, վստահել մի վայր, որտեղ վերջինս կը շարունակի լինել լաւ հայր»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը 

31/07/2019, 09:09