Որոնել

Տամարա Չիկունովայ Տամարա Չիկունովայ   Պատմութիւնը

ՅԱՆՈՒՆ ՈՐԴՈՒ

Միակ որդու անհիմն ձերբակալութիւնից եւ մահապատժի իրականացումից յետոյ Տամարան հիմնեց «Մայրերն ընդդէմ մահապատժի եւ խոշտանգումների» կազմակերպութիւնը:

Դաւիդ Դիոնիսի – Վատիկան

Նա անսպառ էներգիայ ունի, նրա պատմութիւնները չափազանց շատ մանրամասներ են պարունակում եւ բոլորը աւարտւում են նոյն կերպ. «Ամեն ինչ ունի սահման, բացի գթասրտութիւնից»: Տամարա Չիկունովան ուզբեկ մի կին է, ով միակ որդու՝ 28-ամեայ Դմիտրի Չիկունովի մահուան դատավճռի կայացումից եւ 2000 թուականի յուլիս 10-ին դրա իրագործումից յետոյ հիմնադրեց «Մայրերն ընդդէմ մահապատժի եւ խոշտանգումների» կազմակերպութիւնը: Գրեթէ 20 տարի է, ինչ նա շրջում է ողջ աշխարհով եւ պատմում իր պատմութիւնը՝ որդուն անարդարացիորէն մահապատժի ենթարկելու դատական գործի մասին, որն իրեն դրդեց քայլել մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ բանտերում մարդասիրութիւն տարածելու խորտուբորտ ճանապարհով: Նա գործունէութիւն է ծաւալում մասնաւորապէս այն երկրներում, որտեղ դեռեւս «խիստ պատիժ» է կիրառւում (այս վերջին ամիսներին նա ուշադրութիւնը կենտրոնացրել է Բելառուսիայի վրայ): Տամարա Չիկունովայի հայրենիքում մահապատժի կիրառումը արգելուել է 2008 թուականի յունուար 1-ից՝ շնորհիւ իր գործունէութեան եւ «Sant'Egidio» միաբանութեան աջակցութեան: Մահապատժի վերացման շնորհիւ հարիւրաւոր մարդկային կեանքեր, որոնք արդէն իսկ մահուան դատապարտուածների խցում էին, խնայվեցին:

Ձերբակալութիւնը եւ խոշտանգումները

«Եկէ՛ք սկսենք ըստ հերթականութեան», - անմիջապէս ասում է Տամարան, գրեթէ հնարաւորութիւն չթողնելով հարցեր տալու: «Ապրում եւ աշխատում էինք Տաշքենդում մինչ այդ անիծեալ 1999 թուականի ապրիլ 17-ը: Քաղաքացիական հագուստով երեք տղամարդ եկան որդուս գրասենեակ նրան ձերբակալելու: Ես ներկայ էի այդ խորհրդաւոր այցելութեան ժամանակ», - պատմում է Տամարան, աւելացնելով, թէ անմիջապէս այն զգացողութիւնն ունեցավ, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: «Ես հարցրեցի, թէ որն է ձերբակալութեան պատճառը եւ ինձ պատասխանեցին, որ սա պարզապէս ձեւականութիւն է: Այդ օրից ի վեր Դմիտրին այլեւս դուրս չեկաւ բանտից»: Ժամեր անց, Տամարան նոյնպէս ձերբակալուեց եւ հարցաքննութեան ենթարկուեց 12 ժամ շարունակ: «Նրանք ինձ ծեծի ենթարկեցին, քանի որ անընդհատ հարցեր էի տալիս որդուս մասին: Ես որդուս տեսայ միայն վեց ամիս անց եւ դժուարութեամբ կարողացայ ճանաչել նրան»: 

Տամարա Չիկունովայ
Տամարա Չիկունովայ

Մահապատիժը եւ կտակը

Յուլիս 10-ին, առաւելագոյն գաղտնիութեան պայմաններում, Տաշքենդի բանտում նրան գնդակահարեցին: Այս կնոջ ցաւը անասելի մեծ էր, ցավ, որն ավելի ու ավելի էր սաստկանում այն բազմաթիւ հարցերից, որոնք այդպէս էլ պատասխան չստացան: Ինչո՞ւ նա եւ ինչո՞ւ այդքան մեծ դաժանութիւն: Մահուանից առաջ Դմիտրիի գրած վերջին նամակը քառասուն օր անց ուղարկուեց մօրը: Նամակում Դմիտրիի կտակն էր. «Թանկագին մայր, ես քեզանից ներողութիւն եմ խնդրում, եթէ ճակատագիրը մեզ թոյլ չտայ հանդիպել: Յիշի՛ր, որ ես մեղաւոր չեմ, ես ոչ ոքի չեմ սպանել: Ես նախընտրում եմ մեռնել, բայց թոյլ չտալ, որ որեւէ մէկը քեզ ցավ պատճառի: Ես սիրում եմ քեզ: Դու իմ կեանքի միակ սիրելի էակն ես: Խնդրում եմ, կը յիշե՛ս ինձ»: Սա իրական եւ սաստիկ ցավ է: Տամարան, անքնութեան երկու տարիներից յետոյ, համակուած վրէժխնդրութեան անյագ ծարաւով, իր վրայ է վերցնում սիրելի որդու վերջին կամքի ծանրութիւնը: Այսպիսով, սկսուեց նրա պայքարն ընդդէմ մահապատժի, «որն աշխարհի բազմաթիւ երկրներում դեռեւս համարւում է ծանր յանցանքները նուազեցնելու միջոց»: Միեւնոյն ժամանակ, այս համատեքստում, դատապարտեալը դառնում է սոցիալական խնդրի զոհը, պատանդը օրէնքի անունից գործած յանցանքի: Սա հասարակութեան վրէժխնդրութիւնն է», - ընդգծում է նա:

Տամարա Չիկունովան Ռատիօ Վատիկանում Դաւիդ Դիոնիսիի եւ Օլգա Սակունի հետ
Տամարա Չիկունովան Ռատիօ Վատիկանում Դաւիդ Դիոնիսիի եւ Օլգա Սակունի հետ

Ներման ուժով

Նրա նպատակը Դմիտրիի ինքնազոհութեան յիշատակը վառ պահելն է: «Ներման ուժով», - ինչպէս ասում է Տամարան, նա իր ցաւը վերածում է նման դատավարութիւններից տուժածների կողքին իր գործնական ներկայութեան: Տամարան հետեւում է դատավարութիւններին, բանտարկեալների հարազատներին խորհուրդներ է տալիս, թէ ինչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել եւ օգնում նրանց նամակներ ու բողոքարկման դիմումներ պատրաստել: «Կանանց, ովքեր գնում էին մահուան դատապարտուածների խուց՝ իրենց երեխաներին, ամուսիններին կամ եղբայրներին այցելելու, անընդհատ յիշեցնում էի, որ չպէտք է լաց լինեն, այլ, պէտք է ուժ տան իրենց հարազատներին պայքարելու եւ առաջ շարժուելու: Սա յանուն կեանքի մղուող ճակատամարտ է: Եւ երբեք չխօսել վրէժխնդրութեան մասին»: Կամքի ուժը եւ նրա Կազմակերպութեան նախաձեռնութիւնները, որոնց աջակցում էին առաջին համակիրները՝ ««Sant'Egidio» միաբանութեան բարեկամները», թոյլ են տալիս Տամարային հասնել իր նպատակին:

Մահապատժի արգելումը եւ փրկուած կեանքերը

2008 թուականի յունուար 1-ին Ուզբեկստանը արգելեց մահապատժի կիրառումը: Այդ նոյն տարում Ուզբեկստանը դարձավ մահապատիժն արգելող 134-րդ երկիրն աշխարհում եւ երրորդը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում՝ Թուրքմենստանից եւ Ղրղզստանից յետոյ: Տամարան հասավ իր նպատակին, եւ այսօր, նոյնիսկ եթէ «անցանկալի» քաղաքացի է համարւում Ուզբեկստանում, այնուամենայնիւ, կարողացաւ դուրս գալ երկրի սահմաններից, որպէսզի պատմի իր ու բոլոր վերապրածների պատմութիւնները: Եւգենի Գուգնինը մէկն է այն բազմաթիւ կեանքերից, որ Տամարային յաջողուել է փրկել. «Նրա դատավճիռն արդէն հրապարակուել էր», - մանրամասնում է Տամարան: «Մահվան դատապարտուածների խցում նա մկրտվեց եւ քահանայ դառնալու ցանկութիւն յայտնեց, եթէ իրեն յաջողուէր դուրս գալ այդ դժոխքից: Եւգենիին  ներում շնորհուեց եւ նա ազատ արձակուեց 2011 թուականին: Այսօր նա Տաշքենդի դպրեվանքի ուսանող է»:

Տամարայի թղթապանակը

Այս բոլոր պատմութիւնները եւ դէպքերը Տամարան հաւաքում է մի թղթապանակում, որը պարունակում է լուսանկարներ եւ գրառումներ: A4 չափսի այս թղթապանակի առաջին էջին նրա սիրելի որդու մեծ լուսանկարն է՝ հետեւեալ գրառումով. «Չիկունով Դմիտրի, 28 տարեկան, Ռուսաստանի քաղաքացի, քրիստոնեայ, ոչ մի արժէք չունի հասարակութեան համար եւ չի կարող արդարացուել բանտում, հետեւաբար, գործած յանցանքների համար դատապարտւում է մահուան եւ գնդակահարվում: 2005 թուականի մարտին Դմիտրին յետմահու արդարացւում եւ անմեղ է ճանաչւում: Նրա դատավարութիւնը սխալ ճանաչուեց, քանի որ ինչպէս շատ ուրիշների, այնպէս էլ Դմիտրիի համար «բանտի դուռը շատ լայն էր, երբ ներս մտավ, բայց չափազանց նեղ՝ երբ փորձեց դուրս գալ այնտեղից», - իր խօսքը եզրափակում է Տամարան: 

Թարգմանեց  Հրանուշ Սարգսյանը 

 

Լուսանկարների շարք 

Չիկունովայ
Չիկունովայ
Չիկունովայ
Չիկունովայ
Չիկունովայ
Չիկունովայ
Չիկունովայ
Չիկունովայ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/07/2019, 08:00