Որոնել

Vatican News
Աստծոյ Գառան Հետեւորդներ Փոքրիկ Քոյրերի միաբանութեան միանձնուհիները Աստծոյ Գառան Հետեւորդներ Փոքրիկ Քոյրերի միաբանութեան միանձնուհիները  Պատմութիւնը

Մտահայեցողական կեանքի բերկրանքը կիսելով տրիսոմիայ (Դաունի համախտանիշ) ունեցող միանձնուհիների հետ

Ֆրանսիայի կենտրոնական հատուածում է տեղակայուած Աստծոյ Գառան Հետեւորդներ Փոքրիկ Քոյրերի միաբանութիւնը: Սա աշխարհում հիմնուած առաջին մտահայեցողական միաբանութիւնն է, որն իր յարկի տակ է ընդունում տրիսոմիայ 21-ի խանգարում ունեցող անձանց, ովքեր այստեղ ապրում են նուիրական կեանքով:

Սիփրիեն Վիեթ – Վատիկան

Հոգեւոր եւ մարդասէր այս ճանապարհորդութիւնը, որ նրանք անցնում են Սուրբ Բենեդիկտի եւ Սուրբ Թերեզ Լիզյոացու հովանու ներքոյ, սկիզբ է առնում 1980-ական թուականներին Լինի (երիտասարդ մի կնոջ, ով հոգեւոր փնտռտուքի մէջ էր եւ ցանկանում էր իր կոչումն ապրել ամենաթոյլերին ծառայելով) եւ Վերոնիկի (տրիսոմիայ 21 հիւանդութեան կրող մի երիտասարդ կնոջ, ով ցանկանում էր ինքն իրեն նուիրել Տիրոջը ծառայելուն) միջեւ ծագած բարեկամութիւնից:
«Ես այցելութիւններ էի կատարել տարբեր միաբանութիւններ, որոնք իրենց յարկի տակ էին ընդունում հաշմանդամութիւն ունեցող անձանց, սակայն ինքս ինձ համար բացայայտեցի, որ նրանք այս միաբանութիւններում չէին գտնում իրենց տեղը, քանի որ դրանք յարմարեցուած չէին նրանց կարիքներին», - պարզաբանում է մայր Լինը, ով այսօր Աստծոյ Գառան Հետեւորդներ Փոքրիկ Քոյրերի Միաբանութեան մեծաւոր մայրն է: «Քոյր Վերոնիկի՝ տրիսոմիայ ունեցող երիտասարդ աղջկայ հետ հանդիպումն էր, որ դրդեց ինձ իրականացնել այս գաղափարը: Ինքս ինձ ասացի, որ պէտք է օգնեմ նրան հասնել սեփական կոչման կենսագործմանը»:
Դաունի համախտանիշ ունեցող այս երիտասարդ աղջիկը ցանկանում էր հետեւել Տիրոջը ծառայելու կոչին, սակայն, բոլոր միաբանութիւններում մերժման էր բախւում: Մենաստանի կանոնագիրքը եւ օրէնքները չէին նախատեսում մտաւոր հաշմանդամութիւն ունեցող անձանց ընդունումը կրօնական կեանք: Լինը եւ Վերոնիկն իրենց կեանքի 14 տարիները նուիրեցին այս աննախադէպ միաբանութեան կանոնադրութիւնը ընդունելի դարձնելու համար:

Քոյր Վերոնիկը եւ Մայր Լինը՝ միաբանութեան առաջին երկու անդամները
Քոյր Վերոնիկը եւ Մայր Լինը՝ միաբանութեան առաջին երկու անդամները

Աստիճանական ճանաչումը Եկեղեցու կողմից
Լինը եւ Վերոնիկը 1985 թուականին սկսում են ապրել ՄՎԿ տեսակի մի փոքրիկ կացարանում: Ավելի ուշ նրանց է միանում Դաունի համախտանիշ ունեցող մէկ այլ երիտասարդ աղջիկ: 1990 թուականին նրանք խնդրանքով դիմում են Տուր քաղաքի արքեպիսկոպոս եւ ապագայ կարդինալ՝ Սրբազան Հայր Ժան Օնորէին (1920-2013), իրենց միաբանութիւնը սկզբնական շրջանում որպէս աշխարհիկ հաւատացեալների հասարակական միաւորում ճանաչելու համար: Կարդինալ Օնորէն Հռոմում հանդէս է գալիս ի պաշտպանութիւն այս նախաձեռնութեան եւ նրա աջակցութիւնը թոյլ է տալիս առաջին ճանաչումը բերել այս միաբանութեանը:
1995 թուականին միաբանութեան անդամների քանակի աճը ստիպում է Փոքրիկ Քոյրերին տեղափոխուել իրենց կացարանից: Նրանք բնակութիւն են հաստատում Բլանի կալուածներից մէկում, որը Բուրժի թեմում գտնուող 6500 բնակիչ ունեցող մի համայնք էր: Նրանց ջերմօրէն ընդունեց թեմի արքեպիսկոպոս՝ Սրբազան Հայր Պիեր Պլաթոն (1924-2018), ով նոր խնդրանքով հանդէս եկավ Հռոմում, որպէսզի քոյրերի միաբանութեանը կրօնական հայեցողական հաստատութեան կարգավիճակ շնորհուի, ինչն էլ, ի վերջոյ, տեղի ունեցավ 1999 թուականին: «Սրբազան Հայր Պլաթոն մեր միաբանութեան համար յիրաւի հոգեւոր հայր էր եւ իսկական հարազատ Դաունի համախտանիշ ունեցող անձանց համար», - վկայում է Մայր Լինը: Միանձնուհիները, ովքեր տնօրինում էին մի ընդարձակ այգի, հետզհետէ իրականացնում են մենաստանի եւ մատուռի կառուցման աշխատանքները, եւ, 2011 թուականին հասնում են իրենց կարգավիճակի վերջնական ճանաչմանը՝ շնորհիւ 2007-2008 թուականներին Բուրժի առաջնորդ, Սրբազան Հայր Արման Արքեպիսկոպոս Մեյարի:

Առողջական խնդիրներ չունեցող եւ Դաունի համախտանիշ ունեցող քոյրերի համակեցութիւնը
Այժմ, Աստծոյ Գառան Հետեւորդներ Փոքրիկ Քոյրերի միաբանութեան անդամները տասն են՝ առողջական խնդիրներ չունեցող երկու եւ Դաունի համախտանիշ ունեցող ութ միանձնուհիներ: Այսպիսով, միաբանութիւնը խոցելի վիճակում է գտնւում եւ յոյս ունի, որ շուտով իր յարկի տակ կ'ընդունի նաեւ ուրիշ առողջ քոյրերի, քանի որ առօրեայում Դաունի համախտանիշ ունեցող քոյրերը ուղեկցութեան կարիք են զգում: Սակայն, իրականում, «նրանք ինքնուրոյն են, քանի որ մտահայեցողական կեանքը թոյլ է տալիս ապրել խիստ կանոնաւոր ռիթմով: Դաունի համախտանիշ ունեցող անձանց համար փոփոխութիւններն են, որ դժուարութիւններ են ստեղծում, իսկ այն ամէնը, ինչ կանոնաւորված է՝ նրանց համար ուղենիշ է», - ընդգծում է Մայր Լինը:
Առօրեայ կեանքը շաղկապվում է առօրեայ գործերի, իւրաքանչիւր երեքշաբթի մատուռում մատուցուող պատարագի եւ զանազան գործունեությունների հետ, ինչպիսիք են՝ մանածագործութեան եւ կաւագործութեան արուեստանոցները եւ բոլորովին վերջերս՝ բուժիչ բոյսերի այգու մշակումը: Ի վերջոյ, նրանց արտասովոր կոչումը բացայայտւում է առօրեայ կեանքում, ծառայութեան խոնարհութեան մէջ, հետեւելով այն «փոքր ճանապարհին», որ քարոզում էր Սուրբ Թերեզ Լիզյոացին, ում հոգեղէնութիւնը ներշնչման հզօր աղբիւր է:
«Ահայ 34 տարի է, ինչ ականջալուր եղայ Յիսուսի կանչին: Ես փորձեցի ճանաչել Յիսուսին՝ ընթերցելով Աստուածաշունչը եւ Աւետարանը», - պատմում է փոքրիկ քոյր Վերոնիկը: «Ես ծնուել եմ տրիսոմիայ 21 կոչուող հաշմանդամութեամբ: Ես երջանիկ եմ, ես սիրում եմ Կեանքը: Ես աղօթում եմ, սակայն տխրում եմ տրիսոմիայ ունեցող այն երեխաների համար, ովքեր չեն զգալու կեանքի ուրախութիւնը»: Նրա համար, ով զգում էր, որ կանչուած է, ինչպէս Սուրբ Թերեզը, ապրելու իր կոչումը սիրոյ մեջ՝ ճանապարհը երկար էր, սակայն, շնորհիւ իր համբերութեան եւ հաւատքի՝ վարձատրվեց: «Յիսուս ինձ մեծացրեց իր Սիրոյ մէջ: Տարբեր միաբանութիւնների կողմից մերժուելուց յետոյ իմ ուրախութիւնն այն է, որ կարողացայ իմ յաւիտենական ուխտը հաստատել Աստծոյ Գառան Հետեւորդներ Փոքրիկ Քոյրերի Միաբանութեան մէջ՝ 2009 թուականի յունիս 20-ին: Յիսուսի հարսը լինելը իմ կեանքի ամենամեծ ուրախութիւնն է»:

Թոյլ տալ, որ սէրը տարածուի
«Մի ժամանակաշրջանում, երբ հասարակութիւնը, ուղենիշների բացակայութեան պայմաններում, թւում է, թէ այլեւս չի իմաստաւորում կեանքը եւ ոչ էլ արժեւորում է այն՝ մեր միաբանութիւնը կը ցանկանար Աստծուն նվիրաբերված մեր կեանքերի պարզ վկայութեամբ վերահաստատել կեանքի եւ մարդ արարածի սրբութեան բնոյթը», - նշում են Փոքրիկ Քոյրերը:
Որպէսզի տրիսոմիայ ունեցող այս երիտասարդ կանանց սրտում եղած սիրոյ ողջ զօրութիւնը լիովին տարածուի Տիրոջը նվիրաբերված կեանքի մէջ, Փոքրիկ Քոյրերը փորձում են խորհրդածելու կոչ անել «այն երիտասարդ աղջիկներին, ովքեր ներշնչուած են աղքատութեան եւ ինքնանվիրման ոգով եւ պատրաստ են իրենց կեանքը նուիրել Քրիստոսին ծառայելուն՝ ի դէմս տրիսոմիայ ունեցող իրենց փոքրիկ քոյրերի»: Իսկ տրիսոմիայ ունեցող երիտասարդ աղջիկների համար «ինչպէս միւս բոլոր կոչումների դէպքում ընկալումը ծնւում է, երբ մարդը ծաղկուն շրջանում է, հէնց այդ ժամանակ է, որ Տէրը կանչում է նրանց: Այլապէս, նրանք հեռանում են: Ինչպէս եւ միւս բոլոր կոչումների դէպքում, նրանք շատ լաւ գիտակցում են՝ արդեօք դա իրենց կոչումն է, թէ ոչ», - մեկնաբանում է Մայր Լինը:

Փոքրիկ Քոյր Մօրգանի սքեմառութիւնը
Փոքրիկ Քոյր Մօրգանի սքեմառութիւնը

Յիսուսի հետ պարզ բարեկամութեան շնորհը
Մայր Լինը արտասովոր հոգեւոր ուժ է նկատում տրիսոմիայ ունեցող այս փոքրիկ քոյրերի մէջ: «Նրանք անգիր գիտեն Աստուածաշունչը եւ սրբերի կեանքի պատմութիւնը: Նրանք անհաւանական յիշողութիւն ունեն: Սրանք աղօթքի հոգիներ են, չափազանց հոգեղէն, չափազանց մօտ Յիսուսին», - հիանում է Մայր Լինը՝ նրանց պարզութեան մէջ տեսնելով մեր ժամանակների համար մարգարէական նշան: «Նրանց հոգին խեղուած չէ, ընդհակառակն՝ նրանք ավելի մօտ են Տիրոջը եւ ավելի հեշտութեամբ են հաղորդակցւում Նրա հետ»: Միաբանութեան միանձնուհիները, ովքեր առողջական խնդիրներ չունեն, մասնաւորապէս գնահատում են տրիսոմիայ ունեցող քոյրերի լիակատար ներման կարողութիւնը, ինչպէս նաեւ իրենց քոյրերին քաջալերելու ունակութիւնը, երբ գտնում են անհրաժեշտ Աստուածաշնչեան մէջբերումը, որը կարող է իմաստ հաղորդել օրուան:
2013 թուականին միաբանութիւնը վկան դարձավ Փոքրիկ Քոյր Ռոզ-Քլերի վաղաժամ մահուան: Նա ընդամէնը 26 տարեկան էր: Այս միանձնուհին՝ շրջապատուած սրբութեան աուրայով, հետեւորդն էր Սուրբ Թերեզ Լիզյոացու, որին շատ էր սիրում: Մայր Լինը վկայում է Դաունի համախտանիշ ունեցող Փոքրիկ Քոյրերի արձագանգի մասին՝ ինչից վախենում էր վերջիններիս յուզական դիւրազգացութեան պատճառով: Ի վերջոյ, նրանք այս եղելութիւնն ընդունեցին խաղաղութեամբ՝ ամէն ինչ թողնելով Աստծոյ հայեցողութեանը։ «Յաջորդ առաւօտեան, երբ գնացի նրանց խուց՝ լուրը հաղորդելու, նրանցից մէկն ինձ ասաց․ «Սա Երկնքի ցանկութիւնն է»։ Մէկ ուրիշը, թէ՝ «Շնորհիւ մեր հաւատքի, պէտք է կարողանանք տոկալ»»։

«Վստահաբար, սա մի աշխարհ է, որը պէտք է բացայայտել, - ասում է Մայր Լինը, - նրանք ուրախութիւն են պարգեւում հասարակութեանը եւ յատկապէս՝ սէր աշխարհին, որն այդքան ունի դրա կարիքը»։

 Փոքրիկ քոյրեր Մարի-Անժը, Կամիլը եւ Ժերալդինը։
Փոքրիկ քոյրեր Մարի-Անժը, Կամիլը եւ Ժերալդինը։

Դառնալ միանձնուհի եւ տրիսոմիայ ունեցող փոքրիկ քոյրերի հետ միասին նուիրուել Յիսուսին
Սա նշանակում է լսել Տիրոջ կանչը եւ ամենաթոյլերի հետ միասին նուիրուել կեանքի Աւետարանի վկայութեանը։ «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»։ Եթէ Տէրը կանչում է, ապա՝ տալիս է նաեւ Իր Շնորհը եւ տրիսոմիայ ունեցող փոքրիկ քոյրերի հետ միասին սեփական կեանքը նուիրաբերելու ուրախութիւնը։
Արձագանգել Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի խօսքերին, նշանակում է համարձակութիւն ունենալ ասելու. «Մի՛ վախեցիր» այնպիսի մի աշխարհի, որտեղ մարդը վախենում է մարդուց, վախենում է այն թուլութիւններից, որոնք յատուկ են իր էութեանը եւ նկարագրին, ինչպէս օրինակ, հաշմանդամութիւնը կամ որեւէ հիւանդութիւն։ Սա նշանակում է համարձակուել հաւաստել, ավելի քան երբեւէ, կեանքի գեղեցկութիւնը եւ վեհութիւնը իր տառապեալ խորհուրդի մէջ։
Ուստի, մի՛ վախեցէք հետեւել Յիսուսին եւ ձեզ ընծայուած այս կեանքը կիսել մեր Փոքրիկ Քոյրերի հետ, ովքեր, ի հարկէ, թոյլ են, սակայն, ամենավեհ ուխտի մէջ՝ որ սրտի ուխտն է, բնաւ զուրկ չեն ուժից՝ ճիշտ հակառակը։
Մի՛ վախեցէք աշխարհին վկայել այս վեհանձն կոչման մասին, որն ուղղուած է ուրիշներին եւ ունակ է դուրս գալու հաշմանդամութիւն ունեցող եւ շատ յաճախ հասարակութիւնից դուրս մղուած անձի հայեացքից, որպէսզի կարողանաք խորապէս բաց լինել լիովին մարդկային հայեացքի առջեւ»։

Յաւելեալ տեղեկատուութեան համար այցելէք հետեւեալ կայք՝ http://www.les-petites-soeurs-disciples-de-lagneau.com

Թարգմանեց  Հրանուշ Սարգսյանը

24/07/2019, 08:03