Որոնել

Դեյլ Ռեչինելլա Դեյլ Ռեչինելլա  Պատմութիւնը

Նա նրանց ուղեկցում է մինչ ի մահ՝ պատմելով Յիսուսի մասին

Հանդիպում Ֆլորիդայում մահուան դատապարտուածների հոգեւոր աջակից Դեյլ Ռեչինելլայի հետ:

Դաւիդ Դիոնիսի – Վատիկան քաղաք

Ինչպէ՞ս կարող էր նա՝ լինելով Ուոլ Սթրիթի հեղինակաւոր փաստաբան-ֆինանսիստ, «Notre Dame» Իրաւաբանական Դպրոցի շրջանաւարտ, դէպի Մայամիի ծովածոց բացուող տեսարանով շքեղ բնակարանի սեփականատէր, հրաժարուել այդ ամէնից՝ որոշելով դառնալ Ֆլորիդայի բանտերում մահապատժի դատապարտուածների հոգեւոր աջակիցը:

Մեզ մօտ ցանկութիւն առաջացաւ աւելին իմանալու մի մարդու կեանքի պատմութեան մասին, ով ամբողջական նուիրումով աշխատում է յօգուտ մահապատժի վերացման, մարդ, ում վերջին գիրքը լոյս է տեսել «Երբ բանտում այցելում ենք Յիսուսին» վերտառութեամբ, եւ որին «իր» բանտարկեալները շնորհել էին Fratello (եղբայր) մականունը:

Աբրուցոյից եկած գաղթականների որդին եւ ամերիկեան երազանքը

Նա հմտօրէն թաքցնում է իր աբրուցեան արմատները: Ծագումով Կաստել դի Սանգրոյից ներգաղթեալների որդին անմիջապէս մեզ է տալիս անձնական տուեալներով իր այցեքարտը (ինչն, ի հարկէ, ընդունուած չէ Իտալիայում) եւ հակիրճ ներկայացնում իր գործունէութիւնը. «աշխարհիկ» հոգեւոր հայր: Իրականում, իր առաքելութեան մէջ նրան միշտ ուղեկցում է կինը՝ Սյուզանը, ով ամերիկեան բանտերում սատարում է դատապարտեալների ընտանիքներին: Դեյլը յատուկ ընդգծում է, որ ցանկանում էր իր գիրքը նուիրել այն հազարաւոր տղամարդկանց եւ կանանց, «որոնց բանտում ծառայելու է կոչել ինձ Աստուած, եւ այն հարիւրաւոր կամաւորներին, որոնք ինձ աջակցեցին իմ առաքելութեան մէջ»: Իսկ մինչ այդ, ամէն բան այլ էր, քանի որ Դեյլը կատարեալ մարմնաւորումն էր ամերիկեան երազանքի: Նա շատ դրամ էր վաստակում, նրա  կեանքի ռիթմը խելայեղ էր, նա մի ամուսնութիւնից միւսին էր անցնում, մինչեւ որ հիւանդութիւնը ստիպում է կանգ առնել եւ մտորել անցեալի շուրջ: Նա Աստծուց եւս մէկ հնարաւորութիւն է խնդրում եւ ստանում այն: Սա շրջադարձային փուլ էր նրա կեանքում:

Շրջադարձային պահ, որը նշանաւորւում է Սաքքոյի եւ Վանզեթթիի պատմութեամբ

«Ինչո՞ւ մահապատժի դատապարտվածները» առաջին հարցմանն ի պատասխան նա փոքր-ինչ մռայլւում է, վարանում, ապա՝ ի մի բերելով յիշողութիւնները, պատմում. «Երբ ես փոքր էի, ծնողներիս ցնցել էր Սաքքոյի եւ Վանզեթթիի մահապատժի իրագործումը: 1927 թուականի օգոստոս 23-ին, Մասաչուսէթս նահանգի Չարլզթաունի բանտում այս երկու մարդիկ էլեկտրական աթոռի միջոցով մահապատժի ենթարկուեցին: Հէնց այս պատմութիւնից էլ ինձ մօտ միտք յղացաւ հոգ տանել նման մարդկանց մասին»:

Հանդիպումը մահուան դատապարտուածների հետ

«Fratello» Դեյլը վերյիշելով իր ընտանիքին ժպտում է, բայց, հէնց որ խնդրում ենք պատմել իր առաքելութեան մասին, նրա ձայնը ծանրանում է, եւ սկսում է կեանքի հրաժեշտի մի պատմութիւն, ջանալով մանրամասն ներկայացնել այն ամէնը, ինչ տեղի է ունենում այդ դժոխային վայրում, եւ, մեզանից ոչ մէկը չի համարձակւում նրան ընդհատել. «Մահապատժի իրականացման հրամանագրի ստորագրումից անմիջապէս յետոյ դատապարտեալին իր բանտախցից տեղափոխում են մահուան դատապարտուածների խուց, այսպէս կոչուած «մահուան տուն»: Նոր խուցը գրեթէ չի տարբերւում նախորդից, միակ տարբերութիւնն այն է, որ գտնւում է մահապատժի իրականացման սենեակից մի քանի մեթր հեռաւորութեան վրայ: Դատապարտեալն այստեղ մնում է հինգ կամ վեց շաբաթ: Եթէ ինձ խնդրում են լինել նրա հոգեւոր աջակիցը, ապա, շաբաթական նուազագոյնը տասներկու ժամ թոյլատրում են անցկացնել նրա հետ: Եթէ նրա ընտանիքի անդամները այս երկարատեւ հոգեվարքի ընթացքում նրա կողքին են լինելու, ապա՝ հնարաւորութիւն են ստանում հանդիպելու կնոջս՝ Սյուզանին, ով փորձում է նրանց մխիթարել մահապատժի իրականացման ընթացքում եւ դրանից յետոյ»:

Մահապատժի իրականացման օրը

«Մահապատժի իրականացման օրը դատապարտեալի ընտանիքի անդամներին թոյլատրւում է մի վերջին անգամ գրկել ու հրաժեշտ տալ նրան: Ժամը 11:00-ին դատապարտեալը վերջին անգամ ճաշում է, մէկ ժամ անց գալիս է քահանան՝ վերջին օծումը կատարելու»: Ուստի, Դեյլին հարցնում ենք, թէ ի՞նչ է անում այդ տխուր ծիսակատարութեան ընթացքում. «Սովորաբար, ես այնտեղ եմ մնում մինչեւ քահանայի գնալը՝ ժամը 16:00, երբ դատապարտեալն ինձ է հաղորդում իր ընտանիքին ուղղուած վերջին խօսքերը: Սա շատ յուզիչ պահ է»: Մի պահ Դեյլն ընդհատում է խօսքը, թւում է, թէ ամենածանր յիշողութիւններն ու վկայութիւններն արտացոլւում են նրա աչքերում. «Նրանցից ոմանք ասում են. «Դու այն հայրն ես, որ երբեւէ չեմ ունեցել», միւսները թէ՝ «Դու այն եղբայրն ես, որ երբեւէ չեմ ունեցել», մէկ ուրիշն էլ՝ «Եթէ քեզ աւելի շուտ ճանաչէի, հաւանաբար այստեղ չէի յայտնուի»: «Ժամը 16:00-ին ժամանում է մահապատիժն իրականացնող հերթափոխը, որը նախապատրաստում է զոհին, ով քիչ անց կգամուի մահճակալին, որտեղ էլ մահաբեր ներարկմամբ վերջ կը դրուի նրա կեանքին»:

Մահաբեր ներարկումը որպէս «դատապարտեալի համար արդիւնաւէտ եւ առաւել մեղմ» միջոց

Մահապատժի իրականացմանը պատրաստւում են սառը անտարբերութեամբ. պատուիրում են վերջին ճաշը, կազմակերպում վերջին այցելութիւնները, վիճակահանութեամբ ընտրում են նրանց, ովքեր պէտք է ներկայ գտնուեն: Մահաբեր այս ներարկման կողմնակիցների փաստարկների համաձայն այս մեթոդը՝ որպէս «դատապարտեալի համար արդիւնաւէտ եւ առաւել մեղմ միջոց», 1972 թուականին ներառուեց  ամերիկեան դատական օրէնսգրքի մէջ եւ 1982 թուականին առաջին անգամ իրականացուեց Թեքսասում, սակայն, այդ օրուանից ի վեր չեն դադարում կասկածներն ու բանավէճերն այս միջոցի կիրառման արդարացիութեան վերաբերեալ: «Ես նոյնպէս գտնւում եմ մահապատժի իրականացմանը ներկայ գտնուող վկաների սենեակում եւ միշտ ասում եմ դատապարտեալին. «Ապակէ պատի միջով ուշադիր նայի՛ր նրան, ով սիրում է քեզ, նայի՛ր ինձ»: Դեյլին հարցնում ենք, թէ քանի մահապատժի է ներկայ գտնուել, եւ վերջինս պատասխանեց. «Մէկ մահապատժի ներկայ գտնուելն անդեն իսկ չափից աւելի է, բայց ես ներկայ եմ եղել 18-ին: Իրականում, 35 մահուան դատապարտուածի եմ ուղեկցել, սակայն նրանցից ոմանք խնդրել են, որ այդ ընթացքում ներկայ գտնուի իրենց ծխական կամ բողոքական քահանան: Բայց վերջիններս զոհի հետ կարող էին անցկացնել միայն վերջին երկու օրերը, ուստի, նախորդող շաբաթներին «մահուան սենեակում» դատապարտեալների կողքին ես էի»:

Երբեք չեմ մոռանայ …

Ապա, անդրադառնում է այն դէպքերին, որոնք ամէնից շատն էին իրեն ցնցել. «Քանի որ ես նրանց հետ շատ ժամանակ եմ անցկացնում մինչ դատավճռի իրականացումը, նրանք բոլորն իմ սրտում են եւ ես սիրում եմ բոլորին: Բայց իմ կոչման ճանապարհին երկու դէպք է եղել, որոնք խորապէս ցնցել են ինձ: Առաջինը մի մարդու եւ իր երեք դուստրերի պատմութիւնն էր, ովքեր լիովին անէացած էին իրենց հօրը հրաժեշտ տալու պահին: Իսկապէս ողբերգական իրավիճակ էր, ամենայն հաւանականութեամբ այս մարդն անմեղ էր: Ինչ վերաբերում է երկրորդ դէպքին, ապա սա մի պուերտոռիկացու պատմութիւն էր, ով նոյնպէս յամառօրէն պնդում էր, որ անմեղ է: Մահապատժի իրականացումը շատ վատ ընթացաւ: Մինչ մեռնելը նա կէս ժամ գալարւում էր հոգեվարքի մէջ: Երակների պատռուածքի պատճառով ներարկման թոյնը յայտնուել էր նրա բազուկների մէջ՝ առաջացնելով աւելի քան երեսուն սանթիմեթր ներքին այրուածքներ: Նա շնչահեղձ էր լինում, քիչ էր մնում պոկեր այն գօտիները, որոնցով գամուած էր մահճակալին: Ստիպուած եղան կապել նաեւ նրա գլուխը: Ցնցուած էի, քանի որ ականատես էի եղել մարդու նման տանջանքներին»:

Հանդիպում Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հետ

Հոգեւոր հայրն իր պատմութիւնը եզրափակում է, յայտնելով, որ պատրաստւում է մասնակցել Սանթա Մարթայի մատուռում Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցուող պատարագին. «Չափազանց յուզուած եմ: Կը փորձեմ նրան ներկայացնել այն ամէնն ինչ անում ենք, որպէսզի մահապատիժն արգելուի: Ես պատրաստւում եմ նրան հրաւիրել Ֆլորիդայ, որպէսզի նա այցելի մահապարտների բանտախուց, եւ ես նրան ցոյց տամ իմ եղբայրների դէմքերը (նա միշտ իր մօտ է պահում այն բոլոր մահուան դատապարտուածների լուսանկարներով ալբոմը, որոնց կողքին է եղել նրանց կեանքի վերջին օրերին)»:

Մինչ հրաժեշտ տալը, Դեյլը յանկարծ նկատում է, որ այն հարցը, որն ի սկզբանէ առկախ էր օդում, այդպէս էլ չհնչեց. «Ինչո՞ւ եմ անում այս ամէնը: Քանի որ, երբ բանտ ես գնում ինչ-որ մէկին այցելութեան՝ այդ Յիսուսին է, որ այնտեղ հանդիպում ես»:

Թարգմանեց  Հրանուշ Սարգսյանը 

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

19/06/2019, 08:00