Հուդա Ալ Սարարի Հուդա Ալ Սարարի 

Ավրորա մրցանակ (19) - Հուդա Ալ Սարարի

Հուդա ալ-Սարարին գրեթէ մէկ տասնամեակ է նուիրել մարդու իրաւունքների պաշտպանութեանը՝ համագործակցելով յայտնի ինստիտուտների հետ
Ունկնդրէ լուրը

Այսօր ձեր ուշադրութեանը կներկայացնենք 2019թ. «Ավրորա» մրցանակի յաւակնորդ Հուդա Ալ Սարարիին:

Եմենցի փաստաբան եւ ակտիվիստ Հուդա ալ-Սարարին կարեւոր մասնակցութիւն է ունեցել «Հյումն ռայթս ուոթչ» (Human Rights Watch) միջազգային կազմակերպութեան՝ գաղտնի բանտային ցանցի մասին զեկոյցի պատրաստմանը: Ընդհատակում գործող այդ կալանավայրերում ապօրինաբար պահւում են հազարաւոր տղամարդիկ եւ տղաներ: Նա մանրամասն ապացոյցներ է հաւաքել այնտեղ կատարուող խոշտանգումների եւ բռնութիւնների մասին: Հուդա ալ-Սարարիի շնորհիւ միջազգային հանրութիւնն այսօր աւելի իրազեկ է Եմենում տեղի ունեցող մարդու իրաւունքների խախտումների մասին:

Եմենն այսօր ապրում է իր պատմութեան վատագոյն մարդասիրական ճգնաժամերից մէկը՝ Եմենի իշխանութիւնների եւ հութի  զինեալների միջեւ քաղաքացիական պատերազմը: Որոշ ծայրայեղականներ, այդ թւում՝ «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման աջակիցները, օգտուելով առիթից, զաւթել են վիճելի տարածքներն ու բարբարոսութիւնների շարք սկսել: Որպէս հետեւանք՝ ազգաբնակչութեան 80 տոկոսն ունի մարդասիրական օգնութեան կարիք:

«Ասոշիեյթիդ պրես» (AP) լրատուական գործակալութիւնը հրապարակեց հետաքննութիւն՝ իրականացուած այդ գաղտնի բանտերից փրկուածների, նրանց հարազատների, մարդու իրաւունքների ակտիվիստների եւ տեղական զինուորական պաշտօնեաների վկայութիւնների հիման վրայ, եւ յայտարարեց, որ գաղտնի ցանցը կազմուած է մօտ 18 կալանավայրից՝ թաքնուած հեռու «ռազմաբազաներում, օդանավակայաններում, նավահանգիստներում, մասնաւոր առանձնատների նկուղներում եւ նոյնիսկ գիշերային ակումբներում»: Տիկին ալ-Սարարին իր մեծ ներդրումն ունեցաւ նաեւ մէկ այլ զեկոյցի պատրաստման գործում: Այն հրապարակեց «Հյումն ռայթս ուոթչը» 2017թ. յունիսին՝ յայտարարելով, որ առնուազն 49 մարդ, այդ թւում՝ երեխաներ, անօրինական կալանաւորել կամ բռնի անհետացել է նախորդ տարուայ ընթացքում:

Զեկոյցն իր գինն ունէր, եւ Հուդա ալ-Սարարին վճարեց այն հրապարակումից անմիջապէս յետոյ:

Սոցիալական մեդիայում նրան անուանեցին ծախու բանսարկու, մեղադրեցին դաւաճանութեան եւ լրտեսութեան համար՝ նշելով, որ նա իբր աշխատում է արեւմուտքի կառավարութիւնների համար: Բազմիցս սպառնացին սպանել նրան:

Եմենում հասարակութիւնն աւանդապաշտ է, հետեւաբար Հուդա ալ-Սարարիի դէմ սկսուած վարկաբեկիչ արշաւն առանձնակի դաժան էր, քանի որ նա կին է հաշուի առնելով, որ պաշտօնեաներն աչք էին փակում գաղտնի բանտերի եւ այնտեղ կատարուող վայրագութիւնների վրայ՝ այս կինը բացառիկ խիզախութիւն դրսեւորեց՝ խօսելով այդ մասին: Սակայն հոգեբանական ճնշումները լուրջ վնաս հասցրին նրան:

«Մէկ ամսից աւելի ես վախենում էի դուրս գալ տնից կամ խօսել լրատուամիջոցների հետ,- ասել է ալ-Սարարին, - բայց հիմա ես նաեւ ուզում եմ բարձրաձայնել այն սարսափների մասին, որոնց միջով ստիպուած է անցնել մարդու իրաւունքների պաշտպանը»:

Հուդա ալ-Սարարին գրեթէ մէկ տասնամեակ է նուիրել մարդու իրաւունքների պաշտպանութեանը՝ համագործակցելով յայտնի ինստիտուտների հետ, հաւաքել գաղտնի բանտերում տեղի ունեցող խոշտանգումների եւ բռնութիւնների մասին փաստեր: Պատասխանը միշտ կտրուկ է եւ դաժան:

Այդուհանդերձ, Հուդա ալ-Սարարին մտադիր չէ կանգ առնել, քանի դեռ գիտի, որ անմեղ մարդիկ ապօրինաբար անազատութեան մէջ են: Նրա առաքելութիւնն աւելի մեծ է, քան պարզապէս իրաւունքների պաշտպանութիւնը: Նա ցանկանում է Եմենն օրէնքի երկիր տեսնել: Հաւատարիմ իր համայնքին՝ նա հրաժարւում է լքել Եմենը, քանի որ զգում է պատասխանատուութիւն՝ թէկուզ սեփական կեանքի գնով օգնելու ապօրինի կալանաւորուածներին:

Անի Մնացականեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/06/2019, 07:36