Որոնել

Մրցանակի հերոս՝ Միրզա Դինաի Մրցանակի հերոս՝ Միրզա Դինաի 

Ավրորա մրցանակ (18) - Մրցանակի հերոս՝ Միրզա Դինաի

Միրզա Դինային ծնուել է Իրաքում՝ Սինջարի շրջանի մի փոքրիկ գիւղում՝ մեծ յարգանք վայելող եզդիների ընտանիքում:
Ունկնդրէ լուրը

Այսօր ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում 2019թ. «Ավրորա» մրցանակի հերոսներից ևս մեկին՝ Միրզա Դինաիին:

Միրզա Դինային ծնուել է Իրաքում՝ Սինջարի շրջանի մի փոքրիկ գիւղում՝ մեծ յարգանք վայելող եզդիների ընտանիքում: Դպրոցն աւարտելուց յետոյ ընդունուեց բժշկական համալսարան եւ միացաւ Մոսուլում գործող ուսանողական խմբին, որը բողոքի ցոյցեր էր իրականացնում Իրաքի քաղաքական ռեժիմի դէմ: Անհանգստանալով սեփական կեանքի եւ անվտանգութեան համար՝ Դինային 1992թ. ստիպուած էր փախչել Իրաքեան Քուրդիստան: Իսկ երբ այնտեղ սկսուեց քաղաքացիական պատերազմ, նա ապաստան խնդրեց Գերմանիայից, որտեղ դարձաւ եզդի համայնքի նշանաւոր դէմքերից մէկը: Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից յետոյ Միրզա Դինային վերադարձաւ Իրաք:

Ամէն ինչ փոխուեց 2007թ. օգոստոսի 14-ին, երբ Մոսուլին մօտ եզդիական երկու քաղաքների վրայ յարձակուելիս մահապարտ ահաբեկիչները պայթուցիկներով լի չորս բեռնատար պայթեցրին: Վիրաւորներին օգնելու համար Միրզա Դինային կազմակերպեց դրամահաւաք:

Միրզա Դինային խնդրեց ընկերոջը, որը թղթակցում էր գերմանական թերթերից մեկին, յօդուած գրել եւ օգնութեան կոչ անել: Արդիւնքում գերմանական երկու հիւանդանոց յայտնեց, որ այդ երեխաներին Գերմանիա տեղափոխելու դէպքում իրենք անվճար բուժօգնութիւն կտրամադրեն նրանց: Սակայն թէ՛ Էրբիլի, և թէ՛ Ստամբուլի օդանաւակայաններում արհեստական դժուարութիւններ ստեղծեցին երեխաներին ուղևորութիւնը կազմակերպելու համար: Դինայիի համբերութեան բաժակը լցուեց: Նա սպառնաց զանգել CNN եւ BBC, մամուլի ասուլիս հրաւիրել հենց Աթաթուրքի անուան օդանաւակայանում եւ պատմել, որ «թուրքական ընկերութիւնը չի ցանկանում, որ եզդի վիրաւորները փրկուեն»: Դա աշխատեց: Ի վերջոյ օդանաւակայանի ղեկավարութիւնը տեղի տուեց, եւ խմբին թոյլ տուեց մեկնել Գերմանիա: Բոլոր երեխաներն ստացան անհրաժեշտ բուժում եւ ապահով վերադարձան Իրաք՝ իրենց ընտանիքներ:

Առաջին առաքելութիւնը յաջողութեամբ իրագործելուց յետոյ պարզ դարձաւ, որ այդպիսի նախաձեռնութիւնն անհրաժեշտութիւն էր: Դինային եւ իր գերմանացի ընկերները որոշեցին բացել նոր կազմակերպութիւն, որը բուժօգնութիւն տրամադրելու նպատակով Իրաքից Գերմանիա կտեղափոխեր բոլոր տուժածներին՝ անկախ էթնիկ եւ կրօնական պատկանելութիւնից: Այդպէս ստեղծուեց «Լյուֆթբրյուքե Իրաք» կամ «օդային կամուրջ» կազմակերպութիւնը:

2014թ. օգոստոսի սկզբին «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման զինեալները գրաւեցին Սինջարը, եւ եզդիները փախան լեռները՝ խուսափելու բարբարոսութիւններից: Մի քանի ակտիվիստ, ներառեալ՝ Դինային, համոզեցին Իրաքի վարչապետին ուղղաթիռ ուղարկել եւ օգնել եզդիներին: Այս յարձակումների ժամանակ Իրաքի ավիացիան փրկեց շուրջ 5,000 մարդու:

Իրաքեան ավիացիան թռիչքներն իրականացնում էր Mi-17-երով՝ խորհրդային շրջանի հին ուղղաթիռներով: Դրանք գրեթէ միշտ թռչում էին գերբեռնուած եւ անցնում տարածքների վրայով, որոնք վերահսկում էր «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորումը: 2014թ. օգոստոսի 12-ին ուղղաթիռը, որի մէջ էր նաեւ Դինային, վթարի ենթարկուեց լեռներում. օդաչուն տեղում զոհուեց, իսկ ուղեւորներից մի քանիսը ստացան տարբեր վնասուածքներ, այդ թւում և Միրզան: Նա պէտք է վերադառնար Գերմանիա՝ ստանալու համապատասխան բուժում: Բայց երկար չմնաց հիւանդանոցում և ուղևորուեց Խանկեի փախստականների ճամբար, որտեղ փրկուած եզդի աղջիկներն ու կանայք յայտնուել էին մէկ այլ մղձաւանջի մէջ՝ նրանք դատապարտուած էին աքսորի: «Եթէ եզդի աղջիկն ամուսնացաւ կամ սեռական յարաբերութիւն ունեցաւ այլ համայնքից մէկի հետ, նրան այլեւս եզդի չեն համարում»,- բացատրում է Դինային: Նա գիտեր, որ այդ կանայք իր օգնութեան կարիքն ունեն, ու անմիջապէս գործի անցաւ:

Միրզա Դինային հանդիպումներ ունեցաւ կրօնական խորհրդի հետ, եւ եզդիների հոգեւոր առաջնորդ Բաբա շեյխը շուտով յայտարարեց, որ եզդիների համայնքն ընդունում է «Իսլամական պետութեան» ահաբեկիչներից փրկուած բոլոր կանանց:

 «Որտեղ էլ լինեն վիրաւորները, եթէ գիտես նրանց մասին ու ասում ես, որ քեզ համար միեւնոյն է, յաւերժ մեղքի զգացում ես ունենալու: Մենք ցեղասպանութիւն վերապրած մարդիկ ենք: Չենք ուզում, որ մէկ այլ համայնք եւս ապրի այդ ողբերգութիւնը: Սա է «Ավրորայի» ուղերձը»:

Անի Մնացականեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/06/2019, 08:17