Ավրորայի հերոս՝ Զանա Բուկար Մուստաֆա Ավրորայի հերոս՝ Զանա Բուկար Մուստաֆա 

Ավրորա մրցանակ (17) - Ավրորայի հերոս՝ Զանա Բուկար Մուստաֆա

Նա հրաժարուեց իրաւաբանի իր 20-ամյա կարիերայից, որպէսզի զբաղուի կրթութեամբ:
Ունկնդրէ լուրը

2019թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանութեան նահատակների ոգեկոչման օրը, Մատենադարանում յայտարարուեցին «Ավրորայի» հերոսների անունները:

Այսօր կցանկանայինք ձեր ուշադրութեանը ներկայացնել այդ հերոսներից մեկին՝ Զանա Բուկար Մուստաֆային` Նիգերիայից:

60-ամյա Զանա Բուկար Մուստաֆան ապահով տարածք է ստեղծում բռնութեան ենթարկուած երեխաների համար եւ տալիս նրանց արժանի ապագայ ունենալու հնարաւորութիւն:

Նա հրաժարուեց իրաւաբանի իր 20-ամյա կարիերայից, որպէսզի զբաղուի կրթութեամբ: Նա հասկանում էր, թէ ինչ մեծ վնաս է հասցուել Մայդուգուրիի (քաղաք Նիգերիայի հիւսիս-արեւելեան նահանգում) ամենաերիտասարդ սերնդին, քանի որ այդ տարածքը 2007-ից դարձել էր «Բոկո հարամ» ահաբեկչական խմբաւորման յենակէտը: Ապստամբների դէմ կառավարական ուժերի պայքարում յաճախ տուժում էին խաղաղ բնակիչները՝ յատկապէս երեխաները, որոնք դառնում էին որբ` առանց լաւ կեանքի  յոյսի:

Չնայած մեծ փորձ չունէր կրթութեան ոլորտում, 2007թ. Մուստաֆան բացեց «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի դպրոցը (Future Prowess Islamic Foundation): Սկզբում ընդունեցին 36 ծնողազուրկ երեխայի, իսկ երկու տարի անց՝ երկու կողմերից էլ աշակերտներ էին յաճախում դպրոց՝  երեխաներ, որոնք ծնուել էին «Բոկո հարամի»  ապստամբների եւ նրանց կողմից սպառուածների ընտանիքներում: Արդեն 2009թ. Հիմնադրամն աշխատում էր 250 լքուած երեխայի եւ 200 այրի կնոջ հետ: Այսպիսով՝ հիմնադրամը ոչ միայն կրթում է երեխաներին, այլեւ օգնում նրանց մայրերին՝ գտնելու յուսալի աջակիցներ:

Համայնքի  մեծանալուն զուգահեռ աւելանում էին մարտահրաւէրները: Ուսուցիչները ցանկանում էին, որ երեխաներն ուսումնասիրեն առարկաների լայն շրջանակ, ներառեալ՝ օտար լեզուներ: Այրիներից ոմանք ընդդիմանում էին՝ դա անուանելով «արեւմտեան ազդեցութիւն»: Նրանց դժկամութիւնն աւելի հեշտ է հասկանալ, եթէ յիշենք, թէ ինչ է բառացի նշանակում «բոկ հարամը»՝ «արեւմտեան կրթութիւնը մեղք է»: Սակայն հմուտ բանակցող Մուստաֆան կարողացաւ փարատել նրանց վախերը եւ, ի վերջոյ, ստացաւ նրանց համաձայնութիւնը:

Դպրոցի քաղաքականութիւնը որոշելն ու ծնողներին համոզելը, կարելի է ասել, ոչինչ էին «Բոկո հարամի» հետ՝ անչափահաս պատանդներին ազատ արձակելու համար բանակցութիւնների համեմատ: Տարիներ շարունակ Մուստաֆան միջնորդ է եղել կառավարութեան եւ ապստամբների միջեւ: Նա կարեւոր դերակատարում ունեցաւ 2016թ. հոկտեմբերի եւ 2017թ. մայիսի բանակցութիւնների ժամանակ: Արդիւնքում ազատ արձակուեց Չիբոքի 103 աղջիկ երեխայ, որոնց առեւանգել էին «Բոկո հարամի» ապստամբները 2014թ.: Այդ բացառիկ խիզախութեան, ինչպէս նաեւ «երեխաների համար խաղաղ գոյակցութեան եւ գենդերային հաւասարութեան վրայ հիմնուած ապահով տարածք ստեղծելու համար» Մուստաֆան 2017թ. արժանացել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի Նանսենի անվան մրցանակին:

Ահաբեկիչ ապստամբները թարախաւորում էին յատկապէս կրթական հաստատությունները` փակելով եւ նոյնիսկ այրելով դրանք, ինչպէս իրենք էին բնորոշում, տեղի մշակոյթում օտար գաղափարներ տարածելու համար: Փաստը, որ «Ֆյուչըր փրաուիսը» դպրոց  էր ընդունում երկու կողմերի՝ ներառեալ «Բոկո հարամի» աջակիցների երեխաներին, աշխատում էր դպրոցի օգտին:

Զանա Բուկար Մուստաֆայի անսպառ լայնատեսութիւնն աւելի է ոգեւորում, երբ հասկանում ես, որ ստեղծման օրից հիմնադրամը գրեթէ երբեք չի ստացել միջազգային աջակցութիւն: Նրա համար հեշտ է զուգահեռներ տանել «Ավրորա» մրցանակի ստեղծման հիմքում ընկած ողբերգութեան եւ Նիգերիայում կատարուող վերջին իրադարձութիւնների միջեւ: «Հայերի ցեղասպանութիւնը նման է նրան, ինչին առերեսւում են մեր աշակերտներն այսօր: Երբ ինձ զանգահարեցին եւ յայտնեցին իմ առաջադրման մասին, անակնկալի եկայ: Անչափ երջանիկ եմ, որ «Ավրորա» համայնքի մաս եմ կազմում»,- նշում է նա:

Նրա աշխատանքը վտանգաւոր է եւ չափազանց բարդ, բայց նա անզիջում է: Ո՞րն է նուիրուածութիւն գաղտնիքը. նա հաւատում է, որ միասին հնարաւոր է յաղթահարել թշուառութիւնն ու դժբախտութիւնը: «Մենք բոլորս մէկ ընդհանուր համայնքի մաս ենք եւ չենք կարող առանց մէկս միւսի: Չենք կարող փախչել դրանից: Պէտք է զոհողութիւնների գնալ: Չենք կարող մարդկութեանը թողնել այն վիճակում, որում այն այսօր է»,- ասում է Մուստաֆան:

Անի Մնացականեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

14/06/2019, 08:08