Փաբլոյ Ֆաժարդոյ. գիւղացի, ով դարձաւ Ամազոնիայի փաստաբանը
Մանուէլ Քուբիաս - Ժան Շառլ Փուցոլու
Աղքատութիւն, պայքար եւ պարտաւորութիւն բառերը լատինական Ամերիկայի պատմութեան բաղկացուցիչ մասն են կազմում: Բազմաթիւ տղամարդիկ եւ կանայք հաւատացին դրանց եւ օրըստօրէ իրենց կեանքը տուեցին, որպէսզի այս ամէնն իրականութիւն դառնայ իրենց երկրներում կամ տեղական համայնքներում: Փաբլոյ Ֆաժարդոն նրանցից մէկն էր: Սէրը սեփական ժողովրդի եւ երկրի նկատմամբ նրան ստիպեցին փաստաբան դառնալ եւ պաշտպանել Ամազոնեան անտառների 30.000 բնակիչների շահերը՝ ընդդէմ նաւթարդիւնաբերական հսկայի, որը մեղադրւում էր շրջակայ միջավայրի ապականութեան համար: 2011 թուականին Շեվրոն (նախկին Թեքսակոյ) ֆիրմայի նկատմամբ վճիռ կայացուեց վճարելու 9 միլիարդ դոլար՝ որպէս հասարակութեանը եւ շրջակայ միջավայրին պատճառուած վնասի փոխհատուցում:
Աղքատ ընտանիք
Փաբլոն ծնուել է էկվադորեան ափին գտնուող մի գիւղում, ծայրայեղ աղքատութեան մէջ ապրող գիւղացու ընտանիքում: Այս պայմանները դրդեցին իր ինը եղբայրներին, իրեն եւ իր ծնողներին աշխատանք փնտռել այլ վայրում, հեռու տանից՝ ամազոնեան շրջանում: Բոլորովին մի նոր աշխարհ երիտասարդ Փաբլոյի համար. «Ամազոնիան լի էր ոգով, շրշիւններով, բոյրերով եւ համերով, լի ջերմութեամբ, ջրով, միջատներով եւ կենդանիներով, մի խօսքով՝ լի էր կեանքով»: Աւելի ուշ նա բացայայտեց մէկ այլ անտառ. «Միւս Ամազոնիան աղտոտուած մի անտառ էր»: Այս կտրուկ հակադրութիւնն է, որ տակնուվրայ արեց նրա ճակատագիրը:
Տնտեսական պատճառներից ելնելով Փաբլոյի եղբայրներից եւ ոչ մէկը չկարողացաւ կրթութիւն ստանալ համալսարանում:
Այն սոցիալական միջավայրում, որտեղ նրանք էին ապրում, աղքատութիւնն է որոշում, թէ ով կարող է կրթութիւն ստանալ եւ ով՝ ոչ:
Փաբլոն կարող էր յոյս դնել իր ժողովրդի, ծխական համայնքի Կապուցինեան Հայրերի (Կնգուղակիր կաթոլիկ վանական) եւ բազմաթիւ գիւղաբնակների աջակցութեան վրայ: Այս բոլոր մարդկանցից նա ստացել է անսպասելի, ֆինանսական եւ զգացմունքային աջակցութիւն:
Գաղթականութիւն դէպի Ամազոնիայ
Երկրի հիւսիսային հատուածը, որտեղ հնարաւորութիւններն աւելի շատ էին, ինքնատիպ մի «Էլդորադոյ» էր՝ բաց այն էկվադորցիների առջեւ, ովքեր աշխատանքի փնտռտուքի մէջ էին: Հէնց այսպէս է, որ Փաբլոն 14 տարեկան հասակում սկսեց աշխատել արմաւենիների պուրակում, ապա, աւելի ուշ՝ նաւթարդիւնաբերական մի ընկերութիւնում: Իր ազատ ժամանակի մեծ մասը նա անցկացնում էր ծխական համայնքում՝ Կապուցինեան Հայրերի հետ:
Շատ-շատերի նման Փաբլոն եւս աշխատում էր շատ, վաստակում՝ քիչ: «Այսպիսով, ես հասկացայ, որ բազմաթիւ են անարդարութիւնները եւ շահագործման դէպքերը», - ասում է նա:
Ամազոնիայ ժամանելուց երկու տարի անց, ծխական համայնքի եւ գիւղացիների աջակցութեամբ, Փաբլոն հիմնեց մարդու իրաւունքների պաշտպանութեան կոմիտէ: «Մենք այս քայլին գնացինք, քանի որ բնիկների, կանանց, գիւղացիների եւ սեւամորթների իրաւունքների ոտնահարման բազմաթիւ դէպքեր կային: Եւ չկար մէկը՝ ումից կարող էին օգնութիւն խնդրել»:
Կոչման ճանապարհին
Այս նախաձեռնութեամբ խանդավառուած, Փաբլոն՝ 16 տարեկան հասակում, ստանձնում է կոմիտէի ղեկավարումը: Կապուցինեան Հայրերի հետ միասին նա անցնում է գիւղից գիւղ մարդկանց իրաւունքների ոտնահարման անմիջական վկայութիւններն արձանագրելու համար: Ամէն անգամ, երբ նա զոհերին ուղեկցում էր իշխանութիւնների մօտ, որպէսզի բողոք ներկայացնէին, պատասխանը միշտ նոյնն էր. նրանց խորհուրդ էին տալիս լաւ փաստաբան գտնել: «Իրականութիւնն այն էր, որ այն ժամանակներում չկային փաստաբաններ, ովքեր կցանկանային մեզ օգնել: Ուստի, օրերից մէկ օր ինքս ինձ ասացի. «Պէտք է փաստաբան դառնամ»: Նրա աշխատավարձը չէր բաւականացնում ուսման ծախսերը հոգալու համար: Կապուցինեան Հայրերը՝ Փեդրոյ Ժոզէն, Ժոզէ Մարիան եւ Շառլի Ազքոնան, ովքեր որոշ իմաստով Փաբլոյի երկրորդ ընտանիքն էին, համախմբեցին բազմաթիւ մարդկանց, ովքեր էլ իրենց հերթին համախմբեցին ուրիշներին: Ի մի հաւաքուած գումարները հնարաւորութիւն ընձեռեցին Փաբլոյին իրաւագիտութիւն ուսումնասիրելու: Այն ընտանիքները, որոնք չէին կարող ֆինանսապէս օգնել, նրան օթեւան կամ սնունդ էին առաջարկում: Շնորհիւ այս անհրաժեշտ օգնութեան, Փաբլոյին յաջողուեց համալսարանում շարունակել իրաւագիտութեան դասընթացքը, ստանալ վկայագիր եւ դառնալ փաստաբան: Սակայն նրա յետագայ ճանապարհը շարունակում է մնալ խոչընդոտներով լի:
Փոխզիջման գինը
Առաջին քայլերը որպէս փաստաբան քիչ էր մնում կեանք արժենային նրա համար: Նաւթարդիւնաբերական ընկերութիւններից մէկը, որը հետազօտում էր տարածաշրջանը պէտք է իրականացնէր սեյսմիկ չափումներ: Այս նպատակով, բանուորները բռնի կերպով՝ առանց որեւէ թոյլտուութեան տիրացան գիւղացիների հողերին եւ ունեցուածքին: Փաբլոն ստանձնեց նրանց պաշտպանութիւնը, ինչին ի պատասխան ընկերութիւնն աշխատանքից հեռացրեց բանուորներին՝ այս ամէնը վերագրելով երիտասարդ փաստաբանին: Նա Լինչի դատաստանին ենթարկուելու վտանգի տակ յայտնուեց, բայց երկխօսութեան շնորհիւ բանուորները հասկացան, որ աշխատանքից հեռացման պատասխանատուութիւնը գործատուինն է, եւ միացան Փաբլոյին՝ ընկերութեան դէմ դատական պայքարի գործում:
2004 թուականին, մինչ նրան հետապնդում էին եւ սպառնալիքներ տեղում նրա հասցէին, նրա եղբայրներից մէկը դաժան կտտանքների ենթարկուեց: Անվտանգութեան նկատառումներից ելնելով, նա իր ընտանիքին տարհանեց անվտանգ գօտի: Իսկ ինքը, ամիսներ շարունակ չէր կարողանում երկու գիշեր իրար հետեւից նոյն վայրում գիշերել: Աւելի ուշ նա ոստիկաններից իմացաւ, որ նշանառութեան տակ ոչ թէ իր եղբայրն է եղել, այլ՝ ինքը: «Ամէն երեկոյ ես փառք եմ տալիս Աստծուն մէկ օր եւս ապրելու համար: Ամէն առաւօտ աղօթում եմ Տիրոջը, որ ինձ պաշտպանի եւ կարողանամ շարունակել ապրել»:
Սերտ կապը Ամազոնիայի հետ
«Ամազոնիայի բնիկների կողքին անցկացրած երեսուն տարիների ընթացքում ես հասկացայ, որ նրանցից շատ բան եմ սովորել եւ դեռ շարունակում եմ սովորել: Նրանք մարդկութեանը սովորեցնելու շատ բան ունեն: Տեղաբնիկները քայլող հանրագիտարաններ են», - ասում է Փաբլոն մեղմ ժպիտով եւ պատմում մի հետաքրքիր միջադէպի մասին, որպէսզի կարողանայ նկարագրել Ամազոնիայի բնիկների եւ «նրանց» անտառի միջեւ եղած կապը: 2003 թուականին, երբ Էկվադորում Շեվրոնի դէմ դատական գործ յարուցուեց, բնիկներն ամէն օր ցոյցերին մասնակցելու համար հաւաքւում էին Լագոյ Ագրիոյում: Աւագ սերնդի ներկայացուցիչները ընդհանրապէս կօշիկներ չէին կրում: Մի երիտասարդ ամերիկացի, ով եկել էր դատավարութեանը հետեւելու, տպաւորուած էր տեսնելով այսքան ոտաբոպիկ մարդկանց: Նա վերադարձաւ Միացեալ Նահանգներ եւ վեց ամիս անց հնդկացիների համար հինգ հազար զոյգ կօշիկ ուղարկեց, որ կարողացել էր հաւաքել իր երկրում: Աւագներն այդպէս էլ երբեւէ չկրեցին այդ կօշիկները, այլ՝ դրանք դարձրեցին ֆութպոլի գնդակներ: Նրանք կօշիկ չէին կրում ոչ այն պատճառով, որ աղքատ էին, այլ՝ որ կօշիկը խզում է մարդու եւ հողի միջեւ եղած կապը:
Թեքսակո-Շեվրոն դատավարութիւնը
Դատավարութեան ընթացքում բնիկները եւ իրենց փաստաբանը ապացոյցներ ներկայացրեցին թունաւոր թափօններով եւ արդիւնահանուող անմշակ նաւթի մնացորդներով Ամազոնեան անտառների հողերի եւ ջրերի աղտոտման վերաբերեալ: Այս թափօնները պատճառ են դարձել ձկների, ջունգլիի (անանցանելի անտառների) կենդանիների եւ մարդկանց մահուան:
Փաբլոն բացատրում է, որ Թեքսակո-Շեվրոն դատավարութիւնն ապացուցեց խորը անտեղեակութիւնը եւ յարգանքի բացակայութիւնը հինաւուրց ժողովուրդների նկատմամբ: Այս գործը լոյս սփռեց նաեւ իրենց իրաւունքների համար յամառօրէն պայքարող մարդկանց վրայ: «Կարեւորն այն է, թէ մեզ ինչպէս յաջողուեց պահպանել միասնականութիւնն այս պայքարում: Վեց բնիկ ժողովուրդներ՝ տարբեր տարածաշրջաններից, ժողովուրդներ՝ ովքեր կրողն են տարբեր լեզուների, աւանդոյթների եւ սովորոյթների, միաւորուեցին միասին պայքարելու համար»: Այս մարդկանցից շատերը՝ այնպէս, ինչպէս Փաբլոյի հայրը, հնարաւորութիւն չեն ունեցել կրթութիւն ստանալու, չգիտեն ո՛չ գրել, ո՛չ կարդալ եւ մեծ կարեւորութիւն չեն տալիս գրաւոր փաստաթղթերին, փոխարէնը՝ արժեւորում են տրուած խօսքը: Փաբլոյի հայրը այսպէս էր ասում, երբ իր երեխաները դեռ փոքր էին. «Թուղթը կարող են պատռել, իսկ տրուած խօսքը դրժել՝ ոչ»: Այսօր ամէն բան փոխուել է, ամէն ինչ պէտք է լինի գրուած, փաստաթղթերով հիմնաւորուած, ստորագրուած եւ դրոշմուած: Առանց պաշտօնական փաստաթղթերի խօսքն այլեւս մեծ արժէք չունի: Բնիկների շահերը պաշտպանելով Փաբլոն ինքնատիպ կամուրջ դարձաւ հնդկացիներին տուած իր խոստման եւ ընդդէմ Շեվրոնի կայացուած գրաւոր դատավճռի միջեւ, որը ձեռք բերուեց մի քանի տարի տեւած դատավարութեան աւարտին:
Ամազոնիայում վտանգուած է մարդկանց եւ ապագայ սերունդների կեանքը. «Միգուցէ շատերը Միացեալ Նահանգներում եւ Եւրոպայում չեն գիտակցում, թէ Ամազոնիան ինչ նշանակութիւն ունի աշխարհի եւ երկիր մոլորակի համար»:
Փաբլոյ Ֆաժարդոյի՝ գիւղացու, ով դարձաւ իր ժողովրդի փաստաբանը, եզրակացութիւնն ամփոփւում է յոյսի այս մի քանի բառի մէջ, որը հնչում է ասես աղօթք. «Թո՛ղ որ ողջ աշխարհն ականջալուր լինի մեր ձայնին»:
Թարգմանեց Հրանուշ Սարգսյանը
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ