Որոնել

Փաբլոյ Ֆաժարդոյ. գիւղացի, ով դարձաւ Ամազոնիայի փաստաբանը Փաբլոյ Ֆաժարդոյ. գիւղացի, ով դարձաւ Ամազոնիայի փաստաբանը  Պատմութիւնը

Փաբլոյ Ֆաժարդոյ. գիւղացի, ով դարձաւ Ամազոնիայի փաստաբանը

Բազմազգ հասարակութիւնը յաճախ ցոյց է տուել իր արհամարհանքը այսպէս կոչուած Երրորդ աշխարհի երկրների նկատմամբ՝ իւրացնելով նրանց բնական պաշարները: Թւում է, թէ գիւղացիների եւ բնիկների պայքարն այս հսկաների դէմ դատապարտուած է ձախողման: Փաբլոյ Ֆաժարդոն՝ ագարակատիրոջից (ֆերմեր) դառնալով փաստաբան, փոխեց խաղի կանոնները:

Մանուէլ Քուբիաս - Ժան Շառլ Փուցոլու

Աղքատութիւն, պայքար եւ պարտաւորութիւն բառերը լատինական Ամերիկայի պատմութեան բաղկացուցիչ մասն են կազմում: Բազմաթիւ տղամարդիկ եւ կանայք հաւատացին դրանց եւ օրըստօրէ իրենց կեանքը տուեցին, որպէսզի այս ամէնն իրականութիւն դառնայ իրենց երկրներում կամ տեղական համայնքներում: Փաբլոյ Ֆաժարդոն նրանցից մէկն էր: Սէրը սեփական ժողովրդի եւ երկրի նկատմամբ նրան ստիպեցին փաստաբան դառնալ եւ պաշտպանել Ամազոնեան անտառների  30.000 բնակիչների շահերը՝ ընդդէմ նաւթարդիւնաբերական հսկայի, որը մեղադրւում էր շրջակայ միջավայրի ապականութեան համար: 2011 թուականին Շեվրոն (նախկին Թեքսակոյ) ֆիրմայի նկատմամբ վճիռ կայացուեց վճարելու 9 միլիարդ դոլար՝ որպէս հասարակութեանը եւ շրջակայ միջավայրին պատճառուած վնասի փոխհատուցում:

Աղքատ ընտանիք

Փաբլոն ծնուել է էկվադորեան ափին գտնուող մի գիւղում, ծայրայեղ աղքատութեան մէջ ապրող գիւղացու ընտանիքում: Այս պայմանները դրդեցին իր ինը եղբայրներին, իրեն եւ իր ծնողներին աշխատանք փնտռել այլ վայրում, հեռու տանից՝ ամազոնեան շրջանում: Բոլորովին մի նոր աշխարհ երիտասարդ Փաբլոյի համար. «Ամազոնիան լի էր ոգով, շրշիւններով, բոյրերով եւ համերով, լի ջերմութեամբ, ջրով, միջատներով եւ կենդանիներով, մի խօսքով՝ լի էր կեանքով»: Աւելի ուշ նա բացայայտեց մէկ այլ անտառ. «Միւս Ամազոնիան աղտոտուած մի անտառ էր»: Այս կտրուկ հակադրութիւնն է, որ տակնուվրայ արեց նրա ճակատագիրը:

Տնտեսական պատճառներից ելնելով Փաբլոյի եղբայրներից եւ ոչ մէկը չկարողացաւ կրթութիւն ստանալ համալսարանում:

Այն սոցիալական միջավայրում, որտեղ նրանք էին ապրում, աղքատութիւնն է որոշում, թէ ով կարող է կրթութիւն ստանալ եւ ով՝ ոչ:

Փաբլոն կարող էր յոյս դնել իր ժողովրդի, ծխական համայնքի Կապուցինեան Հայրերի (Կնգուղակիր կաթոլիկ վանական) եւ բազմաթիւ գիւղաբնակների աջակցութեան վրայ: Այս բոլոր մարդկանցից նա ստացել է անսպասելի, ֆինանսական եւ զգացմունքային աջակցութիւն:

Գաղթականութիւն դէպի Ամազոնիայ

Երկրի հիւսիսային հատուածը, որտեղ հնարաւորութիւններն աւելի շատ էին, ինքնատիպ մի «Էլդորադոյ» էր՝ բաց այն էկվադորցիների առջեւ, ովքեր աշխատանքի փնտռտուքի մէջ էին: Հէնց այսպէս է, որ Փաբլոն 14 տարեկան հասակում սկսեց աշխատել արմաւենիների պուրակում, ապա, աւելի ուշ՝ նաւթարդիւնաբերական մի ընկերութիւնում: Իր ազատ ժամանակի մեծ մասը նա անցկացնում էր ծխական համայնքում՝ Կապուցինեան Հայրերի հետ:

Շատ-շատերի նման Փաբլոն եւս աշխատում էր շատ, վաստակում՝ քիչ: «Այսպիսով, ես հասկացայ, որ բազմաթիւ են անարդարութիւնները եւ շահագործման դէպքերը», - ասում է նա:

Ամազոնիայ ժամանելուց երկու տարի անց, ծխական համայնքի եւ գիւղացիների աջակցութեամբ, Փաբլոն հիմնեց մարդու իրաւունքների պաշտպանութեան կոմիտէ: «Մենք այս քայլին գնացինք, քանի որ բնիկների, կանանց, գիւղացիների եւ սեւամորթների իրաւունքների ոտնահարման բազմաթիւ դէպքեր կային: Եւ չկար մէկը՝ ումից կարող էին օգնութիւն խնդրել»:

Խմբաւորման անդամների զանգուածային ցոյցը՝ ի պաշտպանութիւն Ամազոնիայի
Խմբաւորման անդամների զանգուածային ցոյցը՝ ի պաշտպանութիւն Ամազոնիայի

Կոչման ճանապարհին

Այս նախաձեռնութեամբ խանդավառուած, Փաբլոն՝ 16 տարեկան հասակում, ստանձնում է կոմիտէի ղեկավարումը: Կապուցինեան Հայրերի հետ միասին նա անցնում է գիւղից գիւղ մարդկանց իրաւունքների ոտնահարման անմիջական վկայութիւններն արձանագրելու համար: Ամէն անգամ, երբ նա զոհերին ուղեկցում էր իշխանութիւնների մօտ, որպէսզի բողոք ներկայացնէին, պատասխանը միշտ նոյնն էր. նրանց խորհուրդ էին տալիս լաւ փաստաբան գտնել: «Իրականութիւնն այն էր, որ այն ժամանակներում չկային փաստաբաններ, ովքեր կցանկանային մեզ օգնել: Ուստի, օրերից մէկ օր ինքս ինձ ասացի. «Պէտք է փաստաբան դառնամ»: Նրա աշխատավարձը չէր բաւականացնում ուսման ծախսերը հոգալու համար: Կապուցինեան Հայրերը՝ Փեդրոյ Ժոզէն, Ժոզէ Մարիան եւ Շառլի Ազքոնան, ովքեր որոշ իմաստով Փաբլոյի երկրորդ ընտանիքն էին, համախմբեցին բազմաթիւ մարդկանց, ովքեր էլ իրենց հերթին համախմբեցին ուրիշներին: Ի մի հաւաքուած գումարները հնարաւորութիւն ընձեռեցին Փաբլոյին իրաւագիտութիւն ուսումնասիրելու: Այն ընտանիքները, որոնք չէին կարող ֆինանսապէս օգնել, նրան օթեւան կամ սնունդ էին առաջարկում: Շնորհիւ այս անհրաժեշտ օգնութեան, Փաբլոյին յաջողուեց համալսարանում շարունակել իրաւագիտութեան դասընթացքը, ստանալ վկայագիր եւ դառնալ փաստաբան: Սակայն նրա յետագայ ճանապարհը շարունակում է մնալ խոչընդոտներով լի:

Փոխզիջման գինը

Առաջին քայլերը որպէս փաստաբան քիչ էր մնում կեանք արժենային նրա համար: Նաւթարդիւնաբերական ընկերութիւններից մէկը, որը հետազօտում էր տարածաշրջանը պէտք է իրականացնէր սեյսմիկ չափումներ: Այս նպատակով, բանուորները բռնի կերպով՝ առանց որեւէ թոյլտուութեան տիրացան գիւղացիների հողերին եւ ունեցուածքին: Փաբլոն ստանձնեց նրանց պաշտպանութիւնը, ինչին ի պատասխան ընկերութիւնն աշխատանքից հեռացրեց բանուորներին՝ այս ամէնը վերագրելով երիտասարդ փաստաբանին: Նա Լինչի դատաստանին ենթարկուելու վտանգի տակ յայտնուեց, բայց երկխօսութեան շնորհիւ բանուորները հասկացան, որ աշխատանքից հեռացման պատասխանատուութիւնը գործատուինն է, եւ միացան Փաբլոյին՝ ընկերութեան դէմ դատական պայքարի գործում:

2004 թուականին, մինչ նրան հետապնդում էին եւ սպառնալիքներ տեղում նրա հասցէին, նրա եղբայրներից մէկը դաժան կտտանքների ենթարկուեց: Անվտանգութեան նկատառումներից ելնելով, նա իր ընտանիքին տարհանեց անվտանգ գօտի: Իսկ ինքը, ամիսներ շարունակ չէր կարողանում երկու գիշեր իրար հետեւից նոյն վայրում գիշերել: Աւելի ուշ նա ոստիկաններից իմացաւ, որ նշանառութեան տակ ոչ թէ իր եղբայրն է եղել, այլ՝ ինքը: «Ամէն երեկոյ ես փառք եմ տալիս Աստծուն մէկ օր եւս ապրելու համար: Ամէն առաւօտ աղօթում եմ Տիրոջը, որ ինձ պաշտպանի եւ կարողանամ շարունակել ապրել»:

Ամազոնիայի պահպանութեան համար պայքարող մի խումբ առաջամարտիկներ, որոնց իրաւունքները պաշտպանում էր Փաբլոյ Ֆաժարդոն
Ամազոնիայի պահպանութեան համար պայքարող մի խումբ առաջամարտիկներ, որոնց իրաւունքները պաշտպանում էր Փաբլոյ Ֆաժարդոն

Սերտ կապը Ամազոնիայի հետ

«Ամազոնիայի բնիկների կողքին անցկացրած երեսուն տարիների ընթացքում ես հասկացայ, որ նրանցից շատ բան եմ սովորել եւ դեռ շարունակում եմ սովորել: Նրանք մարդկութեանը սովորեցնելու շատ բան ունեն: Տեղաբնիկները քայլող հանրագիտարաններ են», - ասում է Փաբլոն մեղմ ժպիտով եւ պատմում մի հետաքրքիր միջադէպի մասին, որպէսզի կարողանայ նկարագրել Ամազոնիայի բնիկների եւ «նրանց» անտառի միջեւ եղած կապը: 2003 թուականին, երբ Էկվադորում Շեվրոնի դէմ դատական գործ յարուցուեց, բնիկներն ամէն օր ցոյցերին մասնակցելու համար հաւաքւում էին Լագոյ Ագրիոյում: Աւագ սերնդի ներկայացուցիչները ընդհանրապէս կօշիկներ չէին կրում: Մի երիտասարդ ամերիկացի, ով եկել էր դատավարութեանը հետեւելու, տպաւորուած էր տեսնելով այսքան ոտաբոպիկ մարդկանց: Նա վերադարձաւ Միացեալ Նահանգներ եւ վեց ամիս անց հնդկացիների համար հինգ հազար զոյգ կօշիկ ուղարկեց, որ կարողացել էր հաւաքել իր երկրում: Աւագներն այդպէս էլ երբեւէ չկրեցին այդ կօշիկները, այլ՝ դրանք դարձրեցին ֆութպոլի գնդակներ: Նրանք կօշիկ չէին կրում ոչ այն պատճառով, որ աղքատ էին, այլ՝ որ կօշիկը խզում է մարդու եւ հողի միջեւ եղած կապը:

Ամազոնեան անտառների աղտոտուած ջրերը
Ամազոնեան անտառների աղտոտուած ջրերը

Թեքսակո-Շեվրոն դատավարութիւնը

Դատավարութեան ընթացքում բնիկները եւ իրենց փաստաբանը ապացոյցներ ներկայացրեցին թունաւոր թափօններով եւ արդիւնահանուող անմշակ նաւթի մնացորդներով Ամազոնեան անտառների հողերի եւ ջրերի աղտոտման վերաբերեալ: Այս թափօնները պատճառ են դարձել ձկների, ջունգլիի (անանցանելի անտառների) կենդանիների եւ մարդկանց մահուան:

Փաբլոն բացատրում է, որ Թեքսակո-Շեվրոն դատավարութիւնն ապացուցեց խորը անտեղեակութիւնը եւ յարգանքի բացակայութիւնը հինաւուրց ժողովուրդների նկատմամբ: Այս գործը լոյս սփռեց նաեւ իրենց իրաւունքների համար յամառօրէն պայքարող մարդկանց վրայ: «Կարեւորն այն է, թէ մեզ ինչպէս յաջողուեց պահպանել միասնականութիւնն այս պայքարում: Վեց բնիկ ժողովուրդներ՝ տարբեր տարածաշրջաններից, ժողովուրդներ՝ ովքեր կրողն են տարբեր լեզուների, աւանդոյթների եւ սովորոյթների, միաւորուեցին միասին պայքարելու համար»: Այս մարդկանցից շատերը՝ այնպէս, ինչպէս Փաբլոյի հայրը, հնարաւորութիւն չեն ունեցել կրթութիւն ստանալու, չգիտեն ո՛չ գրել, ո՛չ կարդալ եւ մեծ կարեւորութիւն չեն տալիս գրաւոր փաստաթղթերին, փոխարէնը՝ արժեւորում են տրուած խօսքը: Փաբլոյի հայրը այսպէս էր ասում, երբ իր երեխաները դեռ փոքր էին. «Թուղթը կարող են պատռել, իսկ տրուած խօսքը դրժել՝ ոչ»: Այսօր ամէն բան փոխուել է, ամէն ինչ պէտք է լինի գրուած, փաստաթղթերով հիմնաւորուած, ստորագրուած եւ դրոշմուած: Առանց պաշտօնական փաստաթղթերի խօսքն այլեւս մեծ արժէք չունի: Բնիկների շահերը պաշտպանելով Փաբլոն ինքնատիպ կամուրջ դարձաւ հնդկացիներին տուած իր խոստման եւ ընդդէմ Շեվրոնի կայացուած գրաւոր դատավճռի միջեւ, որը ձեռք բերուեց մի քանի տարի տեւած դատավարութեան աւարտին:

Նաւթի արդիւնահանման թափօնների հետեւանքով առաջացած աղտոտման հետքերը
Նաւթի արդիւնահանման թափօնների հետեւանքով առաջացած աղտոտման հետքերը

Ամազոնիայում վտանգուած է մարդկանց եւ ապագայ սերունդների կեանքը. «Միգուցէ շատերը Միացեալ Նահանգներում եւ Եւրոպայում չեն գիտակցում, թէ Ամազոնիան ինչ նշանակութիւն ունի աշխարհի եւ երկիր մոլորակի համար»: 

Փաբլոյ Ֆաժարդոյի՝ գիւղացու, ով դարձաւ իր ժողովրդի փաստաբանը, եզրակացութիւնն ամփոփւում է յոյսի այս մի քանի բառի մէջ, որը հնչում է ասես աղօթք. «Թո՛ղ որ ողջ աշխարհն ականջալուր լինի մեր ձայնին»:

Թարգմանեց  Հրանուշ Սարգսյանը 

Փաբլոյ Ֆաժարդոյ
Փաբլոյ Ֆաժարդոյ

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/06/2019, 08:00