Որոնել

Գիյեմետտը եւ Կամիլը մատնացոյց են անում Երուսաղէմը՝ սուրբ քաղաք ժամանելուց անմիջապէս յետոյ Գիյեմետտը եւ Կամիլը մատնացոյց են անում Երուսաղէմը՝ սուրբ քաղաք ժամանելուց անմիջապէս յետոյ   Պատմութիւնը

«5.000 քմ ոտքով՝ շնորհիւ Աստուծոյ»

Նրանք քայլեցին Փարիզից Երուսաղէմ աւելի քան եօթ ամիս՝ գրպանում մի գրոշ անգամ չունենալով: Ուխտագնացութիւն, որ որոնումն է Աստծոյ, հնարաւորութիւնը հիանալի հանդիպումների, ինչպէս նաեւ ուրիշների եւ սեփական անձի բացայայտման:

Ժան Շառլ Փուցոլու – Երուսաղէմ

Այս արկածը սկիզբ է առնում Փարիզում: Կամիլ Դեվոն այս ծրագրի իրագործման գաղափարը յղացել էր դեռեւս 14 տարեկան հասակում, սակայն, այն խնամքով պահել էր իր երազանքների փոքրիկ գզրոցում եւ ոչ ոքի չէր յայտնել իր այդ մտադրութեան մասին: Երեք տարի առաջ նա վերջապէս որոշում է կայացնում եւ իր ծրագրի մասին պատմում է ծնողներին: Նրանից երկար ժամանակ չպահանջուեց վերջիններիս համոզելու համար: Սակայն դեռ հեռու է այն օրը, երբ նա կը կարողանայ իրականացնել իր ծրագիրը: Միեւնոյն ժամանակ, համալսարանում Կամիլը ծանօթանում է Գիյեմետտ դը Նորբեկուրի հետ: Երկու աղջիկները լաւ են հասկանում միմեանց եւ նրանց միջեւ ծնւում է բարեկամութիւն: Չնայած դրան, Կամիլը ոչինչ չի պատմում իր ծրագրի մասին, մինչ այն պահը, երբ ուսման աւարտին որոշում են համատեղ վարձակալել մի բնակարան:

Այսպիսով, Գիյեմետտը տեղեկանալով, որ իր ընկերուհին շուտով կարող էր ճանապարհ ընկնել, հասկանում է, որ այս ծրագիրը հէնց այն է, ինչ փնտրում է նաեւ ինքը. «Փարիզում, ես կատարեալի փնտռտուքի մէջ էի, որն արտայայտւում էր Աստծոյ նկատմամբ ծարաւը յագեցնելու ցանկութեամբ: Կամիլի հետ ծանօթութիւնն ի վերուստ էր նախատեսուած»: Ոտքով ուխտագնացութիւն կատարելու այս միտքը Կամիլի մօտ ծնուել էր քահանայ Դօն Լուի-էրվէ Գինիի շնորհիւ: Այլեւս ոչ մի կասկած չկար, որ երկուսն էլ հոգեւորի փնտռտուքի մէջ էին, բայց Կամիլն այս ուխտագնացութիւնը երկուսի համար չէր ծրագրել: Ուստի նրանք մէկ շաբաթ ժամանակ են վերցնում այս հարցի շուրջ մտորելու համար: Որոշումը կայացուած է: Նրանք մեկնում են:

«Պատարագ ճանապարհի», Փարիզի Աստուածամօր Տաճար, 10 սեպտեմբեր, 2018թ., մեկնման օր
«Պատարագ ճանապարհի», Փարիզի Աստուածամօր Տաճար, 10 սեպտեմբեր, 2018թ., մեկնման օր

Փարիզի Աստուածամօր Տաճար

Երկուշաբթի, 10 սեպտեմբեր 2018թ., առաւօտեան ժամը 8:00: Աղջիկների խնդրանքով, իրենց բարեկամ քահանան՝ ով հոգեպէս աջակցում էր վերջիններիս նախաձեռնած քայլերթին, նրանց ճանապարհ դնելու դիտաւորութեամբ պատարագ է մատուցում, որին ներկայ են երկու ընտանիքների անդամները:

Առաջին չորս օրերը նրանք անցկացնում են Փարիզում եւ դրա մերձակայքում, որտեղ նախապէս ծրագրուած կանգառներ են կատարում ընկերների եւ ծանօթների մօտ: Նրանք դեռեւս յստակ չեն գիտակցում, թէ ինչ է իրենց համար նախապատրաստում այս արկածը: Իրականում, միայն հինգերորդ օրուայ առաւօտեան է, որ ընկղմւում են իրենց անծանօթ աշխարհը: Նրանք չգիտեն, թէ որտեղ են գիշերելու, աւելին՝ գրպանում չունեն ոչ մի գրոշ: «Սա կշռադատուած որոշում էր», - ասում է Գիյեմետտը, - «ցանկանում էինք հրաժարուել ամէն ինչից եւ ինքներս մեզ յանձնել Աստծոյ կամքին, քանզի յանուն Նրա  անցանք այս ճանապարհը»:

Կամիլը եւ Վերոնիկը՝ առաջին «անծանօթը», ով իր տան դռները բացեց նրանց առջեւ
Կամիլը եւ Վերոնիկը՝ առաջին «անծանօթը», ով իր տան դռները բացեց նրանց առջեւ

Նուաստացուցիչ մուրացկանութիւնը

Դեռեւս հինգերորդ օրն է, եւ առաջին անգամն է, որ իրենց հիւրընկալելու համար դիմում են անծանօթ մէկին: Նրանց մերժում են, ի հարկէ, քաղաքավարի, բայց մերժում են: Այս պահին է, որ գիտակցում են, թէ որքան նուաստացուցիչ կարող է լինել մուրացկանութիւնը: Սակայն, վճռական տրամադրուած լինելով, ոչ մի վայրկեան անգամ հետ չեն կանգնում իրենց որոշումից, բախում են մէկ այլ դուռ եւ հանդիպում բարեսիրտ մէկին. «Այս անթիւ-անհամար հանդիպումների շնորհիւ շատ բան սովորեցինք: Հիացանք մարդկանց արտասովոր բարութեամբ: Այդ բարութիւնը երբեմն թաքնուած է նրանց հոգու խորքում եւ դեռեւս չի գտել դուրս գալու ուղին», - նկատում է Կամիլը: Վերոնիկն էր, որ իր տան դռները բացեց նրանց առջեւ: Մէկը միւսին յաջորդող ծանօթութիւնների երկար շարքում հիւսւում է առաջին կապը:

Մի երեկոյ, կտրել անցնելով Շուեյցարիան, իտալական Ալպերը, Սլովենիան եւ Խրուաթիան, հանգրուանեցին Բոսնիայ եւ Հերցեգովինայում՝ Պիեր անունով 80-ամյայ մի սերբի տանը: Վերջինս ոչ մի օտար լեզուի չէր տիրապետում: Նրա դուստրը՝ Սլաւիկան, անգլերէն միայն մի քանի բառ գիտէր, ինչն էլ բաւարար էր հասկանալու եւ երկու երիտասարդ կանանց ապաստան տալու համար: «Նա առաջարկեց մի հասարակ մահճակալ երկուսիս համար», - պատմում է Կամիլը եւ շարունակում, - «յաջորդ առաւօտեան արթնանալուց յետոյ նկատեցինք, որ Պիերը քնել էր բազմոցին՝ մեզ զիջելով իր մահճակալը: Ամենայն անկեղծութեամբ, չեմ կարծում, որ ես ընդունակ կը լինէի նման արարքի»:

Առաջին քայլերը Բոսնիայ եւ Հերցեգովինայի ձեան ներքոյ
Առաջին քայլերը Բոսնիայ եւ Հերցեգովինայի ձեան ներքոյ

Պալգանեան ձմեռը

Գիյեմետտի հայրը, ով զինուորական է, աղջիկներին նախազգուշացրել էր Պալգանների խիստ ձմռան մասին: Որպէս բացառութիւն, 2018թ.-ի նոյեմբերից մինչեւ 2019թ.-ի փետրուար ամիսը ջերմաստիճանը եղել է փոքր-ինչ մեղմ՝ -12-ից ոչ ցածր: Այն փորձութիւնը, որին պէտք էր դիմանալ՝ արտասովոր բնապատկերների մի շարք էր. «Բուլղարիայում մէկ օր անցկացրեցինք ոտքերը ձեան մէջ թաղուած եւ գլուխը արեւի տակ, տեսարանը, որ բացւում էր մեր առջեւ ստիպում էր խորհրդածել եւ շնորհակալութիւն յայտնել Աստծուն», - վկայում է Գիյեմետտը:

Թուրքիայի Կոչահիդիր գիւղի մուհթար (գիւղապետ) Ռուստեմի կնոջ հետ: Նա մեզ տուեց իր գիշերազգեստները
Թուրքիայի Կոչահիդիր գիւղի մուհթար (գիւղապետ) Ռուստեմի կնոջ հետ: Նա մեզ տուեց իր գիշերազգեստները

Թուրքիա

Մշակոյթների միջեւ եղած տարբերութիւնները կարող են որոշ խնդիրներ առաջացնել երկու երիտասարդ եւ միայնակ ճամփորդող աղջիկների համար: Նրանք երբեւէ չանհանգստացան իրենց անվտանգութեան համար եւ երբեւէ չենթարկուեցին յարձակման, բայց ստիպուած եղան հանդուրժել տղամարդկանց հայեացքները: Երկու միայնակ աղջիկները կարող են թիւր մեկնաբանութիւնների զոհ դառնալ: «Նրանք մեզ անառակ կանանց տեղ էին դրել», - պատմում է Գիյեմետտ, - «ստիպուած եղանք վերանայել մեր մօտեցումը՝ այլեւս չժպտալ այն բոլոր մարդկանց, ում հանդիպում էինք, եւ, ծածկել մեր դէմքերը»: Չնայած այս ամէնին, Թուրքիայում եւս արտասովոր մեծահոգութեան հանդիպեցին:

Սերբիայի Սամելայ գիւղում, որտեղ տեղի քահանան նրանց հիւրընկալեց Սուրբ Ծննդեան նախօրէին: Վստահ լինելու համար, որ կը կարողանան արդարացնել նրանց սպասելիքները, քահանան հրաւիրեց Միրոսլավին՝ գիւղի ֆրանսախօս բնակչին
Սերբիայի Սամելայ գիւղում, որտեղ տեղի քահանան նրանց հիւրընկալեց Սուրբ Ծննդեան նախօրէին: Վստահ լինելու համար, որ կը կարողանան արդարացնել նրանց սպասելիքները, քահանան հրաւիրեց Միրոսլավին՝ գիւղի ֆրանսախօս բնակչին

Եկեղեցիները հիւրընկալութեան վայրեր

«Ամեն անգամ ծխական համայնքներում յիրաւի զգացինք հիւրընկալութեան մշակոյթը»: Սերբիայից մինչ Յունաստան, չնայած լեզուական խոչընդոտին, որն անյաղթահարելի էր, եւ այն դէպքերում, երբ չէին կարող անձամբ հիւրընկալել նրանց, ուղղափառ եկեղեցու քահանաները աղջիկների համար պատրաստեցին նամակներ, որոնցում պարզաբանումներ էին անում վերջիններիս ուխտագնացութեան ծրագրի վերաբերեալ: Այս նամակները իսկական անցագրեր էին դառնում, երբ նրանք փորձում էին թակել տեղի բնակիչների դռները: Նոյնիսկ այն ժամանակ, երբ անցնում էին մուսուլմանական գիւղերով՝ միշտ ապաստան էին գտնում: Աղջիկներն իրենց ուխտագնացութեան 248 գիշերների ընթացքում երբեւէ առանց տանիք չմնացին:

Թէյի ընդմիջում Սյուլեկլերում (Թուրքիայ), ընտանիքը հաւաքուել է յաջորդ տարուայ համար փայտ կոտրելու
Թէյի ընդմիջում Սյուլեկլերում (Թուրքիայ), ընտանիքը հաւաքուել է յաջորդ տարուայ համար փայտ կոտրելու

Մարդասիրութիւն բոլոր գիւղերում

Սա նրանց արկածի կարմիր թելն է: Կամիլը եւ Գիյեմետտն իրենց ողջ ճամփորդութեան ընթացքում ընդամէնը մէկ «սմարթֆոն» ունէին, որպէսզի ծնողներին հանգստացնէին՝ ժամանակ առ ժամանակ հաղորդագրութիւններ ուղարկելով: Մինչդեռ հանդիպումներից յետոյ նրանց «սմարթֆոնի» հեռախօսահամարների ցանկն աստիճանաբար աւելացաւ: Իրենց ճանապարհին հանդիպած բոլոր մարդկանց հետ հաստատուած կապերը վերածւում էին ամենօրեայ շփման՝ «հաղորդագրութիւնների տեղատարափի»: «Այս մարդիկ մեզ հիւրընկալել էին, եւ մենք պարտաւոր էինք նրանց պատասխանել: Մենք այդպէս էլ վարւում էինք, նոյնիսկ եթէ մեզանից երբեմն որոշակի ժամանակ էր պահանջւում: Բացի այդ, այն պահերին, երբ մեր տրամադրութիւնը մի փոքր վատ էր՝ զգում էինք, որ նրանց հաղորդագրութիւնները մեզ առաջ շարժուելու ուժ էին տալիս», - ասում է Գիյեմետտը:

Ամէն երեկոյ, նրանք հիւրընկալողներին պատմում են իրենց ծրագրի մասին: «Իսկապէս արտասովոր մարդկանց հանդիպեցինք», - ասում է Կամիլը՝ տոգորուած անմոռանալի յիշողութիւններով:

Երկարատեւ ուղի դաշտերի եւ ճանապարհների միջով
Երկարատեւ ուղի դաշտերի եւ ճանապարհների միջով

Սեփական անձի բացայայտումը

Ընկերուհու հետ մեկնել ճանապարհորդութեան, եւ աւելի քան եօթ ամիս, օրական 24 ժամ նրա հետ անցկացնելու դէպքում մարդը երբեմն ճգնաժամային կէտին հասնելու վտանգի է ենթարկւում: Նրանք բաւական ժամանակ ունեցան ինքնաճանաչման համար՝ նախ բացայայտել սեփական անձը, ապա՝ դիմացինին: Բազմիցս ստիպուած են եղել հակասութեան մէջ լինել սեփական անձի հետ, յաճախ՝ յոգնածութեան կամ տրամադրութեան անկման պատճառով: Նրանք դիմակայեցին այս փորձութիւններին եւ այսօր անբաժան են:

Թուրքական լեռներում
Թուրքական լեռներում

Սուրբ Երկիրն այլեւս մօտ է

Հեռանալով Սերբիայից, նրանք անցնում են Բուլղարիայով՝ նախքան կթափանցէին Թուրքիայի խորքերը: Դեռեւս Փարիզում նրանք տեղեակ էին, որ պատերազմի մէջ գտնուող Սիրիան անանցանելի է, հետեւաբար, ստիպուած եղան ընդհատել իրենց քայլերթը՝ ճանապարհորդութիւնը ինքնաթիռով շարունակելու համար: Անթալիայից մեկնեցին Հիւսիսային Կիպրոսի Հանրապետութիւն՝ կղզու այն հատուածը, որը ճանաչուած չէ միջազգային հանրութեան կողմից եւ գտնւում է թուրքերի վերահսկողութեան տակ: Լարնակայից ինքնաթիռով ուղեւորւում են անմիջապէս Թել Ավիվ՝ վայրէջք կատարելով Երուսաղէմից 40 կմ հեռաւորութեան վրայ: Նրանք որոշում են հարաւից շրջանցել Երուսաղէմը, եւ այսպիսով հասնում են Բեթղեհէմ: Նրանց քայլարշաւն իմաստաւորւում է այս շրջանցիկ ճանապարհով, քանի որ նրանք՝ ովքեր Փարիզից մեկնել էին Աստծոյ հետ այս հանդիպումն ունենալու համար, պատրաստւում են քայլել Քրիստոսի հետքերով:

Տեսարան Երուսաղէմից
Տեսարան Երուսաղէմից

Երուսաղէմ

Կամիլը եւ Գիյեմետտը 215 օր է, ինչ քայլում են՝ ամէն օր անցնելով նուազագոյնը 25-35 Քիլոմեթր ճանապարհ, եւ, ժամանակ առ ժամանակ, միայն մի քանի օրով դադար առնում ուժերը վերականգնելու համար:

Մինչ այս ուխտագնացութիւնը նրանցից եւ ոչ մէկը չէր եղել Սուրբ Երկրում: Նրանք անցնում են Ձիթենեաց Լեռան գագաթին գտնուող Համբարձման մատուռով, անցնում մզկիթը, ապա՝ Մեր Տիրոջ եկեղեցին, եւ նրանց առջեւ յայտնւում է այն՝ ինչին եօթ ամիս է ինչ սպասում են: Երուսաղէմի վրայ բացուող տեսարանը փառահեղ է: Առաջին պլանում Տաճարի լեռան վրայ երեւում է Ժայռի Գմբէթը: Մի հսկայական հրապարակ, որը զբաղեցնում է հին քաղաքի մէկ վեցերորդը: Նրանք մի պահ կանգ են առնում եւ ասում. «վերջապէ՛ս»: Ապա, սկսում են իջնել դէպի Երուսաղէմ, կանգ են առնում Գեթսէմանի պարտէզի մօտ, հաւաքւում Մարիամի շիրիմի մօտ, որը գտնւում է Գեթսէմանի այն քարանձաւի կողքին, որտեղ Յիսուս առանձնացել էր իր առաքեալների հետ, այն նոյն քարանձաւի կողքին՝ որտեղ նրան մատնեցին, ապա՝ ձերբակալեցին: Նրանք վերադառնում են հին քաղաք, կտրում անցնում են Դուկը, նորից բարձրանում «Վիայ Դոլորոզայով» (Վշտի Ճանապարհ) հասնելով Քրիստոսի Գերեզմանին, եւ դուրս գալով Հերոդի Դռնով՝ հանգրուանում Աստուածաշնչեան Դպրոցում, որտեղ Դոմինիկյեանները նրանց անմոռանալի հիւրընկալութիւն են ցուցաբերում:

2019թ.-ի ապրիլ 13: Նրանք քայլեցին 5.000 կմ՝ շնորհիւ Աստծոյ: Այժմ կարող են հանգստանալ:

Փարիզից մեկնելուց յետոյ առաջին անգամն է, որ գիշերելու են բաց երկնքի տակ՝ վրանի մէջ, այստեղ՝ Երուսաղէմի Աստուածաշնչեան Դպրոցի այգում:  Դոմինիկյեան եղբայրները տասը օր հոգ տարան նրանց մասին: Աղջիկները երջանիկ են: Նրանց ուրախութիւնը վարակիչ է:

Սեւ գծով ընդգծուած է Փարիզից Երուսաղէմ անցած ճանապարհը
Սեւ գծով ընդգծուած է Փարիզից Երուսաղէմ անցած ճանապարհը

Կեանքն ուխտագնացութիւնից յետոյ

Այս ուխտագնացութիւնը կենսագործելու համար թէ՛ Կամիլը եւ թէ՛ Գիյեմետտը դուրս եկան իրենց աշխատանքներից եւ այժմ չգիտեն, թէ ինչ են անելու Ֆրանսիա վերադառնալուց յետոյ, փոխարէնը՝ քաջ գիտակցում են, թէ ինչ չեն անելու: Ակնյայտ է, որ նրանց կեանքի ճանապարհն այլեւս չի շարունակուելու առանց Աստծոյ: Արդեօ՞ք այս ուխտագնացութիւնը խթան կհանդիսանայ մի նոր հոգեւոր կոչման համար: Ոչինչ չի բացառւում: «Յաճախ մտածում եմ Պիերի՝ այն 80-ամյայ սերբի մասին, ով մեզ զիջեց իր մահճակալը», - ասում է Կամիլը, - «փորձում եմ ինքս ինձ պատկերացնել տարիներ անց, եւ շատ կը ցանկանայի ընդունակ լինել նոյնպիսի մեծահոգութեան»:

Թարգմանեց  Հրանուշ Սարգսյանը  05.06.2019

Գիյեմետտը եւ Կամիլը

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/06/2019, 08:53