Որոնել

«Հայաստան» «Հայաստան» 

Դեսպան Կարեն Նազարյանի մասնակցութիւնը «Հայաստան» գրքի շնորհանդէսին

Գրքի շնորհանդէսին որպէս զեկուցողներ հանդէս եկան գրող Ալբերտո Էլլին և լրագրող Ռոբերտո Օլլան:

Մայիսի 17-ին ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց Հռոմում գործող «Սուրբ  Երկիր» հրատարակչութեան տպագրած «Հայաստան» գրքի շնորհանդէսին։ Ալբերտո Էլլիի հեղինակած, չորս հարիւր էջանոց գիրքը, ընթերցողի ուշադրութիւնն է սևեռում Հայաստանի, նրա մարզերի ու Արցախի պատմութեանը, մշակոյթին և աշխարհագրութեանը։

Գրքի շնորհանդէսի արարողութեանն ունեցած իր ելոյթում դեսպան Նազարյանը նշեց, որ գիրքն իտալախօս համայնքին է ներկայացնում վառ պատմութիւններ Հայաստանի ու Արցախի մասին, որի միջոցով ընթերցողը ծանօթանում է հայկական հինաւուրց հողին՝ որպէս ուխտագնացութեան և իւրօրինակ մշակութային ու հոգևոր փորձառութիւնների վայր։

Իր խօսքում Կարեն Նազարյանը նշեց, որ գիրքը նաև պատասխանն է մշակութային զտմանն ու դրա քարոզչութեանը, որը ցաւօք շարունակւում է հայկական դարաւոր կոթողների հանդէպ՝ Թուրքիայի և Ադրբեջանի վարած խտրականութեան և ռասիզմի քաղաքականութեան արդիւնքում։ «Մշակութային ցեղասպանություն․ սա այն է ինչ իրականացւում է հայկական եկեղեցիների հանդէպ նշուած հարևան երկրներում, որն ըստ էութեան 1915թ․ Հայոց ցեղասպանութեան շարունակութիւնն է, և այս իրավիճակը հրատապ քայլեր է պահանջում միջազգային հանրութիւն կողմից»,- նշեց դեսպանն ու կոչ արեց կրկնապատկել ջանքերը կասեցնելու համար մշակութային ժառանգութեան ոչնչացման փորձերը, որոնք օտարում են ժողովուրդներին և սերմանում ատելութիւն։

 Որպէս կառավարութեան ներկայացուցիչ, որը զբօսաշրջութիւնը յայտարարել է իր տնտեսական զարգացման առաջնային ճիւղերից մէկը, դեսպան Նազարյանը կարևորեց, որ գրքի միջոցով հնարաւոր է ծանօթանալ Հայաստանի ու Արցախի հազարամեակների պատմութեանը, ինքնատիպ ճարտարապետութեանը, գրականութեանը, երաժշտութեանը կիրառական արւեստներին և պատմական յուշարձաններին, որոնք ներկայացնում են տարբեր դարաշրջաններ՝ ընթերցողներին ու այցելուներին առաջարկելով հարուստ ընտրութիւն։

Գրքի շնորհանդէսին որպէս զեկուցողներ հանդէս եկան գրող Ալբերտո Էլլին և լրագրող Ռոբերտո Օլլան, որոնք ընդգծեցին, որ հայերն օտարների ուշադրութիւնը գրաւում են ստեղծած մշակութային ժառանգութեամբ, հարուստ պատմութեամբ: Նրանք նաև նշեցին որ յուզիչ է տեսնել, թէ ինչպէս է հայի նոր սերունդը շարունակում ոգեկոչել ցեղասպանութեան զոհերին և ինչ աստիճանի նշանակալի և արդիական է այսօրեայ հայկական իրականութեան մէջ պատմական Հայաստանում գտնուող հայկական ժառանգութեան ազդեցութիւնը:

Շնորհանդէսին, որը վարում էր Ռոբերտ Աթթարեանը՝ «Վատիկան Նյուզ»-ից, ներկայ էին ԶԼՄ-ների, զբօսաշրջային ընկերութիւնների, հայ համայնքի ներկայացուցիչներ ու հոգևոր հայրեր։

Աղբիւր՝ ՀՀ արտգործ նախարարութիւն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/05/2019, 09:56