Որոնել

Հայկական Կարիտասի ծրագրի ներկայացում Հայկական Կարիտասի ծրագրի ներկայացում 

Հայկական Կարիտասը ներկայացրել է ներառական կրթութեան ներկայիս որակի ուսումնասիրութեան արդիւնքները

«Այս բոլորը կ’աշխատինք ծառայեցնել Մարդ անհատի արժէքին…»

«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպութեան «Ներառական և համապատասխան որակեալ կրթութիւն բոլորի համար» ծրագրի շրջանակներում իրականացուել է հետազօտութիւն ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում: Հետազօտութիւնն իրականացրել է Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականութեան և հաշմանդամութեան հիմնախնդիրների հետազօտական կենտրոն»-ը: 

Ներառական կրթութեան որակի, համապատասխան մանկավարժական պայմանների ուսումնասիրութեան և տարածքային մանկավարժա-հոգեբանական կենտրոնների գործունէութեան մարտահրաւէրների վերհանման նպատակով իրականացուած հետազօտութեան արդիւնքներն ու համապատասխան առաջարկները 2019թ. մայիսի 14-ին ներկայացուեցին հանրութեանը: Միջոցառմանը ներկայ էին նաև ՀՀ կրթութեան և գիտութեան նախարարի տեղակալ Լուսինէ Առաքելեանը, ԱԺ պատգամաւոր Սոֆյա Հովսեփյանը, համապատասխան ոլորտային մասնագէտներ:

Ներկաներին նախ ողջունեց Սրբոց Հրեշտակապետաց միացեալ հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգշն. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը՝ Հայկական Կարիտասի Ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի անունից և ասաց.

«Այսօր հաւաքուած ենք այս դահլիճէն ներս՝ մասնակցելու եւ իրազեկ դառնալու «դպրոցներում եւ մանկավարժահոգեբանական աջակցութեան կենդրոններում ներառական կրթութեան որակի գնահատման, առկայ խնդիրների վերհանման հետազօտութիւն» թեմայով գիտահետազօտական աշխատանքի ներկայացմանը: Անիկա Եկեղեցւոյ եւ անոր հովանու ներքոյ գործող բարեսիրական կառոյցներուն համար նորութիւն մը չէ, այլ հիմնական հարց՝ հասարակութեան մէջ ներգրաւելու համար իւրաքանչիւր անհատ: Ուստի, մենք՝ որպէս Եկեղեցի մեր առաքելութեան մէջ յաճախ կը փորձենք անկարողութիւնը վերածել արդիւնաբերական աշխատանքի: Այսպէս, մեր առաքելութեան մէջ, տարբեր հասարակութիւններու մէջ կը փորձենք ստեղծել առողջ միջավայր մը՝ օգտուելով գիտութեան մեզի ընձեռած արդիական ու ճարտարարուեստական միջոցներէն:
Այս բոլորը կ’աշխատինք ծառայեցնել Մարդ անհատի արժէքին, որ ստեղծուած է Աստուծոյ ձեռքերով, Անոր պատկերով եւ նմանութեամբ, ու դարձած ստեղծագործութեան ամէնանշանակալի եւ թանկ իրականութիւնը:
Այսօր, մենք՝ բոլորովին համոզուած ենք ու կը հաւատանք, որ կարիքաւորը տկար չէ երբեք, այլ՝ աննկուն կամքի տէր անհատ մըն է, որ կը ցանկայ, որ մենք նեցուկ կանգնենք իրեն, որպէսզի դառնայ հասարակութեան մէկ կարեւոր բաղադրիչ:
Այս գաղափարներու հիման վրայ, կը շնորհաւորենք գիտահետազօտական այս աշխատանքը կազմակերպողներուն եւ իրագործողներուն՝ մաղթելով, որ անոր մէջ տեղ գտած տարեբեր առաջադրանքները ի գործ դրուին՝ մեր հասարակութիւնը առաւել զարգացնելու եւ որակեալ կրթութիւն ապահովելու բոլորին համար»:

Ծրագրի ղեկավար Լիլյա Համբարձումյանը նշեց, որ հետազօտութիւնն հիմնուած է մասնակցային գնահատման մեթոդաբանութեան վրայ, ինչը նշանակում է, որ ընտրանքը ծրագրի անմիջական շահառուների կողմից ներառում է համընդհանուր ներառական կրթութեան իրավիճակի ներկայացում և խնդիրների վերհանում, որոնք վերլուծուել են ՀՀ պետական, միջազգային և հասարակական կառոյցների դիրքորոշումների և իրաւական հիմքերի համատեքստում:

ՀՀ կրթութեան և գիտութեան նախարարի տեղակալ Լուսինէ Առաքելյանը ողջունելով ներկաներին՝ կարևորեց կատարուած մեծածաւալ աշխատանքը: «Ներառականութիւնը երեխային զուտ հանրակրթական դպրոց ճանապարհելը չէ, այլ երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարաւորութիւնն իրեն վերադարձնելը: Մեր որդեգրած քաղաքականութիւնն է՝ առերեսուել մեր սեփական բացթողումներին և դրանք ուղղել: Իհարկէ, այդ ճանապարհը բարդ է, երկարատև և խոչընդոտներով լի, սակայն համոզուած եմ, որ յաջողելու ենք գործընկերային մթնոլորտում, քանի որ մեր օրակարգում բացառապէս պէտք է լինի երեխայի շահը: Այս հետազօտութիւնը մեզ համար կարևոր է, որովհետև դրա միջոցով կվերհանուեն խնդիրներ, որոնք մեզ կօգնեն շտկել բացթողումները և յաջորդ մարզերում համընդհանուր ներառականութեան անցումն իրականացնել առաւել անցնցում, գրագէտ և պրոֆեսիոնալ»,-նշեց Լուսինե Առաքելյանը:

Նախարարի տեղակալը նաւ տեղեկացրեց, որ այս տարի Երևանն անցնում է համընդհանուր ներառական կրթութեան, որը հնարաւորինս անցնցում իրականացնելու նպատակով ստեղծուել է միջգերատեսչական յանձնաժողով և վերջինիս կից աշխատանքային խումբ: «Եթէ ժամանակին բոլոր խնդիրները լուծուէին, գուցէ այսօր Երևանում չլինէին այն բարդութիւնները, որոնց բախւում ենք: Սակայն մենք չենք ընկրկում և վստահ եմ, որ մեր ինքնաքննադատական քաղաքականութիւնը մեզ միշտ աչալուրջ կպահի, և ցանկացած խնդիր կկարողանանք լուծել»,-նշեց նախարարի տեղակալը:

Ծրագիրն իրականացուել է 2018-2019թթ. դեկտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատուածում՝ ՀՀ 3 թիրախային մարզերի ընտրանքային՝ 114 դպրոցներում և 11 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցութեան կենտրոններում: Հետազօտական թիմը եղել է Տավուշի, Լոռու և Սյունիքի 12 քաղաքային և 71 գիւղական համայնքներում:

 

Աղբիւրը՝ Հայկական Կարիտասի ֆեյսբուքեան էջ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/05/2019, 08:00