Որոնել

Թոմ Քաթինա Թոմ Քաթինա  

Ավրորա մրցանակ (11) - Կաթողիկէ միսիոներ բժիշկ Թոմ Քաթինա (շարունակութիւն)

Քանի դեռ բռնութիւններն ու պատերազմները սպառնալիք են մնում մարդկային ոգուն ու տոկունութեանը, կարեւոր է աջակցել, ճանաչման արժանացնել ու մեծարել բժիշկ Քաթինայի պէս մարդկանց
Ունկնդրէ հաղորդաշարը

Բարև ձեզ, յարգելի՛ ռադիոլսողներ:

Շարունակում ենք ձեր ուշադրութեանը ներկայացնել կաթոլիկ միսիոներ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինայի կեանքն ու գործունութիւնը:

Բժիշկ Թոմ Քաթինան երկու տարի անընդմէջ առաջադրուեց «Ավրորա» մրցանակի յաւակնորդ: Մրցանակի շնորհման հանդիսաւոր արարողութեանն, ըստ աւանդոյթի, Հայաստան են ժամանում բոլոր յաւակնորդները: Իբրև Սուդանի Նուբա լեռների «Գթութեան մայր» հիւանդանոցի միակ բժիշկ՝ Թոմ Քաթինան միայն խիստ անհրաժեշտութեան դէպքում է լքում Սուդանը, և չկարողացաւ ժամանել Երևան 2016-ին:

2017-ին բժիշկ Թոմ Քաթինան ժամանում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին: Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չմնացին՝ շնորհիւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան ջանքերի: Ոգևորուելով Թոմ Քաթինայի գործունէութեամբ՝ երեք հայ բժիշկներ մեկնեցին Նուբայի լեռներ՝ ժամանակաւորապէս փոխարինելու Թոմ Քաթինային եւ շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելութիւնը, որի շնորհիւ բազմաթիւ մարդիկ են փրկուել:

Փոխգնդապետ Գեւորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը եւ Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայում էին խաղաղութեանը Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, ոչ մի րոպէ չվարանեցին, երբ իմացան, որ իրենց կարիքը կա՝ թէկուզ աշխարհից կտրուած մի վայրում:

Թողնելով իրենց աշխատանքն ու ընտանիքները՝ նրանք խաղաղութեան երազանքով մեկնեցին Նուբա լեռներ:

Սուդանի հարաւում գտնուող Նուբա լեռներ հասնելը հեշտ չէ, սակայն երբ առաքելութիւնդ մարդկանց անօգնական չթողնելն է, երբ կա անհրաժեշտութիւն աջակցելու մերօրեայ հերոսին, եւ երբ նրան երախտագիտութիւն յայտնելու լաւագոյնն ձեւն այլոց օգնելն է, ճանապարհներն ու ժամանակը խոչընդոտ չեն: Բժիշկներ Բարխուդարյանը, Հովհաննիսյանն ու Ոսկանյանը հենց այս գիտակցումով Սուդանում շուրջ մէկ ամիս ծառայեցին «Գթութեան մայր» հիւանդանոցում:

Բժիշկները Սուդան են մեկնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան առաջարկով՝ հնարաւոր դարձնելով բժիշկ Թոմ Քաթինայի այցը Հայաստան: Նախաձեռնութիւնն իր վրայ էր վերցրել բժիշկների այցի հետ կապուած ողջ կազմակերպչական, ապահովագրական եւ ֆինանսական պարտաւորութիւնները: 

2017թ. մայիսի 28-ին Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Թոմ Քաթինան ընտրվեց «Ավրորա» մրցանակի դափնեկիր:

Նա ստացաւ 100’000 դոլարի պարգև և նուիրատուութիւն շղթան շարունակելու բացառիկ հնարաւորութիւն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի արժանացնելու իր ընտրած հետևեալ կազմակերպութիւններին՝ Աֆրիկեան առաքելութեան առողջապահական հիմնադրամ (AMHF), ԱՄՆ, Կաթոլիկ բժշկական առաքելութեան խորհուրդ (CMMB), ԱՄՆ, Ակտիոն Քանչընբըրի (Aktion Canchanabury), Գերմանիա:

Դառնալով «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ բժիշկ Թոմ Քաթիան ասաց. «Մենք պարտաւոր ենք հոգ տանել մեր քոյրերի և եղբայրների համար: Իւրաքանչիւր մարդ  իր ներդրումն ունենալու հնարաւորութիւնն ունի: Մեր բոլորի մարդկայնութիւնը կարող է առաջնորդել մեզ դէպի աւելի պայծառ ապագայ: Հաւատքով լեցուն՝ ես հպարտութեամբ շարունակելու եմ ծառայել աշխարհին և դարձնելով այն աւելի լաւը»:

 

Օսկարակիր դերասան, «Ավրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի համանախագահող Ջորջ Քլունին, խօսելով բժիշկ Քաթինայի մասին, ասել է. «Քանի դեռ բռնութիւններն ու պատերազմները սպառնալիք են մնում մարդկային ոգուն ու տոկունութեանը, կարեւոր է աջակցել, ճանաչման արժանացնել ու մեծարել բժիշկ Քաթինայի պէս մարդկանց, որոնք անձնազոհության գնով օգնում են ուրիշներին ոչ միայն պահպանել իրենց գոյութիւնը, այլեւ հասնել բարօրութեան։ Թոմ Քաթինան բոլորիս համար իր ամենօրեայ աշխատանքով իրական փոփոխութիւն բերող մարդու օրինակ է»։

Բժիշկ Թոմ Քաթինայի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան գործունէութեանը կարող էք հետևել նաև սոցիալական ցանցերում՝ Aurora Prize անուանումով, կամ այցելելով www.auroraprize.com :

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/04/2019, 07:29