Որոնել

Թոմ Քաթինա Թոմ Քաթինա 

Ավրորա մրցանակ (10) - Կաթողիկէ միսիոներ բժիշկ Թոմ Քաթինա։

«Իմ խիղճը չէր դիմանայ, եթէ հակամարտութեան բռնկման պահից ես էլ շատերի պէս լքէի հիւանդանոցը»:

Ողջունում ենք ձեզ, սիրելի՛ ռադիոլսողներ: 

Այս և յաջորդ հաղորդումը կնուիրենք 2016 և 2017թ «Ավրորա» մրցանակի յաւակնորդ, մրցանակի դափնեկիր, այժմ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան նախագահ, ամերիկացի կաթոլիկ միսիոներ բժիշկ Թոմ Քաթինային: 

Դյուքի համալսարանի Բժշկական դպրոցի շրջանաւարտ Թոմ Քաթինան իր բժշկական կարիերան սկսել է Միացեալ Նահանգների Ռազմաօդային ուժերում՝ չորս տարի ծառայելով իբրեւ թռիչքային վիրաբոյժ։

Ունկնդրէ լուրը

Դրանից յետոյ Թոմ Քաթինան վեց տարի իբրեւ կամաւոր աշխատել է Քենիայում՝ Նայրոբիի «Սուրբ Մարիամ» հիւանդանոցում, ապա տեղափոխուել Սուդան եւ հիմնադրել այն հիւանդանոցը, որը գլխաւորում է մինչ օրս։

Բժիշկ Թոմ Քաթինան շուրջ ինը տարի Սուդանի Նուբա լեռների միակ մշտական վիրաբոյժն է: Տեղացիները պատերազմի մէջ են Սուդանի Հանրապետութեան դէմ, սակայն նաեւ չեն ցանկանում միանալ Հանրապետութեանը։ Սուդանի նախագահ Օմար Հասան Ալ-Բաշիրը, որը Դարֆուրում գործուած ցեղասպանութեան եւ այլ ռազմական հանդերձագործութիւնների մեղադրանքով Միջազգային քրէական դատարանի կողմից յայտարարել է պատերազմի յանցագործ, մինչ օրս շարունակում է կլաստերային զինատեսակներ օգտագործել նուբացի ժողովուրդների դէմ եւ արգելում միջազգային հումանիտար օգնութեան մուտքը տարածաշրջան։ Միջազգային մարդասիրական հանրութիւնը լուրջ մտավախութիւն ունի, որ Հարաւային Քորդոֆանը կարող է դառնալ «յաջորդ Դարֆուրը»։

Երբ սկսուեց  պատերազմը, Թոմ Քաթինային օժանդակող կաթոլիկ առաքելութիւնը փորձեց տարհանել նրան, սակայն նա պնդեց, որ մնալու է, քանի որ տարածաշրջանում կա իր կարիքը: «Իմ խիղճը չէր դիմանայ, եթէ հակամարտութեան բռնկման պահից ես էլ շատերի պէս լքէի հիւանդանոցը»: 

Նա ասում է, որ իր համար եկել էր աշխարհին ինչ-որ բան վերադարձնելու ժամանակը, քանի որ ծնուած օրից ինքն ստացել է ամեն ինչ՝ սիրող ընտանիք, գերազանց կրթութիւն։ Եւ պարտքի զգացումն է, որ այսքան տարի շարունակ նրան պահում է Քորդոֆանում։ 

Թոմ Քաթինան աշխատում էր օրական 24 ժամ ՝ սպասարկելով շուրջ կէս միլիոն մարդու եւ անտեսելով երկնքից անընդմէջ թափուող ռումբերի մշտական սպառնալիքը։ «Սովորականի պէս աշխատում ենք, իսկ հենց յայտնւում են ռազմական ինքնաթիռները, վազում ենք հորերը որոնք ամենուր են հիւանդանոցի շուրջ: Նուբայի կեանքը դա է. մարդիկ այդպէս են անում»,- պատմում է Թոմը։ Հիւանդանոցը բացման օրից մշտապէս դեղորայքի պակաս է ունեցել, սակայն բուժ-օգնութիւնից երբեք չի զրկել Դարֆուրի պատերազմի վիրաւորներին եւ Սուդանի կենտրոնական ու հարաւային շրջաններից ժամանած գաղթականներին։ Քաթինան ինքը հիւանդանոցում աշխատելու առաջին մի քանի ամիսներին երկու անգամ վարակուել է մալարիայով՝ նիհարելով մօտ քսան քիլոկրամ։ 

Հաւատը մեծ նշանակութիւն ունի Քաթինայի կեանքում։ Նա վստահ է, որ բոլոր մարդիկ կապուած են միմեանց. «Կարծում եմ, որպէս մարդկային էակներ, մենք փոխկապակցուած ենք։ Անկախ ռասայից կամ կրօնից՝ կա փոխադարձ ինչ-որ կապ։ Իմ տեսանկիւնից՝ բոլորս էլ Աստծոյ զաւակներն ենք՝ լինենք քրիստոնեայ, մահմեդական, աթեիստ, թէ ինչ։ Եւ մենք պարտաւոր ենք հոգալ մեր եղբայրների մասին։ Ամեն առանձին անհատ կարող է իր ներդրումն ունենալ՝ ինչ-որ կերպ»։

Բժիշկ Թոմ Քաթինայի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան գործունէութեանը կարող էք հետևել նաև սոցիալական ցանցերում՝ Aurora Prize անուանումով, կամ այցելելով www.auroraprize.com : 

Անի Մնացականյան

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/04/2019, 07:57