Դեսպան Նազարեանի Ռատիօ Վատիկան այցելութիւնը Դեսպան Նազարեանի Ռատիօ Վատիկան այցելութիւնը 

«Միլիոնաւոր Հայերու անունով ջերմօրէն կր շնորհաւորեմ Ֆրանչիսկոս Պապին Քահանայապետ ընտրութեան տարեդարձը». Դեսպան Նազարեան։

Դեսպան Նազարեան այցելեց Ռատիօ Վատիկանը, հանդիպում ունենալով Սուրբ Աթոռի Հաղորդակցութեան Բաժանմունքի ընդհանուր տնօրէնին եւ հայկական բաժնի խմբագրութեան անձնակազմին հետ։

Ռոպէր Աթթարեան - Վատիկան

Շնորհավորանք Նորին Սրբութեանը

«Այս օրերին լրանում է Ֆրանցիսկոս Պապի, որպէս Հռոմի Քահանայապետ ընտրուելու տարեդարձը և ես կցանկանայի մեր երկրի իշխանութիւնների ու անձամբ իմ անունից ջերմօրէն շնորհաւորել Նորին Սրբութեանը և մաղթել, որ նրա նուիրական առաքելութիւնն այսուհետ ևս յաջողութեամբ շարունակուի՝ ի փառս Հայաստան-Սուրբ Աթոռ յարաբերութիւնների, և ի բարօրութիւն աշխարհում արդարութեան հաստատման, ժողովուրդների միջև հաշտեցման ու համագործակցութեան։

Այս ուղղութեամբ Նորին Սրբութեան հետևողական ջանքերն բարձր է գնահատել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը ով այսօր շնորհաւորական հեռագիր է յղել Ֆրանցիսկոս Պապին:  Վստահ եմ որ այս առթիւ մեր շնորհաւորանքներին են միանում միլիոնաւոր հայորդիներ՝ թէ Հաստանում, Արցախում և թէ Սփիւռքում»։

Այս խօսքերով է որ Սուրբ Աթոռի մօտ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ վսեմաշուք տիար Կարեն Նազարեան, «Ռատիօ Վատիկան–Վատիկան Նիուզ» ի հետ ունեցած հարցազրոյցի մը ընթացքին, ուզեց յանուն համայն հայ ժողովուրդին բարի մաղթանքներ յղել Ֆրանչիսկոս Սրբազան Պապին՝ Անոր Քահանայապետ ընտրութեան 6-րդ տարեդարձին առթիւ։

Ունկնդրէ Դեսպան Նազարեանի հետ հարցազրոյցը

Արդարեւ Դեսպան Նազարեան՝ որ անցեալ շաբաթ 9 Մարտ 2019ին Ֆրանչիսկոս Պապին ձեռքերուն մէջ յանձնեց Սուրբ Աթոռի մօտ դեսպանի իր  հաւատարմագրերը, 12 Մարտի առաւօտեան այցելութիւն տուաւ  Ռատիօ Վատիկան, որ կը գտնուի ՀՀ դեսպանատան մօտը, ուր նախ քան Ռատիօ Վատիկանի հայկական բաժնի խմբագրութեան անձնակազմին հետ հանդիպիլը, առանձնական հանդիպում ունեցաւ Սուրբ Աթոռի Հաղորդակցութեան Բաժանմունքի ընդհանուր տնօրէն ՝ տիար Անտրէա Թոռնիելլիի հետ։

Այցելութեան ծիրէն ներս, դեսպան Նազարեան հարցազրոյց ունեցաւ Ռատիօ Վատիկանի հայկական բաժնի խմբագրութեան հետ, որուն ընթացքին անդրադարձ կատարեց անցեալ 9 մարտին Ֆրանչիսկոս Պապին ու Կարդինալ Փարոլինի հետ ունեցած հանդիպումներու մասին ու Սուրբ Աթոռի մօտ դեսպանութեան ներկայի ու ապագայի ծրագիրներու մասին։

Հացարարոցի ընթացքին Դեսպան Նազարեան խօսելով Ֆրանչիսկոս Պապին հետ ունեցած հանդիպման մասին ի մէջ այլոց ըսաւ.

«Նորին Սրբութեան հետ հանդիպումը բովանդակային էր, ջերմ ու անկաշկանդ։ Նրա բարձր տրամադրութիւնը փոխանցուեց նաև ինձ և արարողակարգային առումով այդ պահանջկոտ ու խորհրդաւոր միջավայրում ես առիթն ունեցայ Հռոմի Քահանայապետին ներկայացնել իմ հիմնական ասելիքը․ դրանք անշուշտ ներառում էին ՀՀ իշխանութիւնների, երկրի ղեկավարութեան պատրաստակամութիւնն ընդլայնելու Սուրբ Աթոռի հետ մեր քաղաքական ու հումանիտար, ինչպէս նաև տարբեր բնագաւառներում երկկողմ կապերը։

Նորին Սրբութեանը փոխանցեցի որ մեր սրտերում ու մտքում շարունակում է վառ մնալ նրա պատմական այցը Հայաստան։ Հանդիպմանն առիթ ունեցայ նաև լսել Սրբազան Քահանայապետի հետաքրքիր մեկնաբանութիւնները, տարածաշրջանի զարգացումների վերաբերեալ իր գնահատականները, նա իր յուշերն ու տպաւորութիւնները կիսուեց Հայաստան կատարած այցելութիւնից,– մի իրադարձութիւն, որն իր մէջ պարունակում էր նաև խաղաղութիւն ու բարի դրացիութիւն հաստատելու կարևորագոյն պատգամ ուղղուած մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդներին։

Հանդիպմանը Նորին Սրբութիւնը բարձր գնահատեց սփիւռքի դերակատարումը և իր օրհնութիւնը տուեց հայ-վատիկանեան կապերի հետագայ խորացման ու զարգացման համար իմ կողմից գործադրուելիք ջանքերին»։

Այն հարցումին թէ ի՞նչ նշանակութիւն ունի Հայաստանի Հանրապետութեան համար Սուրբ Աթոռի մօտ «մնայուն» դեսպան ու դեսպանութիւն  ունենալը՝ Վսեմաշուք դեսպան Նազարեան պատասխանեց.

Նախ նշեմ, որ հայ-վատիկանեան առնչութիւններն ունեն բաւականին հարուստ անցեալ, որոնք որոշ տուեալներով սկիզբ են առնում 9-րդ դարից և խարսխուում են վաղեմի պատմական, մշակութային, հոգևոր կապերի, ինչպես նաև քրիստոնէական, մարդասիրական արժէքների վրա։ Առհասարակ մենք կիսում ենք նոյն համամարդկային սկզբունքները, որոնք ընկած են ժամանակակից միջազգային յարաբերութիւնների, ՄԱԿ-ի ու հիմնարար այլ փաստաթղթերի հիմքում:

Հայաստանը, քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն առաջինը հռչակած երկիր, իր ուրոյն դերակատարումը և առաքելութիւնն է տեսնում Սուրբ Աթոռի հետ ունեցած իր գերազանց յարաբերութիւններն ի ցույց դնել միւս պետութիւններին ու ժողովուրդներին։ Այսօրուայ միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների ու մարտահրաւէրների լուծման հարցերում Հայաստանը և Սուրբ Աթոռն ունեն ներդաշնակ մօտեցումներ և միևնոյն ժամանակ նոյն մտահոգութիւնները։ Դրանցից ես կառանձնացնէի խաղաղութեան ու զարգացման նպատակներին հասնելու մեր նոյնական տեսլականը, աշխարհում հակամարտութիւններն ու տարաձայնութիւնները երկխօսութեան, ասել է թե, բանակցութիւնների միջոցով լուծելու մեր մօտեցումը՝ մերժելով ուժի կամ դրա սպառնալիքի գործադրումը։

Ի վերջոյ, առաջնային խնդիրն ունենք ամենօրեայ աշխատանքով պահպանել ու փայփայել անցնող աւելի քան 25 տարիների մեր միջպետական յարաբերութիւնները՝ դրանք տեղափոխելով յաջորդ՝ առաւել խորացուած փուլ։ Իմ խնդիրն է լինելու ամրացնել միասնութեան ու բարեկամութեան այն կամուրջը, որի հիմքերը դրուել են ՀՀ նախորդ բոլոր դեսպանների և հայութեան հետ համատեղ աշխատանքի արդիւնքում։ Ի դէպ, առիթն օգտագործելով կցանկանային  շնորհակալութիւնս յայտնել Միքայէլ Մինասեանին՝ Սուրբ Աթոռում ՀՀ առաջին «ռեզիդենտ» դեսպանին, իր ներդրած հսկայական ջանքերի համար, որի արդիւնքում մենք այսօր գործ ունենք հարուստ, դինամիկ երկկողմ կապերի և օրակարգի հետ։  

Անդրադառնալով ապա ապագայի ծրագիրներու մասին դեսպան Նազրեան կարեւորեց հետեւեալ կէտերը։

  • - Մերձաւոր Արևելքի մէջ կրօնական փոքրամասնութիւններու, քրիստոնեաներու պաշտպանութեան հարցերը,
  • - Քրիստոնէական պատմամշակութային ժառանգութեան պահպանումը։
  • - Ս․ Յովհաննէս Պօղոս Բի՝ Հայաստան այցի 20-ամեակին (2021թ.) նշումը
  • - Պահպանել Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձրաստիճան այցելություններու ընթացքը։ 
  • - Աշխատիլ՝ Սուրբ Աթոռի մօտ ներկայացուցչութիւն  ունեցող կաթողիկէ ազգաբնակչութիւն ունեցող այն երկրներուն հետ ուր Հայաստնը չունի դեսպանութիւններ։
  • - Վատիկանի և Մատենադարանի արխիւային նիւթերու, բնագրագիտական նոր հրատարակչութիւններու, համատեղ ուսումնասիրութեան, ձեռագրերու վերականգման բնագաւառէն ներս համագործակցութիւնը։
  • - Դէպի Հայաստան ուխտագնացութիւններու կազմակերպումը։
  • - Դեսպանը հուսկ կարեւոր համարեց նաեւ  կապը Մխիթարեան Միաբանութեան, Քահանայապետական Լևոնեան հայ վարժարանի ու դեսպանության միջև։

«Սա, ի հարկէ, ոչ ամբողջական ցանկ է մեր անելիքների, մեր օրակարգի և այս ամենն իրականացնելու համար մենք մեծապէս կարիք ունենք աջակցութեան և խորհուրդների ու կարծում եմ հաւաքական ջանքերով կյաջողուի լաւագոյնս ներկայացնել մեր երկիրն ու մշակոյթն՝ առաւել արդիւնաւէտ դարձնելով մեր դիւանագիտական առաքելութիւնը Սուրբ Աթոռում» յայտնեց զրոյցի աւարտին Դեսպան Նազարեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/03/2019, 09:09