Cerca

Vatican News
Հայկական իւղանկար Հայկական իւղանկար 

Լոս Անջելեսում իր աշխատանքներն է սկսել միջազգային հայագիտական գիտաժողովը:

Հայաստանը մեծապէս կարեւորում է աշխարհով մէկ սփռուած հայկական մշակութային ժառանգութեան պահպանմանը, ուսումնասիրմանն ու ներկայացմանն ուղղուած աշխատանքներն ու միջոցառումները:

Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն ուղերձ է յղել նոյեմբերի 16-18-ին Լոս Անջելեսում ընթացող «Թաքնուած գանձեր. Արեւելեան Եւրոպայի հայկական արուեստն ու մշակոյթը» միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին:
Նախագահը մասնաւորապէս նշել է, որ Հայաստանը մեծապէս կարեւորում է աշխարհով մէկ սփռուած հայկական մշակութային ժառանգութեան պահպանմանը, ուսումնասիրմանն ու ներկայացմանն ուղղուած աշխատանքներն ու միջոցառումները:
«Հայկական մշակութային ժառանգութիւնը, յատկապէս` եւրոպական տարածքում, մաս է կազմում ընդհանուր այն արժէքների, որոնք մենք այսօր համատեղ կիսում ենք: Այդ ժառանգութիւնը հարստացնում է նաեւ դրանց կրողների ինքնութիւնը` դարձնելով անհատին հոգեպէս աւելի զարգացած, ընկալող, պատրաստ ուրիշին լսելու եւ յարգելու:
Բազմամշակոյթ միջավայրում ապրելու կենսափորձի, հմտութիւնների եւ գիտելիքների շնորհիւ հայերը նպաստել են իրենց բնակութեան երկրների զարգացմանը եւ առաջընթացին, դարձել ժամանակի միջազգային առեւտրի եւ ապրանքափոխանակումների անշրջանցելի գործօն, եւ այդ հանգամանքը նստուածք է թողել հայերի մտածողութեան, հոգեբանութեան ու վարքագծի, ինչպէս նաեւ ազդել Հայաստանի քաղաքական ճակատագրի վրայ:
Այսօր, երբ Հայաստանն իր պատմական տարածքների մի փոքր մասի վրայ վերահաստատել է 100 տարի առաջ ձեռք բերած անկախութիւնը, արդի հայ հասարակութեան կառուցման եւ ապագայի տեսակէտից կարեւորութիւն է ստանում հայ ժողովրդի քաղաքակրթական անցեալի վերհանումն ու ուսումնասիրումը, նրա պատմութեան ամբողջացումը: Յոյս ունեմ, որ այն պիտի օգնի մեզ` ժամանակակից հայերիս, դրսում թէ ներսում, աւելի լաւ հասկանալու ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնումէ,-նշել է նախագահը` շնորհակալութիւն յայտնելով կազմակերպիչներին ու արդիւնաւէտ աշխատանք մաղթելով գիտաժողովի մասնակիցներին:
«Թաքնուած գանձեր. Արեւելեան Եւրոպայի հայկական արուեստն ու մշակոյթը» միջազգային գիտաժողովը կազմակերպել է Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացի հայագիտական ամբիոնը` Փոլ Գետտի թանգարանի հետ համագործակցութեամբ: Համակարգողը յայտնի հայագէտ Փիթեր Քոուն է: Գիտաժողովին մասնակցում են բնագաւառի յայտնի մասնագէտներ մէկ տասնեակից աւելի երկրներից, այդ թւում` Հայաստանից:
 

Քաղուած Հայերն Այսօր-էն:

20/11/2018, 08:26