Մայր Աթոռ Էջմիածին Մայր Աթոռ Էջմիածին 

Պուենոս Այրեսի Մխիթարեան վարժարանի սաները Էջմիածնի մէջ։

Վեհափառ Հայրապետը վստահութիւն յայտնեց, որ այցը հաւասարապէս խանդավառութեամբ պիտի լցնի վարժարանի ոչ միայն հայ, այլ և օտարազգի սաների հոգիները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական կայքը կը տեղեկացնէ թէ Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բուենոս Այրեսի (Արգենտինա) Մխիթարեան վարժարանի մի խումբ սաների` առաջնորդութեամբ Հայաստանում Մխիթարեան կենտրոնի տնօրէն Հայր Եղիա վարդապետ Քիլաղպեանի:

 Նորին Սրբութիւնն իր հայրական սէրն ու օրհնութիւնը բերեց պատանիներին` ուրախութիւն յայտնելով համայն հայութեան նուիրական սրբավայր նրանց այցի առիթով:
Արգենտինացի ուխտաւորների հետ զրոյցում Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձաւ Մխիթարեան վարժարանի ուսուցիչների նուիրեալ և նախանձախնդիր աշխատանքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց նաև, որ Հայրենիք այցը աւանդոյթ է դառնում` նպաստելով, որ Հայաստանին միայն դասագրքերից ծանօթ աշակերտներն իրականում հաղորդ դառնան հայ ժողովրդի աւանդոյթներին ու սրբութիւններին:

Վեհափառ Հայրապետը վստահութիւն յայտնեց, որ այցը հաւասարապէս խանդավառութեամբ պիտի լցնի վարժարանի ոչ միայն հայ, այլ և օտարազգի սաների հոգիները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ զրոյցում պատանի ուխտաւորները նաև պատմեցին իրենց տպաւորութիւնների մասին, տեղեկութիւններ փոխանցեցին իրենց կրթական հաստատութեան, հետաքրքրութիւնների և ընտանիքների վերաբերեալ: Նորին Սրբութիւնը սաներին մաղթեց բարի կեցութիւն, ուրախ, ոգեշնչող և հոգևոր ապրումներով հարուստ օրեր Հայաստանում:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/10/2018, 08:00