Որոնել

«Արեգակ» ներառական փուռ-սրճարանը «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը 

«Արեգակ» ներառական փուռ-սրճարանը՝ որպէս քրիստոնէական սիրոյ և պարտականութեան քայլ։

2018թ. սեպտեմբերի 14-ին Գիւմրիում բացուեց «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը, որտեղ աշխատելու են հաշմանդամութիւն ունեցող անձինք

2018թ. սեպտեմբերի 14-ին Գիւմրիում բացուեց «Արեգակ» ներառական փուռ և սրճարանը, որտեղ աշխատելու են հաշմանդամութիւն ունեցող անձինք, երիտասարդներ, ովքեր նախապէս անցնում են խոհարարութեան դասընթացներ: Արդեն իսկ մի քանի երիտասարդներ աշխատում են փուռ-սրճարանում և ինքնուրոյն պատրաստում հաց, թխուածքներ և սուրճ: Նրանք առայժմ հիմնականում Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամութիւն ունեցող անձանց ցերեկային խնամքի ռեսուրս կենտրոնի սաներն են: Նրանց հետագայում կմիանան նաև այլ երիտասարդներ, փուռ-սրճարանը բաց է հաշմանդամութիւն ունեցող բոլոր անձանց առջև: «Արեգակ» փուռ-սրճարանը մի ծրագիր է, որն իրականացւում է «Էմիլի Արեգակ» կենտրոնի կողմից և համաֆինանսաւորում Եւրոպական Միութեան (մօտ 90%), Աւստրիայի Կարիտասի և Աւստրիայի զարգացման գործակալութեան կողմից, որոնց ներկայացուցիչները ևս ներկայ էին բացման արարողութեանը՝ Պյոտր Սվիտալսկին՝ Եւրոպական Միութեան դեսպանը ՀՀ-ում, Կարիտաս Աւստրիայի տնօրէն Ուոլտեր Շմոլին և այլ աշխատակիցներ: Ներկայ էին նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, Շիրակի փոխ մարզպետ Սոֆիա Հովսեփյանը, Գիւմրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայկական Կարիտասի գործադիր տնօրէն Գագիկ Տարասյանը, այլ աշխատակիցներ և հիւրեր:

Բացման արարողութեանը ներկայ էր նաև Հայկական Կարիտասի Ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը՝ ուղեկցութեամբ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի և Հոգշն. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի: Սրբազան Հայրը կատարեց փուռ սրճարանում աշխատող երիտասարդների ձեռքով պատրաստուած հացի օրհնութեան կարգ, իր հայրական օրհնութիւնը տուեց նաև նորաբաց փուռ-սրճարանին և ներկաներին ասաց հետևեալը. «Սիրելի՛ եղբայրներ և քոյրեր, ինձ համար այսօր պատուաւոր հիւրերն այս երեխաներն են, ովքեր, չնայած իրենց հաշմանդամութեանը, հերոսներ են և հաւանութիւն են տալիս այս ամենին, որը մենք չեն կարող անել: Այո՛, մենք են հաշմանդամութեամբ, որովհետև մենք կարծում ենք, թէ բարութիւն ենք անում այս երեխաներին, մինչդեռ պէտք է մտածենք ճշմարիտ քրիստոնեաների նման, որ սա մեր պարտականութիւնն է: Մենք կանգնած ենք այստեղ՝ նայելու, թէ ինչպէս նրանք կմատուցեն մեզ, մինչդեռ մենք պէտք է կանգնենք նրանց կողքին՝ որպէս մէկ ընտանիք՝ հարուստ բազմակի կարողութիւններով:

Դուք ինձ տուեցիք պատիւը օրհնելու հացը, որն այս բացման արարողութեան լաւագոյն մասն է, որովհետև այն ինձ յիշեցնում է այն պահը, թէ ինչպէս Յիսուս իր աշակերտների հետ օրհնեց հացը և բաշխեց չորս հազար սոված բազմութեանը: Ես ուրախ եմ, որ այսօրեայ աշակերտները մեր սիրելի երեխաներն են՝ որպէս Յիսուսի ներկայութեան նշանը մեր մէջ…»:

Եւրոպական Միութեան դեսպան Պյոտ Սվիտալսկին իր խօսքում ասաց. «Այս փուռով Գիւմրին աւելի եւրոպական է դառնում: Ծրագիրը կոչած է ոգեշնչելու սահմանափակ կարողութիւններ ունեցող անձանց և խրախուսել նրանց, որպէսզի նրանք հաւատան, որ հասարակութեան կարևոր մասն են կազմում: Աւելի շատ էինք ուզում, որ ծրագիրն իրականացուեր հենց Գիւմրիում ՝ որպէսզի այն դառնայ ներառական քաղաքի օրինակ»:

«Արեգակ» փուռ-սրճարանն իր առաքելութեամբ համահունչ է ոչ միայն Եւրոպական Միութեան արժեգներին, այլեւ ՀՀ պետական քաղաքականութեանը՝ որպէս օժանդակող կարևոր մի ձեռնարկ, որ կարող է հասարակութեան մէջ կարծիքներ փոխել և արժէքներ արմատացնել: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխ նախարարն ընդգծեց. «Որևէ կասկած չունեմ, որ այստեղ աշխատող հաշմանդամութիւն ունեցող երիտասարդները մեծ յաջողութեան են հասնելու, և այդ յաջողութիւնը լինելու է նրանց արժանապատիւ կեանքի գրաւականը: Մենք պէտք է վերանայենք պետութեան քաղաքականութիւնը, գործող ծրագրերը, որպէսզի աւելի մեծ քայլերով առաջ գնանք և աւելի լուրջ արդիւնքներ գրանցենք»:

Ծրագրի նախաձեռնողները վստահ են, որ «Արեգակ»ը կօգնի աշխատաշուկայում մրցունակ դարձնել հաշմանդամութիւն ունեցող անձանց, ովքեր շատ յաճախ տարբեր պատճառներով չեն կարողանում աշխատատեղ գտնել, իսկ աշխատանքը իւրաքանչիւր մարդու համար սեփական արժանապատւութեան զգացումը ամրապնդելու, ինքնակրթուելու, զարգանալու առաջնային նախապայման է, առաւել ևս՝ հաշմանդամութիւն ունեցող երիտասարդների համար:

Ծրագիրը կոչուած է լուծելու այն խնդիրները, որոնք իր առջև դրել է Հայկական Կարիտասը՝ որպէս Հայ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական առաքելութեան գործնական արտայայտութիւնը Հայաստանում: Այդ առաքելութիւնը նախ և առաջ առաջնորդւում է Եկեղեցու սոցիալական ուսմունքի առանցքային սկզբունքներով, որոնք հիմնուած են Տիրոջ Աւետարանի և Եկեղեցու Սրբազան Աւանդութեան վրայ: Հաշմանդամութիւն ունեցող անձանց նկատմամբ իրականացուող ծառայութիւնը կոնկրետ իրագործումն է մարդկային արժանապատւութեան յարգման անձեռնմխելիութեան, մասնակցութեան ապահովման, համերաշխութեան, փոխ-օգնութեան սկզբունքների՝ ի նկատի ունենալով այն անբեկանելի ճշմարտութիւնը, որ իւրաքանչիւր մարդ արարած Աստծոյ պատկերն ու նմանութիւնն է:

Քաղուած «armenianchurchco.com» կայքէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/09/2018, 09:17