Հայ Կաթողիկէ երիտասարդներ Հայ Կաթողիկէ երիտասարդներ 

ՀՀ Սփիւռքի նախարարի ողջոյնի խօսքը «Համայնքային երիտասարդական օրեր II» միջոցառման մասնակիցներին։

Եթէ ոչ դուք, ապա ձեր զաւակները պէտք է հասակ առնեն Հայաստանում:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց խմբի նախագահ

Գերյարգելի՛ Հայր Գառնիկ ծայրագոյն վարդապետ Յովսէփեան,

Հոգևո՛ր հայրեր, Սիրելի՛ աշխարհասփիւռ հայրենակիցներ,

 

Ի սրտէ շնորհաւորում և իմ ողջոյնի ջերմ խօսքերն եմ յղում ձեզ ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղի «Աղաճանեան» կենտրոնում կայանալիք «Համայնքային երիտասարդական օրեր 2018» հանդիպման կազմակերպման և անցկացման առթիւ: Այն Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց խմբի նախագահ Գերյարգելի Հայր Գառնիկ ծայրագոյն վարդապետ Յովսէփեանի և նրա գլխաւորած թիմի աշխատանքի արդիւնքն է:

Յիրաւի, խորհրդանշական է, որ հանդիպումը կրում է «Մի՛ վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար» աստուածաշնչական խորագիրը: Ցանկանում եմ, որ ձեզնից իւրաքանչիւրը բացայայտի ի Վերուստ իրեն տրուած շնորհը և այդ կերպ օգտակար դառնայ Հայրենիքին:

Լիայոյս եմ, որ այս նախաձեռնութիւնը կարևոր նշանակութիւն կունենայ երիտասարդութեան կեանքում, քանի որ Հայրենիքում և արտերկրում բնակուող երիտասարդներին հնարաւորութիւնն է տալիս փոխադարձ ծանօթութիւն, գիտելիքների և փորձի փոխանակման համար:

Գնահատելի է, որ այս միջոցառմանը մասնակցում են 18-30 տարեկան հայ երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրանիայից, Սիրիայից, Լիբանանից, Իտալիայից և Լեհաստանից: Այս տեսակէտից երիտասարդական այս հանդիպումը նոր կամուրջներ ստեղծելու և ամրապնդելու կարևոր հարթակ է:

Ցանկանում եմ, որ այս հանդիպումից յետոյ իւրաքանչիւր մասնակից երիտասարդ, երբ վերադառնայ իր բնակութեան երկիր, Հայրենիքից ստացած նոր էներգիայով ու կենսառիթմով համայնքում անմիջապէս անցնի հայապահպանութեան և հայրենադարձութեան կարևոր գործի կեանքի կոչման առաքելութեանը:  Այսուհետ բոլորիս, յատկապէս երիտասարդների ջանքերը անհրաժեշտ է մէկտեղել և նուիրել այս գաղափարին առյաւէտ. աշխարհի բոլոր ծագերում վեր հանել հայրենազրկուած մեր հայրենակիցների՝ ազգային ինքնութեան պահպանմանը սպառնացող մարտահրաւէրները և յաղթահարել դրանք:

Այսօր արդեն միասին պէտք է մեր բոլորի գործունէութեան հիմքում դնենք անառարկելի մի հրամայական. եթէ ոչ դուք, ապա ձեր զաւակները պէտք է հասակ առնեն Հայաստանում:

Իւրաքանչիւրդ կրում էք Հայաստանը, նախ և առաջ, ձեր մէջ, ապա նաև՝ ձեր համայնքներում, բայց այլևս «Հայաստանը» պէտք է ապրէք Հայաստանում, Հայաստանը պէտք է ապրեցնէք՝ ապրելով Հայաստանում, Հայաստանն այսօրուանից սպասում է ձեզ:

Սիրելի՛ երիտասարդ մասնակիցներ,

Մաղթում եմ ձեզ արդիւնաշատ հանդիպումներ, բովանդակալից քննարկումներ, աշխատանքային և հանգստի հետաքրքիր ու յագեցած օրակարգ Հայրենիքում:

 

Յարգանքով՝

ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/07/2018, 08:46