Alcune-parabole-sul-tetto-della-sede-della-Radio-Vaticana-con-vista-sulla-Basilica-di-San-.jpg

Բոլորի հետ հաղորդակցուելու սրտաբուխ ցանկութիւն: Սուրբ Աթոռի Հաղորդակցութեան բաժանմունքը:

Սուրբ Աթոռի գերատեսչութիւնների պատմութիւնը, նպատակը եւ «առաքելութեան պիւտճէն». հայեացք ներսից: Ինչպէ՞ս են գործում այն գերատեսչութիւնները, որոնք աջակցում են Սրբազան Քահանայապետի գործունէութեանը: Կառավարիչ Փաոլօ Ռուֆֆինին ներկայացնում է Սուրբ Աթոռի Հաղորդակցութեան բաժանմունքը:

Ալեսսանտրօ Տէ Քարոլիս – Վատիկան

Ոչ վաղուցուայ պատմութիւն, սակայն հին արմատներ ունեցող այս Գերատեսչութիւնը պատրաստւում է իր վեցամեայ գործունէութեան տարեդարձը նշել յունիսին: Սա մի ընտանիք է, որը 2015 թուականից ի վեր սկսել է վերակազմաւորուել մէկ միասնական համակարգի մէջ, որի ներսում բաբախում են բոլորովին տարբեր իրականութիւնների զարկերակներ, որոնք տասնամեակներ, երբեմն նաեւ դարեր շարունակ (ինչպէս օրինակ տպագրական գործի պարագայում է) օժանդակել են Պապերի գործունէութեանը, եւ, ընդհանրապէս, Վատիկանի տեղեկատուութեան տարածմանը՝ աւանդական կամ «մուլթիմետիա տեխնոլոգիաների» միջոցով: Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի կողմից նախաձեռնած բարեփոխումների գործընթացը շարունակւում է եւ, հայեացքը չի հեռացնում շարունակ փոփոխուող եւ զարգացող «հաղորդակցման պայմաններից»: «Մեր սրտաբուխ ցանկութիւնն է, որպէսզի միլիոնաւոր մարդիկ, ովքեր հետեւում են մեզ համացանցի կամ սոցիալական լրատուամիջոցների միջոցով, իրենց զգան այս հանրային կապի առաջնագծում, որի պատմութիւնն այժմ կերտւում է, եւ, որը ըմբռնելու համար պէտք է ընթերցուի քրիստոնէական ոգով», - մեկնաբանում է գերատեսչութեան կառավարիչ Փաոլօ Ռուֆֆինին:

Փաոլօ Ռուֆֆինի
Փաոլօ Ռուֆֆինի

Այս Գերատեսչութեան գոյութեան իմաստը եւ առաքելութիւնը հասկանալու համար անհրաժեշտ է ետ պտտել ժապաւէնը եւ սկսել սկզբից՝ այն պատճառից, համաձայն որի հաղորդակցութիւնը առաքելութիւն է Եկեղեցւոյ համար, եւ միջոց՝ պահպանելու Սուրբ Պետրոսի Աթոռի եւ համայն աշխարհի հաւատացեալների միջեւ կապը:

Պենտեկոստէից ի վեր, Եկեղեցւոյ հաղորդակցութիւնն իրականացւում է բոլոր լեզուներով: Ինչպէ՞ս վարուել, որպէսզի սա չը յանգեցնի Բաբելոնի շփոթութեանը, այլ՝ Քրիստոնէութեան արշալոյսից մինչ այսօր, տանի դէպի բազմազանութեան մէջ միասնութեան առեղծուածային սիմֆոնիային: Սրա շնորհիւ է, որ ինչպէս երէկ, այնպէս էլ այսօր, մեր՝ քրիստոնեաներիս մասին կարող ենք ասել. «Ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց, եւ մինչեւ աշխարհի ծայրն են հասել խօսքերը նրանց» (Սաղմոս 18): Ինչ վերաբերում է ձեռնարկուած եւ ձեռնարկելիք միջոցներին, ապա, այս փոխաբերութիւնը վկայում է, որ իւրաքանչիւր բարեփոխում ճանապարհորդութիւն է, բայց ոչ մի ճանապարհորդութիւն՝ նոյնիսկ մերը, չի կարող սկսուել ոչինչից: Նոր տեխնոլոգիաները մարտահրաւէրներ են մեզ համար, բայց սա նոյնպէս նոր բան չէ: Այս իմաստով, կարող ենք ասել, որ Հաղորդակցութեան բաժանմունքի պատմութիւնը սկիզբ է առել դարեր առաջ: Եկեղեցին չի կարող դուրս լինել հաղորդակցումից: Իրականում, Եկեղեցւոյ գոյութեան պատճառներից մէկը նաեւ հաղորդակցութիւնն է:

Սուրբ Աթոռի տպագրատունը 434 տարուայ պատմութիւն ունի: Շարժական տառերով տպագրութիւնը Գութենբէրգի յայտնագործութիւնն էր: Առաջին անգամ այս նոր տեխնոլոգիայով, նա կրկնօրինակել է Աստուածաշունչը 1455 թուականին: Արդէն 160 տարի է, ինչ Սուրբ Աթոռն ունի լրագիր եւ, 95 տարի է, ինչ գործում է հրատարակչատունը: 90 տարի է, ինչ գոյութիւն ունի Սուրբ Աթոռի ռատիօ կայանը եւ 25 տարի՝ պաշտօնական կայքէջը: 82 տարի առաջ ստեղծուել է Սուրբ Աթոռի Մամլոյ գրասենեակը: 75 տարի առաջ կազմաւորուել է Քահանայապետական յանձնաժողովը, որը աւելի ուշ վերածուել է Սոցիալական հաղորդակցութեան քահանայապետական խորհուրդի: 62 տարի է, ինչ գոյութիւն ունի Վատիկանի Ֆիլմադարանը, իսկ Վատիկանի Հեռուստակայանն ունի 38 տարուայ պատմութիւն: Եւ, հինգ տարի է, ինչ ստեղծուել է այս Գերատեսչութիւնը, որի նպատակը եղել է եւ կայ միասնութիւնը: Բայց այսօր, ինչպէս եւ նախկինում, միասնութիւնը յոգնակի է: Միասնութիւն մասնագիտութիւնների, լրատուամիջոցների, պաշտօնների եւ գործառոյթների բազմազանութեան մէջ:

Սակայն, ինչ-որ իմաստով, այս բազմազանութիւնը միշտ գոյութիւն է ունեցել…

Այս առումով, ըստ էութեան, արմատական փոփոխութեան մասին խօսելու փոխարէն, կարծում եմ, աւելի լաւ է խօսել բնական զարգացման մասին: Քրիստոնէութիւնը միշտ չափուել է ժամանակով: Մենք չենք կարող թաղել այն միջոցները, որոնք հաղորդակցական ճակատում մեզ է առաջարկում տեխնոլոգիան: Միջոցներ, որոնք կարող են գործադրուել լաւ կամ վատ նպատակով՝ միաւորելու կամ բաժանելու, տարածելու ճշմարտութիւնը կամ սուտը, սէրը կամ ատելութիւնը:

Ամփոփելով անցած այս տարիները՝ կարող ենք նկատել. եթէ յետ ենք նայում, ապա, տեսնում ենք, որ բազմաթիւ որոշումներ են կայացուել, եթէ նայում ենք դէպի ապագայ, ապա, հասկանում ենք, թէ դեռ որքան ճանապարհ ունենք անցնելու: Մենք լիովին գիտակցում ենք, որ այդպէս լինելու է միշտ: Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որը գոյութիւն չ’ունէր հինգ տարի առաջ։ Մեր երեխաներն արդէն վարժուած են արագ ընթացող այս ժամանակաշրջանին, որտեղ փոփոխութիւնները ոչ միայն շարունակական են, այլեւ՝ շատ արագ։ Եւ, այս ամէնը մարտահրաւէր է նետում մեզ: Այլեւս չենք կարող կանգ առնել: «Motu proprio»-ի մէջ Սրբազան Քահանայապետի գործածած «հոսանք» բառն անգամ չի կարող նկարագրել այս հինգ տարիների ընթացքը, այլ, աւելի շուտ, վկայում է այն մասին, որ չենք կարող խուսափել ժամանակի արդիականութիւնից: Պարզապէս պէտք է փորձել յետ չը մնալ ժամանակից։

Բարեփոխումները երբեք չեն աւարտուի, քանի որ մենք քայլում ենք ժամանակին համընթաց:

Այսօր Հաղորդակցութեան Գերատեսչութիւնը մուլթիմետիա իրականութիւն է, որն իր մէջ ներառում է տարբեր իրողութիւններ: 2020 թուականին, Ռատիօ Վատիկանի հաղորդումները սփռուել են 41 լեզուներով եւ 12.000 ժամ ընդհանուր հեռարձակման ժամանակով: Այս գործում իր նշանակալի ներդրումն ունի Սանթա Մարիա տի Գալերիա կարճալիք հեռարձակման կայանը:

Քահանայապետին այցը Ռատիօ Վատիկան
Քահանայապետին այցը Ռատիօ Վատիկան

43 լեզուներով հեռարձակուող այս տեղեկատուական պորտալը սփռում է ոչ միայն նորութիւններ, այլեւ միանում է հաւատացեալների աղօթքներին. 250 միլիոն ընթերցուած էջ 2020 թուականի ընթացքում: 2020 թուականի տուեալների համաձայն՝ Ռատիօ Վատիկանի տարբեր լեզուներով հեռարձակուող հաղորդումներին հետեւում են սոցիալական ցանցերի միլիոնաւոր օգտատէրեր. 5 միլիոն օգտատէր «Facebook»-ում՝ 26 լեզուներով, 2020 թուականին՝ 23% աճի ցուցանիշով, 101 միլիոն «YouTube»-եան դիտում, եւ, աւելի քան երեք միլիառ դիտում «Twitter»-ում: vatican.va կայքէջի խմբագրական կազմը՝ Եկեղեցւոյ գործունէութեանը եւ քահանայապետական ուղերձներին վերաբերող հաղորդագրութիւններ է տեղադրում նաեւ «Instagram»-ի եւ «Twitter»-ի էջերում: 2020 թուականի ընթացքում, նմանատիպ հաղորդագրութիւնները ընթերցուել են 36 միլիառ անգամ, իւրաքանչիւր թուիթ հասանելի է եղել 19 միլիոն օգտատիրոջ:

Հեռուստատեսային հաղորդումների կենդրոնը, Սրբազան Քահանայապետի տեսանիւթերը հեռարձակելուց բացի, պատրաստում է նաեւ Եկեղեցւոյ պատմութեանը վերաբերող վաւերագրական ֆիլմեր: 2020 թուականի ընթացքում, ուղիղ հեռարձակմամբ ներկայացուել է 337 հաղորդում եւ, ձայնագրութիւններ, որոնք արձանագրում են քահանայապետական եւ այլ կարեւոր իրադարձութիւնները: Գործում է նաեւ հրատարակչատուն՝ իր գրքերով եւ երկու գրախանութներով (2020 թուականին հրատարակուել է 165 գիրք), ինչպէս նաեւ եօթ լեզուներով հրատարակուող «Osservatore Romano» օրաթերթը:

Գործում է լուսանկարչական ծառայութիւն, տպարան, բազմալեզու մամլոյ գրասենեակ, որն ամէն օր հրապարակում է պաշտօնական տեղեկագիր եւ ապահովում համաշխարհային լրատուամիջոցների հետ համագործակցութիւնը: Գործում է նաեւ մուլթիմետիա արխիւը: Այս ամէնի ետեւում գործող տեխնիկական համակարգը մշակել է Սուրբ Աթոռի Գերատեսչութիւնների համացանցային կայքերը եւ հնարաւորութիւն է ընձեռում լսելու Սրբազան Քահանայապետի ձայնը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, ինչպէս նաեւ հսկայ էկրանների վրայ տեսնելու տեսապատկերները:

Այս բոլոր հաստատութիւնները չէին կարող գոյութիւն ունենալ առանց ամբողջ աշխարհի կաթողիկէների աջակցութեան: Նրանց վստահութեան եւ օգնութեան մէջ է, որ ուժ ենք գտնում առաջ շարժուելու եւ, նրանք են այն շարժիչ ուժը, որ մեզ առաջ է մղում, որպէսզի լինենք արժանի: Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսը յորդորում է այս բարեփոխումը նախ սկսել ինքներս մեզանից:

Նրա խնդրանքն էր հետեւել, որպէսզի մեզանից իւրաքանչիւրը, ով աշխատում է այս Գերատեսչութիւնում, կարողանայ իրեն զգալ որպէս մի մեծ թիմի անդամ, գիտակցել իր դերը՝ որպէս մէկ մասնիկ՝ կարեւոր, բայց ոչ միակ, անհրաժեշտ, բայց ոչ բացառիկ, աւելի լայն տեսութեամբ: Եւ, սա վերաբերում է մեզ բոլորիս: Այժմ մեր պարտքն է հնարաւորինս լաւագոյն ծառայութիւն մատուցել բոլոր նրանց, ովքեր օգտւում են մեր ներկայացրած աշխատանքից, որպէսզի իրենց երկրներում, տարբեր լեզուներով տեղեկատուութիւն տրամադրեն: Մենք եւ բոլոր նրանք, ովքեր ընթերցում են մեր նիւթերը, լսում են մեզ, դիտում հեռուստացոյցով կամ համակարգչով, պէտք է վստահ լինենք, որ այս ամէնը սոսկ համագործակցութիւն կամ գործառնական հարց չէ, այլ՝ որպէս եղբայրներ եւ քոյրեր, մեր միասնութեան, միմեանց պատկանելիութեան եւ աշխարհի հետ երկխօսելու մեր ունակութեան արտայայտումն է:

Ռատիօ Վատիկանի հայկական բաժինը
Ռատիօ Վատիկանի հայկական բաժինը

Ռատիօ Վատիկանն իր գեղեցիկ պատմութեամբ մուտք գործեց Վատիկան Նիուզի թուային աշխարհ: «L’Osservatore Romano»-ն, որ բոլորովին վերջերս է տեղափոխուել այն նոյն շէնքը, որտեղ գտնւում է Ռատիօ Վատիկանի խմբագրութիւնը, կարողացաւ տեսնել, թէ ինչպէս է բնականոն թիմային աշխատանքի շնորհիւ արժեւորւում իր աշխատանքը, ծառայութիւնը եւ օրաթերթը:

Համացանցի միջոցով՝ Ռատիոն կեանք է տուել բազմալեզու եւ աշխարհում եզակի մուլթիմետիա ծրագրին: Լուսանկարչական ծառայութիւնը հասանելի դարձրեց սեփական լուսանկարները, սեփական արխիւները, սեփական իրազեկութիւնը ոչ միայն օրաթերթի, այլեւ համացանցային կայքի եւ սոցիալական լրատուամիջոցների ալիքների, ի թիւս որոնց՝ Սրբազան Քահանայապետի պաշտօնական ալիքների համար: CTV-ն (Վատիկանի հեռուստատեսային կենդրոնը), այժմ՝ Վատիկան մետիան, սնուցում է հաղորդակցութեան ողջ համակարգը՝ ստեղծելով պատկերներ, որոնք կը մնան Եկեղեցու եւ աշխարհի պատմութեան մէջ:

Վատիկանի հրատարակչատունը
Վատիկանի հրատարակչատունը

«Libreria editrice vaticana»-ն ստեղծել է մի ծրագիր, որը թոյլ է տալիս տպագրութիւնն իրականացնել նաեւ ըստ պահանջի՝ տարբեր լեզուներով: Այն նաեւ թողարկել է ելեկտրոնային գրքեր, ստեղծել կայք, որը վկայում է մեր կողմից գործադրուած ջանքերի մասին, որպէսզի կարողանանք խորը վերլուծութեան ենթարկել ամենօրեայ հաղորդակցական գործունէութիւնը:

Փուլերը բազմաթիւ են եղել: Նորարարութիւններից վերջինը «Osservatore Romano»-ի գրաֆիկական բարեփոխումն է, եւ յաւելուածը, որը թոյլ է տալիս օրաթերթը կարդալ սմարթֆոնի միջոցով: Կան նաեւ «web ռատիոները», որոնց նպատակն է Ռատիօ Վատիկանը դարձնել ժամանակակից եւ բազմալեզու ռատիոկայան: Մեզ համար ամենակարեւոր բանը տեղական Եկեղեցիների հետ աւելի ու աւելի ամուր կապ ստեղծելն է: Ուստի, աշխարհում գործող իւրաքանչիւր թեմի, ծխական համայնքի, հոգեւոր իւրաքանչիւր հաստատութեան տրամադրում ենք «widget»՝ հեռահաղորդակցական գործիք, որպէսզի այն, ինչ առաջարկում ենք մենք՝ հասանելի լինի նրանց կայքում: Ըստ էութեան, մեր ծառայութիւնը շատ կարեւոր է, քանի որ այն միասնութեան եւ տեղեկատուութեան փոխանակման գործիք է՝ հիմնուած «ճշմարիտի, բարու եւ արդարի» որոնման վրայ՝ ինչպէս կրկնում է միշտ Սրբազան Քահանայապետը:

Համաճարակը, անշուշտ, մեզ համար մարտահրաւէր էր, որպէսզի մի քանի ամիսների ընթացքում կարողանայինք տեխնոլոգիական թռիչք կատարել: Բայց ամէն օրը ունեցել է ինչպէս դժուարին, այնպէս էլ գոհունակութիւն յայտնելու արժանի պահեր: Մենք առաջ ենք շարժւում քայլ առ քայլ, ամէն օր եւս մէկ քայլ։ Բարեփոխումների վերաբերեալ եղան նաեւ բազմաթիւ թիւրըմբռնումներ: Խօսքը ոչ թէ պատմութիւնը ջնջելու, այլ այն կեանքի կոչելու մասին էր։ Խօսքը ոչ թէ առաջարկը միօրինակ դարձնելու մասին էր, այլ՝ տարբերակման։ Թուայինը մեզ թոյլ է տալիս կապ հաստատել ամբողջ աշխարհի հետ, ինչը նախկինում անհնար էր պատկերացնել: Այն հնարաւորութիւն է ընձեռում փոխանցման տրամաբանութիւնից անցնել յարաբերութիւնների տրամաբանութեանը, մեզ համարել բովանդակութիւն ստեղծողներ եւ ապրել որպէս յարաբերութիւններ նախաձեռնողներ: Այն թոյլ է տալիս պահպանել լեզուական եւ մշակութային բազմազանութիւնը: Ըստ էութեան, խօսքը միշտ վերաբերել եւ այժմ էլ վերաբերում է մեր կարողութիւնները լաւագոյն կերպով օգտագործելուն:

Բոլորովին վերջերս մեկնարկեցինք կրթական մի ծրագիր այն մասին, թէ ինչպէս կարելի է հաւատը փոխանցել թուային աշխարհում, որը համախմբեց երիտասարդ մասնակիցների բոլոր ցամաքամասերից: Այժմ, փորձում ենք մեր հաղորդակցութիւնը հասանելի դարձնել բոլորին, նոյնիսկ նրանց, ովքեր չեն կարող տեսնել կամ լսել: Ծրագրում ենք Մամլոյ Գրասենեակը դարձնել աւելի արդիւնաւէտ, հեռակայ հաւատարմագրման համակարգի միջոցով աւելի սերտ կապեր ստեղծելով ամբողջ աշխարհի լրատուամիջոցների հետ, որպէսզի այդ բոլոր լրատուամիջոցները կարողանան ուղղակիօրէն կապուած լինել մեզ հետ: Մեր նպատակն է նաեւ թուային աշխարհի անդամների միջեւ աւելի սերտ փոխյարաբերութիւններ ստեղծել: Թուային աշխարհը կատարեալ աշխարհ չէ։ Սա աշխարհ է, որը փոխւում է, զարգանում եւ վերստին նորոգւում: Մենք նոյնպէս կարող ենք փոխել այն եւ նորից նոր կեանք տալ: Միեւնոյն ժամանակ, պէտք է փորձենք ստեղծել ցանցերի ցանցը:

Մենք՝ Գերատեսչութիւնում աշխատողներս, շատ ենք: Խօսում ենք տարբեր լեզուներով, ծագումով տարբեր երկրներից ենք, ունենք տարբեր մասնագիտութիւններ, սակայն միաւորուած ենք մէկ առաքելութեան շուրջ, նոյն հաւատքն ունենք եւ նոյն մկրտութիւնն ենք ստացել: Մենք աշխարհականներ ենք, կրօնաւոր կանայք եւ տղամարդիկ, քահանաներ։ Մենք բանուորներ ենք, լրագրողներ, տպագրիչներ, տեխնիկներ, վարորդներ, գծանկարիչներ, ճարտարագէտ, համակարգչային մասնագէտներ, լուսանկարիչներ, օպերատորներ, լսատեսողական նիւթերի խմբագիրներ, ռեժիսորներ, արխիւագէտներ, յանձնակատարներ, պահեստապետներ։ Ամէն օր մենք գիտակցում ենք մեր «մէկ լինելու» առաւելութիւնը, եւ, նաեւ այն թերութիւնները, թէ ինչ կ’ուզենայինք լինել եւ ինչ կանք: Սա օգնում է մեզ, որպէսզի փորձենք աւելին անել:

Այսօր մեր անձնակազմը բաղկացած է 565 աշխատակիցներից: Մինչ բարեփոխումը, աշխատակիցների թիւը 640 էր: Այդ ժամանակ, անձնակազմի գրեթէ կէսը աշխատում էր Ռատիօ Վատիկանի ղեկավարութեան ներքոյ (332 աշխատակից), սակայն տպագրատունը (83 աշխատակից) եւ «Osservatore Romano»-ն (77 աշխատակից) նոյնպէս ունէին բաւական թուով աշխատակիցներ:

Բարեփոխման տարիների ընթացքում, Սուրբ Աթոռի Հաղորդակցութեան բաժանմունքի անձնակազմի ընդհանուր թիւը կրճատուել է 75 աշխատատեղով՝ միեւնոյն ժամանակ ապահովելով ինչպէս մասնագիտական վերապատրաստում, այնպէս էլ հաղորդակցման ոլորտի թէ՛ տեխնոլոգիական, թէ՛ խմբագրական նոր մարտահրաւէրներին դիմակայելու ունակ անհատների ներգրաւում:

Աղիւսակ, որը ներկայացնում է Հաղորդակցութեան բաժանմունքի կազմում ընդգրկուած տարբեր ստորաբաժանումների աշխատակազմերը:

2014-2020 թուականների ընթացքում, Գերատեսչութեան ընդհանուր անձնակազմի ծախսերը կրճատուել են մօտաւորապէս 4,4 միլիոն եւրոյով՝ 2014 թուականի 33,9 միլիոն եւրոյի ծախսերից՝ 2020 թուականին հասնելով 29,5 միլիոն եւրոյի:

Ինչպէս արդէն իսկ նշեցի, հաղորդակցման համակարգի բարեփոխումների մեկնարկից ի վեր, Հաղորդակցութեան բաժանմունքի կազմի մէջ են հետեւեալ ստորաբաժանումները. Սոցիալական հաղորդակցութեան քահանայապետական խորհուրդը, Սուրբ Աթոռի Մամլոյ գրասենեակը, որը Վատիկանի Համացանցային ծառայութեան մաս է կազմում, Ռատիօ Վատիկանը, Վատիկանի Հեռուստատեսային կենդրոնը եւ Վատիկանի Հրատարակչատունը:

Osservatore Romano
Osservatore Romano

2020 թուականի ֆինանսական տարուայ ընթացքում աւարտուեց «Ente Tipografia Vaticana - Editrice L’Osservatore Romano»-ի ներգրաւման գործընթացը: Այն միաւորում է հետեւեալ ծառայութիւնները՝ L’Osservatore Romano-ն, Վատիկանի լուսանկարչական ծառայութիւնը և տպագրատունը:

Գերատեսչութեան կազմի մէջ գտնուող ստորաբաժանումների մեծ մասը նախկինում Սուրբ Աթոռի հետ կապուած հաստատութիւններ էին, եւ, այդ իսկ պատճառով, ունէին իրաւական եւ գոյքային ինքնավարութիւն, որոշ առումով նաեւ՝ կառավարման ինքնավարութիւն: Այս ստորաբաժանումների ծախսերը ֆինանսաւորուել են ոչ միայն նրանց կողմից ստացուած եկամուտներով, այլ նաեւ Պետական Քարտուղարութեան եւ/կամ Նահանգապետարանի ներդրումներով, մասնաւորապէս այն, ինչ վերաբերում է Ռատիօ Վատիկանի ֆինանսական պակասորդին:

Բարեփոխումը հնարաւոր դարձրեց ընդհանուր համակարգի ներգրաւման եւ միասնական կառավարման գործընթացը, միեւնոյն ժամանակ, ամրապնդելով տեղական եկեղեցիների եւ սոցիալական հաղորդամիջոցների կապը:

Ամրապնդուել է նաեւ մամուլի ծառայութեան համակարգային հաղորդակցութիւնը, որտեղ 2019 թուականից գործում է բազմալեզու աշխատակիցների մի խումբ, որի առաքելութիւնն է աջակցել աշխարհի որոշ լեզուամշակոյթային ոլորտների հետ փոխյարաբերութիւնների կառավարմանը, այսպիսով՝ ամրապնդելով մատուցուող ծառայութիւնները։ Խումբը կազմուած է Գերատեսչութեան աշխատակիցներից, ինչը թոյլ է տուել ծախսերը հասցնել նուազագոյնի եւ տարբեր հարցերի վերաբերեալ համալիր մօտեցում մշակել:

Շնորհիւ բարեփոխման, ինչպէս նաեւ խմբագրակազմի եւ աստուածաբանա-հովուական բաժանմունքի փոխգործակցութեան՝ vaticannews.va մուլթիմետիա եւ բազմալեզու նոր պորտալում աւելի կայուն է դարձել ինչպէս լրագրողական, այնպէս էլ աստուածաբանա-հովուական տեղեկատուութեան խմբագրական առաջարկը: Համագործակցութեամբ Պետական Քարտուղարութեան՝ vatican.va կայքէջում աւելի յաճախ են հրապարակուում հիմնական նիւթերի թարգմանութիւնները:

Բարեփոխումը նաեւ հնարաւորութիւն ընձեռեց աւելի լաւ ներկայութիւն ապահովել սոցիալական ցանցերում եւ աւելի լաւ ծառայութիւն մատուցել Սուրբ Աթոռի Գերատեսչութիւններին: Աւելի մեծ ներգրաւուածութիւնը թոյլ տուեց, որպէսզի Հաղորդակցութեան բաժանմունքը եւ «Ente Tipografia Vaticana - Editrice L'Osservatore Romano»-ն՝ որպէս մէկ միասնութիւն, կառուցուածքային տեսանկիւնից նուազեցնեն իրենց պակասորդը եւ գործեն՝ համընթաց արտադրողականութեան եւ առաջարկուող ծառայութիւնների ընդլայնմանը, միեւնոյն ժամանակ, կրճատելով ծախսերը եւ անձնակազմի թիւը: Այս արդիւնքները շարունակուեցին՝ բարելաւելով խմբագրական եւ տեխնոլոգիական արտադրութեան գործընթացի արդիւնաւէտութիւնը՝ շնորհիւ գործունէութեան խոհեմ կառավարման եւ կառավարման վերահսկման համակարգի:

Նոյնիսկ եթէ ոչ միշտ է, որ բարենպաստ իրավիճակ է դրամահաւաք գործունէութեան համար, այնուամենայնիւ, Հաղորդակցութեան բաժանմունքը միշտ յանձնառութիւն է ստանձնում ֆինանսական միջոցներ հայթայթել մասնաւոր նուիրատուներից, որպէսզի հնարաւոր լինի շարունակել իր խմբագրական եւ տեխնոլոգիական համակարգի արդիականացումը՝ նուազեցնելով Սուրբ Աթոռի միջոցների օգտագործումը: Այն բարերարները, ովքեր մինչ այժմ գումարներ են յատկացրել Հաղորդակցութեան բաժանմունքին, իրենց նուիրատուութիւնները կապել են կանխորոշուած յատուկ ծրագրերի իրականացման հետ՝ հնարաւորութիւն ունենալով ստուգել դրանց արդիւնաւէտ իրականացումը:

Ստացուած նուիրատուութիւնները, շնորհիւ Սուրբ Յովհաննէս XXIII հիմնադրամի միջոցով ձեռնարկուած դրամահաւաքի, թոյլ տուեցին 2015-2020 թուականների հնգամեայ ընթացքին՝ առանց Սուրբ Աթոռի կողմից որեւէ ծախս իրականացնելու, ներդրումներ կատարել ի նպաստ տեխնիկական եւ խմբագրական արդիականացման, ներառեալ՝ Գերատեսչութեան տեղեկատուական եւ տեխնիկական համակարգի «Newsport» կոչուող ծրագիրը, ինչպէս նաեւ ռատիօ եւ հեռուստատեսային ազդանշանների կառավարման եւ տեսակաւորման համար հիմնական վերահսկման նոր սրահի ծրագիրը: Ի վերջոյ, պէտք է ընդունել, որ յատկապէս 2020 թուականի մեկուսացման ժամանակ, ինչպէս նաեւ դրան յաջորդած համաճարակի ընթացքում, արդիականացմանն ուղղուած այս բարեփոխումները հնարաւորութիւն ընձեռեցին շարունակել եւ, նոյնիսկ, ապատեղայնացուած աշխատանքի միջոցով բարելաւել մեր ծառայութիւնները՝ առաւելագոյն անվտանգութեան պայմաններում:

Հաղորդակցութեան բաժանմունքի եւ «Ente Tipografia Vaticana - Ed L’Osservatore Romano»-ի համատեղ արդիւնքները ցոյց են տալիս 2019 թուականի դեկտեմբերի 31-ին գրանցուած տնտեսական պակասորդի կրճատում մօտաւորապէս 6,9 միլիոն եւրոյով՝ 2014 թուականի մեկնարկային ցուցանիշի համեմատութեամբ: Կրճատում, որը ոչ ստոյգ հաշուարկների հիման վրայ՝ 2020 թուականին կազմում էր մօտաւորապէս 7,2 միլիոն եւրոյ:

2019 թուականի ֆինանսական տարուայ աւարտին պարզ դարձաւ, որ 2015-2019 թուականների ընթացքում Հաղորդակցութեան գերատեսչութեան կողմից կատարուած խնայողութիւնների հանրագումարը կազմել է գրեթէ 16,6 միլիոն եւրոյ: Սա ներկայացնում է այն ընդհանուր գումարը, որ Սուրբ Աթոռը խնայել է հինգ տարիների ընթացքում իրականացուած բարեփոխումների շնորհիւ:

Ռատիօ Վատիկանի մատուրը
Ռատիօ Վատիկանի մատուրը

Սրբազան Քահանայապետը յաճախ ասում է, թէ հաւատքը փոխանցւում է բարբառի միջոցով: Կարող է թուալ, թէ մեր ունկնդիրների լեզուով խօսելը երկրորդական է։ Ի հարկէ, սա աչքի ընկնող բան չէ: Համեստ, սակայն անհրաժեշտ աշխատանք է։ Կարծում եմ, որ խօսելով այդքան լեզուներով եւ յամառօրէն փորձելով լինել «ամէն ինչ բոլորի համար», մենք ունենք մեր հարցի պատասխանը։ Այսպիսով, մեր սահմանափակումներով եւ մեր անկատարութեամբ, Աստծոյ, մեր եղբայրների եւ քոյրերի օգնութեամբ՝ մենք փորձում ենք արձագանգել տեսնելու, վկայելու, բաժանուածը միաւորելու կոչին՝ գնալով այնտեղ, ուր ուրիշ մէկը չի գնում: Այս ամէնը պէտք է անենք խոնարհութեամբ, առանց փառասիրութեան, պարզութեամբ եւ սերմնացանի համբերութեամբ։ Հաւատում եմ, որ դրանով կը ճանաչուենք։ Վատիկանի տեղեկատուութիւնը պալատական տեղեկութիւններ չեն: Մենք փորձում ենք ստեղծել փոխանակման ցանց, ցանց, որ միաւորում է, ցանց առանց նախապաշարումների, որը պահպանում է «մենք»-ի գեղեցկութիւնը:

Տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացումը շարունակում է եւ, ապագայում եւս, կը շարունակի կողմնորոշել եւ պայմանաւորել հաղորդակցութեան եւ տեղեկատուութեան «միջոցները»: Ուստի, Գերատեսչութիւնն այս իրավիճակում իր գործունէութիւնը շարունակելու է հաւատքից բխող վստահութեամբ եւ համբերութեամբ, այն համոզմամբ, որ կարող է յոյս դնել համայն աշխարհի միլիոնաւոր կաթողիկէների աջակցութեան, օգնութեան, խորհուրդների, մօտիկութեան եւ ստեղծագործ մտքի վրայ:

Մեզ բնորոշողը մեր ԴՆԹ-ի մէջ դրոշմուած այն գիտակցութիւնն է, որ մենք մի մեծ միջազգային եւ բազմամշակութային համայնք ենք՝ միաւորուած ի սպաս Սրբազան Քահանայապետի առաքելութեան եւ յանձնառութիւն ունենք նրա խօսքը հաղորդել աշխարհի մարդկանց՝ աշխարհի լեզուներով։

Պէտք է կարողանանք խօսել ժամանակի լեզուով, եւ, մեր սրտաբուխ ցանկութիւնն է, որպէսզի այն միլիոնաւոր մարդիկ, ովքեր հետեւում են մեզ համացանցի եւ սոցիալական ցանցերի միջոցով, զգան, որ իրենք են կերտում այսօրուայ պատմութիւնը, որը ըմբռնելու համար պէտք է ընթերցել քրիստոնէական ոգով: Այսինքն, փոխանակ թողնելու, որ լինեն սոսկ ականատեսներ, անհրաժեշտ է ներգրաւել նրանց, ստեղծել իրական կապ նրանց եւ մեր միջեւ, իսկ մեր միջոցով՝ նրանց եւ Սրբազան Քահանայապետի միջեւ: Սա է մեր առաքելութիւնը:

 

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/01/2022, 08:59