Vatican News
Փրոֆեսոր Հաննա Սուչոքան Քահանայապետին հետ Փրոֆեսոր Հաննա Սուչոքան Քահանայապետին հետ 

«Our Common Mission» Անչափահասների պաշտպանութեան վերաբերեալ տարածաշրջանային հանդիպում

2017-ի սկզբից փրոֆեսոր Հաննա Սուչոկան, անչափահասների պաշտպանութեան քահանայապետական յանձնաժողովի այլ անդամների հետ միասին, աշխատում է Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի անչափահասների պաշտպանութեան հարցերով Վարշավայում սեպտեմբերին կայանալիք տարածաշրջանային հանդիպման կազմակերպման համար: Նա մեզ պատմում է դրա ծագման մասին...

Փրոֆեսոր Հաննա Սուչոքա

Անչափահասների պաշտպանութեան քահանայապետական յանձնաժողովը ստեղծուել է 2014 թուականին՝ որպէս Սրբազան Քահանայապետի խորհրդակցական մարմին: Յանձնաժողովի խնդիրն է «Սրբազան Քահանայապետին առաջարկել նախաձեռնութիւններ՝ ուղղուած յատկապէս Եկեղեցիներում բոլոր անչափահասների և խոցելի մեծահասակների պաշտպանութեան գործում պատասխանատուութեան բարձրացմանը» (Կանոնադրութիւն, յօդուած 1): Յանձնաժողովի ամենամեծ մտահոգութիւնը, ի սկզբանէ, երեխաներին պաշտպանելու լաւագոյն միջոցը գտնելն էր և այս նպատակին հասնելու գործում Պապին ու Եկեղեցուն օգնելը: Յանձնաժողովի դերը, սակայն, երբեք չի եղել չարաշահումների առանձին դէպքերի համար պատասխանատուութեան ստանձնումը (ինչը դատական մարմնի կամ դատարանի իրաւասութիւնն է):

Շուտով ակնյայտ դարձաւ, որ շատ դէպքերում Եկեղեցու ինքնապաշտպանական վարքագիծը աւելի ու աւելի խորասուզեց նրան վտանգաւոր իրավիճակի մէջ` յաւելեալ վնաս պատճառելով: Ամենախորը վրդովմունքի են արժանացել նրանք, ովքեր իշխանութեան դիրքերից ցանկացել են պաշտպանել մասնաւոր հեղինակութիւնների՝ փորձելով խուսափել գայթակղութիւնից՝ կոծկելով բռնութեան պատասխանատուութիւնը, տեղափոխելով նրանց մէկ տեղից միւսը՝ դրանով իսկ երեխաների նկատմամբ նրանց պաշտպանութեան փոխարէն նոր բռնութիւնների հիմք դառնալով: Յանձնաժողովը կիսում է ընդհանուր հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են վստահելիութիւնը, թափանցիկութիւնը, պատասխանատուութիւնը և «հաշուետուողականութիւնը - accountability»: Իւրաքանչիւրը, ով պատասխանատու է միւսների համար, պէտք է հաշուետու լինի թափանցիկ ձևով՝ իր լիազօրութիւններն օգտագործելու եղանակի համար. փակ դռների հետևում ինքնակարգաւորման չափանիշներ չեն թոյլատրուում, ներառեալ հովուական, ուսուցողական, խորհրդատուական և համայնքային գերգրգռուածութիւն դերերի մասնագիտական երևոյթների կառավարումը:

Առաջին շրջանում քահանայապետական յանձնաժողովը սկսեց զանազան գործունութիւն և նախաձեռնութիւններ, որոնք շօշափում էին ընդհանուր խնդիրները, ինչպիսիք են քահանայապետական գաղտնիքը և զեկուցելու պարտականութիւնը: Միաժամանակ, տեղական մակարդակով տարւում են տարբեր նախաձեռնութիւններ: Հիմնականում ուշադրութեան տակ են առնւում այն ոլորտները, որտեղ արդեն շատ էր խօսւում բռնութիւնների առկայութիւնից, ինչպիսին է օրինակ Ճիլին: Յանձնաժողովը ներգրաւած է որոշ նախագծերի և գիտաժողովների կազմակերպման մէջ, ինչպէս օրինակ ՝ Լատինական Ամերիկայի անչափահասների պաշտպանութեան համաժողովը 2017 թուականին, որը համատեղ կազմակերպել էր քահանայապետական յանձնաժողովը և Պոքոթայի արքեպիսկոպոսութիւնը՝ CLAR-ի (Լատինական Ամերիկայի կրօնական համադաշնութիւն), Celam-ի (Լատինական Ամերիկայի եպիսկոպոսական խորհուրդ), կաթողիկէ դպրոցների, պետական կառոյցների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպութիւնների, միջազգային լրատուամիջոցների և քրիստոնէական այլ դաւանանքների եկեղեցիների մասնակցութեամբ կամ որպէս կաթոլիկ դպրոցներում կրթութեան և վերապատրաստման պաշտպանութեան պայմանի հաստատում` Հարաւային Աֆրիկայում, Քոլումպիայում, Հնդկաստանում, Ֆիլիփիններում և Տոնկայում մեկնարկած փորձնական ծրագրերով:

Կենտրոնական և Արևելեան Եւրոպա   

Առաջին փուլում Կենտրոնական և Արևելեան Եւրոպան մնացել էին յանձնաժողովի հիմնական հետաքրքրութիւնների դաշտից դուրս: Թէև սկզբում թւում էր, որ այդ շրջանի եկեղեցիները զերծ են մնացել այս խնդիրներից, ցաւօք, հետագայում պարզ դարձաւ, որ դա այդպէս չէ:

Այս աշխարհագրական տարածքի համար բանախօսութիւն կազմակերպելու գաղափարը, կամ աւելի ճիշտ անհրաժեշտութիւնը, ծնուել է 2017 թուականի վերջին՝ Վատիկանում անցկացուող միջազգային գագաթնաժողովից առաջ: «Our common mission of safeguarding God’s children» («Աստծոյ զաւակներին պաշտպանելու մեր ընդհանուր առաքելութիւնը») համաժողովը սկզբում նախատեսուած էր 2019-ի փետրուարին, այնուհետև հետաձգուեց 2020-ին՝ Վատիկանում Ֆրանչիսկոս Պապի կողմից 2019-ի փետրուարին արդեն նշանակուած հանդիպման պատճառով: Ցաւօք, Covid-19 համաճարակը թոյլ չտուեց, որ այն կազմակերպուի այդ ժամանակահատուածում: Յանձնաժողովը, ի վերջոյ, հաստատեց համաժողովի անցկացման նոր՝ 2021 թուականի սեպտեմբեր, ամսաթիւը:

Արդեն 2017 թուականին ակնյայտ դարձաւ, որ սեռական բռնութեան երևոյթը Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի երկրներում ունի շատ աւելի լայն շրջանակ (քան ենթադրւում էր), և որ այն չի սահմանափակւում մէկ երկրով: Այդ իսկ պատճառով, քահանայապետական յանձնաժողովը հասկացել է այս համաժողովի տարածաշրջանային աւելի լայն մակարդակով կազմակերպման կարևորութիւնը: Աւելին, հաշուի առնելով լեհ եկեղեցու նշանակութիւնն ու կարևորութիւնը, ու նաև հաշուի առնելով երկրում բացահայած դէպքերի թիւը, որոշուեց համաժողովն անցկացնել Վարշավայում, որը սակայն չի կենտրոնանայ միայն Լեհաստանում տիրող իրավիճակի վրայ ...

Այս տարածաշրջանում կան տարբեր երկրներ, տարբեր կրօնական իրավիճակներ և տարբեր եկեղեցական համայնքներ: Չնայած այս տարբերութիւններին, երեխաների սեռական բռնութեան խնդիրը գոյութիւն ունի տարբեր մակարդակներով ողջ տարածաշրջանում: Մարտահրաւէրներին դիմակայելու համար անհրաժեշտ է փորձի փոխանակում ամբողջ տարածաշրջանի եկեղեցիների միջև: Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգութիւնների արհաւիրքի դէմ պայքարում և տեղական եկեղեցիների պարտականութիւնների առաջմղման կանոնադրական նպատակի հետապնդման ընթացքում քահանայապետական յանձնաժողովն իր ողջ համերաշխութիւնն է յայտնում Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի եկեղեցիներին՝ չարիքը կանխելու և դրան դիմակայելու յանձնառութեան համար, որը ծագել է տարածաշրջանում երիտասարդների հանդէպ գործած դաւաճանութիւնից: Այս համերաշխութիւնն արտայայտելու եղանակներից մէկն այն է, որ հնարաւորութիւններ ընձեռուի Եկեղեցու ղեկավարներին հանդիպելու և սովորելու միմեանցից, ինչպէս նաև նրանցից, ովքեր ունեն յատուկ փորձ և կամ ովքեր բախուել են ճգնաժամի իրողութիւններին` հաղորդակցութեան և վճռականութեան այնպիսի ոգու, որպէսզի երաշխաւորի Եկեղեցու ապահով վայր լինելը երիտասարդների համար: Համաժողովի մէկ այլ նպատակը երևոյթի կանխարգելումն է:

«Our Common Mission» համաժողովին կմասնակցեն Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի տարածաշրջանի գրեթէ բոլոր երկրների՝ Լեհաստան, Սլովաքիա, Չեխիա, Ուկրանիա, Ռումանիա, Խորվաթիա, Բելառուս, Հունգարիա, Սլովենիա, Լիտվան, Լատւիա, Էսթոնիա, Ռուսաստան, Սերպիա, Չեռնոգորիա, Կոսովո, Հիւսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Ալբանիա, Բուլղարիա, Գերմանիա, ներկայացուցիչները: Իւրաքանչիւր երկրից կմասնակցեն տուեալ եպիսկոպոսական համաժողովի կողմից նշանակուած անձինք, ներառեալ համաժողովի համակարգողները կամ պատուիրակները և կրօնական ժողովների ներկայացուցիչները:

Հռոմի Ֆրանչիսկոս Պապի 2019 թուականի Motu proprio «Vos estis lux mundi» («Դուք աշխարհի լոյսն էք») օրէնքը, որը սահմանում է եկեղեցական իշխանութիւններին ներգրաւելու ընթացակարգը, այն փաստաթուղթն է, որի վրայ հիմնուած է այս համաժողովը:

Իրավիճակը արագընթաց բարեփոխութիւն է արձանագրում

Յանձնաժողովի ստեղծումից ի վեր հանգամանքները փոխուել են: Տեղական եկեղեցիների մեծ մասում կարելի է առանձնացնել երկու փուլ. առաջինը դա որոշ քահանաների կողմից անչափահասների նկատմամբ գործադրած բռնութեան փաստի հետզհետէ աճող գիտակցումն է, երկրորդը՝ ստացուած բողոքներին Եկեղեցու նուիրապետութիւն կողմից լրջօրէն չարձագանքելու ակներևութիւնը:

2018-ի իրադարձութիւնների յաջորդականութիւնը՝ Եկեղեցու բարձրաստիճան ղեկավարների ներգրաւմամբ՝ ինչպէս օրինակ կարդինալ Թէոդոր Մաքքարիկը, և եկեղեցական իշխանութիւնների անփութութիւնը բողոքների հետ կապուած, բացասական մեծ ազդեցութիւն ունեցան հասարակական կարծիքի վրայ Եկեղեցու ղեկավարութեան հանդէպ արժանահաւատութեան և վստահութեան առումով: Օրէնքի մեկնաբանումը, որը վերաբերում է ենթակաների գործողութիւնների վերաբերեալ վերադասի պատասխանատուութիւնը, փոխուել է. ինչը նշանակում է, որ այսօր հնարաւոր է եկեղեցական իրաւաբանական անձին պատասխանատուութիւն ենթարկել քահանայի կողմից սեռական բռնութեան պատճառուած վնասի համար, նոյնիսկ եթէ դա տեղի չի ունեցել «քահանայի կողմից կանոնական պարտականութիւնների կատարման» համատեքստում, ինչպիսիք են կրօնի ուսմունքը կամ հաղորդութիւնների կատարումը: Եկեղեցական իրաւասութեան համատեքստում Ֆրանչիսկոս Պապը որոշել է, որ եպիսկոպոսների պարտականութիւնների ձախողման դէպքում նրանք պէտք է պատասխանատուութիւն ենթարկուեն: Այս ճգնաժամը պահանջում է աստուածաբանական և կանոնական խորհրդածութիւն թեմական եպիսկոպոսի պատասխանատուութիւն վերաբերեալ` կանխարգելման, միջամտութեան, արդարութեան և հատուցման երաշխիքների առնչութեամբ:

Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի երկրներում աճում է անչափահասների նկատմամբ սեռական բռնութիւնից բխող խնդիրների ընկերային և պաշտօնական իրազեկութիւնը: Այս խնդիրը գիտակցում է նաև (տեղական) եկեղեցին: Դեռևս գաղտնիութեան և անվստահութեան խորը արմատաւորած մտածողութիւն կայ, ինչը կոմունիստական անցեալի ժառանգութիւն է: Շատ կարևոր է, որ այս երևոյթը հաշուի առնուի Համաժողովում:

Համաժողովի հիմնական նպատակներն են.

- Փորձի փոխանակում և մտորումներ՝ իմանալու համար, թէ ինչպէս են Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի եկեղեցիները վերաբերւում անչափահասների նկատմամբ սեռական բռնութեան երևոյթին,

- ոգեշնչել Եկեղեցու իշխանութիւններին` ստանձնելու անչափահասների նկատմամբ բռնութիւնների ճիշտ յաղթահարման հետ կապուած պարտականութիւնները՝ պատշաճ պատասխան տալով հոգևոր դասի անդամների կողմից իրագործած յանձագործութիւններին և եկեղեցական իշխանութիւնների կոպիտ սխալներին՝ կանխարգելմանն ուղղուած յանձնառութեան հետ միասին,

- Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի երկրներում նպաստել հոգևորականութեան անդամների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգութիւնների վերաբերեալ Սուրբ Աթոռի դիրքորոշման առաւել լաւ պատկերացմանը.

- Սուրբ Աթոռի հաստատութիւններում նպաստել առաւել լաւ ընկալելիութիւնը` կապուած քահանաների կողմից սեռական բռնութեան երևոյթի դէմ պայքարում Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի եկեղեցիներին յատուկ օժանդակութեան անհրաժեշտութեան հետ.

- ստեղծել հարթակ Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի երկրների միջև կանոնաւոր համագործակցութեան և փոխանակման համար.

- խթանել հաղորդակցութիւնը եկեղեցական իշխանութիւնների և հաւատացեալ ու քաղաքացիական հասարակութեան միջև Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի երկրներում.

- ստեղծել աշխատանքային խումբ, որը հարթակ կհանդիսանայ անչափահասների համար անվտանգ միջավայրի կառուցման ապագայ կանոնաւոր և համատեղ համագործակցութեան համար:

Սկիզբը, ոչ վերջը

Յանձնաժողովի բոլոր անդամներն ի սկզբանէ յստակ համոզմունք էին կիսում, որ լաւ փորձի ոլորտները պէտք է ներառեն վերապատրաստման և կրթութեան ծրագրեր: Այս ամէնի մէջ վճռորոշ երևոյթներից է տեղեկատւութեան իրաւունքի երաշխիքը: Առկայ տեղեկատուութիւնը բաւարար չէ. մասնաւորապէս, իրաւական դաշտում կան թերութիւններ: Բազմաթիւ նախաձեռնութիւնների թւում ճշմարտութեան և արդարութեան ճանաչումը, որպէս զոհերի իրաւունք մեծ նշանակութիւն ունի, և այդ պատճառով անհրաժեշտ է, որ տեղեկատւութեան իրաւունքի նուազագոյն չափանիշները ճանաչուեն: Աշխարհի որևէ վայրում չկայ որևէ տեղական եկեղեցի, որն անձեռնմխելի լինի անչափահասների նկատմամբ սեռական բռնութեան հետևանքներից: Պատասխանատուութիւն և թափանցիկութեան դասերը, որոնք տրւում են այլ իրաւասու ընկերութիւնների կողմից, պէտք է սովորել: Տեղեկատւութեան իրաւունքի հարցն իր սկզբնական փուլում է, և դրա գործունէութեան վերլուծութիւն իրականացնելու, բայց նաև փորձի փոխանակում իրականացնելու համար կպահանջուի երկար ու խորը ուսումնասիրութիւն:

Սա յստակ ցոյց է տալիս, որ այս Համաժողովը ներկայացնում է այս գործունէութեան սկիզբը և ոչ թէ աւարտը և ցանկանում է լինել համատեղ նախաձեռնութիւնների և գործողութիւնների սկիզբ:

Փրոֆեսոր Հաննա Սուչոքան սահմանադրական իրաւունքի փրոֆեսոր է և Պոզնանի համալսարանի (Լեհաստան) մարդու իրաւունքների փորձագէտ: Նա Լեհաստանի Հանրապետութեան վարչապետն էր 1992-1993թթ.

 

07/09/2021, 11:00