Հայր Ֆետերիքօ Լոմպարտին անչափահասներու պաշտպանութեան հաւաքին համադրողը Հայր Ֆետերիքօ Լոմպարտին անչափահասներու պաշտպանութեան հաւաքին համադրողը  

Սեռական բռնութիւնների մարտահրաւէրը: Այն ինչ իրագործել է Պապը 2019 թուականի փետրուարին կայացած հանդիպումից յետոյ:

2019 -ի փետրուարին Ֆրանչիսկոս Պապը Վատիկանի մէջ կազմակերպեց եկեղեցում անչափահասների պաշտպանութեան հարցերուն հայող հանդիպում ՝ հոգևորականութեան անդամների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգութեան խնդրին անդրադառնալու համար: Սեպտեմբերի 19-22-ը Վարշավայում տեղի կունենայ նմանատիպ հանդիպում, որը կենտրոնանալու է Կենտրոնական և Արևելեան Եւրոպայի տարածաշրջանի վրայ: Այս յօդուածում Հայր Լոմպարտին տարածաշրջանային այդ հանդիպումը դնում է մինչ այժմ Եկեղեցու ճանապարհորդութեան համատեքստում։

Հայր Ֆետերիքօ Լոմպարտի

Այսօրուայ աշխարհում Եկեղեցին կանգնած է մեծ մարտահրաւէրների առջեւ: Դրանցից ամենակարեւորը հաւատքի եւ Աստուծոյ ու Յիսուս Քրիստոսի հռչակումն է՝ իր մշակութային եւ մարդաբանական  հսկայական յեղաշրջումներով: Այնուամենայնիւ, կան նաեւ յատուկ մարտահրաւէրներ, որոնք շատ խոր ազդեցութիւն ունեն Եկեղեցու կեանքի եւ նրա աւետարանական առաքելութեան վրայ: Վերջին տասնամեակների ամենաճգնաժամայիններից մէկը, հաշուի առնելով, որ վնասել է Եկեղեցու վստահելիութեանը, հետեւաբար նրա հեղինակութեանն ու Աւետարանը արժանահաւատ կերպով աւետելու ունակութեանը, դա հոգեւոր դասի անդամների կողմից անչափահասների նկատմամբ սեռական բռնութիւններն են: Այն անհետեւողականութեան եւ կեղծութեան ստուեր է գցել Եկեղեցու ինստիտուտի եւ Եկեղեցու համայնքի վրայ որպէս մէկ ամբողջութիւն: Սա իսկապէս շատ լուրջ է:

Ժամանակի ընթացքում եւ փորձ ձեռք բերելու հետ մէկտեղ, - անչափահասների նկատմամբ սեռական բռնութիւններից սկսած, ինչն ամենալուրջն է, սովորեցինք տեսադաշտն ընդլայնել տարբեր առումներով, եւ այսօր աւելի յաճախ ենք խօսում «խոցելի» անձանց նկատմամբ բռնութիւններից ու գիտենք, որ դրանք պէտք է դիտուեն ոչ միայն որպէս սեռական, այլեւ, ինչպէս յաճախ պնդել է Ֆրանցիսկոս Պապը, որպէս իշխանութեան եւ դաւանանքի բռնութիւններ: Աւելին, հարկ է յիշել, որ բռնութիւնների խնդիրը՝ իր տարբեր հարթութիւններում, մարդկային հասարակութեան, այն երկրների, ուր մենք ապրում ենք եւ տարբեր մայրցամաքների համար համընդհանուր խնդիր է, դրանք բացառապէս Կաթողիկէ եկեղեցու խնդիրները չեն: Ընդհակառակը՝ նրանք, ովքեր օբյեկտիվ կերպով եւ լայնօրէն են ուսումնասիրում, տեսնում են, որ տարբեր տարածաշրջաններում, վայրերում, հաստատութիւններում, խնդիրը աղետալի կերպով տարածուած է:

Միեւնոյն ժամանակ ճիշտ է յատուկ մօտեցում ցուցաբերել խնդրին Եկեղեցու մասով, նրա՝ ինչպէս արդեն նշուեց, վստահելիութեան եւ հետեւողականութեան դրդապատճառով: Եկեղեցին սեռական վարքի եւ անձի նկատմամբ յարգանքի ուսուցման մէջ միշտ շատ պահանջկոտ է եղել: Հետեւաբար, նոյնիսկ եթէ խնդիրը բացառապէս Եկեղեցունը չէ, մենք պէտք է դրան բացարձակ լուրջ վերաբերուենք եւ հասկանանք, որ այն սարսափելի ծանր է եկեղեցական կեանքի եւ Տիրոջ Աւետարանի աւետման համատեքստում:

Մասնաւորապէս, դա մի ոլորտ է, որտեղ վտանգուած է մարդկանց հետ յարաբերութիւնների խորութիւնն ու ճշմարտութիւնը, ում արժանապատուութիւնը պէտք է խորապէս յարգել: Որպէս քրիստոնեաներ եւ կաթողիկէներ՝ հպարտ ենք, որ կարեւոր դեր ենք յատկացնում անձի արժանապատւութեան՝ որովհետեւ մարդը Աստուծոյ պատկեր է: Հետեւաբար, նրանց վրայ բռնանալու, նրանց չյարգելու, առարկայ դարձնելու, նրանց տառապանքներին ուշադիր չլինելու եւ այսպիսի այլ փաստերը, աշխարհում մեր հաւատքի եւ մեր տեսլականի հիմնարար կէտի բացակայութեան նշան են:

Կանոնական քրէական օրէնսդրութեան վերջին բարեփոխումներում կայ մի հայեցակէտ, որը կարող է զուտ ձեւական թուալ, բայց եւ այնպէս այս համատեքստում շատ նշանակալից է: Բռնութիւնների վերաբերեալ յանցանքները ներառուած են «անձի կեանքի, արժանապատւութեան եւ ազատութեան դէմ ուղղուած» յանցագործութիւնների շրջանակում: Ոչ որպէս «ամօթալի» կամ «հոգեւորականներին անարժան» բաներ, այլեւ ընդգծւում է, որ  Եկեղեցու տեսանկիւնից անձի՝որպէս Աստծոյ պատկեր, արժանապատուութիւնը պէտք է դրուի կենտրոնում եւ յարգուի: Սա բացարձակ կարեւոր փաստ է: Մեր դարձի գալու փաստը, իւրաքանչիւր մարդուն՝ ընդհուպ մինչեւ ամենափոքրը կամ թոյլը, լրջօրէն ընդունելը, նրան լսելը եւ յարգելը, մեր ժամանակներում Եկեղեցու դարձի եւ մաքրման ճանապարհին կարեւոր կէտերից մեկն է՝ վստահելիութեան ճանապարհին:

2019-ի համաժողով. Պատասխանատուութիւն, հաշտուողականութիւն, թափանցիկութիւն

Ողբալի իրադարձութիւնների եւ սեռական բռնութիւնների վերաբերեալ Եկեղեցու դիրքորոշումների ամբողջ պատմութիւնը նորից չանելու համար՝ կարող ենք, պարզութեան համար, վկայակոչել 2019 թուականի փետրուարեան «Գագաթնաժողովը»: Այն հրաւիրուել էր Պապի կողմից որպէս համախմբման պահ, ուր ողջ Եկեղեցին՝ եպիսկոպոսական բոլոր ժողովների, արական եւ իգական կրօնական միաբանութիւնների ներկայացուցիչների միջոցով, համախմբուել էր գիտակցելու եւ պարտաւորուելու մէկ նպատակի շուրջ՝ նորացման ուղին առաւել արդիւնաւէտ կերպով շարունակելու նպատակով:

Այդ համաժողովի կազմակերպումը (որի աշխատանքները տպագրուել են վատիկանեան հրատարակչութեան կողմից (LEV) Գիտակցութիւն եւ մաքրում հատորում), ծաւալւում էր երեք հիմնական գետերի շուրջ:

Առաջին հերթին՝ խնդրի գիտակցում ու պատասխանատուութիւն անչափահասների նկատմամբ սեռական բռնութեանն առնչուող հարցերի վերաբերեալ եւ ոչ միայն; պէտք է կարեկցութեամբ եւ մասնակցութեամբ լսել եւ խորապէս հասկանալ կատարուածի եւ կատարուողի հետեւանքները, տառապանքը, ծանրութիւնը կարեւորութիւնը: Ուրեմն՝ ունկնդրելը ու կարեկցելը դարձնել որպէս վերաբերմունքի մեկնարկային կէտ: Յետոյ, բնականաբար, կատարուածի նկատմամբ արդարութիւն կիրառելու անհրաժեշտութիւնը՝ գործած յանցանքների եւ հասցուած վնասների համար: Ուստի պէտք է պատրաստուել կանխելու, որպէսզի այդ յանցագործութիւնները այլեւս չկրկնուեն - կամ, գոնէ, աւելի ու աւելի հազուադէպ պատահեն - եւ որպէսզի վերահսկողութիւն սահմանուի այս ողբերգական փաստերի նկատմամբ: Սա ենթադրում է եկեղեցական համայնքի ներսում՝ մասնաւորապէս իրաւասու անձանց, վերապատրաստում, որպէսզի խնդրի դիմակայման նպատակով վերջիններս կարողանան գործել եւ դառնալ յենակէտային անձինք: Մի խօսքով. Գիտակցութիւն եւ պատասխանատուութիւն՝ խնդրի համատեղ դիմակայման հարցում:

Մէկ այլ շատ կարեւոր, վճռորոշ կէտ է «հաշիւ տալը» (անգլերէնում շատ են օգտագործում accountability՝ հաշուետուողականութիւն, տերմինը) եւ կոծկելու կամ քօղարկելու մշակոյթը յաղթահարելը: Այս ճգնաժամի ողբերգական երեւոյթներից մէկը եղելութիւնները ասպարէզ հանելն է, հասարակութեանը դրա մասին իրազեկելը, լրջագոյն իրողութիւններ, որոնց մասին եթէ նոյնիսկ ժամանակին գիտէին, սիստեմատիկաբար (եւ յաճախ համարեա «բնական» վերաբերմունքով) պահւում էին ստուերում կամ քօղարկւում՝ ամօթից կամ ներգրաւուած ընտանիքների կամ հաստատութիւնների պատիւը պաշտպանելու համար եւ այլն: Այստեղից էլ բխում է քօղարկելու մշակոյթը յաղթահարելու, փոխարէնը՝ հաշիւ տալու, անհրաժեշտութիւնը նաեւ պատասխանատուների կողմից: Քանի որ քօղարկելու այս իրողութիւնը տարածուած էր բոլոր մակարդակներում, մինչեւ իսկ լուրջ պատասխանատուների - համայնքի վերադասներ, եպիսկոպոսներ եւ այլն – մակարդակով, ըստ այդմ դրանց հրապարակայնացումը եւ բոլորին իրենց գործողութիւնների համար հաշուետու դարձնելը, եւ, հետեւաբար, անցումը դէպի յստակութիւն, պատասխանատուութիւն եւ արդարութիւն, բացարձակ անհրաժեշտ քայլերից է:

Եւ, ի վերջոյ երրորդ կէտը, որի մասին շատ է խօսուել համաժողովում, թափանցիկութիւնն է, որը մեր ասածի հետեւութիւնն է: Այն չի նշանակում միայն իմանալ, որ եղել են եւ կատարուել են յանցագործութիւններ, խօսել դրանց մասին եւ շեշտը դնել դրանց վրայ: Անշուշտ, իրական փաստերի ճանաչումը կարեւոր է, բայց թափանցիկութիւնը նաեւ նշանակում է իմանալ եւ իրազեկել, թէ ի՞նչ է արւում պատասխան տալու համար, որո՞նք են այն ընթացակարգերը, որոնց միջոցով Եկեղեցին իր բոլոր հարթութիւններում դիմագրաւում է նման իրավիճակներին, ի՞նչ միջոցառումներ է իրականացնում, որո՞նք են մեղաւորների դէմ կայացուած դատավճիռների եզրակացութիւնները եւ այլն: Այս կերպ, եկեղեցական եւ քաղաքացիական համայնքը նոյնպէս գիտակից է դառնում, որ ոչ միայն մեղքերն ու յանցագործութիւններն են երեւան եկել, այլեւ կայ մի ամբողջական ուղի, որի մէջ համայնքը գիտակցաբար ներգրաւուած է եւ որով նա արձագանքում է այդ խնդիրներին:

2019 թուականի համաժողովից յետոյ ձեռնարկուած կարեւոր քայլերը

Համարելով, որ 2019 թուականի հանդիպումը պէտք է ընդհանուր ելակէտը լիներ, ապա պէտք է ընդունել նաեւ, որ իրականում դրանից յետոյ բազմաթիւ քայլեր են արուել, որոնք իրականութիւն են դարձրել 2019 թուականին Պապի եւ Եկեղեցու կենտրոնական կառավարութեան կողմից ստանձնած բոլոր հիմնական պարտաւորութիւնները: Ինչի՞ մասին է խօսքը:

Նախ՝ արդեն 2019-ի մարտի վերջին հրապարակուեցին Վատիկանի եւ Սուրբ Աթոռի վերաբերեալ նոր օրէնքներն ու ուղեցոյցները, որոնք բացի անչափահասների նկատմամբ բռնութիւնները, տարածւում են «խոցելի անձանց» նկատմամբ բռնութիւնների վրայ: Այնուհետեւ՝ 2019 թուականի մայիսի 9-ին, ողջ Եկեղեցու համար յայտարարուեց նոր շատ կարեւոր օրէնք ՝ Motu proprio Vos estis lux mundi - «Դուք աշխարհի լոյսն էք», որով Պապը կարգադրեց բոլոր թեմերում ձեւաւորուել գրասենեակներ`բողոքներ ընդունելու եւ չարաշահումներին արձագանքելու ընթացակարգեր սկսելու համար:

Ոչ միայն՝ երեխաների չարաշահման դէպքերի մասին զեկուցելու պարտաւորութիւն սահմանուեց բոլոր քահանաների ու միանձնուհիների համար, ովքեր իրազեկ են նման դէպքերից, եւ նոյնը կոչ արուեց նաեւ Եկեղեցու աշխարհիկ անդամներին: Եւ այսպէս, ներկայումս բոլոր քահանաներն ու միանձնուհիները պարտաւոր են խղճի ուժով զեկուցել երեխաների նկատմամբ բռնութիւնների դէպքերը, որոնցից իրազեկ են եւ ոչ միայն անչափահասների, որոնք ամենալուրջն են, այլ նաեւ խոցելի անձանց նկատմամբ կամ բռնութիւնների այլ դէպքերը: Եւ աշխարհականներին նոյնպէս կոչ է արւում այդպէս վարուել, ովքեր պէտք է յստակ իմանան բողոքը ներկայացնելու հասցէավայրը: Սա շատ վճռական քայլ է: Իհարկէ, անհրաժեշտ է ճշտել, ​​թէ արդեօք այն ամբողջութեամբ գործի է դրուած, բայց դա արդեն օրէնք է ողջ Եկեղեցու համար: Դա Պապի կողմից արուած բացարձակ նշանակութիւն ունեցող քայլ է, թերեւս ամենակարեւորն այս ոլորտում վերջին քսան տարուայ մէջ: Աւելին՝ այդ նոյն օրէնքով սահմանւում են նաեւ բարձրաստիճան պաշտօնեաների՝ կրօնական գերագոյն ղեկավարների, եպիսկոպոսների, կարդինալների... կողմից արուելիք բողոքները ոչ միայն կատարուած բռնութիւնների այլեւ դրանք կոծկելու դէպքերի վերաբերեալ: Այսպիսով, պատասխանատուութեան եւ հաշուետուողականութեան խնդիրները արմատապէս դիմակայուած են:

Բացի այդ, 2019-ի դեկտեմբերին սեռական բռնութիւնների վերաբերեալ «հովուապետական ​​գաղտնիքը» վերացուեց, ինչը նաեւ թոյլ է տալիս համագործակցելու քաղաքացիական իշխանութիւնների հետ առաւել յստակ եւ առաւել ազատ ձեւով, քան նախկինում էր: Այսպիսով, աւելի «թափանցիկութիւն»: Այնուհետեւ, 2020-ի յուլիսին, մշակուեց եւ հրատարակուեց յայտնի Vademecum–ը, որը Հռոմի Պապն անձամբ էր լսելի ձայնով խնդրել եւ մատնացոյց արել ՝ որպէս 2019 թուականի հանդիպման առաջին նպատակներից մէկը: Այն խմբագրել է Հաւատքի վարդապետութեան միաբանութիւնը. Մի լիարժէք ու բովանդակալից փաստաթուղթ, իւրաքանչիւր եպիսկոպոսի եւ պատասխանատուի օգտագործման համար, որը նոր բան չի ասում, բայց կարգաւորում եւ յստակ բացատրում է, բոլոր այն կէտերը, որոնք վերջիններս պէտք է իմանան եւ թէ ինչ պէտք է անեն տարբեր իրավիճակներում:

Գործիք, որն իսկապէս անհրաժեշտ էր: Երբ հրատարակուեց, դրա մասին շատ չխօսուեց, բայց դա 2019 թուականի հանդիպմանը ներկայացրած պահանջների էական կէտերից մէկն էր եւ արուեց:

Բոլորովին վերջերս էլ՝ 2021 թուականի Հոգեգալուստին, հրատարակուեց Կանոնական իրաւունքի օրէնսգրքի նոր VI հատորը, որը պարունակում է Եկեղեցու գրեթէ ամբողջ քրէական օրէնքը՝ վերաշարադրուած եւ կազմակերպուած այնպէս, որպէսզի բռնութիւնների ինչպէս նաեւ միւս ոլորտներում տարիների ընթացքում ընդունուած նոր նորմերը, կանոնաւոր կերպով հաւաքագրեն ու իրենց տեղը գտնեն Կանոնական իրաւունքի օրէնսգրքում, այնինչ նախկինում դրանք «ցրուած» էին տարբեր ելոյթներում եւ փաստաթղթերում:

Այժմ պնդելով կարելի է ասել, որ սրանք են այն հիմնական գործերը, որոնք պէտք էր սպասել Հռոմի Պապից եւ Սուրբ Աթոռից 2019-ի հանդիպումից յետոյ: Եւ դրանք իրագործուած են:

Կարելի է յաւելել, որ նոյն ժամանակահատուածում ՝ 2020 թուականի նոյեմբերին, հրապարակուեց նաեւ «McCarrick» ծաւալուն զեկոյցը, այն բանից յետոյ, երբ Պապի կամքով մանրամասնօրէն ուսումնասիրուել էր Միացեալ Նահանգների Եկեղեցին եւ ողջ Եկեղեցին ցնցած չափազանց լուրջ սկանդալի պատմութիւնը ամբողջութեամբ: Ինչպէ՞ս է հնարաւոր, որ բռնութիւնների համար մեղաւորը Եկեղեցու բարձրագոյն ղեկավարութիւնն է՝ ինչպիսին է Վաշինգտոնի արքեպիսկոպոսը եւ կարդինալը: Այս հրապարակումը նոյնպէս կարելի է համարել ցաւալի, բայց շատ համարձակ քայլ`դէպի թափանցիկութեան եւ յանցանքների ու պատասխանատուութիւնների համար հաշիւ տալու կամք՝ նոյնիսկ Եկեղեցու ամենաբարձր մակարդակներում:

Հետեւաբար, մենք կանգնած ենք հսկայական, դժուար եւ ցաւոտ խնդրի առջեւ, որը վերաբերում է Եկեղեցու վստահելիութեանը: Բայց ամենեւին ճիշտ չէ, որ ոչինչ չի արուել, կամ որ ոչինչ կամ քիչ է արւում: Կարելի է եւ պէտք է հանգիստ ասել, յստակ կերպով, որ Տիեզերական Եկեղեցին բախուել եւ բախւում է այս խնդրին, ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր եւ սահմանել նորմեր, ընթացակարգեր եւ կանոններ`դրա յիրաւի լուծման համար:

Մեր առջեւ ձգուող ուղին` նորմերից մինչեւ գործնական կիրառում

Սա, բնականաբար, չի նշանակում, որ ամեն ինչ արուած է, քանի որ, ինչպէս գիտենք, մի բան է սահմանել նորմերը, մէկ այլ` դրանք գործնականում կիրառելով փոխել իրականութիւնը: Կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի եկեղեցիների անչափահասների եւ խոցելի անձանց պաշտպանութեան վերաբերեալ սեպտեմբերին կայանալիք յաջորդ համաժողովը Վարշավայում, ճիշտ այս ուղղութեամբ է ընթանալու: Յիրաւի, աշխարհագրական եւ եկեղեցական իւրաքանչիւր տարածքում, որը պատմական եւ մշակութային տեսանկիւնից ունի ընդհանուր հայեցակէտեր եւ խնդիրներ, պէտք է խորհել, թէ որտեղ ենք եւ որոնք են Տիեզերական Եկեղեցու դիրքորոշումները արդիւնաւէտօրէն կեանքի կոչելու կոնկրետ ուղիները: Այլ տարածաշրջաններում այդպէս է արուել. օրինակ, մօտ մէկ տարի առաջ Լատինական Ամերիկայում, Մեքսիկայում, տեղի ունեցաւ մեծ համաժողով: Յետոյ համաճարակը խաթարեց բազմաթիւ ծրագրեր եւ պատճառեց ժամկէտային ուշացումներ: Այնուամենայնիւ, տարբեր մայրցամաքներում եւ տարածաշրջաններում այն, ինչ այժմ պլանավորվում է Կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի համար, արւում է, կամ արդէն արուել է: Հետեւաբար, դա Տիեզերական Եկեղեցու ընդհանուր ուղու կարեւոր մի քայլ է, որն իր իւրայատկութեամբ վերաբերում է աշխարհագրական, մշակութային եւ եկեղեցական այս տարածաշրջանին:

Ամփոփելով, պէտք է ասել, որ ընդհանուր կանոնակարգերի եւ նաեւ կոնկրետ փորձի մակարդակով շատ բան արուել է: Որոշ հատուածներում՝ շատ, որոշներում՝ աւելի քիչ: Հանդիպել պէտք է՝ գաղափարները, իմացութիւնը շրջանառելու եւ գտնելու կոնկրետ եւ արդիւնաւէտ ուղիներ խնդիրներին դիմակայելու համար: Մենք ճանապարհ ենք ընկել եւ կմնանք այդ ճանապարհին, մի ճանապարհ, որն ըստ էութեան բաւական յստակ է, որով անհրաժեշտ է արագ եւ առանց երկմտանքի առաջ շարժուել, բուժել տառապանքը, գործադրել արդարութիւն, կանխել բռնութիւնները, վերականգնել վստահութիւնն ու հաւատը Եկեղեցու համայնքի ներսում եւ նրա առաքելութեան մէջ՝ ի բարօրութիւն աշխարհի:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/08/2021, 14:30