Vatican News

Վատիկանի Մատենադարանը եւ Արխիւները՝ հակաթոյն ընդդէմ յիշողութեան կորուստի:

Սուրբ Աթոռի գերատեսչութիւնների պատմութիւնը, նպատակը եւ առաքելութիւնը. հայեացք ներսից: Ինչպէ՞ս են գործում այն հաստատութիւնները, որոնք աջակցում են Սրբազան Քահանայապետի գործունէութեանը: Վատիկանի Մատենադարանը եւ Առաքելական Արխիւները մեզ է ներկայացնում Հռոմի Սուրբ Եկեղեցւոյ արխիւագէտ եւ մատենադարանապետ՝ Կարդինալ Խօսէ Թոլենթինօ Տէ Մենտոնսան:

Բենեդէտտա Կապելլի – Վատիկան

Լռութիւն, որը լցուած է յիշողութեամբ, գիտելիքի գանձարան, ձգտում դէպի յաւերժութիւն: Այս շնչով են պարուրուած Վատիկանի Մատենադարանը եւ Առաքելական Արխիւները՝ հաստատութիւններ, որոնց հայեացքն այսօր ուղղուած է դէպի ապագայ եւ որոնք բաց են նորագոյն տեխնոլոգիաների առջեւ, միեւնոյն ժամանակ՝ պահպանելով Եկեղեցւոյ աւանդութեան դարաւոր վկայութիւնները:

Մատենադարանում «Կաթողիկէ դաւանանքը վերացական տեսութիւն չէ, քանի որ իր մէջ ամփոփում է այն ամէնը՝ ինչ համամարդկային է», - մեկնաբանում է ծագումով փորթուկալցի, Հռոմի Սուրբ Եկեղեցւոյ գլխաւոր արխիւագէտ եւ մատենադարանապետ՝ Կարդինալ Խօսէ Թոլենթինօ Տէ Մենտոնսան: Մատենադարանի եւ Արխիւների անջատումը տեղի է ունեցել դեռեւս 1600 թուականին՝ Պօղոս Ե Պապի օրօք: Մատենադարանը համարւում է «պահպանման եւ գիտահետազօտական աշխատանքների ինստիտուտ», իսկ Արխիւները «մտաւոր բարիք» գործող հաստատութիւն, քանի որ իրենց բաժին հասած ժառանգութիւնը կիսում են համայն աշխարհի գիտական եւ հետազօտական աշխատանքներ իրականացնող մարդկանց հետ:

Դարերի ընթացքում ինչպիսի՞ առանձնայատուկ ծառայութիւններ են մատուցել Մատենադարանը եւ Արխիւները, եւ ինչպէ՞ս են շարունակում նպաստել Սուրբ Աթոռի եւ Սուրբ Պետրոսի Յաջորդի կողմից իրականացուող առաքելութեանը:

Աչքերիս առջեւ է յայտնուում մի պատկեր, որը դրոշմուած է իմ յիշողութեան մէջ. Վատիկանի Մատենադարանում եւ Առաքելական Արխիւներում տարիներ շարունակ ուղեկցել եմ գիտահետազօտական աշխատանքներ իրականացնող մարդկանց եւ այցելուների, ովքեր ընկղմուելով այս բազմազանութեան մէջ՝ յափշտակութեամբ էին դիտում եւ ուսումնասիրում այստեղ պահուող հսկայածաւալ ժառանգութիւնը: Կարծում եմ, այստեղ ինքնատիպ մի լռութիւն է տիրում, որը սոսկ լռութիւն չէ: Սա փոքր-ինչ նման է այն ուժգին յուզումին, որի պատճառը՝ ինչպէս Պլէզ Պասկալն էր ասում, յաւիտենականութեան մասին միտքն է:  

Դարերի պատմութիւն ունեցող այս հաստատութիւնների կոչումը եւ առաքելութիւնը խորապէս ըմբռնելու համար՝ լաւագոյն միջոցը թերեւս վերադառնալն է Եկեղեցւոյ պատմութեան մէջ յիշողութեան առանցքային նշանակութեանը: Իսկապէս, Եկեղեցւոյ գոյութիւնը հիմնուած է Յիսուսի խօսքերի եւ սրբազան գործի մասին պատմական յիշողութեան վրայ: Եկեղեցին կենսական նշանակութիւն ունի, քանի գիտակցում է, որ իր մէջ ապրում եւ բաբախում է յիշողութիւնը՝ դառնալով իր յարատեւութեան գրաւականը: Մատենադարանը եւ Առաքելական Արխիւները հակաթոյն են ընդդէմ յիշողութեան կորուստի:

Առաքելական Մատենադարանի գլխաւոր առաքելութիւններից մէկը Սուրբ Գրերի ձեռագիր աւանդութեան ամենահին վկայութիւնների պահպանութիւնն է: Այս փաստն արդէն իսկ բաւական է, որպէսզի Մատենադարանը համարուի Եկեղեցւոյ սիրտը: Սակայն, ինչպէս Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսն է ասում. «Մատենադարանում հոսում են երկու մեծ գետեր՝ Աստուծոյ Խօսքը եւ մարդկանց խօսքը»: Իրականում, այստեղ է, որ բացայայտում ենք կաթողիկէ դաւանանքի նշանակութիւնը, այստեղ ենք զգում, որ այն վերացական տեսութիւն չէ: Կաթողիկէ դաւանանքը ընդունել է եւ այսօր էլ՝ Սուրբ Պետրոսի յաջորդների միջոցով պատրաստ է ընդունելու այն ամէնը, ինչ համամարդկային է՝ արժեւորելով բոլոր մշակոյթները եւ դրանց արտայայտման ձեւերը: Այսպէս է ստեղծուել մարդկային մտքի այս վիթխարի շտեմարանը, որն ընդգրկում է մի քանի հարիւրամեակ՝ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը:

Ընդհանրականութեան այս նոյն գաղափարն է, որ կարող ենք գտնել Առաքելական Արխիւներում պահուող փաստաթուղթերի էջերում, որոնք կարծես շարունակութիւնն են Գործք Առաքելոցի, որտեղ ներկայացուած է դարերի ընթացքում Քրիստոնէութեան անցած ճանապարհը եւ, թէ ինչպէս է Սուրբ Հոգին առաջնորդում Եկեղեցուն: Պենետիկտոս ԺԶ Սրբազան Քահանայապետն ասում է. «Ակնյայտ է, որ Առաքելական Արխիւները եւ Մատենադարանը անքակտելի մասն են կազմում անհրաժեշտ այն միջոցների, որոնք կ’օգնեն իրականացնել «Պետրոսեան Առաքելութիւնը» եւ ղեկավարել Եկեղեցին:

Մատենադարանի եւ Արխիւների գործունէութիւնը խիստ տուժեց համաշխարհային առողջապահական ճգնաժամի պատճառով, ինչի հետեւանքով, մասնաւորապէս վնաս կրեցին համալսարանական եւ գիտական համայնքի հետ փոխյարաբերութիւնները: Ինչպիսի՞ միջոցներ էք ձեռնարկում արտակարգ այս իրավիճակի կարգաւորման եւ անվտանգութեան ապահովման համար, միեւնոյն ժամանակ՝ չխաթարելով գիտահետազօտական աշխատանքների իրականացումը:

Առաքելական Արխիւները եւ Մատենադարանը գործի են դնում հնարաւոր ամէն միջոց՝ առողջապահական այս ծանր ճգնաժամը մեղմելու համար: Իրականում, Մատենադարանը եւ Արխիւները երբեք փակ չեն եղել, նոյնիսկ եթէ մի քանի ամիս չենք կարողացել ֆիզիքապէս ընդունել գիտնականներին եւ գիտաշխատողներին: Մեր անձնակազմը շարունակեց իր աշխատանքը, իսկ վարչական մասը՝ փոքրաթիւ աշխատակազմի օգնութեամբ, առանց ընդհատման շարունակեց գործունէութիւնը իր երկու կայքերի միջոցով: Բոլոր նրանք, ովքեր չէին կարող ֆիզիքապէս այցելել Առաքելական Պալատ (որտեղ գտնուում են Առաքելական Արխիւները եւ Մատենադարանը)՝ գրում էին մեզ տեղեկատուութիւն կամ փաստաթուղթերի պատճէններ ստանալու համար: Այս բոլոր հարցումներին տրուել է պատասխան:

Հնարաւորութիւն ընձեռուելուն պէս՝ մենք առաջիններից մէկն էինք, որ մեր դռները բացեցինք գիտաշխատողների առջեւ, ինչը հնարաւոր դարձաւ նաեւ ամառային շրջանի աւանդական փակման ժամանակահատուածի կրճատման շնորհիւ: Ի հարկէ, առողջութեան պահպանման նկատառումներից ելնելով, այսուհետեւ, մենք կարող ենք ընդունել հետազօտութիւններ իրականացնող սահմանափակ թուով մարդկանց: Ամէն դէպքում, այն բոլոր ջանքերը, որ գործադրում ենք եւ այն բարձրորակ ծառայութիւնները, որ Սուրբ Աթոռի կողմից տրամադրւում են միջազգային գիտական աշխարհին՝ բարձր գնահատանքի է արժանացել գիտահետազօտական աշխատանքներ իրականացնողների կողմից:

Տեխնոլոգիական նորարարութիւնները մարտահրաւէր են նետում, որը պահանջում է միշտ լինել արդիական եւ համընթաց քայլել ժամանակի հետ: Ինչպիսի՞ ապագայ կարելի է պատկերացնել այս երկու հաստատութիւնների համար, որոնք ստեղծուած են պահպանելու անցեալի վկայութիւնները:

Ճիշդ է, այսօր մենք ապրում ենք մեծ փոփոխութիւնների դարաշրջանում, որն անկասկած անդառնալի ազդեցութիւն կ’ունենայ Մատենադարանի եւ Առաքելական Արխիւների գործունէութեան վրայ, սակայն, որպէս դրական գործօն՝ կարող ենք նշել, որ ապագայի հասարակութիւնը աւելի ու աւելի է արժեւորելու գիտելիքը, հետեւաբար՝ այն ժառանգութիւնը, որ ներկայացնում ենք, ապագայի բաղկացուցիչ մասն է կազմում: Մինչդեռ, այս պահին, դեռ կան պատասխաններ չունեցող բազմաթիւ հարցեր, որոնք վերաբերում են ինչպէս մարդկանց միջեւ հաղորդակցութեան նորագոյն միջոցների պահպանմանը, այնպէս էլ գիտելիքի ձեռքբերմանը: Պատրանք է կարծելը, թէ անցումը անալոգիականից դէպի թուաինը կարող է տեղի ունենալ անմիջապէս: Այս գործընթացը երկար ճանապարհ ունի անցնելու:

Ժամանակի ընթացքին հետեւելը ո՛չ թէ ընտրութիւն է, այլ՝ պարտականութիւն: Իրականում, Սուրբ Աթոռը երբեք կանգ չի առել: Վիրթուալ Մատենադարանի ստեղծումը աւելի քան մէկ տասնամեակի պատմութիւն ունի եւ դեռ շարունակում է զարգանալ: Կարելի է ասել, որ այժմ ունենք երկու Մատենադարան՝ ֆիզիքական եւ վիրթուալ: Վիրթուալ տարածքում հասանելի են Մատենադարանի ձեռագրերի մօտաւորապէս 20%-ը: Թուայնացման այս գործընթացը շարունակական է լինելու, սակայն, մենք բոլոր քրիստոնեաների եւ բարի կամքի տէր մարդկանց աջակցութեան կարիքն ունենք: Մենք կարիքն ունենք բոլոր նրանց, ովքեր գիտակցում են մշակոյթի կարեւորութիւնը: Առաքելական Արխիւներում նոյնպէս իրականացւում են թուայնացման աշխատանքներ: Մենք մեծ պատասխանատուութեամբ ենք մօտենում ապագայի մարտահրաւէրներին:

 

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

08/07/2021, 08:59