Ընտանիք Ընտանիք 

Հրապարակուած է 2022 թուականի Ընտանիքների Համաշխարհային Հաւաքի պաշտօնական աղօթքը:

Ընտանիքների 10-րդ Համաշխարհային Հանդիպման պաշտօնական հեշթեգն է՝ #WMOF2022: Այս իրադարձութիւնը պէտք է լինի անցեալ դեկտեմբեր 27-ին Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի կողմից հռչակուած եւ մարտ 19-ին՝ Սուրբ Յովսէփի տօնին հանդիսաւոր մեկնարկած «Ընտանիք՝ սիրոյ ուրախութիւն» տարուայ եզրափակումը:
Ունկնդրէ լուրը

Հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թուական. Հռոմի թեմը եւ Աշխարհականների, Ընտանիքի ու Կեանքի Ժողովը ներկայացրեցին 2022 թուականի յունիս 22-26-ը Հռոմում կայանալիք Ընտանիքների Համաշխարհային 10-րդ Հաւաքի պաշտօնական աղօթքը:

Այս աղօթքը կ’ուղեկցի ընտանիքներին «եւ կ’օգնի իրապէս հասկանալ այս հանդիպման պատգամը», - մեկնաբանում է Աշխարհականների, Ընտանիքի ու Կեանքի Ժողովի կառավարիչ կարդինալ Ֆարրելը: Աղօթքը լինելու է «նախապատրաստական աշխատանքների կենդրոնում, այն աղօթելու են ընտանեկան մտերմիկ միջավայրում, ծխական համայնքում կամ թեմում», - ընդգծում է Հռոմի թեմի Քահանայապետի տեղակալ կարդինալ Անճելօ Տէ Տոնաթիսը:

Ստորեւ ներկայացնում ենք աղօթքի ամբողջական տեքստը.

Ընտանեկան սէրը. կոչում եւ սրբութեան ճանապարհ

«Հայր Ամենասուրբ, գալիս ենք Քեզ մօտ, որ փառաբանենք եւ մեր երախտագիտութիւնը յայտնենք այս մեծ պարգեւի՝ ընտանիքի համար: Աղօթում ենք ընտանիքների համար, որոնք իրենց կեանքը նուիրել են ամուսնութեան սուրբ խորհուրդի մէջ ապրելուն, որպէսզի ամէն օր վերստին բացայայտեն այն շնորհը, որ տրուել է իրենց, և, որպէս ընտանեկան փոքրիկ Եկեղեցիներ՝ կարողանան վկայել Քո ներկայութիւնը եւ Քրիստոսի սէրը Եկեղեցւոյ հանդէպ:

Աղօթում ենք այն ընտանիքների համար, որոնք անցնում են դժուարութիւնների եւ տառապանքների, հիւանդութիւնների եւ ցաւերի միջով, որ յայտնի են միայն Քեզ: Օգնի՛ր, որ կարողանան տոկալ, լուսաւորի՛ր դէպի սրբութիւն տանող այն ճանապարհը, որով կանչում ես նրանց, որպէսզի կարողանան ճանաչել Քո անսահման ողորմածութիւնը եւ նոր ուղիներ գտնել սիրոյ մէջ առաջ ընթանալու:

Աղօթում ենք երեխաների եւ երիտասարդների համար, որպէսզի կարողանան հանդիպել Քեզ եւ ուրախութեամբ ընդունել այն կոչումը, որ պատրաստել ես նրանց համար: Աղօթում ենք ծնողների եւ մեծ ծնողների համար, որպէսզի գիտակցեն, որ խորհրդանիշն են Աստուծոյ կողմից տրուած հայրութեան եւ մայրութեան, երբ հոգ են տանում երեխաների մասին, որ նրանց ես վստահում մարմնով եւ հոգով, եւ, որպէսզի իսկապէս ապրեն այն եղբայրսիրութիւնը, որ ընտանիքը կարող է տալ աշխարհին:

Տէ՛ր, թող որ իւրաքանչիւր ընտանիք կարողանայ դէպի սրբութիւն տանող սեփական կոչումն ապրել Եկեղեցւոյ մէջ՝ որպէս ինքնատիպ մի կոչ՝ տարածելու Աւետարանի խօսքը, ծառայելով կեանքին եւ խաղաղութեանը, միաբան լինելով քահանաների հետ եւ կեանքի բոլոր իրավիճակներում:

Օրհնի՛ր Ընտանիքների Համաշխարհային Հաւաքը: Ամէն»:

Հետեւել սուրբ զոյգերի օրինակին

Այս աղօթքը ներշնչուած է հանդիպման համար Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի կողմից ընտրուած բնաբանից. «Ընտանեկան սէրը. կոչում եւ սրբութեան ճանապարհ»: «Ընտանիքի ներսում ապրած սիրուց է ծնւում իւրաքանչիւր երեխայի կոչումը: Ընտանեկան յարկի տակ ճաշակած սէրն է, որ ուրուագծում է դէպի սրբութեան ճանապարհ տանող առաջին արահետները: Աղօթքի մէջ ապրելը մեզ թոյլ է տալիս ամենօրեայ կեանքի մէջ բացայայտել փոխյարաբերութիւնների խորը իմաստը եւ փրկարար նշանակութիւնը», - մամլոյ հաղորդագրութեան մէջ ասում է կարդինալ Ֆարրելը:

«Քրիստոնեայ ամուսինները՝ քայլելով ականաւոր սուրբերի եւ երանելիների հետքերով եւ նրանց բարեխօսութեամբ, կոչուած են միասին անցնելու սրբութեան իրենց ճանապարհը: Այսպիսի օրինակներից են՝ Սրբուհի Թերեզա Լիզյոացու ծնողները կամ Պէլթրամէ Քուաթթրոկկի ամուսնական զոյգը, ովքեր կոչուած էին վստահութեամբ ապրելու կեանքի դառն փորձութիւնները՝ իրենց սիրոյ հիմքում տեսնելով Քրիստոսի հաւատարիմ ներկայութիւնը», - յաւելում է կարդինալ Տէ Տոնաթիսը:

Ընտանիքների 10-րդ Համաշխարհային Հանդիպման պաշտօնական հեշթեգն է՝ #WMOF2022: Այս իրադարձութիւնը պէտք է լինի անցեալ դեկտեմբեր 27-ին Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի կողմից հռչակուած եւ մարտ 19-ին՝ Սուրբ Յովսէփի տօնին հանդիսաւոր մեկնարկած «Ընտանիք՝ սիրոյ ուրախութիւն» տարուայ եզրափակումը:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/04/2021, 08:18