Սուրբ Խաչը Սուրբ Խաչը 

«Համաճարակը մեզ արթնացնում է ամենակարող լինելու պատրանքից». Հ. Քանթալամեսա

«Յաճախ Աստուած մեզ հետ հենց այսպէս է վարւում․ Նա խախտում է մեր ծրագրերը և հանգիստը, որպէսզի մեզ փրկի անդունդից, որը մենք չենք նկատում»

Ապրիլի 10-ին՝ Աւագ Ուրբաթ օրը, Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի տաճարում գլխաւորեց Տիրոջ Չարչարանքների յիշատակութեան հանդիսաւոր աղօթքը։ Ըստ աւանդոյթի՝ քարոզը կարդաց պապական տան քարոզիչ Հ. Ռանիերո Քանթալամեսան։

Քարոզիչն իր խորհրդածութիւնը սկսեց Սուրբ Գրիգոր Մեծի խօսքերով․ «Սուրբ Գիրքը աճում, զօրանում է նրանց հետ, ովքեր Այն կարդում են», որը տալիս է նորանոր մտքեր կախուած՝ այն հարցերից, որոնք մարդը կրում է իր սրտում։ Այսօր մենք կարդում ենք Տիրոջ չարչարանքների պատմութիւնը՝ մի հարցով մտահոգուած, աւելին՝ աղաղակ ենք առաքում առ Աստուած և կարող ենք նշմարել Աստծոյ պատասխանը, որը մեզ տրուած է այսօրեայ Խօսքում։

Այն, ինչի մասին մենք հենց նոր լսեցինք, դա աշխարհում երբևէ տեղի ունեցած մեծագոյն չարիքն է։ Քարոզիչը հաւատացեալների ուշադրութիւնը հրաւիրեց հետևեալ կէտի վրայ․

«Քրիստոսի Խաչը փոխեց մարդկային ցաւի և տառապանքի իմաստը. լինի դա ֆիզիկական, թէ՝ բարոյական։ Ցաւը դադարեց պատիժ և անէծք լինելուց: Ցաւն արմատապէս քավվեց սկսած այն պահից, երբ Աստծոյ Որդին այն Իր վրայ վերցրեց։ Ո՞րն է ամենայուսալի ապացոյցը, որ քեզ մատուցուած ըմպելիքը թունաւորուած չէ։ Եթե քեզ մատուցողը՝ քո իսկ ներկայութեամբ, խմում է հենց նոյն գաւաթից։ Աստուած այդպէս էլ արեց․ Նա ամբողջ աշխարհի առջև՝ Խաչի վրայ, խմեց տառապանքի գաւաթը և խմեց մինչև վերջին կաթիլը։ Դրանով Նա ցոյց տուեց, որ այն թունաւորուած չէ և, որ նրա յատակում մարգարիտ կայ։ Դա ոչ միայն նրանց ցաւն է, ովքեր հաւատք ունեն, այլ, առհասարակ, մարդկային ցաւն է։ Նա մահացաւ բոլորի համար։ «Երբ Ես բարձրանամ երկրից, ամէնքին դէպի ինձ կձգեմ» (Յովհ․ 12, 32)։ Բոլորին, այլ՝ ոչ թԷ ոմանց»։

Մենք պէտք է ուշադրութիւն դարձնենք ոչ թԷ պատճառների, այլ՝ հետևանքների վրայ, սակայն ոչ միայն բացասական հետևանքների, որոնց մասին տեղեկանում ենք լուրերից, այլ նաև՝ դրական, ասաց պապական քարոզիչը՝ խորհրդածելով ներկայիս ողբերգական իրավիճակի մասին, որը հիմա մենք բոլորս ապրում և զգում ենք։ Կորոնավիրուսի համաճարակը յանկարծ մեզ արթնացրեց իւրաքանչիւր մարդու և համայն մարդկութեանը՝ ի դէմս ամենամեծ սպառնալիքի, որը ամենակարող լինելու պատրանքն էր, – պարզաբանեց Հ. Քանթալամեսան։ Մենք մահկանացու ենք, և ոչ մի ռազմական կամ տեխնիկական ուժ չի կարող փրկել մեզ։

Հ. Քանթալամեսան պատմեց նկարիչ Ջեյմս Թորնհիլի մասին, ով պատկերազարդել է Լոնդոնի Մայր տաճարը։ Մի անգամ նա մեծ բաւականութեամբ հիանում էր իր որմանկարներից մէկով և տեղաշարժւում փայտամածով՝ այն լաւ զննելու համար՝ չնկատելով, որ կարող է վայր ընկնել։ Նրա օգնականը՝ սարսափահար եղած, վախենում էր ձայն տալ նկարչին, քանզի հասկանում էր, որ բղաւոցը միայն կարագացնի ողբերգութիւնը, և մի պահ մտածելուց յետոյ՝ վրձինը թաթախեց ներկի մէջ ու շպրտեց դէպի որմանկարի միջնահատուածը։ Ապշած ուսուցիչը մի կողմ քաշուեց և փրկուեց, չնայած որ նրա որմանկարը վնասուեց։

«Յաճախ Աստուած մեզ հետ հենց այսպէս է վարւում․ Նա խախտում է մեր ծրագրերը և հանգիստը, որպէսզի մեզ փրկի անդունդից, որը մենք չենք նկատում։ Սակայն պէտք է զգուշանալ խաբեութիւնից․ կորոնավիրուսի վրձինը Աստծոյ կողմից չի շպրտուել մեր հպարտ տեխնոլոգիական քաղաքակրթութեան որմանկարի վրայ։ Աստուած մե՛ր դաշնակիցն է, ոչ թե՝ վիրուսինը»։

Աստուած տառապում է մեզ հետ, ինչպէս ցանկացած մայր, ինչպէս ցանկացած հայր։ Եւ երբ մենք դա հասկանանք, ապա կամաչենք մեր կեանքի ընթացքում Նրա հասցէին արած բոլոր մեղադրանքների համար։

«Մի՞թէ Հայր Աստուածը Իր Որդու համար խաչի մահ էր ցանկանում, որպէսզի դրանից բարիք հաներ։ Ո՛չ։ Նա պարզապէս թոյլ տուեց մարդկային ազատութեանը՝ անցնել սեփական ճանապարհը՝ այն, սակայն, ենթարկելով Իր ծրագրին, այլ՝ ոչ թէ մարդկանց»։

Սա հենց այն է, որը ոմանք անվանում են պատահականութիւն, իսկ Աստուածաշունչն անվանում է «Աստծոյ իմաստութիւն»։

Այսպիսով, որո՞նք են ներկայիս ճգնաժամի դրական պտուղները։ Մենք մոռացել ենք պատի կառուցման մասին։ «Վիրուսը սահմաններ չի ճանաչում, – ընդգծեց քարոզիչը, – և պետք չէ ետ վերադառնալ, երբ այս ամենը վերջանայ։ Ինչպէս Նորին Սրբութիւնն է յորդորում, չի կարելի նման հնարաւորութիւնը բաց թողնել»։

Հայր Քանթալամեսան շարունակեց․ «Վերջ տալ սպառազինութիւնների մրցավազքին: Այս մասին բարձր բղաւե՛ք, յատկապէս դու՛ք՝ երիտասարդներդ, քանի որ առաջին հերթին ձեր ճակատագիրն է որոշւում։ Սպառազինութեան համար նախատեսուած անսպառ ռեսուրսները յատկացնե՛նք առողջապահութեան, հիգիենայի, պարէնի արտադրութեան, աղքատութեան դէմ պայքարի,  արարչագործութիւնը պահպանելու համար»։

Ի՞նչ անենք փորձութեան ժամանակ։ «Աստծոյ Խօսքն ասում է․ Առաջին բանը, որ մենք պետք է անենք այսպիսի պահերին, Աստծուն աղաղակե՛լն է»,- ընդգծեց քարոզիչը:

«Մի՞թէ Աստծուն հաճելի է, որ մենք Նրան աղաչում ենք մեզ արժանացնել Իր ողորմութեանը։ Մի՞թէ մեր աղօթքները կարող են ստիպել Աստծուն փոխել Իր ծրագրերը։ Ո՛չ։ Սակայն կան բաներ, որոնք Աստուած որոշել է մեզ ընծայել՝ որպէս Իր շնորհի և մեր աղօթքների պտուղներ»։

Այդ պահին զգում ենք, որ մեզ խայթել է անտեսանելի թունաւոր օձը․

«Եկե՛ք նայենք Նրան, Ով յանուն մեզ Խաչը բարձրացուեց։ Նրան խոնարհուենք մեր և համայն մարդկութեան համար։ Նա, ով Նրան հաւատով նայի, ապա չի մահանա, սակայն եթե անգամ մահանա, ապա միայն՝ յաւիտենական կեանք մտնելու համար»։

Պապական տան քարոզիչն իր խօսքն աւարտեց Յիսուս Քրիստոսի կանխասացութեամբ․ «Երեք օրից յարութիւն պիտի առնեմ» (Մտթ․  27, 63)։

«Յուսալով, որ այս օրերը կարճ կլինեն, մենք ևս յարութիւն կառնենք և դուրս կգանք մեր գերեզմաններից, որոնք այսօր դարձել են մեր տները: Ոչ թե Ղազարոսի նման նախկին կեանքին վերադառնալու համար, այլ՝ ինչպէս Յիսուսը, նո՛ր կեանքով ապրելու համար, որն առաւել եղբայրական, առաւել մարդկային, առաւել քրիստոնէական կեանք է»։

թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/04/2020, 08:23