Քորոնա Ժահրի հիւնադ Քորոնա Ժահրի հիւնադ  

Լիակատար ներման հրամանագրի պարզաբանումը

Հարցազրոյց կարդինալ-ատենապետի հետ, ով պարզաբանում է, թէ իրենից ինչ է ներկայացնում հրամանագիրը, որը նախատեսուած է հիւանդների, նրանց խնամակալների ու ընտանիքների, ինչպէս նաեւ նրանց համար, ովքեր աղօթում են, որպէսզի կորոնավիրուսի համաճարակն աւարտուի

«Ողորմութեան մեծ շերտը տարածւում է բոլոր նրանց վրայ, ովքեր ցանկանում են այն ունենալ, գտնել»։ Vatican News-ին տուած հարցազրոյցի ժամանակ այսպիսի խօսքերով է Սուրբ Աթոռի Արաքելական Ատեանի Գերագոյն ատենապետ, կարդինալ Մաուրօ Պիաչենցան մեկնաբանում լիակատար ներման մասին հրամանագիրը, որը շնորհւում է համաճարակի պատճառով պայմանաւորած այս արտակարգ իրավիճակում։

Խնդրում եմ պարզաբանէք, թէ ինչու՞ հրապարակուեց Լիակատար ներման մասին հրամանագիրը COVID-19-ով պայմանաւորած այս արտակարգ իրավիճակում։

Եկեղեցու բարձրագոյն օրէնքը դա հոգիների փրկութիւնն է։ Եկեղեցին ապրում է աշխարհում, որպէսզի հռչակի Աւետարանն ու կատարի Սուրբ Խորհուրդները, այսինքն մարդկանց առաջարկի լիառատ աստուածային ընծաներ ու շնորհներ։ Մեզանից իւրաքանչիւրի համար ակնյայտ է ճգնաժամը, որը, ցաւօք, այժմ մենք տեսնում ու զգում ենք աշխարհի շատ երկրներում: Մենք ապրում ենք արտակարգ իրավիճակում․ որոշ հիւանդանոցներ շուտով չեն կարողանայ ընդունել նոր հիւանդներին, կան հիւանդներ, ովքեր ստիպուած են մեկուսացուած ապրել եւ, ցաւօք, նաեւ մահանալ առանց իրենց հարազատների մխիթարանքի ու մօտիկութեան, չկան բաւարար թուով քահանաներ, ովքեր կմատակարարեն նրանց Հիւանդների օծման խորհուրդն ու կկատարեն խոստովանանք։ Իշխանութիւնների կարգադրութիւնների համաձայն, ներկայումս կարանտինի մէջ են գտնւում բազմաթիւ մարդիկ ու մի շարք քաղաքներ, որոնց բնակչութիւնը պէտք է փակուած մնա իրենց տներում, որպէսզի կանխի, զսպի վարակի հետագայ տարածումը։

Որո՞նք են ամենահրատապ խնդիրները։

Այս արտակարգ ժամանակաշրջանը պահանջում է չափազանց մեծ օգնութիւն, մունետիկութիւն, մխիթարութիւն, աջակցութիւն, որպէսզի ոչ ոք այս տառապանքների մէջ ու մօտալուտ մահուան ժամանակ չզրկուի Աստծոյ փաղաքշանքից։ Հենց այդ պատճառով էլ Առաքելական ատեանը, որը ծառայում է Սրբազան Քահանայապետին եւ օժտուած է նրա լիազօրութիւններով, թողարկեց լիակատար ներման մասին հրամանագիրը։

Ո՞րն է այդ միջոցի առանձնայատկութիւնը։

Նախեւառաջ լիակատար ներում է առաջարկւում կորոնավիրուսով տառապող բոլոր հիւանդներին, ովքեր գտնւում են հիւանդանոցներում կամ տնային կարանտինում։ Այդ նոյն պայմաններով այն նաեւ առաջարկւում է բուժ աշխատողներին, հիւանդների ընտանիքների անդամներին եւ նրանց, ովքեր խնամում են հիւանդներին։ Բացի այդ, լիակատար ներում է շնորհւում բոլոր նրանց, ովքեր աղօթում են համաճարակի աւարտի, բոլոր տառապողների եւ նրանց համար, ում Տէրն արդեն Իր մօտ է կանչել։

Որո՞նք լիակատար ներում ստանալու պայմանները

Դրանք շատ պարզ են։ Հիւանդներին ու խնամակալներին խնդրում են հոգեպէս միանալ Սուրբ Պատարագին, Վարդարանին, Խաչի ճանապարհին կամ բարեպաշտական այլ աղօթքների՝ իհարկէ ԶԼՄ-ների միջոցով այնտեղ, որտեղ դա հնարաւոր է։ Եթէ դա հնարաւոր չէ իրականացնել, ապա նրանց խնդրում են կարդալ Հաւատամքը, «Հայր Մեր» եւ «Ողջոյն քեզ, Մարիամ» աղօթքները։ Բոլոր նրանց, ովքեր աղօթում են մահացածների հոգիների, տառատպեալների եւ համաճարակի աւարտի համար, առաջարկում են, իհարկէ հնարաւորութեան դէպքում, այցելել Սուրբ Հաղորդութեանը կամ Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն կատարել։ Որպէս այլընտրանք՝ կարելի է կարդալ Աստուածաշունչ, կամ աղօթել Վարդարան կամ էլ Խաչի ճանապարհ կատարել՝ նուազագոյնը գոնէ կէս ժամ։ Ակնյայտ է, որ բոլորն էլ կարող են աղօթել կամ Աստուածաշունչ կարդալ տանը, որը լիովին համապատասխանում է վարակի կանխարգելման կանոններին։

Այս պարագայում ի՞նչ կարելի է ասել մահացածների մասին։

Նրանք, ովքեր գտնւում են մահուան սեմին եւ չեն կարող խոստովանել, Հաղորդութիւն ստանալ կամ ընդունել Հիւանդների օծման խորհուրդը, վստահում են Աստծոյ ողորմածութեանը: Նրանց լիակատար ներում է շնորհւում այն պայմանով, որ նրանք սովորաբար աղօթել են իրենց կեանքի ընթացքում։

Այսպիսով ողորմութիւնը համակում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այն ձեռք բերել, գտնել։

Առաքելական ատեանի հրամանագրում միայն խօսւում է կորոնավիրուսով հիւանդների մասին։ Արդեօ՞ք դա նշանակում է, որ լիակատար ներումը շրջանցում է միւս հիւանդներին։

Մենք ընդմիշտ կյիշենք բարի մարդկային հոգիները․ հրամանագրում հաշուի է առնուած ներկայիս համաշխարհային արտակարգ իրավիճակը։ Այն վերաբերում է բոլոր հիւանդներին, քանի որ հիւանդանոցներում գտնուող բոլոր հիւանդները, այս կամ այն չափով, տառապում են արտակարգ իրավիճակի եւ համաճարակի պատճառով։

Խօսենք Խոստովանանքի Խորհրդի մասին։ Արդեօ՞ք հնարաւոր են այլ միջոցներ, բացի անհատական տարբերակից, որն է խոստովանանքը քահանայի ներկայութեամբ։

Մեղքերի հաւաքական թողութիւն՝ առանց անհատական խոստովանանքի, միշտ էլ կարող է կատարուել, եթէ կայ վերահաս մահուան վտանգ կամ, ինչպէս Կանոնագիրքն է ասում, միայն «ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում»։ Առաքելական ատեանը պարզաբանել է, որ վարակի բռնկման վայրերում ու մինչ համաճարակի աւարտը կարող են լինել ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքեր։ Հետեւաբար, թեմի եպիսկոպոսները կարող են նման որոշումներ կայացնել՝ յանուն հոգիների փրկութեան։ Նոյն կերպ կարող են վարուել նաեւ քահանաները, եթէ կա դրա անհրաժեշտութիւնը։ Նման դէպքերում երէցները պարտաւոր են նախազգուշացնել իրենց եպիսկոպոսներին կամ էլ՝ գոնէ հնարաւորինս շուտ տեղեակ պահել Թողութեան խորհրդի հաւաքական կատարումից յետոյ: Մեղքերի հաւաքական թողութիւն կարելի է կատարել հիւանդասենեակի դռների առջեւ, որտեղ վարակուած հաւատացեալներին սպառնում է մահուան վտանգը, հնարաւորութեան դէպքում նրանց էլ մասնակից դարձնել Խորհրդին։

Ի՞նչ կասէք անհատական խոստովանանքի մասին։

Իհարկէ խոստովանանքը պէտք է կատարուի՝ բոլոր կանխարգելիչ միջոցները հաշուի առնելով․ պահպանել պատշաճ հեռաւորութիւն, օգտագործել պաշտպանիչ դիմակներ եւ, բնականաբար, չմոռանալ պահպանել սրբազան գաղտնիքը։ Ես ցանկանում եմ յիշեցնել սրտանց զղջման կարեւորութեան մասին, երբ մարդը չի կարող մասնակցել Խոստովանանքի խորհրդին։ Այս մասին խօսել է նաեւ Նորին Սրբութիւնն իր քարոզի ժամանակ՝ մարտի 20-ին, Սուրբ Մարթայի Մատուռում։ Նման հնարաւորութեան մասին է յիշատակում նաեւ Կաթողիկէ Եկեղեցու Վարդապետութիւնը․ խղճի փորձութիւն, իսկական ապաշխարութիւն, այլեւս մեղք չգործելու մտադրութիւն եւ հնարաւորինս շուտ գնալ խոստովանանքի, որը հաճելի է Աստծուն։ Այս ամենը մեզ հաշտեցնում է Աստծոյ հետ եւ շնորհում մեղքերի թողութիւն։

 

Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

23/03/2020, 17:46