Սուրբ Աթոռի թիւ մէկ դիւանագէտ Կարդինալ Փարոլին Սուրբ Աթոռի թիւ մէկ դիւանագէտ Կարդինալ Փարոլին 

Ինչու՞ է Հռոմի Սուրբ Աթոռը երկխօսում Չինաստանի ղեկավարութեան հետ

Եկեղեցու կեանքում երկխօսութիւնը առաջնային է:

Ինչո՞ւ է Վատիկանը երկխօսութեան մէջ մտնում Չինաստանի իշխանութիւնների հետ: Չնայած կրօնի նկատմամբ թշնամաբար տրամադրուած վարչակարգի կողմից պատճառուած դժուարութիւններին ու տառապանքներին՝ Չինաստանում կաթողիկէները հաւատարիմ են մնացել Քրիստոսին և Եկեղեցուն: Այսպիսով, ինչի՞ կարող է հասցնել այսպիսի երկխօսութիւնը:
Եկեղեցու կեանքում երկխօսութիւնը առաջնային է: Եկեղեցու գործելակերպի առումով սա կարևոր տարր է՝ ինչպէս իր իսկ կառոյցի ներսում, այնպէս էլ աշխարհի հետ իր փոխյարաբերութիւններում: Երկխօսել՝ նշանակում է կապի մէջ լինել հասարակութեան, կրօնների ու մշակույթների հետ: Վատիկանի տիեզերական երկրորդ ժողովը երկխօսութիւնը համարում է հովուական գործունէութեան մի ձև՝ ոչ միայն Եկեղեցու անդամների շրջանում, այլեւ՝ ոչ քրիստոնեաների, պետական իշխանութիւնների և բարի կամքի տէր բոլոր մարդկանց հանդէպ:
«Եկեղեցին՝ Ժամանակակից Աշխարհում՝ “Gaudium et Spes (Ուրախութիւն և յոյս)”» հովուական սահմանադրութիւնն արձանագրում է. «Բոլոր մարդիկ՝ հաւատացեալներն ու անհաւատները, պէտք է նպաստեն այս աշխարհի պատշաճ կառուցմանը, որտեղ ապրում են միասին. ինչն, իհարկէ, հնարաւոր չէ՝ առանց անկեղծ և խելամիտ երկխօսութեան», 21:

Պօղոս Զ Պապը համանման մի բան է ասել իր “Ecclesiam Suam” շրջաբերական նամակում. «Եկեղեցին պէտք է երկխօսութեան մէջ մտնի այն աշխարհի հետ, որտեղ գտնւում է: Եկեղեցին խօսք է: Եկեղեցին ուղերձ է», 67: Կաթողիկէ Եկեղեցին «պէտք է պատրաստ լինի երկխօսութիւն պահել իր շրջանակից ներս և դուրս գտնուող բոլոր բարի կամքի տէր մարդկանց հետ», 97:

Երկխօսութիւնը մարդկանց, հաստատութիւնների և համայնքների միջև հեշտացնում է փոխ ըմբռնումը, որն էլ կարող է վերածուել բարեկամութեան: Ամէն դէպքում, երկխօսութիւնը սնւում է վստահութիւնից: Փոխադարձ վստահութիւնը պտուղն է բազմաթիւ փոքր քայլերի, ժեստերի ու հանդիպումների, որոնք տեղի են ունենում տարբեր առիթներով, յաճախ՝ անաղմուկ և շատ զգուշօրէն: Ինչպէս ասել է Սրբազան Քահանայապետ Ֆրանչիսկոսը 2017թ. մայիսի 13-ին՝ «Միշտ կան դռներ, որոնք փակ չեն»:
Սուրբ Աթոռի և Չինաստանի միջև երկխօսութեան ընթացիկ դրութիւնը ձեռք է բերուել շնորհիւ նախորդ պապերի ձեռնարկած փոքր քայլերի՝ նրանցից իւրաքանչիւրը մի նոր ճանապարհ է բացել, մի նոր աղիւս աւելացրել շէնքին՝ ներշնչելով յուսալի մտքեր և գործողութիւններ. սկսած Պօղոս Զ Պապի զգոյշ դիւանագիտութիւնից մինչև Բենեդիկտոս ԺԶ և Յովհաննէս Պօղոս Բ-ի յստակ ցուցումները՝ խրախուսելով գործնական երկխօսութիւն Չինաստանի իշխանութիւնների հետ: Բոլորովին վերջերս, Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի անհատականութեան, ուսուցչի հեղինակութեան և վարուելակերպի շնորհիւ է, որ արագացել է երկխօսութեան և հանդիպման գործընթացը՝ բազմաթիւ մարդկանց և ազգերի միջև, ներառեալ՝ Չինաստանի:

Կաթողիկէ Եկեղեցու երկխօսութեան ընտրութիւնն ըստ էութեան վերջը չէ: Սա «փոխզիջում չէ ամեն գնով», որն աւարտւում է կարևոր սկզբունքներ վաճառելով՝ քաղաքական կամ դիւանագիտական առաւելութիւններ ձեռք բերելու նպատակով: Չինաստանի դէպքում, դա կնշանակեր մոռանալ այն տառապանքները, որոնք կրել է կաթողիկէ համայնքը: Եկեղեցու համար երկխօսութիւնը միշտ պէտք է կենդանանայ ճշմարտութեան և արդարութեան որոնմամբ՝ նպատակ ունենալով հետամուտ լինել մարդու անձի լիակատար բարօրութեանը և յարգել հիմնարար իրավունքները: Անհրաժեշտ է յիշել, որ Եկեղեցու առաքելութիւնը, նոյնիսկ Չինաստանում, երկրի կառուցուածքը կամ կառավարութիւնը փոխելը կամ էլ պետական իշխանութեանը կամ ղեկավարութեանը բացարձակ յայտարարելը չէ: Եթէ Եկեղեցին իր առաքելութիւնը վերածեր բացառապէս քաղաքական ճակատամարտի, ապա կդաւաճաներ իր իսկական բնոյթին և կդառնար պարզապէս մէկ այլ քաղաքական դերակատար ի թիւս շատերի՝ հրաժարուելով իր ամենավսամ կոչումից և իր գործունութիւնը դարձնելով լոկ ժամանակաւոր առանձնայատկութիւն:

Անկեղծ ու ազնիւ երկխօսութիւնը Եկեղեցուն թոյլ է տալիս գործել հասարակութեան ներսից՝ միևնոյն ժամանակ պաշտպանել կաթողիկէների օրինական ակնկալիքները և նպաստել համընդհանուր բարօրութեանը: Այս համատեքստում, երբ Եկեղեցին քննադատական յայտարարութիւններ է անում՝ նրա նպատակը ոչ թէ բանավէճ հրահրելը կամ դատապարտելն է, այլ՝ կառուցողական ոգի ունեցող աւելի արդար հասարակութիւն ստեղծելն է: Քննադատութիւնը վերածւում է հովուական գթութեան որոշակի գործունէութեան, քանի որ այն տառապանքի ճիչի արձագանքն է նրանց՝ ովքեր թոյլ են և ուժ չունեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար:

Ինչ վերաբերում է Չինաստանին, Սուրբ Աթոռը վստահ է, որ ազնիւ ու յարգելից երկխօսութիւնը, որքան էլ որ բարդ և ռիսկային դա կարող է լինել, կխրախուսի հաւատ ընծայող փոխանակման մթնոլորտ, որը կբարձրացնի փոխ ըմբռնումը և որին աստիճանաբար կյաջորդի հեռաւոր և ոչ հեռու անցեալի տարաձայնութիւնների յաղթահարումը:
Տարբեր նշաններ վկայում են այն մասին, որ Չինաստանը աւելի ու աւելի մեծ ուշադրութիւն է դարձնում միջազգային հարթակում Սուրբ Աթոռի կողմից իրականացուող «մեղմ իշխանութեանը»: Չինաստանում պատմութիւնը շարունակում է իր հունով ընթանալ և նրանք, ովքեր Եկեղեցում յատուկ պատասխանատուութիւն ունեն՝ պէտք է ճիշտ կողմնորոշուելու ընդունակութիւն դրսևորեն: Ահա թէ ինչու, երկխօսութիւնը, որ աւելի քան քառորդ դար է՝ ինչ Սուրբ Աթոռը նախաձեռնել է Չինաստանի իշխանութիւնների հետ, իսկական հովուական պարտականութիւն է դարձել նրանց համար, ովքեր տարուած են ժամանակների նշանները մեկնաբանելով և պատմութեան մէջ Աստծոյ ներկայութիւնն ընդունելով:

Vatican News կայքէն թարգմանեց Հրանուշ Սարգսյանը
 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

14/05/2018, 12:08