Որոնել

 «La Terra Santa» պարբերաթերթի 100ամեակ «La Terra Santa» պարբերաթերթի 100ամեակ 

Պապի ողջոյնի խօսքը «La Terra Santa» պարբերաթերթի հարիւրամեակի առիթով

Սուրբ Երկրի Պահակութեան հաղորդակցութեան յարգելի գործիչներ, դուք կոչուած էք ճանաչելի դարձնելու այն, ինչ Աստծոյ Խօսքի վերաբերեալ Սինոդը (2008), ապա Պենետիկտոս ԺԶ Պապն անուանեցին «Հինգերորդ Աւետարան», այսինքն՝ այն Երկիրը, որտեղ փրկագործութեան պատմութիւնն ու աշխարհագրութիւնը հանդիպում և թոյլ են տալիս նորովի ընթերցել աստուածաշնչական, մասնաւորապէս՝ Աւետարանի խօսքերը․ Ֆրանչիսկոս Պապ
Ունկնդրէ լուրը

Վատիկան նիուզ – Հայկական բաժին

Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը այսօր՝ յունուարի 17-ին ընդունել և ողջունել է Սուրբ Երկրի Պահակութեան հաղորդակցութեան գործիչներին՝ «La Terra Santa» (Սուրբ երկիրը) պարբերաթերթի հիմնադրման 100-ամեակի առիթով, ասելով․ «Ծառայութիւնը, որը դուք իրականացնում էք այսօր, համահունչ է հաղորդակցական ներիմացմանը, որն առաջնորդել է Պահակ Ֆերտինանտօ Տիոդալևիին հարիւր տարի առաջ և կայանում է, ինչպէս վերջինս է բնութագրել ամսագրի առաջին համարում, «Սուրբ Երկիրը, Աստծոյ Երկիրը, Քրիստոնէութեան բնօրրանը, պատկառելի սրբավայրերը, ուր իրականացուել է մարդկային սերնդի փրկագործութիւնը, առաւել ճանաչելի դարձնելու» մէջ»:

Պապը նշել է, որ Սուրբ Երկիրը ճանաչելի դարձնել նշանակում է փոխանցել «Հինգերորդ Աւետարանը», այսինքն՝ «պատմական և աշխարհագրական միջավայրը, որտեղ Աստծոյ Խօսքը յայտնուեց և յետոյ մարմին դարձաւ Յիսուս Նազովրեցիի մէջ, մեզ և մեր փրկութեան համար»: Դա նաև նշանակում է ճանաչելի դարձնել այսօր այնտեղ ապրող մարդկանց, տարբեր եկեղեցիների և տարբեր դաւանանքների քրիստոնեաների, ինչպէս նաև հրեաների և մահմեդականների կեանքը՝ Մերձաւոր Արևելքի նման բարդ և դժուարին համատեքստում՝ եղբայրական հասարակութիւն կառուցելու համար։

Հասարակական ցանցերի ժամանակաշրջանում հաղորդակցութիւնը պէտք է ստեղծի եղբայրութիւն

Սրբազան Պապը նկատել է տուել, որ «հասարակական ցանցերի ժամանակաշրջանում հաղորդակցութիւնը պէտք է օգնի ստեղծելու համայնքներ, կամ աւելի ճիշտ՝ եղբայրութիւն» (տես՝ 2019թ. Հաղորդակցութեան համաշխարհային օրուայ ուղերձը) և խրախուսի պատմելու հնարաւոր այնպիսի եղբայրութեան մասին, ինչպիսին Սուրբ Երկրում անձամբ է հնարաւորութիւն ունեցել տեսնելու, պատմելու Աբրահամի բոլոր զաւակների, հրեաների, քրիստոնեաների և մահմեդականների միջև հնարաւոր եղբայրութիւնը: Պատմելու եկեղեցական եղբայրութեան մասին, ուր դռները բաց են գաղթականների, տեղահանուածների և փախստականների առջև:

Հաղորդակցման ժամանակ կարևոր է անձնական փորձը

Ֆրանչիսկոսը շնորհակալութիւն է յայտնել Պահակութեան հաղորդակցութեան գործիչներին, ովքեր ձգտում են հանդիպել մարդկանց՝ անկախ նրանց ապրելավայրից և տեսակից, չեն սահմանափակւում միայն խաղաղ տարածքներով, այցելում են ամենադժուար և տառապող իրողութիւնները, ինչպիսիք են Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը և Գազայի հատուածը, փորձում ներկայացնել բարու, պատերազմի չարիքին դիմադրութեան, հաշտութեան, մանկութիւնից խլուած երեխաների արժանապատուութիւնը վերականգնելու, փախստականների ողբերգական պատմութիւնները, բայց նաև նրանց երազանքների ու յոյսերի պատմութիւնները։

«Իսկապէս, շարունակել է Պապը, որոշակի իրականութեան հաղորդակցման ժամանակ ոչինչ չի կարող ամբողջութեամբ փոխարինել անձնական փորձին»։ Յիսուսի գրաւչութիւնը «կախուած էր նրա քարոզի ճշմարտութիւնից, բայց նրա ասածի արդիւնաւէտութիւնը անբաժանելի էր նրա հայեացքից, նրա վերաբերմունքից և նոյնիսկ լռութիւնից: Աշակերտները ոչ միայն լսում էին նրա խօսքերը, այլեւ դիտում էին նրա ելոյթը: Իրականում նրա մէջ՝ մարմնաւոր Խօսքի մէջ, Բանը դարձաւ Դէմք, անտեսանելի Աստուած թոյլ տուեց իրեն տեսնել, զգալ և շօշափել […] (հմմտ. Ա Յովհ. 1:1-3)»:

Հաղորդակցութեան միջոցները հնարաւորութիւնն են տալիս հարստացնելու հաւատը

Սրբազան Պապը շեշտել է, որ հաղորդակցութեան միջոցները հնարաւորութիւն են տալիս հարստացնելու շատերի հաւատը, ովքեր սուրբ վայրեր ուխտագնացութիւն կատարելու հնարաւորութիւնն չունեն։ Նա ասել է նաև, որ աշխարհի հաւատացեալների համար շատ թանկ է հաղորդակցութեան գործիչների Աւետարանին ծառայելու յանձնառութիւնը և խնդրել տուն վերադառնալիս իր ողջոյններն ու օրհնութիւնները փոխանցեն Սուրբ Երկրի ընտանիքներին և քրիստոնէական համայնքներին։

Աւարտին Ֆրանչիսկոսն իր օրհնութիւնն է բաշխել բոլորին և խնդրել Սուրբ Երկրից աղօթել նաև իր համար:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/01/2022, 12:35