Որոնել

 Ֆրանչիսկոս Պապը Քրիզոսթոմոս Բ.ի հետ Ֆրանչիսկոս Պապը Քրիզոսթոմոս Բ.ի հետ

Մենք սերում ենք միևնոյն առաքելական բոցից և միայն մէկ ճանապարհ է մեզ կապում՝ Աւետարանի ճանապարհը. Ֆրանչիսկոս Պապ

Սրբազան Քահանայապետը հանդիպել է Կիպրոսի Առաջնորդ Արքեպիսկոպոսին և Սուրբ Սինոդին. Չնայած մեր յարաբերութիւնների ոլորտում պատմութեան բացած լայն ակօսներին Սուրբ Հոգու ցանկութիւնն է, որ խոնարհութեամբ և յարգանքով աւելի մօտենանք, որ չյանձնուենք անցեալի բաժանումներին և միասին մշակենք Արքայութեան արտը՝ համբերութեամբ, աշխատասիրութեամբ և առարկայական կերպով։ Ժամանակի ընթացքում համատեղ աշխատանքը կբերի ներդաշնակութիւն և արդիւնաւէտութիւն:
Ունկնդրէ լուրը

Վատիկան նիուզ – Հայկական բաժին

Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը Կիպրոս առաքելական այցելութեան շրջանակներում քաղաքավարութեան այց է կատարել Կիպրոսի Յոյն Ուղղափառ Եկեղեցու Առաջնորդ Արքեպիսկոպոս Քրիսոստոմոս Բ-ին՝ Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու Արքեպիսկոպոսական նստավայրում, որին հետևել է Սուրբ Սինոդի հետ հանդիպումը՝ Նիկոսիայի Ուղղափառ Տաճարում:

Սուրբ Սինոդի հետ հանդիպմանը ունեցած ելոյթում Սրբազան Քահանայապետը իր երախտագիտութիւնն է յայտնել ջերմ ընդունելութեան համար և նշել, որ իր ներկայութիւնն այնտեղ մտաբերել է տալիս իրենց ընդհանուր առաքելական ծագումը և թէ ինչպէս է Պօղոսն անցնում Կիպրոսով և յետոյ հասնում Հռոմ: Այդպիսով սերելով նոյն առաքելական բոցից՝ մեզ կապում է միայն մէկ ճանապարհ՝ Աւետարանի ճանապարհը, շարունակել է Պապը և աւելացրել, որ կցանկանար այդ ճանապարհը միասին անցնել՝ աւելի մեծ եղբայրութիւն և լիարժէք միասնութիւն որոնելիս:

Ֆրանչիսկոսը այդ ենթատեքստում անդրադարձել է Սուրբ Բառնաբասին և շեշտել, որ որոշ նկատառումներ կարող են առաջնորդել այդ միասնական ճանապարհին:

Մխիթարութիւնը և քաջալերութիւնը որպէս Աւետարանի հռչակման անփոխարինելի երկու յատկանիշ

«Յովսէս, որ առաքեալներէն Բառնաբաս մականուանուեցաւ» (Գործք Առաքելոց 4.36): Այսպէս է նա ներկայացուած Գործք Առաքելոցում, նշել է Պապը, ապա շարունակել, որ Բառնաբաս մականունը, որով նրան ճանաչում ենք նշանակում է միաժամանակ և «մխիթարութեան որդի» և «քաջալերութեան որդի»։ Ֆրանչիսկոսը ընդգծել է, որ Աւետարանի հռչակման համար անփոխարինելի այդ երկու յատկանիշներն էլ հիմնուած են նրա կերպարի վրայ, ինչը նշանակում է, որ իսկական մխիթարութեանը չի կարող մտերմիկ տիրոյթում թողնել, այլ այն պէտք է վերածուի ազատութիւնը դէպի բարին կողմնորոշող քաջալերանքի։ Միևնոյն ժամանակ, հաւատքով իւրաքանչիւր քաջալերանք կարող է հիմնուած լինել միայն Աստծոյ մխիթարական ներկայութեան վրայ և ուղեկցուել եղբայրական գթութեամբ:

Մխիթարութեան որդի Բառնաբասը, ընդգծել է նաև Սրբազան Քահանայապետը, քաջալերում է մեզ՝ իր եղբայրներին, ստանձնել Աւետարանը մարդկանց հասցնելու առաքելութիւնը և մեզ հասկացնում, որ աւետումը չի կարող հիմնուած լինել միայն ընդհանուր յորդորների կամ նորմերի վրայ: Այն պէտք է գնա անձնական հանդիպման ճանապարհով, ուշադրութիւն դարձնի մարդկանց հարցերին, նրանց գոյութենական կարիքներին։ Նա նաև աւելացրել է, որ կաթողիկէները գնում են դէպի նպատակ ՝ ցանկանալով վերագտնել եկեղեցու սիւնհոդոսական չափանիշը: Այդ առումով Սրբազան Պապը շեշտել է, որ առաւել արդիւնաւէտ առաջընթացի համար կարող է օգտակար լինել նաև Ուղղափառ Եկեղեցու սիւնհոդոսական փորձը: Պապն անկեղծ յոյսն է արտայայտել, որ այդ պարագայում կաւելանան միմեանց հետ հանդիպելու, միմեանց աւելի լաւ ճանաչելու, բազմաթիւ նախապաշարմունքներ կոտրելու և մեր համապատասխան հաւատքի փորձառութիւնները հնազանդօրէն լսելու հնարաւորութիւնները: Դա իւրաքանչիւրի համար աւելի լաւ գործելու քաջալերանք կլինի և կբերի մխիթարութեան և՛ հոգևոր պտուղ: Պօղոս Առաքեալը, որից մենք սերում ենք, յաճախ էր խօսում մխիթարութեան մասին, և հաճելի է պատկերացնել, որ մխիթարութեան որդին՝ Բառնաբասը նրա որոշ խօսքերի ոգեշնչողն էր:

Մի կողմ թողնենք վերացական տեսութիւնները և կողք կողքի աշխատենք

«Ղեւտացի, ծնունդով Կիպրացի» (Գործք Առաքելոց 4:36): Սա Սուրբ Բառնաբասի երկրորդ յատկանիշն է, որը ներկայացւում է Առաքեալների Գործք Առաքելոցում, շեշտել է Ֆրանչիկոսը, այն չի պարունակում նկարագրական մանրամասներ նրա արտաքինի, անձի մասին, այլ Բառնաբասին ուղղակիօրէն ներկայացնում է իր արարքի միջոցով. «Նա մի արտ ունէր, ծախեց եւ գինը բերաւ առաքեալների ոտների մօտ դրաւ» (հ. 37): Այս հոյակապ արարքը հուշում է, որ հաղորդութեան և առաքելութեան մէջ ինքներս մեզ աշխուժացնելու համար մեզ անհրաժեշտ է նաև քաջութիւն՝ մերկանալու այն, ինչ թէև թանկ է, բայց երկրային է, որպէսզի նպաստենք միասնութեան լիութեանը:

Սրբազան Քահանայապետը նկատել է, որ չնայած եկեղեցիների միջև յարաբերութիւնների ոլորտում պատմութեան բացած լայն ակօսներին Սուրբ Հոգու ցանկութիւնն է, որ խոնարհութեամբ և յարգանքով աւելի մօտենանք, որ չյանձնուենք անցեալի բաժանումներին և միասին մշակենք Արքայութեան արտը՝ համբերութեամբ, աշխատասիրութեամբ և առարկայական կերպով։ Որովհետև եթէ մի կողմ թողնենք վերացական տեսութիւնները և կողք կողքի աշխատենք, օրինակ՝ գթասրտութեան, կրթութեան, մարդկային արժանապատւութեան խթանման գործում, մենք մեր մէջ կվերագտնենք եղբօրը և հաղորդութիւնը ինքնին կհասունանայ՝ ի փառս Աստծոյ։ Իւրաքանչիւրը կպահպանի իր ուղին ու ոճը, բայց ժամանակի ընթացքում համատեղ աշխատանքը կբերի ներդաշնակութիւն և արդիւնաւէտութիւն:

Ֆրանչիսկոսը, որպէս նման հնարաւորութեան վառ օրինակ, յղում է կատարել Կիպրոսի «Tuttasanta della Città d’oro» եկեղեցուն: Panaghia Chrysopolitissa-ին նուիրուած տաճարն այսօր տարբեր քրիստոնէական դաւանանքների պաշտամունքի վայր է՝ սիրուած բնակչութեան կողմից: Ուստի դա հաւատքի և կեանքի հաղորդութեան նշան է: Համալիրի ներսում է պահւում նաև այն սիւնը, որտեղ, ըստ աւանդոյթի, Սուրբ Պօղոսը մտրակի երեսունինը հարուած է կրել: Առաքելութիւնը, ինչպէս հաղորդութիւնը, միշտ անցնում է զոհաբերութիւնների և փորձութիւնների միջով:

Առաքելութիւնը միշտ անցնում է փորձութիւնների միջով

Բառնաբասի կերպարի երրորդ կողմը Պապը համարել է փորձութիւնը, որով նշանաւորել է նրա պատմութիւնը և Աւետարանի տարածման նախասկիզբը այդ տարածքներում: Պօղոսի և Մարկոսի հետ Կիպրոս վերադառնալիս նա այնտեղ գտնում է Եղիմաս անունը ստացած մի «կախարդ և սուտ մարգարէի» (Գործք Առաքելոց 13:6), ով չարութեամբ հակառակուում էր նրանց՝ փորձելով խեղաթիւրել Տիրոջ ուղիղ ճանապարհները: Ֆրանչիսկոսը այս օրինակի վրայ ընդգծել է, որ այսօր էլ չեն պակասում կեղծիքներն ու խաբէութիւնները, որոնք անցեալը դնում է մեր առջև, ինչը խոչընդոտում է ճանապարհը։ Դարերի բաժանումն ու հեռաւորութիւնները ստիպել են իւրացնել, նոյնիսկ ակամայից, թշնամական նախապաշարմունքներ, որոնք յաճախ հիմնուած են յարձակողական և վիճելի գրականութեան միջոցով տարածում գտած սակաւ և խեղաթիւրուած տեղեկատւութեան վրայ: Բայց այս ամենը խեղաթիւրում է Աստծոյ ճանապարհը, որն ուղղուած է ներդաշնակութեանն ու միութեանը, ասել է Սրբազան Քահանայապետը:

Կիպրոսը կամուրջ՝ Արևելքի և Արևմուտքի միջև

Պապը եզրափակել է ասելով, որ Սրբերի բարեխօսութեամբ Տիրոջից խնդրում ենք իմաստութիւն և քաջութիւն՝ հետևելու նրա, ոչ թէ մեր ճանապարհներին: դա։ Տասնհինգերորդ դարի մատենագիր Լեոնտիոս Մաչայրասը, շարունակել է Ֆրանչիսկոսը, Կիպրոսը սահմանել է «Սուրբ կղզի», քանի որ դարերի ընթացքում այդ տարածքները ճանաչել են մեծաքանակ նահատակներ ու երանելիներ, ովքեր միաւորուած երկնային մէկ Եկեղեցու շուրջ հրաւիրում են Կիպրոսը կամուրջ դարձնել Արևելքի և Արևմուտքի միջև, կամուրջ Երկնքի և երկրի միջև: Թող այդպէս լինի, ի փառս Ամենասուրբ Երրորդութեան, ի բարօրութիւն մեր և բոլորի:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/12/2021, 09:19