Որոնել

Ֆրանչիսկոս. Ցաւալի է քաղաքական նկատառումների գերակայումը մարդու արժանապատւութեան վտանգման հաշուին

Պապի ուղերձը Գաղթականութեան միջազգային կազմակերպութեան 70-ամեակի կապակցութեամբ. Գաղթականութիւնը միայն գաղթականների մասին պատմութիւն չէ, այլև անհաւասարութեան, յուսահատութեան, շրջակայ միջավայրի վատթարացման, կլիմայի փոփոխութեան, և նաև երազանքների, քաջութեան, արտասահմանում սովորելու, ընտանիքի վերամիաւորման, նոր հնարաւորութիւնների, անվտանգութեան և պաշտպանութեան և ծանր, բայց արժանապատիւ աշխատանքի:

Վատիկան նիուզ – Հայկական բաժին

Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը Գաղթականութեան միջազգային կազմակերպութեան հիմնադրման 70-ամեակի կապակցութեամբ հանդէս է եկել ուղերձով, որուն ընթերցումը կատարել է Վատիկանի Պետական քարտուղար Կարդինալ Փիեթրօ Փարոլինը: Պապը նշել է, որ Կազմակերպութեան այդ կարևոր յոբելեանը առիթ է ընձեռում նորոգելու բոլորիս տեսլականը և պարտատրուածութիւնը գաղթականութեան երևոյթին արժանի պատասխան տալու միջոցով: Ֆրանչիսկոսն ընդգծել է, որ «Պենետիկտոս ԻԶ Պապի որոշմամբ, Սուրբ Աթոռը, իր բնոյթին, սկզբունքներին և նորմերին համապատասխան, դարձել է այս Կազմակերպութեան անդամ պետութիւն»։

Պէտք է զերծ մնալ այսօրեայ սովորական դարձած գայթակղութիւններից, որն է՝ ազատուել այն ամենից ինչ նեղութիւն է պատճառում

Գաղթականների խնդիրն իրականում մեզ բոլորիս է վերաբերում և դրան պատասխան տալը պահանջում է մարդկային մեծ զգայունութիւն, արդարութիւն և եղբայրութիւն և հակառակը՝ պէտք է զերծ մնալ այսօրեայ սովորական դարձած գայթակղութիւններից, որն է՝ ազատուել այն ամենից ինչ նեղութիւն է պատճառում. «Դա ճիշտ այն «դեն նետելու մշակոյթն» է, որից բազմիցս բողոքել եմ», ասել է Պապը:

Սրբազան Քահանայապետը նշել է, որ հիմնական կրօնական աւանդոյթները՝ ներառեալ քրիստոնէութիւնը յորդորում են միւսների հետ վարուել այնպէս ինչպէս կցանկանայինք, որ մեզ հետ վարուէին և սիրել դիմացինին ինչպէս ինքներս մեզ: Բայց կան նաև կրօնական ուսուցումներ, որոնք էլ աւելի են առաջ գնում և շեշտում օտարների հանդէպ հիւրասիրութիւնը, քանի որ «նորանով ոմանք առանց գիտենալու հրեշտակներ ընդունեցին» (Եբրայեցիս 13:2), ասել է Ֆրանչիսկոսը:

Անընդունելի է մարդկային կարիքների և արժանապատւութեան նկատմամբ տնտեսական շահերի գերակայութիւնը

Ֆրաչիսկոսը նկատել է, որ մարդկային կարիքների և արժանապատւութեան նկատմամբ տնտեսական շահերի գերակայութիւնը հանգեցրել է գաղթականների նկատմամբ երկակի վերաբերմունքի՝ մի կողմից անհերքելի են այն օգուտները, որ նրանք, որպէս լրացուցիչ աշխատուժ բերում են միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շուկաներ, որտեղ դրա պակասը կայ, միւս կողմից գաղթականը հիմնականում դժգոհ վերաբերմունքի է արժանանում իրեն հիւրընկալող շատ համայնքների կողմից:

Պապը, սակայն, առաւել ցաւալի է համարում քաղաքական նկատառումների գերակայումը մարդու արժանապատւութեան վտանգման հաշուին, երբ նրանց տառապանքն ու յուսահատութիւնը օգտագործւում են քաղաքական օրակարգերը առաջ տանելու կամ պաշտպանելու համար, երբ նրանք աւելի ու աւելի յաճախ են դառնում սակարկութեան առարկայ և քաղաքական մրցակցութեան զոհ:

Գործել այնպէս, որպէսզի գաղթականութիւնը դառնայ ընտրութիւն և ոչ թէ յուսահատ անհրաժեշտութիւն

Ֆրանչիսկոսն առիթն օգտագործելով ուշադրութիւնը հրաւիրել է որոշ նկատառումների վրայ.

1. Շուտափոյթ կերպով գտնել արժանավայել ուղիներ: Որքան շատ լինեն օրինական ճանապարհներ, այնքան քիչ կլինի գաղթականներին մարդկանց առուտուրի, շահագործման, չարաշահումների յանցաւոր ցանցի մէջ ներգրաւելու հաւանականութիւնը:

2. Կարևոր է գաղթականների ընդելուզումը: Այն ենթադրում է երկկողմանի գործընթաց. առաջին հերթին փոխճանաչողութիւն՝ ընդունող երկրների օրէնսդրութեան և մշակոյթների նկատմամբ յարգանքի վրայ, և երկրորդ՝ փոխհարստացում:

3. Գաղթականի ընտանիքը ընդհանրական աշխարհի համայնքի հիմնարար բաղկացուցիչ է, սակայն շատ երկրների իրաւական խոչընդոտների պատճառով գաղթականը զրկւում է ընտանեկան կեանքի առաւելութիւններից և ստիպուած է լինում ընտրութիւն կատարել՝ սեփական ընտանիքը կերակրելու համար միայնակ գաղթելու և ծագման երկրում արժանապատւօրեն մնալու հիմնարար իրաւունքից օգտուելու միջև:

4. Հրատապ է, որպէսզի Միջազգային հանրութիւնը ջանքեր գործադրի «աւելի լաւ տնտեսական և սոցիալական պայմաններ ստեղծելու համար, որպէսզի արտագաղթը չդառնայ միակ տարբերակը» և գործի այնպէս, որպէսզի գաղթականութիւնը դառնայ ընտրութիւն և ոչ թէ յուսահատ անհրաժեշտութիւն:

Խօսքը վիճակագրութեան մասին չէ, այլ իրական մարդկանց, որոնց կեանքը վտանգուած է

Ի վերջոյ, գաղթականութիւնը, եզրայանգել է Պապը, միայն գաղթականների մասին պատմութիւն չէ, այլ անհաւասարութեան, յուսահատութեան, շրջակայ միջավայրի վատթարացման, կլիմայի փոփոխութեան, և նաև երազանքների, քաջութեան, արտասահմանում սովորելու, ընտանիքի վերամիաւորման, նոր հնարաւորութիւնների, անվտանգութեան և պաշտպանութեան և ծանր, բայց արժանապատիւ աշխատանքի:

Ֆրանչիսկոսն աւարտել է ասելով, որ, գաղթականների տեղաշարժներին համարժէք ընդհանրական կառավարումը և մարդկային համապարփակ զարգացումը կարող են հեռուն գնացող նպատակներ թուալ: Այնուամենայնիւ երբեք չպէտք է մոռանալ, որ խօսքը վիճակագրութեան մասին չէ, այլ իրական մարդկանց, որոնց կեանքը վտանգուած է։ Կաթողիկէ եկեղեցին և նրա հաստատութիւնները կշարունակեն իրենց առաքելութիւնը՝ ընդունելու, պաշտպանելու, խթանելու և ընդելուզելու տեղաշարժման մեջ գտնուող մարդկանց:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/11/2021, 15:25