Ֆրանչիսկոս Պապ. Համարձակութիւնը, յոյսը, ստեղծարարութիւնը և քաջութիւնը բառեր են, որոնք ուրուագծում են քրիստոնեայի հոգևորութիւնը
Վատիկան նիուզ – Հայկական բաժին
Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի՝ լսատեսողական կապի միջոցով արուած, ողջոյնի խօսքով Վերոնայում բացուել է Եկեղեցու ընկերային վարդապետութեան «Համարձակ՝ յոյսի մէջ – Ստեղծարար՝ քաջութեամբ» խորագրով 11-րդ փառատօնը:
Իր ուղերձում Սրբազան Քահանայապետն ընդգծել է, որ թեման համադրական կերպով բնորոշում է այն մօտեցումը, որով դիմագրաւել ենք համավարակով պայմանաւորուած մեր ժամանակները:
Համարձակութիւնը, յոյսը, ստեղծարարութիւնը, քաջութիւնը հոմանիշներ չեն, այլ մարդու հոգին ամրապնդող մտադրութիւններ, առաքինութիւններ ու հայեացքներ, ասել է Պապը:
Մատթէոսի Աւետարանում պատմուած տաղանդների առակը
Ֆրանչիսկոսը ընդարձակելով իր միտքը՝ յիշեցրել է Մատթէոսի Աւետարանում պատմուած տաղանդների առակը. «Հինգ տաղանդ ստացողը իսկոյն գնաց, գործի մէջ դրեց դրանք և հինգ տաղանդ ևս շահեց» (25:14-30), որն ամփոփում է, որ իւրաքանչիւրը կդատուի կատարած ողորմութեան համեմատ (Մատթ. 25,31-46): Տաղանդների մասին այդ առակը Պապը բնութագրել է որպէս «Յիսուսի ծրագրային ելոյթ ճիշտ այն համարձակութեան մասին, որն անհրաժեշտ է քրիստոնեայ լինելու համար»:
Նա բացատրել է, որ «արտաքուստ բարեպաշտական և ճակատագրապաշտական» ցանկացած դրսևորումների դէմ՝ Յիսուսը հրաւիրում է բազմութեանը քաջութեամբ գործի մէջ դնել իրենց դրամները: Կարևոր չէ, թէ ով որքան ունի։ Յիսուսը յորդորում է ներդնել դրանք՝ բազմապատկելու համար: Երբ ներանձնանում ենք և փորձում պահպանել եղածը, Աւետարանի համար մենք պարտուող ենք, քանի որ այդ մնացած քիչն էլ մեզնից կվերցուի, ընդգծել է Ֆրանչիսկոսը և ասել, որ համարձակութիւնը, յոյսը, ստեղծարարութիւնը և քաջութիւնը բառեր են, որոնք ուրուագծում են քրիստոնեայի հոգևորութիւնը, քանի որ «ով ունի, նրան աւելին կտրուի, և նա առատութեամբ կունենայ, իսկ ով չունի, նրա ունեցածն էլ կվերցուի նրանից» (Մատթ. 25:29):
Բոլորի կեանքերը միահիւսուած են
Ֆրանչիսկոսը անդրադարձել է «Fratelli tutti» իր շրջաբերականին, ուր նա ընդգծել էր, թէ ինչպէս է համավարակը գիտակցել տալիս, որ բոլորի կեանքերը միահիւսուած են և որ դրանց պահապանները սովորական մարդիկ են՝ բուժաշխատողներ, վաճառատների աշխատողներ, տնային տնտեսուհիներ, խնամողներ, փոխադրողներ, կամաւորներ, քահանաներ, կրօնաւորներ… Տղամարդիկ ու կանայք, ովքեր հասկացել են, որ ոչ ոք միայնակ չի փրկւում (Fratelli tutti 54): Դրանք են առակում նկարագրուած տաղանդները, որոնք արդիւնք են տուել... Դա է այն յոյսը, որը համարձակութեամբ և քաջութեամբ աջակցում և ուղղորդում է ստեղծարարութիւնը, շեշտել է Պապը և, ի հետևութիւն, նորոգել միասին քայլելու հրաւէրը՝ կրկին յորդորելով դուրս գալ հորիզոնը սահմանափակող անձնական յարմարաւէտութիւններից:
Յոյս ունենալը Քահանայապետը նմանեցրել է «միւս ափին խարիսխ նետելուն»: Դա համարձակութիւն է, որը նոր գործողութիւններ է ներշնչում, ուղղորդում հմտութիւնները, խթանում նուիրուածութիւնը, կեանք տալիս: Յոյս ունեցողները գիտեն, որ իրենք ուրիշների կողմից կերտած և իրենց նուէր արուած պատմութեան մի մասն են, ինչպէս տաղանդների առակում: Գիտեն, որ այդ նուէրը պէտք է պտղաբեր դարձնեն։
Ուր էլ որ լինես, կառուցի՛ր փոփոխութիւն
Աւարտին Քահանայապետը խօսքն ուղղելով Վերոնայի Փառատօնին ներկայ տարբեր իրականութիւնների ներկայացուցիչներին՝ խրախուսել է նրանց շարունակել նոյն ուղիով առաջ ընթանալ՝ հետևելով ընթացիկ փառատօնի՝ «Ուր էլ որ լինես, կառուցի՛ր փոփոխութիւն» կարգախօսին:
«Թող Տէրը օրհնի ձեզ, Աստուածամայրը պահպանի ձեզ», եզրափակել է իր ողջոյնը Ֆրանչիսկոսը և խնդրել աղօթել իր համար: