Որոնել

 Ֆրանչիսկոս Պապ Ֆրանչիսկոս Պապ 

«Դարմանումը առանց գիտութեան ունայն է, ինչպէս որ գիտութիւնը առանց դարմանի անպտուղ է». Ֆրանչիսկոս Պապ

Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի խօսքը Campus Bio-Medico հիմնադրամին
Ունկնդրէ լուրը

Վատիկան նիուզ

Ֆրանչիսկոս Պապը հոկտեմբերի 18-ին ընդունել է Campus Bio-Medico հիմնադրամի ներկայացուցիչներին։ Նա շեշտել է, որ հանդիպման առաջարկը ընդունել է ի սրտէ և գիտակցելով, թէ որքան դժուար է աշխատանքը բժշկական բնագաւառում՝ յատկապէս այնպիսի բժշկական կենտրոնի համար, ուր ուշադրութիւնը չի կենտրոնանում զուտ բուժման գործընթացի վրայ, այլեւ անընդհատական կերպով համարժէք բուժումներ են փնտռուում հիւանդների համար և որ ամենակարևորն է դա արւում է անձի հանդէպ ցուցաբերած սիրով։

Անձը բուժման գործընթացի կենտրոնում

Պապը ընդգծել է բուժման գործընթացի կենտրոնում անձին, նրա պատմութիւնը, ապրած կեանքը ճանաչելու, նրա հետ ընկերական յարաբերութիւններ հաստատելու կարևորութիւնը, որոնք մարդու սիրտն են բուժում․ «Մարդու հանդէպ սերը, յատկապէս երբ նա փխրուն է, որի մէջ արտացոլւում է Յիսուս Քրիստոսի խաչելութեան կերպարը, յատուկ է քրիստոնէական իրականութեանը և երբեք չպէտք է կորչի», ասել է Ֆրանչիսկոսը, ապա շարունակել․ «Իւրաքանչիւր առողջապահական հաստատութիւն, յատկապէս քրիստոնէական ոգեշնչմամբ, պէտք է լինի վայր, որի մասին կարելի լինի ասել. «Այստեղ դուք չէք տեսնում միայն բժիշկներին և հիւանդներին, այլ մարդկանց, ովքեր հիւրընկալում և օգնում են միմեանց՝ որտեղ հնարաւոր է շօշափել մարդկային արժանապատւութեան խնամատարութիւնը»:

Զուգորդել խնամատարութիւնը և գիտութիւնը, շահոյթը չգերադասել հիւանդի կարիքներից

Սրբազան Քահանայապետի ասել է նաև, որ անձի հանդէպ խնամքը զուգորդելով գիտութեան և հետազօտութեան հետ է, որ բժշկութիւնը դառնում է գլուխն ու սիրտը, գիտելիքն ու կարեկցանքը, արուեստագործութիւնը ու բարեպաշտութիւնը, իրաւասութիւնն ու գթութիւնը դարձնող արուեստ․ «Որովհետեւ դարմանումը առանց գիտութեան ունայն է, ինչպէս որ գիտութիւնը առանց դարմանի անպտուղ է», շարունակել է Սրբազան Քահանայապետը և զգուշացրել հեռու մնալ շահոյթի ուղիների գայթակղութիւններից և չմոռանալ, որ մինչ վաստակելու հնարաւորութիւնները կան հիւանդների կարիքները։

Քայլել միասին, փոխանակել գիտական ձեռքբերումները

Պապն այնուհետև շեշտել է միասին քայլելու՝ գիտական ձեռքբերումները, իրաւասութիւնները և գիտելիքները միմեանց հետ փոխանակելու նշանակութիւնը․ «Համաճարակը մեզ ցոյց տուեց կապի, համագործակցութեան, ընդհանուր խնդիրների միասին լուծման կարևորութիւնը: Առողջապահութիւնը, յատկապէս կաթողիկէն, ունի և գնալով կունենայ առ ցանց լինելու կարիքը:» Այս ենթատեքստում Ֆրանչիսկոսը որպէս օրինակ անդրադարձել է պատուաստանիւթի թեմային, ասելով, որ պէտք է պակաս ունևոր երկրներին օգնել հեռատեսական ծրագրերով, այլ ոչ թէ հարուստ երկրներին յատուկ շտապողականութեամբ։ Հիմնաւոր բուժումը պահանջում է խթանել գիտութիւնը հասկանալ համատեքստները, զարգացնել առողջապահական մշակոյթը․ «Դա հեշտ չէ, դա իսկական առաքելութիւն է, և ես հոյս ունեմ, որ կաթողիկէ առողջապահութիւնն այս իմաստով աւելի կաշխուժանայ՝ որպէս բաց և դէպի դուրս Եկեղեցի»:

Աւարտին Սրբազան Քահանայապետը երախտագիտութիւն յայտնելով բուժական անձնակազմին իրենց քաջալերել է շարունակելու հանրօգուտ աշխատանքն այդ ուղղութեամբ, տալով նրանց իր օրհնութիւնը։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/10/2021, 12:40