Որոնել

Սլովաքցի երիտասրադներ Սլովաքցի երիտասրադներ 

Սրբազան Քահանայապետի ուղերձը Երիտասարդութեան ԼԶ համաշխարհային օրուայ կապակցութեամբ։

"Վեր կաց! Քեզ վկայ եմ լինելու այն բաներին որ դու տեսար»(հմմտ. Գործք 26:16)
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Սրբազան Քահանայապետը Երիտասարդութեան XXXVI համաշխարհային օրուայ կապակցութեամբ երիտասարդներին դիմած ուղերձում ասել է, որ անցեալ տարի, նախքան համավարակի տարածուելը, ստորագրել է մի ուղերձ  որի թեման էր «Երիտասարդ, քեզ եմ ասում՝ վեր կաց»: (հմմտ. Ղուկաս 7:14): «Իր նախախնամութեամբ Տէրն արդեն ուզում էր պատրաստել մեզ այն դժուարին մարտահրաւէրի համար, որը մենք պատրաստւում էինք ապրել»։

Սրբազան Քահանայապետը թուարկել է Քորոնա համավարակի բացասական ազդեցութիւնները՝ սիրելիների կորստին և սոցիալական մեկուսացման տառապանքին դիմակայելը, տանը ստիպած մնալու արդիւնքում ապակողմնորոշումը, ընտանեկան խնդիրները, կուտակուած հոգեճնշումը, լարուածութիւն ու զայրոյթի պոռթկումները, բռնութեան աճը:

«Բայց փառք Աստծոյ, սա մեդալի միակ կողմը չէ», աւելացրել է Պապը և նշել, որ համավարակը մեր թուլութիւնների հետ մէկտեղ, բացայայտել է մեր առաքինութիւնները, ներառեալ համերաշխութեան նախատրամադրուածութիւնը: Մասնաւորապէս երիտասարդները հսկայական դեր են ունեցել կեանքի համար պայքարելու և յոյս սերմանելու, ազատութիւնն ու արդարութիւնը պաշտպանելու գործում՝ հանդիսանալով խաղաղարարներ և կամուրջներ կառուցողներ:

«Երբ երիտասարդը ընկնում է, ինչ -որ իմաստով մարդկութիւնն է ընկնում: Բայց նաև ճիշտ է, որ երբ երիտասարդը ոտքի է կանգնում, կարծես ամբողջ աշխարհն է վեր ելնում», ասել է Ֆրանչիսկոսը։

Սրբազան Քահանայապետը յոյս է յայտնել, որ Աստծոյ «Վեր կաց» պատգամը կօգնի պատրաստուել նոր ժամանակների, մարդկութեան պատմութեան նոր էջի. Ինչը առանց երիտասարդների հնարաւոր չէ։ Աշխարհին անհրաժեշտ է նրանց ուժը, ոգևորութիւնը, կիրքը: Այս իմաստով Պապը հրաւիրել է խորհրդածել Առաքեալների գործերից այն հատուածի շուրջ, որում Յիսուսն ասում է Պօղոսին. Քեզ վկայ եմ լինելու այն բաներին որ դու տեսար»(հմմտ. Գործք 26:16) Վերը նշուած մէջբերումը, որը ոգեշնչել է 2021 թուականի Երիտասարդութեան համաշխարհային օրուայ թեման, վերցուած է Պօղոսի վկայութիւնից Ագրիպպաս թագաւորի առջև, երբ գտնւում էր բանտում: Նա, ով մի ժամանակ քրիստոնեաների թշնամին և հալածողն էր, այժմ դատւում է հենց Քրիստոսի հանդէպ ունեցած հաւատի համար:

Պօղոսը խոստովանում է, որ նախկինում նա հալածել էր քրիստոնեաներին, մինչև որ մի օր, երբ նրանցից ոմանց ձերբակալելու համար մեկնում էր Դամասկոս, մի լոյս փայլատակեց իր շուրջը և իր ճանապարհորդ ընկերներին (հմմտ Գործք 26:13), բայց միայն նա լսեց մի «ձայն». Յիսուսը խօսեց նրա հետ և դիմեց նրան անունով, որ իրեն ասում էր. «Սավու՜ղ, Սավու՜ղ, ինչու՞ ես հալածում ինձ»: Եւ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տէր»: Եւ ձայնն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես: Ոտքի կանգնիր և այդ քաղաքը մտիր, ու քեզ կասուի, թէ դու ինչ պէտք է անես»: 

Պօղոսը, ով օրէնքի խստապահանջօրէն կիրառողն էր, դառնում է «մարդկանց առաքեալը»: Աստուածային տրամաբանութիւնը կարող է վատագոյն հալածողին դարձնել մեծ վկայ: Քրիստոսի աշակերտը կոչուած է լինելու «աշխարհի լոյսը» (Մատթ. 5.14): Պօղոսը վկայում է այն, ինչ տեսել է, բայց այժմ նա կոյր է:

 

Ֆրանչիսկոսը Պապը Պօղոս առաքեալի կեանքի՝ մասնաւորապէս նրա դարձի դրուագների միջոցով երիտասարդներին է ներկայացնում այն խորհրդապաշտութիւնը, որով այսօրեայ երիտասարդը պէտք է առաջնորդուի աշխարհի խնդիրները դիմագրաւելիս։

 «Կանգնիր և վկայիր»:

Այսօր Քրիստոսի հրաւէրը Պօղոսին ուղղուած է ձեզանից յուրաքանչյուրին` երիտասարդներ. Դուք չէք կարող ընկած մնալ և «ինքներդ ձեզ խղճալ», կա առաքելութիւն, որն սպասում է ձեզ: Դուք նոյնպէս կարող էք ականատես լինել այն գործերին, որոնք Յիսուսը սկսել է անել քո  մէջ: Ուստի, Քրիստոսի անունով, ես ասում եմ ձեզ.

- Վեր կաց և ականատես եղիր որպէս կոյր մարդու, ով հանդիպել է լոյսին, տեսել Աստծոյ բարին և գեղեցկութիւնը իր մէջ, ուրիշների և Եկեղեցու հաղորդակցութեան մէջ, որը յաղթահարում է ամենայն միայնութիւն:

- Ոտքի կանգնիր և վկայիր այն սիրոյ և յարգանքի մասին, որը կարող է հաստատուել մարդկային յարաբերութիւններում, ընտանեկան կեանքում, ծնողների և երեխաների միջև երկխօսութեան մէջ, փոքրերի և ծերերի միջև:

- Ոտքի կանգնիր և տէր կանգնիր սոցիալական արդարութեանը, ճշմարտութեանը և ուղղամտութեանը, մարդու իրաւունքներին, հալածուածներին, աղքատներին և խոցելիներին, հասարակութեան մէջ ձայն չունեցողներին, գաղթականներին:

- Վե՛ր կաց և ականատես եղիր նոր հայեացքին, որը ստիպում է քեզ տեսնել հրաշքներով լի տիեզերքը, ստիպում է քեզ ճանաչել Երկիրը որպէս մեր ընդհանուր տուն և քաջութիւն է տալիս պաշտպանել բնութիւնը համապարփակ ձևով:

- Ոտքի կանգնիր և վկայիր, որ ձախողուած գոյութիւնները կարող են վերակառուցուել, որ հոգով արդեն մեռած մարդիկ կարող են յարութիւն առնել, որ ստրկացուած մարդիկ կարող են նորից ազատուել, որ տխրութիւնից ճնշուած սրտերը կարող են յոյս գտնել:

- Կանգնիր և ուրախութեամբ վկայիր, որ Քրիստոս ապրում է: Տարածիր նրա սիրոյ և փրկութեան ուղերձը քո հասակակիցների շրջանում, դպրոցում, համալսարանում, աշխատավայրում, թւային աշխարհում, ցանկացած վայրում:

Տէրը, Եկեղեցին, Հռոմի Պապը վստահում են ձեզ և ձեզ վկաներ են դարձնում բազմաթիւ այլ երիտասարդների, որոնց հանդիպում էք մեր ժամանակների «Դամասկոսի փողոցներում»: Մի մոռացէք. Իւրաքանչիւր քրիստոնեայ առաքեալ է այնքանով, որքանով հանդիպել է Աստծոյ սիրուն Յիսուս Քրիստոսում»(Առաքելական յորդոր Evangelii gaudium, 120):

Վերջում, Սրբազան Քահանայապետը հրաւիրում է երիտասարդներին մեծաթիւ կերպով մասնակցել եկող նոյեմբերի 21-ին ԵՀՕ-ի թեմական հանդիպումներին՝ Լիսաբոնում 2023-ի հանդիպմանն ընդառաջ։ «Յուսով եմ, որ մենք բոլորս կկարողանանք ապրել այս փուլերը որպէս իսկական ուխտաւորներ և ոչ թէ որպէս «հաւատքի զբօսաշրջիկներ»:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/09/2021, 14:00