Պահպանել եղբայրութիւնը Երկրի վրայ՝ առանց մեր տեսադաշտից դուրս մղելու Երկինքը Պահպանել եղբայրութիւնը Երկրի վրայ՝ առանց մեր տեսադաշտից դուրս մղելու Երկինքը 

Պահպանել եղբայրութիւնը Երկրի վրայ՝ առանց մեր տեսադաշտից դուրս մղելու Երկինքը

Սրբազան Քահանայապետի ուղերձը G20 միջ կրօնական ժողովին.

Վատիկան Նիուզ

Ֆրանչիսկոս Պապը Իտալիայի Պոլոնիայ քաղաքում անցկացուող G20 միջ կրօնական ժողովի առիթով հանդէս է եկել ուղերձով:

Պապն իր գոհունակութիւնն է յայտնել, որ կրօնական իշխանութիւնները, քաղաքական առաջնորդները և մշակոյթի աշխարհի ներկայացուցիչները համախմբուել են գաղափարների ու յոյսերի փոխանակման միջոցով և յաղթահարելով սեփական առանձնայատկութիւնները, ի նպաստ մարդու հիմնարար իրաւունքների, համայն մարդկութեան միասնութեան և հաշտութեան գործելաոճ որդեգրելու շուրջ:

Կրօնների դերը իսկապէս էական

«Այս հարցում կրօնների դերը իսկապէս էական է: Ես կցանկանայի կրկնել, որ եթէ ուզում ենք պահպանել եղբայրութիւնը Երկրի վրայ, «չենք կարող մեր տեսադաշտից դուրս մղել Երկինքը»: Պէտք է օգնենք միմեանց ազատելու սրբազան հորիզոնը բռնութեան և արմատականութեան մութ ամպերից», ասել է Պապը, շարունակելով, որ այն դեռ հեռաւոր երազ է թւում, եթէ հաշուի է առնւում, որ յաճախ է օգտագործում սրբութիւնը՝ բռնութիւն բռնկելու համար: Վերջին 40 տարում գրեթէ 3000 յարձակում և մօտ 5000 սպանութիւն է տեղի ունեցել տարբեր սրբատեղիներում: Նրանք, ովքեր հայհոյում են Աստծոյ Սուրբ անունը՝ հալածելով իրենց եղբայրներին, շատ հեշտութեամբ են ֆինանսական միջոցներ ստանում: Աւելին, նրանց հրկիզող քարոզը, ովքեր կեղծ աստծոյ անունով ատելութիւն են հրահրում, տարածւում է յաճախ անվերահսկելի ձևով:

Կրթութիւնը բռնութեան դէմ պայքարի միջոց

Սրբազան Քահանայապետը համոզմունք է յայտնել որ բռնութեանը հնարաւոր է հակազդել բոլոր մշակոյթներում առկայ կրօնական անգրագիտութիւնը վերացնելով, հասարակութիւնը կրթելով, քանի որ այնտեղ, որտեղ աղքատութիւնն ու տգիտութիւնը գերակշռում են, արմատական բռնութիւնն աւելի դիւրին է արմատաւորւում:

Մարդկային ընտանիքը պառակտել ցանկացող ատելութեանը հակադրուելու գործում Պապը կարևորել է նաև իւրաքանչիւր աղօթավայրում սպաննուածների մասին ընդհանուր յիշողութիւն հաստատելու առաջարկը և, յիշատակելով Աստուածաշնչական եղբայրասպանութիւնը, շեշտել է, որ պէտք է միասին պահպանել բռնութիւն կրած եղբայրների և քոյրերի ընդհանուր յիշատակը, օգնելով միմեանց բառերով և արարքներով:

Չկայ զինաթափում առանց քաջութեան, չկայ օգնութիւն, եթէ անհատոյց չէ, չկայ ներում առանց ճշմարտութեան

Հաւատացեալները չեն կարող բռնութեան դէմ պայքարել զէնքի ուժով, որը միայն նոր բռնութիւն է առաջացնում՝ անվերջ ոխակալութեան և վրէժխնդրութեան պարոյրով: Միւս կողմից, այս օրերին ձեր խօսքը կարող է օգտաւէտ լինել. «Մենք չենք սպանի ինքներս մեզ, մենք կօգնենք միմեանց, մենք կներենք միմեանց»: Սրանք հեշտ պարտաւորութիւններ չեն՝ չկայ զինաթափում առանց քաջութեան, չկայ օգնութիւն, եթէ անհատոյց չէ, չկայ ներում առանց ճշմարտութեան, բայց և որոնք խաղաղութեան միակ հնարաւոր ճանապարհն են: Այո, քանի որ խաղաղութեան ճանապարհը ոչ թէ զէնքի, այլ արդարութեան մէջ է: Եւ մենք ՝ կրօնական առաջնորդներս, առաջինն ենք, որ պէտք է աջակցէք այդ գործընթացներին՝ վկայելով, որ չարիքի դէմ պայքարելու կարողութիւնը ոչ թէ յայտարարութիւնների, այլ աղօթքի, ոչ թէ վրէժխնդրութեան, այլ՝ ներդաշնակութեան, ոչ թէ ուժի կիրառմամբ թելադրուած ամենակարճ ուղիների, այլ՝ համերաշխութեան համբերատար և կառուցողական ուժի մէջ է: Որովհետև միայն դա է իսկապէս արժանի մարդուն: Եւ քանի որ Աստուած պատերազմի Աստուած չէ, այլ խաղաղութեան:

Չմնալ անտարբեր, չլինել չէզոք, այլ՝ համախմբուած խաղաղութեան համար

Սրբազան Քահանայապետը ընդգծել է, որ այսօրեայ միջազգային թատերաբեմում խաղաղութիւնն է առանցքային բառը: Բառ, որի դիմաց չպէտք է անտարբեր կամ չէզոք լինել. «Ոչ թէ չէզոք, այլ խաղաղութեան համար համախմբուած: Ուստի, մենք վկայակոչում ենք ius pacis-ը՝ որպէս բոլորի՝ առանց բռնութեան հակամարտութիւնները կարգաւորելու իրաւունք»:

Ֆրանչիսկոսը, բացի այդ, յոյս է յայտնել, որ G20-ի օրակարգը հեռանկարում կներառի նաև կլիմայի և գաղթականութեան վերաբերեալ հարցերը, աւելացնելով, որ ոչ թէ մէկը միւսի դէմ դաշինքների, այլ՝ բոլորի խնդիրների լուծումների ընդհանուր որոնման ժամանակն է: «Երիտասարդ սերունդը ու պատմութիւնը մեզ կդատեն դրա համար», զգուշացրել է Պապը:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/09/2021, 21:05