Մեծ պահք. Հաւատքը, Յոյսը եւ Սէրը նորոգելու ժամանակաշրջան Մեծ պահք. Հաւատքը, Յոյսը եւ Սէրը նորոգելու ժամանակաշրջան 

Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2021 թուականի Մեծ պահքի պատգամը

«Ահաւասիկ, Երուսաղէմ ենք բարձրանում» (Մատթ. 20, 18): Մեծ պահք. Հաւատքը, Յոյսը եւ Սէրը նորոգելու ժամանակաշրջան
Ունկնդրէ լուրը

Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր,

Յիսուսը բացայայտեց իր առաքելութեան խորհուրդը աշակերտներին, երբ յայտնեց, որ պէտք է չարչարուի, մեռնի եւ յարութիւն առնի, որպէսզի կատարուի Հօր կամքը: Այնուհետեւ, աշակերտներին պատուիրեց մասնակիցը լինել այս առաքելութեան՝ յանուն աշխարհի փրկութեան:

Դէպի Զատիկ տանող Մեծ պահքի այս ճանապարհն անցնելիս՝ եկէ՛ք յիշենք Նրան, ով «խոնար­հե­ց­րեց ին­քն իրեն՝ հնա­զանդ լի­նե­լով մին­չեւ մահ եւ այն էլ մա­հուան՝ խա­չի վրայ» (Փիլ. 2, 8): Դարձի գալու այս շրջանին՝ եկէ՛ք վերստին նորոգենք մեր հաւատքը, որի աղբիւրը յոյսի «կենդանի ջուրն» է, եկէ՛ք բաց սրտով ընդունենք սէրը Աստուծոյ, ով որպէս եղբայրներ եւ քոյրեր միաւորում է մեզ Քրիստոսի մէջ: Զատկուայ նախօրեակի հսկումի ընթացքին պէտք է նորոգենք մկրտութեան ժամանակ տուած մեր խոստումները, որպէսզի Սուրբ Հոգու աջակցութեամբ վերածնուենք նորովի՝ որպէս նոր տղամարդ եւ կին: Մեծ պահքի այս շրջանը՝ որպէս քրիստոնէական կեանքի ուխտագնացութեան լրում, նոյնիսկ այսօր լուսաւորուած է յարութեան լոյսով, որ ներշնչումն է Քրիստոսի հետեւորդների մտածողութեան, հայեացքների եւ որոշումների:

Պահեցողութիւնըաղօթքը եւ ողորմութիւնը, որ քարոզում է Յիսուսը (հմմտ. Մատթ. 6, 1-18) ոչ միայն հնարաւոր են դարձնում, այլեւ՝ արտայայտումն են մեր դարձի: Աղքատութեան եւ ինքնահրաժարման (պահեցողութիւն), աղքատների նկատմամբ սիրոյ եւ հոգատարութեան (ողորմութիւն) եւ երեխայի նման Հօր հետ երկխօսութիւն ունենալու (աղօթք) ուղին թոյլ է տալիս կեանքն ապրել ճշմարիտ հաւատքով, կենարար յոյսով եւ ողորմածութեամբ:

 

1. Հաւատքը կոչ է ընդունելու ճշմարտութիւնը եւ այն վկայելու Աստուծոյ, մեր բոլոր եղբայրների եւ քոյրերի առջեւ:

Մեծ պահքի այս շրջանին՝ ընդունել եւ ապրել Քրիստոսի մէջ բացայայտած ճշմարտութիւնը նշանակում է, թէ մեր սրտերը բաց են Աստուծոյ խօսքի համար, որ Եկեղեցին փոխանցում է սերնդէ սերունդ: Այս ճշմարտութիւնը պարզապէս վերացական գաղափար չէ, որը վերապահուած է միայն որոշ ընտրեալ իմաստունների: Սա պատգամ է, որ մեզանից իւրաքանչիւրը կարող է ստանալ եւ հասկանալ՝ շնորհիւ սրտի իմաստութեան, որ բաց է Աստուծոյ մեծութեան առջեւ: Քրիստոս ինքը ճշմարտութիւնն է: Պատասխանատուութիւն ստանձնելով մարդկութեան նկատմամբ՝ Նա դարձաւ այն ճանապարհը, որը թէեւ լի է դժուարութիւններով, սակայն բաց է բոլորի համար, ճանապարհ, որը տանում է դէպի լիարժէք կեանք:

Պահեցողութիւնը, որը արտայայտւում է ինքնահրաժարման միջոցով եւ ընդունւում անկեղծ սրտով՝ օգնում է վերստին բացայայտելու Աստուծոյ շնորհը եւ խորապէս գիտակցելու, որ ստեղծուած լինելով Տիրոջ պատկերով եւ նմանութեամբ՝ միայն Նրա մէջ կարող ենք գտնել մեր կատարելութիւնը: Նրանք, ովքեր պահքի մէջ են՝ յօժարութեամբ ընդունելով զրկանքները, կարողանում են աղքատի հետ դառնալ աղքատ եւ, որպէս հարստութիւն կուտակել այն սէրը, որ տուել եւ ստացել են: Այսպիսով, պահեցողութիւնը օգնում է սիրել Աստծուն եւ մերձաւորին, քանզի սէրը՝ ինչպէս Սուրբ Թովմա Աքուինացին է աւանդում, դուրս է յորդում եւ մեր ուշադրութիւնը սեւեռում այլ մարդկանց վրայ՝ նոյնացնելով նրանց մեր սեփական անձի հետ (հմմտ. Fratelli Tutti, 93):

Մեծ պահքը ժամանակաշրջան է հաւատքի, մեր կեանքի մէջ Աստծուն ընդունելու եւ թոյլ տալու, որպէսզի Նա «օթեւան գտնի» մեր մօտ (հմմտ. Յովհ. 14, 23): Պահեցողութիւնը օգնում է ազատուել այն ամէնից, ինչը ծանրացնում է մեր կեանքը, նոյնիսկ սպառողական ապրանքներից կամ աւելորդ տեղեկատուութիւնից՝ լինի այն ճիշտ թէ սխալ, որպէսզի կարողանանք մեր սրտի դռները բաց պահել Նրա համար, ով գալիս է մեզ ընդառաջ, ով աղքատ է ամէն բանի մէջ, սակայն «լի շնորհով եւ ճշ­մար­տու­թեամբ» (Յովհ. 1, 14), Նրա, ով Որդին է մեր Տիրոջ:

 

2. Յոյսը նման է «կենդանի ջրի», որի շնորհիւ շարունակում ենք քայլել կեանքի ճանապարհով:

Սամարացի կինը, ումից Յիսուսը ջրհորի մօտ ջուր է խնդրում, չի հասկանում, թէ Նա ինչ ի նկատի ունի, երբ ասում է, որ կարող է նրան «կենդանի ջուր» (Յովհ. 4, 10) տալ: Բնականաբար, կինը կարծում է, թէ խօսքը վերաբերում է նիւթական ջրին, սակայն Յիսուսը խօսում է Սուրբ Հոգու մասին, որ առատօրէն շնորհելու է զատկական խորհուրդի միջոցով եւ որը երբեք յուսախաբ չի անում: Յիսուսն արդէն իսկ խօսել էր այս յոյսի մասին, երբ կանխատեսելով իր չարչարանքները եւ մահը՝ ասել էր, թէ «եր­րորդ օրը յա­րու­թիւն պիտի առ­նի» (Մատթ. 20, 19): Յիսուսը խօսում էր այն ապագայի մասին, որի դռները լայն բացուած են մեր առջեւ՝ շնորհիւ Հօր ողորմածութեան: Ապրել այդ յոյսը Նրա հետ միասին եւ Նրա շնորհիւ նշանակում է հաւատալ, որ պատմութիւնը չի աւարտւում մեր սխալներով, բռնութիւններով եւ անարդարութիւններով կամ այն մեղքով, որը կարող է խաչ բարձրացնել Սէրը, այլ՝ նշանակում է Նրա սրտի միջոցով ստանալ Հօր ներումը:

Տագնապալի այս օրերին, երբ ամէն բան թւում է անկայուն եւ անորոշ՝ յոյսի մասին խօսելը դիւրին չէ, թէեւ Մեծ պահքը ինքնին յոյսի շրջան է, երբ կրկին դառնում ենք դէպի Աստուած, ով համբերութեամբ շարունակում է հոգ տանել իր ստեղծած էակների մասին, որոնց նկատմամբ, շատ յաճախ, մենք վատ վերաբերմունք ենք դրսեւորում (հմմտ. Laudatio Si’, 32-33; 43-44): Սուրբ Պօղոսը յորդորում է հաշտութեան յոյս ունենալ. «հաշ­տուէք Աստծոյ հետ» (2 Կոր. 5, 20): Դարձի գալու ճանապարհին, երբ մեզ ներում է շնորհւում՝ մենք էլ մեր հերթին կարողանում ենք ներել ուրիշներին: Մենք կարող ենք ներել, քանզի ներում է շնորհուել նաեւ մեզ, ուստի, մեծ հոգատարութեամբ ենք վերաբերւում ուրիշներին եւ մխիթարում նրանց, ովքեր վիշտ եւ ցաւ են ապրում: Աստուծոյ ներումը թոյլ է տալիս եղբայրութեան Զատիկն ապրել նաեւ մեր խօսքերի եւ գործերի միջոցով:

Մեծ պահքի այս շրջանին՝ թող որ կարողանանք ասել այնպիսի «խօսքեր, որոնք մխիթարում են, ոյժ տալիս, սփոփում եւ քաջալերում, այլ ո՛չ թէ խօսքեր, որոնք ստորացնում են, տխրութիւն կամ զայրոյթ պատճառում, կամ էլ արհամարհանք դրսեւորում» (Fratelli Tutti, 223): Մարդկանց յոյս պարգեւելու համար, երբեմն բաւական է պարզապէս լինել բարի, «մէկ կողմ թողնել սեփական հոգսերն ու անհանգստութիւնները եւ ուրիշների նկատմամբ հոգածութիւն ցուցաբերել, ժպիտ նուիրել, խրախուսանքի որեւէ խօսք ասել կամ լինել մէկը, ով կարող է լսել նրանց, երբ աշխարհում համընդհանուր անտարբերութիւն է տիրում» (նոյն տեղում՝ 224):

Ակնածութեամբ եւ լուռ աղօթքի միջոցով մեզ է տրւում յոյսը՝ որպէս ներշնչանքի աղբիւր եւ ներքին լոյս, որը լուսաւորում է այն բոլոր դժուարութիւնները եւ ընտրութիւնները, որոնց առերեսւում ենք մեր առաքելութեան մէջ: Ուստի, շատ կարեւոր է ծածուկ աղօթել (հմմտ. Մատթ. 6, 6) եւ այդ աղօթքի մէջ հանդիպել Հօրը, ով անսահման սիրում է իր զաւակներին:

Մեծ պահքը յոյսի մէջ ապրել նշանակում է լիովին գիտակցել, որ Յիսուս Քրիստոսի շնորհիւ՝ մենք վկաներն ենք նոր ժամանակների, որտեղ Աստուած «ամէն բան նոր է դարձնում» (հմմտ. Յայտն. 21, 1-6), նշանակում է ստանալ յոյսը Քրիստոսի, ով խաչի վրայ իր կեանքը զոհեց, սակայն երրորդ օրը Հայրը նրան յարութիւն տուեց, նշանակում է միշտ լինել «պատրաստ հեզութեամբ ու եր­կիւ­ղա­ծու­թեամբ պա­տաս­խան տա­լու ամէն մար­դու, ով կհար­ց­նի ձեր մէջ եղած յոյ­սի պատ­ճա­ռը» (1 Պետ. 3, 15):

 

3. Քրիստոսի օրինակին հետեւելը եւ բոլորի նկատմամբ սէր, հոգատարութիւն եւ կարեկցանք ցուցաբերելը մեր հաւատքի եւ յոյսի լաւագոյն դրսեւորումն է:  

Սէրը լիարժէք է, երբ տեսնում է ուրիշների յաջողութիւնը, հետեւաբար, այն տառապում է, երբ մարդիկ տանջւում են, միայնակ են, հիւանդ, տնանկ, արհամարհուած կամ կարիքի մէջ: Սէրը սրտի պոռթկումն է, այն ստիպում է դուրս գալ սեփական անձից եւ միաբան լինել բոլորի հետ:

«Սոցիալական սէրը» հնարաւորութիւն է ընձեռում ընդառաջ գնալ դէպի սիրոյ քաղաքակրթութիւն, որին կոչուած է մեզանից իւրաքանչիւրը: Դէպի ընդհանրականն ունեցած իր մղումով՝ սէրը ունակ է նոր աշխարհ կառուցելու: Սէրը սոսկ զգացմունք չէ, այլ՝ իւրաքանչիւր մարդու զարգացման արդիւնաւէտ ուղիները բացայայտելու լաւագոյն միջոց (Fratelli Tutti, 183):

Սէրը շնորհ է, որն իմաստ է հաղորդում մեր կեանքին: Սիրոյ շնորհիւ կարողանում ենք կարիքի մէջ գտնուող մարդկանց ընդունել որպէս ընտանիքի անդամներ, ընկերներ, եղբայրներ կամ քոյրեր: Այն քիչը, որ տրւում է սիրով՝ երբեք չի սպառւում, ընդհակառակը, դառնում է կեանքի եւ երջանկութեան աղբիւր: Ինչպէս Սա­րեփ­թայի այրի կնոջ պատմութիւնը: Տէրը նրան պատուիրել էր կերակրել Եղիա մարգարէին եւ այդ օրից նրա սափորում չպակասեց ալիւրը, եւ կուժի մէջ չնուազեց իւղը (հմմտ. Գ Թագ. 17, 8-16): Մէկ այլ օրինակ, երբ Յիսուս ման­րեց նկա­նակ­նե­րը եւ տուեց աշա­կերտ­նե­րին, որ­պէս­զի բա­ժա­նեն ժողովրդին (հմմտ. Մարկ. 6, 30-44): Նոյնպէս եւ մեր ողորմաբաշխութիւնը՝ լինի փոքր, թէ մեծ, եթէ տրւում է գոհութեամբ եւ պարզութեամբ, ապա՝ երբեք չի սպառւում:

Մեծ պահքի շրջանն ապրել սիրով նշանակում է հոգ տանել նրանց մասին, ովքեր տառապում են կամ լքուած եւ սարսափած են Քովիտ-19-ի համաճարակի պատճառով: Այս օրերին, ապագայի նկատմամբ անորոշութիւնը մեզ յիշեցնում է Տիրոջ խօսքն ուղղուած իր Ծառային. «Մի՛ վախեցիր, քանզի փր­կե­ցի քեզ» (Եսայի 43, 1): Մխիթարութեան խօսքեր ասենք եւ օգնենք, որպէսզի մարդիկ իրապէս զգան, որ Աստուած սիրում է նրանց՝ որպէս իր որդիներ եւ դուստրեր:  

«Միայն գթասրտութեամբ լի հայեացքով կարելի է տեսնել եւ ճանաչել մարդու արժանապատուութիւնը, հետեւաբար՝ ընդունել եւ յարգանք ցուցաբերել աղքատների, նրանց արժանապատուութեան, անհատականութեան եւ մշակոյթի նկատմամբ, այսպիսով՝ հնարաւորութիւն ընձեռելով լիովին ներգրաւուել հասարակութեան մէջ» (Fratelli Tutti, 187):

Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր, մեր կեանքի իւրաքանչիւր վայրկեանը հաւատքի, յոյսի եւ սիրոյ ժամանակ է: Մեծ պահքի այս շրջանը կոչ է անցնելու դարձի, աղօթքի, մեր ունեցուածքը ուրիշների հետ կիսելու այս ճանապարհը, եւ, որպէս համայնքներ եւ անհատներ վերստին նորոգելու մեր հաւատքը, որ ստանում ենք կենդանի Քրիստոսից, յոյսը, որ ներշնչուած է Սուրբ Հոգով եւ սէրը, որ յորդում է Հօր գթառատ սրտից:

Թող որ Մարիամը՝ մեր Փրկչի մայրը, ով միշտ հաւատարիմ եղաւ իր Որդու խաչելութեանը եւ Եկեղեցւոյ սրտին, նեցուկ լինի մեզ իր մայրական սիրով: Թող որ Յարուցեալ Տիրոջ օրհնութիւնը առաջնորդի մեզ դէպի զատկական լոյսը:

 

Հռոմ, Լատերանի Սուրբ Յովհաննէսի մայր տաճար, 11 նոյեմբեր, 2020 թուական, ի յիշատակ Տուրի Սուրբ Մարթէնի  

Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետ 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/02/2021, 11:30