Վստահութեան յարաբերութիւնը հիւանդների  հոգածութեան հիմք։ Վստահութեան յարաբերութիւնը հիւանդների հոգածութեան հիմք։ 

Ֆրանչիսկոս Պապի 2021-ի Հիւանդների համաշխարհային 29-րդ օրուան պատգամը։

«Ձեր ու­սու­ցի­չը մէկ է, եւ դուք բո­լորդ եղ­բայր­ներ էք» (Մատթ. 23, 8): Վստահութեան յարաբերութիւնը հիւանդների հոգածութեան հիմք։
Ունկնդրէ լուրը

Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր,

2021 թուականի փետրուար 11-ին 29-րդ անգամ կը նշուի Հիւանդների համաշխարհային օրը: Նոյն օրը յիշատակւում է նաեւ Լուրտի Տիրամօր յայտնութիւնը, որը պատեհ առիթ է, որպէսզի առանձնայատուկ հոգածութիւն ցուցաբերենք ինչպէս հիւանդներին, այնպէս էլ խնամքի հաստատութիւնների, ընտանիքների եւ համայնքների ներսում նրանց մասին հոգացող մարդկանց՝ մասնաւորապէս բոլոր նրանց, ովքեր տառապում են Քորոնա ժահրի համաճարակի հետեւանքներից: Ուզում եմ իմ հոգեւոր զօրակցութիւնը յայտնել բոլորին, յատկապէս՝ ամենաաղքատներին եւ հասարակութիւնից դուրս մղուածներին՝ վստահեցնելով, որ նրանք բոլորը Եկեղեցւոյ սիրոյ եւ հոգածութեան կեդրոնում են:

1. Հիւանդների համաշխարհային օրուան նուիրուած խորհրդածութեան բնաբանը ընտրուած է աւետարանական այն դրուագից, որտեղ Յիսուսը յանդիմանում է բոլոր կեղծաւորներին, ովքեր խօսում են, բայց չեն գործում (հմմտ. Մատթ. 23, 1-12): Երբ հաւատքը վերածւում է անպտուղ խօսքերի՝ առանց խորամուխ լինելու պատմութեան մէջ եւ ուրիշների կարիքներին, ապա՝ հաւատամքի եւ իրականութեան միջեւ կապը կը կորսուի: Վտանգը մեծ է, ուստի, Յիսուսն իր շեշտակի խօսքով նախազգուշացնում է դէպի սեփական անձի պաշտամունք տանող վերահաս վտանգի մասին եւ վստահեցնում. «Ձեր ու­սու­ցի­չը մէկ է, եւ դուք բո­լորդ եղ­բայր­ներ էք» (տե՛ս նոյն տեղում, 8):

Ոչ ոք պաշտպանուած չէ կեղծաւորութիւն կոչուող չարիքից, որը թոյլ չի տալիս մարդկանց ապրել որպէս մէկ Հօր զաւակներ՝ կոչուած համաշխարհային եղբայրութեան:

Կարիքի մէջ գտնուող մեր եղբայրներին եւ քոյրերին մօտիկ լինելու համար Յիսուսը տալիս է մի բանաձեւ, որը լիովին հակադրւում է կեղծաւորութեանը: Նա յորդորում է կանգ առնել, լսել, անմիջական կապ հաստատել, կարեկցանք դրսեւորել եւ զգալ նրանց տառապանքը եւ, որ ամենակարեւորն է՝ բարիք գործել (հմմտ. Ղուկ. 10, 30-35):

2. Հիւանդութիւնը ստիպում է զգալ, թէ որքան խոցելի է մարդը, եւ, թէ որքան է զգում մէկ ուրիշ մարդու աջակցութեան կարիքը: Արարչագործութիւնն աւելի ակնյայտ է դառնում, երբ գիտակցում ենք, որ անտեսանելի կապերով ենք կապուած Աստուծոյ հետ: Իրականում, երբ հիւանդ ենք, անվստահութիւնը, վախը, երբեմն նոյնիսկ տագնապը համակում են մեր սիրտն ու հոգին, զգում ենք, թէ որքան անզօր ենք, քանի որ մեր առողջութիւնը կախում չ’ունի մեր կարողութիւններից կամ «տառապանքներից» (հմմտ. Մատթ. 6, 27):

Հիւանդութիւնը նման է հարցի, որ ակնկալում է պատասխան, իսկ այդ պատասխանը գտնելու համար միշտ դառնում ենք դէպի Աստուած: Հարց, որը մեր գոյութեան համար նոր իմաստ եւ նոր ճանապարհ է փնտռում, սակայն, միշտ չէ, որ կարող է անմիջապէս պատասխան գտնել: Ընտանիքը եւ ընկերները միշտ չէ, որ կարող են մեզ օգնել այս փնտռտուքի մէջ:

Ուստի, Յոբի աստուածաշնչեան կերպարը խորհրդանշական է: Յոբի կնոջը եւ բարեկամներին չի յաջողւում կիսել նրա դժբախտութիւնները, ընդհակառակը, մեղադրելով էլ աւելի են խորացնում նրա մենութեան զգացումը եւ տարակուսանքը: Թէեւ լքուած էր, չհասկացուած եւ ծայրաստիճան անզօր, սակայն նա կարողացաւ մերժել կեղծաւորութիւնը եւ ընտրել անկեղծութեան ճանապարհը, որ տանում է դէպի Աստուած: Յոբն անդրդուելի էր, նրա ճիչը հասաւ առ Աստուած, ով պատասխանեց նրան՝ նոր ուղի ցոյց տալով: Նա վստահեցնում է, որ իր տառապանքները պատիժ չեն կամ օտարացում Աստծուց, եւ ո՛չ էլ անտարբերութեան նշան: Այսպիսով, Տիրոջն ուղղուած այս սրտառուչ եւ յուզիչ խոստովանութիւնը ժայթքեց Յոբի վիրաւոր, բայց եւ բժշկուած սրտից. «Սրանից առաջ ես ականջներովս էի լոկ լսել, բայց հիմա աչքերս էլ տեսան հէնց քեզ» (42, 5):

3. Հիւանդութիւնը միշտ իր դէմքն ունի: Այն ձեռք է բերում իւրաքանչիւր հիւանդի կերպարանքը, նոյնիսկ նրանց, ովքեր անտեսուած են, հասարակութիւնից դուրս մղուած, սոցիալական անարդարութիւնների զոհ՝ զրկուած իրենց հիմնարար իրաւունքներից (հմմտ. Շրջաբերական նամակ Fratelli tutti, n. 22): Այս համաճարակը լոյս սփռեց առողջապահական համակարգի բազմաթիւ թերութիւնների վրայ՝ ցոյց տալով, որ բաւարար միջոցներ չկան հիւանդների խնամքի համար: Միշտ չէ, որ բժշկական օգնութիւնը հասանելի է տարեցներին, խեղճ եւ խոցելի մարդկանց, եւ միշտ չէ, որ այդ օգնութիւնը անկողմնակալ է: Այն կախում ունի երկրի քաղաքականութիւնից, ռեսուրսների կառավարումից, ինչպէս նաեւ պատասխանատու պաշտօններ զբաղեցնող անձանց գործունէութիւնից: Հիւանդներին բժշկական օգնութիւն ցուցաբերելու եւ խնամելու համար համապատասխան միջոցների տրամադրումը առաջնահերթութիւն է՝ համաձայն որի առողջութիւնը համամարդկային բարիք է: Միեւնոյն ժամանակ, համաճարակը երեւան բերեց առողջապահութեան բնագաւառում աշխատող մարդկանց, կամաւորների, գործաւորների, քահանաների եւ կրօնաւորների նուիրուածութիւնը եւ մեծահոգութիւնը, մարդիկ, ովքեր հմտօրէն, անձնուրացութեամբ, մերձաւորի նկատմամբ պատասխանատուութեան բարձր զգացումով եւ սիրով օգնեցին, հոգացին, մխիթարեցին եւ ծառայեցին բազմաթիւ հիւանդների եւ նրանց ընտանիքների անդամներին: Լռութեան մէջ աշխատող տղամարդկանց եւ կանանց մի հոծ բազմութիւն, որ համարձակութիւն ունեցաւ նայել հիւանդութեան աչքերի մէջ եւ պատասխանատուութիւն ստանձնեց հոգ տանելու եւ մօտիկ գտնուելու այն մարդկանց, ովքեր մաս են կազմում համամարդկային մեծ ընտանիքի:

Մօտիկութիւնը անգին սպեղանի է, որը մխիթարութիւն եւ սփոփանք է բերում բոլոր նրանց, ովքեր տառապում են հիւանդութիւնից: Իբրեւ քրիստոնեաներ՝ մենք ապրում ենք այդ մօտիկութիւնը որպէս Յիսուս Քրիստոսի՝ Բարի Սամարացու սիրոյ արտայայտում, ով անսահման կարեկցութեամբ մօտիկ գտնուեց մեղքի մէջ ապրող իւրաքանչիւր մարդ արարածի: Սուրբ Հոգու միջոցով Նրա հետ միաւորուած՝ մենք կոչուած ենք լինելու նոյնքան ողորմած, որքան Հայրը, սիրելու միմեանց, եւ յատկապէս՝ հիւանդ, թոյլ եւ տառապեալ մեր եղբայրներին (հմմտ. Յովհ. 13, 34-35): Այս մօտիկութիւնը մենք ապրում ենք ոչ միայն անձնապէս, այլեւ՝ համայնքային կեանքում: Իրականում, Քրիստոսի մէջ ապրած եղբայրսիրութիւնը ծնում է մի համայնք, որն ունակ է բժշկելու, որը երբեք միայնակ չի թողնի մերձաւորին եւ որի դռները բաց են բոլորի առջեւ, մասնաւորապէս՝ խոցելի անձանց:

Հետեւաբար, կ’ուզեմ յիշեցնել եղբայրական համերաշխութեան կարեւորութեան մասին, որն իր դրսեւորումն է գտնում ծառայութեան մէջ եւ կարող է մերձաւորին օգնելու գործում բոլորովին տարբեր կերպարանք առնել: «Ծառայել նշանակում է հոգ տանել մեր ընտանիքների, հասարակութեան եւ ժողովուրդի խոցելի անդամներին» (Քարոզ Հաւանայում, 2015 թուականի սեպտեմբեր 20): Իւրաքանչիւր մարդ ունակ է «մէկ կողմ թողնել սեփական անձի ձգտումները, նախանձը, ցանկութիւնները եւ ուղղակիօրէն տեսնել խոցելի խաւի կարիքները: […] Ծառայութիւնը մշտապէս ուղղուած է մերձաւորին, այն հոգատարութեամբ է պարուրում նրան, երբեմն նոյնիսկ զգում է նրա «ցաւը» եւ միշտ գործադրւում ի բարօրութիւն այդ նոյն մերձաւորի: Ահա թէ ինչու ծառայութիւնը երբեք գաղափարական չէ՝ այն պահից ի վեր, ինչ ծառայում է ոչ թէ իտէալներին, այլ՝ մարդկանց» (տե՛ս նոյն տեղում):

4. Որպէսզի բուժումը արդիւնաւէտ լինի՝ փոխյարաբերութիւնների դերը որոշիչ է, քանի որ այն թոյլ է տալիս համապարփակ մօտեցում ցուցաբերել հիւանդին: Այս տեսակէտի արժեւորումը օգնում է նաեւ բժիշկներին, հիւանդապահներին, մասնագէտներին եւ կամաւորներին, որպէսզի կարողանան հոգ տանել այն մարդկանց, ովքեր տառապում են եւ նրանց հետ միասին անցնեն դէպի առողջացում տանող դժուարին ճանապարհը, եւ այս ամէնը՝ շնորհիւ փոխադարձ վստահութեան (հմմտ. Առողջապահութեան աշխատանքային նոր կանոնադրութիւն (2016), n. 4): Այսպիսով, խօսքը վերաբերում է խնամքի կարիք ունեցող մարդկանց եւ խնամատարների միջեւ ինքնատիպ մի դաշինք կնքելուն: Դաշինք, որը հիմնուած է վստահութեան, փոխադարձ յարգանքի, անկեղծութեան եւ պատրաստակամութեան վրայ, որպէսզի հնարաւոր լինի յաղթահարել ամէն տեսակ պաշտպանական պատնէշ՝ կարեւորելով հիւանդի արժանապատուութիւնը, եւ այս ամէնի հետ մէկտեղ՝ պահպանելով բժշկի մասնագիտական փորձառութիւնը եւ հիւանդների ընտանիքների հետ լաւ փոխյարաբերութիւնները:

Հիւանդի հետ այսպիսի փոխյարաբերութիւններ ստեղծելու դրդապատճառը եւ ոյժի անսպառ աղբիւրը Քրիստոսի ողորմածութիւնն է, ինչի վկայութիւնն են այն բոլոր տղամարդիկ եւ կանայք, ովքեր սրբութեան են հասել՝ ծառայելով հիւանդներին: Իրականում, Քրիստոսի մահուան եւ յարութեան խորհուրդից է բխում այն սէրը, որն իմաստ է հաղորդում ինչպէս հիւանդի, այնպէս էլ նրա մասին հոգացող մարդկանց կեանքին: Աւետարանը բազմիցս վկայում է, որ Յիսուսի բժշկութիւնները պարզապէս հրաշագործութիւններ չեն, այլ՝ հանդիպման եւ փոխադարձ կապի պտուղ, երբ Յիսուսի ձեռքով տրուած Աստուծոյ շնորհը միախառնւում է այն մարդու հաւատքին, ով ստանում է աստուածային այդ պարգեւը: Յիսուս յաճախ կրկնում էր. «Քո հաւատքը քեզ փրկեց»:

5. Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր, միմեանց սիրելու Յիսուսի պատուիրանը պէտք է իր արտայայտութիւնը գտնի նաեւ հիւանդների հետ փոխյարաբերութիւնների մէջ: Հասարակութիւնը մարդասէր է այնքանով, որքանով հոգածութիւն է ցուցաբերում թոյլ եւ տառապեալ մարդկանց նկատմամբ: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպէսզի ոչ ոք իրեն միայնակ, հասարակութիւնից դուրս մղուած կամ լքուած չզգայ:

Մարիամի՝ Ողորմածութեան Մօր պաշտպանութեանն եմ յանձնում բոլոր հիւանդներին, առողջապահութեան բնագաւառի աշխատողներին եւ նրանց, ովքեր հոգ են տանում տառապեալների: Լուրտից եւ համայն աշխարհում Աստուածամօրը նուիրուած սրբավայրերից թող որ մեզ հասնի Տիրամօր պաշտպանութիւնը, թող որ նա օգնի պահպանել մեր հաւատքը եւ յոյսը, որպէսզի լեցուենք եղբայրսիրութեամբ եւ հոգ տանենք միմեանց: Ի սրտէ իմ Օրհնութիւնն եմ տալիս բոլորին եւ իւրաքանչիւրին:

Հռոմ, Լատերանի Սուրբ Յովհաննէսի մայր տաճար,

20 դեկտեմբեր, 2020 թուական.

Յիսնակաց շրջանի չորրորդ կիրակի:

 

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/01/2021, 12:00