Ախտորոշման  թեստ Ախտորոշման թեստ  

Քահանայապետական ողորմաբաշխութեան գրասենեակի կողմից անօթեւան անձանց համար Քովիտ-ի ախտորոշման 4000 թեստ է տրամադրուել:

Միասնական բժշկական ակադեմիան իր երախտագիտութիւնն է յայտնում Քահանայապետական ողորմաբաշխ Կարդինալ Քոնրատ Քրայեվսքիին՝ այն ամէնի համար, ինչ հնարաւոր եղաւ անել ի պաշտպանութիւն ամենախոցելի անձանց
Ունկնդրէ լուրը

Անտուն մարդկանց մօտ քորոնա ժահրով վարակուածութեան դէպքերը յայտնաբերելու համար Քահանայապետական ողորմաբաշխութեան գրասենեակի կողմից տրամադրուել է 4000 թեստ:

Սա Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Սուրբ Ծննդեան նուէրն է Հռոմին: Իրականում, Սրբազան Քահանայապետը Քովիտ-19-ի ախտորոշման 4000 թեստերը ստացել է Սլովաքիայից՝ որպէս նուիրատուութիւն: Թեստերն օգտագործուելու են Իտալիայի մայրաքաղաքի տնանկների համար: Ի հարկէ, ձեռք է բերուել նաեւ մայրաքաղաք Հռոմի համաձայնութիւնը: Այս գործընթացն իրականացւում է Քահանայապետական ողորմաբաշխութեան գրասենեակի կողմից, համագործակցութեամբ՝ Միասնական Բժշկական Ակադեմիայի եւ Սան Կալլիքանօ Ֆիզիոթերապիայի համալսարանական հիւանդանոցի:

Միասնական բժշկական ակադեմիան իր երախտագիտութիւնն է յայտնում Քահանայապետական ողորմաբաշխ Կարդինալ Քոնրատ Քրայեվսքիին՝ այն ամէնի համար, ինչ հնարաւոր եղաւ անել ի պաշտպանութիւն ամենախոցելի անձանց, այդ թւում՝ հիւրընկալել նրանց տնանկների համար նախատեսուած կացարաններում եւ իրականացնել Քովիտ-ի ախտորոշում:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/12/2020, 18:25