Որոնել

2023.03.18   Celebrazione della mi quaresima a Panik (Armenia)

Միջինքի տօնակատարութիւնը Փանիկի մէջ

Տէր, մեղքերիս ծովը ալեկոծում է ինձ, Դու, որ բարի նաւապետ ես, նաւահանգիստ շնորհիր ինձ, Ամենակարող Հայր Բազում պատրանքներ ինձ կորստեան են մատնում, Բայց Դու, բարի նաւապետ, Նաւահանգիստ շնորհիր ինձ, Ամենակարող Հայր։

Հինգշաբթի, 16 մարտ, 2023 թուական. ԻԵ. օր աղուհացից

Համաձայն հայոց Տօնացոյցի Մեծ Պահքի 24-րդ օրը Միջինք է, որով կիսուում է Աղուհացի շրջանը:

Ըստ Մաթաքիա Արքեպս. Օրմաեանի՝ Միջինք անունը տրուում է Մեծ Պահքը կիսող օրուան, որը տօնական որեւէ նշանակութիւն չունի: Այն խորհրդանշում է հաւատացեալների ուրախութիւնը, որ հասել են ապաշխարութեան շրջանի կէսին եւ ուժ ու կարողութիւն են հայցում մնացած օրերը եւս անցնելու համար:

Միջինքը յիշեցնում է, որ Մեծ Պահքը հասել է իր կեսին: Միջինքին Մեծ Պահքը չի ընդհատուում, պահեցողները շարունակում են պահել պահքը: Այդ օրը մեզ յիշեցնում է, որ մինչ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը մնացել է քսանչորս օր, եւ որ դեռեւս խոկումի, ինքնաքննութեան, զղջումի ու ապաշխարութեան օրեր են:

Միջինքի ամենավառ եւ մինչ օրս պահպանուած խորհրդանիշը գաթան է: Այն անուանել են բաղարջ, տապլա, միջինք, միջունք, պրտոն, տարի, մաջինք կամ մեջինք, միչինք եւ այլն: Միջինքի կերակրացանկի մաս են կազմել նաեւ տարբեր հացերը, հատիկաւոր ուտեստները, որոնք նոյնպէս խորհրդանշել են առատութիւն եւ բարեկեցութիւն: Բոլորն էլ ունեցել են պասուց բաղադրութիւն:

Միջինքի օրը, ըստ ժողովրդական աւանդութեան` հայ տանտիկինները թխում են խորհրդանշական գաթան, որի մէջ մետաղադրամ են դնում: Ջուղայում հաւատացել են, որ եթէ բաղարջը կտրելու ժամանակ նշանը դէմ առնի դանակին, ապա ապրուստը պէտք էր սպասել հողից: Եղել է նաեւ հակառակ պատկերացումը, ըստ որի նշանը դանակի տակ ընկնելու դէպքում դովլաթը պատկանել է ընտանիքի բոլոր անդամներին: Սակայն եթէ նշանը դուրս է եկել ընտանիքի անդամներից որեւէ մէկի բաժնի մէջից, ասել են, որ այդ տարի ընտանիքի հաջողութիւնը, բարեկեցութիւնը նրանն է լինելու:

Միջինքը համարուում է նաեւ բնութեան զարթօնքի եւ գարնան աւետման տօն: Այդ օրը ընտանիքներով դաշտ են դուրս եկել, ողջունել են արտերին` ասելով. «Աշխարհին լոյս տուողը թող քեզ էլ լիութիւն տայ»: Դաշտերից հաւաքել են նոր դուրս եկած բանջարը եւ ուտեստներ պատրաստել: Ուստի հարկ է նշել, որ տօնն անմիջականօրէն առնչուում է գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ: Այդ մասին են վկայում տօնածիսական ճաշերը:

Այս առիթով Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ ժողովրդապետութիւնը յաւուր պատշաճի էր պատրաստուել Միջինքի տօնակատարութեանը: Տօնական օրուայ կապակցութեամբ Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցում Տիկնանց միութեան մասնակցութեամբ մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ ձեռամբ՝ Փանիկ համայնքի ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի:

Պատարագի աւարտից յետոյ լսարանի շէնքում տեղի ունեցաւ բաղարջի կտրման արարողութիւնը, որի ընթացքում Հայր սուրբը ներկաներին պատմեց օրուայ խորհրդի մասին: Այնուհետեւ Կանանց միամսեակի առիթով Գերյարգելի վարդապետը ներկայ տիկնանց համար պատրաստել էր գեղեցիկ անակնկալ՝ նրանց բաժանելով գեղեցիկ վարդեր՝ մաղթելով ուժ, կարողութիւն, բարի կամք եւ համբերութիւն:

 

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/03/2023, 08:08