Որոնել

2023.02.23 Celebrazione delle ceneri in Armenia

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ եկեղեցում նշուեց Բուն Բարեկենդանը

Ա․ Կիրակի Քառասնորդաց. Մուտն Ադամայ ի դրախտն Նախ խնդրեցէք Աստծոյ արքայութիւնը եւ նրա արդարութի՛ւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կտայ: Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կհոգայ. (Մատթ. 6, 33-34)

19 փետրուարի, 2023թ., Ա․ Կիրակի Քառասնորդաց. Մուտն Ադամայ ի դրախտն (Մատթ 6, 1-21).

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ եկեղեցում տօնական Սուրբ եւ Անմահ պատարագը մատուցեց տեղի ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. վարդապետ Յովսէփեանը:

Սուրբ գրային ընթերցումից յետոյ Գերյ. վարդապետը հաւատաւոր ժողովրդի հետ կիսուեց օրուայ խորհրդի նշանակութեան ու կարեւորութեան մասին մտքերով.

«Սիրեցեա՜լ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,

Այսօր մենք տօնում ենք Բարեկենդանը, որը նշանակում է բարի կենդանութիւն: Սա դրախտային կեանքի վառ օրինակն է, որտեղ Ադամն ու Եւան վայելում էին երանութեամբ լի յաւիտենական կեանքն ու մեծ ուրախութիւնը, ապրում էին Աստծոյ հետ ներդաշնակ, այստեղ նրանց արտօնուած էր ճաշակել բոլոր պտուղները: Նրանց արգելուած էր միայն ճաշակել բարու եւ չարի գիտութեան ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն էր համարւում:
Ինչպէս աւանդում են Եկեղեցու սուրբ հայրերը՝ բարեկենդանը Դրախտի քնքշութեան օրինակն է, իսկ նրանում եղող ծառերն ու բողբոջները՝ Եկեղեցու զաւակների օրինակն են: Սիրելիներս, եկէ՛ք յիշենք, որ Բարեկենդանն առաքինութիւնների արտայայտութիւնն է:

Վաղուանից մենք մտնում ենք Քառասնորդաց շրջան, որն ընդգրկում է եօթ կիրակիներ, որոնք կապուած են աստուածաշնչեան պատմութիւնների հետ: Այս կարգը սահմանել են Յակոբոս Տեառնեղբայրը (I դար) եւ Կիւրեղ Երուսաղեմացին (IV դար):

Բուն բարեկենդանը, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատաւորի, Գալստեան կիրակիները եւ Ծաղկազարդի տօնը միասին կազմում են «ոսկէ շղթայ»:

Այս օրը փակւում է Եկեղեցւոյ վարագոյրը՝ խորհրդանշելով անհնազանդութեան պատճառով Ադամի արտաքսումը Դրախտից, որն անուղղակի կերպով վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ապրում են Եկեղեցուց դուրս՝ հեռու Աստուծոյ կենարար խօսքից եւ փրկարար սիրուց:

Մենք բոլորս պէտք է գիտակցենք Աստուծոյ խօսքով առաջնորդուելու կարեւորութիւնը մեր կեանքում, կարողանանք հրաժարուել ամէն տեսակ մեղքերից, լինենք Աստծուն հաւատարիմ:

Եկէ՛ք միասին Աստծուց հայցենք Նրա ողորմածութիւնն ու լիառատ շնորհները, որպէսզի պահքի եւ ծոմապահութեան շրջանում մեր կամքն ու հաւատքը էլ աւելի զօրացնենք եւ կարողանանք հոգու անսահման նուիրումով, խոնարհումով, ապաշխարութեամբ եւ ողորմածութեամբ սկսենք Մեծ պահքի թէեւ դժուարին, բայց գեղեցիկ ու լուսաւոր ճանապարհը:
Պատարագի աւարտին տեղի ունեցաւ Մոխիրի օրհնութեան. Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը ներկայ հաւատաւոր ժողովրդի գլուխներին ցանելով մոխիրը ասաց. «Օրհնեա՛, Տէր, ողորմութեամբ քով զհողս ծառայիս քոյ այսօրիկ, եւ յիշեա՛ զսա, զի հող էր՝ եւ անդրէն ի հող դարձաւ ըստ հրամանի քում»:

Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ Ժողովրդապետ

Մոխրոց օրուայ արարողութիւն
Մոխրոց օրուայ արարողութիւն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

23/02/2023, 07:50