Հրեշտակապետերու և Երկնային զօրքերու տօն` Հրեշտակապետաց Միացեալ Հոգևոր ճեմարանի հինգերորդ տարեդարձը
Շաբաթ, 2022 թ․-ի նոյեմբերի 5-ին կրկնակի տօն էր Սրբոց Հրեշտակապետաց Միացեալ Հոգևոր ճեմարանում։
Նոյեմբերի առաջին շաբաթ օրը ընդունուած է՝ որպէս Հրեշտակապետերի և Երկնային զօրքերի յիշատակութեան օր, իսկ Սրբոց Հրեշտակապետաց ճեմարանը, կրելով Հրեշտակապետերի անունը, նշում էր և՛ իր անուանակոչութեան տօնը և՛ նաև հիմնադրման հինգամեակը։
Հինգ երկար տարիներ՝ լի դժուարութիւններով, բայց նուիրուածութեամբ և ամենայն պատասխանատուութեամբ։ Պատասխանատուութիւն՝ կրթելու, հոգևոր կերպով դաստիարակելու և կերտելու հայ եկեղեցուն և պատմութեանը, իրենց ընտրած ուղուն և մեր Փրկչի թափած Սուրբ Արիւնին արժանի հայ հոգևորականներ։
Իւրաքանչիւր նորակառոյց սրբազան տաճար՝ իբրև Աստուծոյ տուն, իր շուրջը համախմբելով հաւատացեալներին և կազմակերպելով նրանց ծխական կեանքը, դառնում է նախ և առաջ ջինջ ակունք աստուածային շնորհի և ողորմութեան, դէպի յաւիտենական կեանք և Աստուծոյ արքայութիւն առաջնորդող մի տէրունապարգև ճանապարհ: Եւ որքան առատանում են սրբազան տաճարները մեր կեանքում, այնքան բազմանում է Աստուծոյ ներկայութիւնը մեզանում։
Ճեմարանի խնդիրը ստեղծման օրուանից մինչ օրս եղել և մնում է սերունդներին հետևողական ծառայելը, նրա ազգային, բարոյական անբասիր նկարագրի անխաթար պահպանումը, համամարդկային բարձր արժէքներին հաղորդակից դարձնելը։
Սրբոց Հրեշտակապետաց Միացեալ Հոգևոր ճեմարանը այսօր և վաղը դարձեալ պատնէշի վրայ է՝ իրագործելու բոլոր այն հրամայականները, որոնք հանդիսանում են հայ հոգևոր և ազգային կեանքի մշակութային առաջնահերթութիւններն ու նպատակները: Իսկ այս դժուարին, բայց կարևորագոյն ճանապարհը յաղթահարելի և հաճելի է, երբ մշտապէս ուղեկցուած է Հրեշտակապետերի և Երկնային զօրքերի բարեխօսութեամբ։
Ի փառաբանում այս ցնծալի տօնի՝ երեկոյեան ժամը 18։00-ին մատուցուեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի Հայ Կաթողիկէ եկեղեցու ժողովրդապետ և Սրբոց Հրեշտակապետաց Միացեալ Հոգևոր ճեմարանի տեսուչ՝ Հ․ Մաշտոց վրդ․ Զահթերյանի։
Աւարտին հաւատացեալները ներկայ հոգևոր դասի հետ միասին հրաւիրուեցին՝ ունկնդրելու ճեմարանի սաների մասնակցութեամբ փոքրիկ միջոցառում՝ նուիրուած Հրեշտակապետերին։ Որից յետոյ բոլորով միասին փչեցին խորհրդանշական տորթի մոմերը՝ մտքում ունենալով նորանոր յաջողութիւնների ու ձեռքբերումների տեսլական՝ յանուն Հայ հոգևոր մշակոյթի, կրթութեան, գիտութեան և հոգևոր դաստիարակութեան յետագայ զարգացման և պանծացման:
Շնորհակալ ենք բոլորին իրենց աջակցութեան, ներկայութեան և աղօթքների համար։
Հայցե՛նք Հրեշտակապետերի բարեխօսութիւնը հայ ազգի և համայն մարդկութեան խաղաղութեան և պաշտպանութեան համար։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ