Ուխտի եւ ապաշխարութեան օր Փանիկում

«Եղիր բարի և ողորմած: Ոչ ոք երբեք թող չգայ ձեզ մօտ, առանց աւելի լաւ և երջանիկ հեռանալու». Մայր Թերեզայ
Ունկնդրէ լուրը

Երկուշաբթի, 7 Յունիս, 2021 թուական. Բեթղեհէմի Սրբոց անմեղ մանուկների յիշատակութեան օր. Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցի այցելեցին Սպիտակի Մայր Թերեզայի Գթութեան քոյրերը հարիւրաւոր ուխտաւորների հետ միասին:

Հանդիպման սկզբում տեղի ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը իր ուրախութիւնը յայտնեց ուխտաւորներին եւ մաղթեց նրանց, որպէսզի այս ուխտով ի կատար ածուի իրենց բարի կամքն ու իղձերը:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը հաւատաւոր ժողովրդին մանրամասն ներկայացրեց Փանիկի Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ պատմութիւնը:

Ուխտաւորների հետ հանդիպմանը ներկայ էին նաեւ Արևիկ, Ազատան, Լանջիկ Ձիթհանքով հայ կաթողիկէ համայնքների ժողովրդապետ Տէր Նարեկ քհնյ. Թադեւոսեանը, ինչպէս նաեւ Ազատան եւ Ձիթհանքով հայ կաթողիկէ համայնքների փոխ ժողովրդապետ Տէր Միքայէլ քհնյ. Տօմպուրեանը:

Տեր Նարեկ քհնյ. Թադեւոսեանը ուխտաւորներին ներկայացրեց ապաշխարութեան խորհուրդի կարեւորութիւնը հոգեւոր կեանքի մէջ եւ բացատրեց, թէ ինչպէս պէտք է մարդը քայլ առ քայլ մօտենայ խոստովանութեան Սուրբ խորհուրդին:

Տէր Նարեկ քհնյ. Թադեւոսեանը հակիրճ ներկայացրեց խոստովանանքը, որպէս ապաշխարութեան խորհուրդ.

«Ապաշխարութիւնը Հայ Եկեղեցու եօթ խորհուրդներից երրորդն է:

Ապաշխարել նշանակում է անդրադառնալ, որ մենք Աստծուց հեռացել ենք եւ ցանկանում ենք վերականգնել մեր հայեացքը դէպի Աստուած: Ապաշխարութեան խորհուրդը ենթադրում է գիտակցել մեղքը եւ զղջալ: Դէպի Աստուած դարձի ցանկութիւնն Աստծուց տրուած մեծ շնորհ է: Գլխաւորն այն է, որ խոստովանանքի գնալիս ունենանք այն գիտակցութիւնը, որ մենք մեր մեղքերը Աստծուն ենք խոստովանում: Կարեւոր է, որ մենք քննենք մեր խիղճն ու պատրաստուած գնանք քահանայի մօտ: Քահանան միեւնոյն ժամանակ Աստծոյ անունից թողութիւն է տալիս մարդու մեղքերը»:

Տէր Միքայէլ Տօմպուրեանը խօսեց գերագոյն սիրոյ պատուիրանների մասին, յիշելով Քրիստոսի խօսքը. «Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք» (Հովհ. 13:34):

Մինչ Սուրբ եւ Անմահ Պատարագը տեղի ունեցաւ Խոստովանանքի կարգը:

Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցեց Տէր Միքայէլ քհնյ. Տօմպուրեանը:

Սուրբ գրային ընթերցումից յետոյ նա խօսեց Բեթղեհէմի մանուկների կոտորածի մասին, ինչը պատմւում է Ս. Մատթէոսի Աւետարանում (Մատթ. 2:16-18):

Բեթղեհէմի Սուրբ մանուկները, այն առաջին անմեղ նահատակներն էին, որոնք իրենց արիւնը թափեցին յանուն Յիսուս մանկան՝ փրկելով Աստուածորդոյն մահից:

Հրէաստանի Հերովդէս թագաւորը, երբ տեղեկանում է մոգերից, թէ «Հրեից արքայ» է ծնուել, հրամայում է նրանց, գնալ եւ գտնել նորածին մանկանը: Երբ մոգերն Աստծոյ հրամանով չեն վերադառնում, զայրացած Հերովդէսը հրամայում է կորստեան մատնել Բեթղեհէմում եւ քաղաքի սահմաններում գտնուող մինչեւ երկու տարեկան բոլոր մանուկներին: Բեթղեհէմի անմեղ մանուկների կոտորածը, փաստօրէն, դառնում է Յիսուսի համար թափուած առաջին արիւնը:

Սուրբ Պատարագի աւարտից յետոյ Մայր Թերեզայի Գթութեան քոյրերը մեծ գոհունակութիւն եւ շնորհակալութիւն յայտնեցին Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանին ջերմ ընդունելութեան համար:

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/06/2021, 20:37