Կանանց տօնը Հայաստանի հայ կաթողիկէ առաջնորդարանին մէջ

Գարնանային այս գեղեցիկ օրը ևս մէկ առիթ է ընդգծելու ձեր անփոխարինելի դերը հայոց պետականութեան ամրապնդման, ընտանիքի կայացման և զաւակների քրիստոնէավայել դաստիարակութեան գործում:

Վատիկան Նիուզ

Երկուշաբթի 8 մարտ 2021-ին Հայաստանի Հայ Կաթողիկէ առաջնորդարանին մէջ պաշտօնապէս նշուեցաւ մարտի ութի կանանց տօնը, որուն առթիւ կէսօրուայ ժամը մէկին Գերհ. հայր Գառնիկ Ծ. Վ. Յովսէփեանի գլխաւորութեամբ տեղի ունեցաւ կոկիկ հանդիսութիւն, որուն ընթացքին նուէրներ բաժնուեցան առաջնորդարանի աշխատակազմի մաս կազմող օրիորդներուն ու տիկիններուն։ Տօնախմբութեան առիթով Հայր Գառնիկը ներկաներուն ուղղեց հետեւեալ պատգամը.

Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քոյրեր և դուստրեր,
Ջերմօրէն շնորհաւորում եմ մարտի 8-ի՝ կանանց միջազգային տօնի առթիւ: Գարնանային այս գեղեցիկ օրը ևս մէկ առիթ է ընդգծելու ձեր անփոխարինելի դերը հայոց պետականութեան ամրապնդման, ընտանիքի կայացման և զաւակների քրիստոնէավայել դաստիարակութեան գործում:
Սիրելինե՛ր, մաղթում եմ առողջութիւն, յարատև երջանկութիւն, սէր, յաջողութիւն և նուիրական երազանքների իրականացում: Եղէ՛ք միշտ հմայիչ ու գեղեցիկ, շրջապատուած անսպառ ուշադրութեամբ և հոգատարութեամբ: Թող գարնանային արևի ջերմութիւնը, ծաղիկների թարմութիւնն ու բոյրը միշտ պարուրեն ձեզ:
Յետպատերազմեան  այս յուզումնալից և դժուարին օրերին, երբ դեռ չի հանդարտուել կորստի ցաւը՝ աղօթում ենք և հայցում Տիրոջ օրհնութիւնն ու Սուրբ Հոգու մխիթարութիւնը մեր սգակիր մայրերի և քոյրերի համար: Ուժ և կորով՝ դիմակայելու այս ցաւին և շարունակելու ապրել և ապրեցնել։ Տիրոջ լոյսն ու ջերմութիւնը ձեզ և ձեր ընտանիքներին։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/03/2021, 16:36