Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս 

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով

Մեր սրտաբուխ աղօթքն ենք վերառաքում առ Բարձրեալն Աստուած, որ Իր բազում ողորմութիւնները շնորհի ազգիս հայոց, Սուրբ Հոգու սփոփանքը պարգևի վշտացեալ սրտերին և Իր գթառատութիւնն ու պահպանութիւնը տարածի աշխարհասփիւռ մեր ժողովրդի ու մեր հայրենիքի վրայ

Սիրելի բարեպաշտ զաւակներ Մեր,

Սկսուել է Մեծ Պահքը։ Մուտք ենք գործել Մեծ Պահքի շրջան մեզ պատուհասած պատերազմի ողբերգութեան ցաւը մեր հոգիներում։ Արցախի և մեր ազատ ու անկախ ապրելու իրաւունքի համար մղուող պատերազմում հերոսաբար զոհուեցին մեր բազում զաւակներ, կորցրեցինք Արցախ աշխարհի զգալի մասը։ Այս ողբերգական իրադարձութիւնները որոշապէս նաև հետևանք էին Քրիստոսապատուէր սիրուց հեռանալու, անհամերաշխութեան, ներքին ու արտաքին անվտանգութեան ու սպառնալիքների դէմ զգօնութեան պակասի, ազգային արժէքների շուրջ համախումբ և միակամ լինելու նախանձախնդրութեան տկարացման։

Հոգևոր կեանքի այս առանձնայատուկ ժամանակաընթացքի մէջ կոչուած ենք զղջման ու ապաշխարութեան զգացումներով ընթանալու ինքնաքննութեան, սխալներին անդրադառնալու, թերութիւնները սրբագրելու լուսաւոր ուղիով՝ ունկնդիր առաքեալի պատգամին. «Ապաշխարեցէ՛ք և դարձի՛ եկէք ձեր մեղքերը ջնջելու համար, որպէսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայութիւնից» (Գործք Գ 19-20)։

Ապաշխարութիւնը տկարութիւնից նորոգութիւն տանող այն ճանապարհն է, որով մաքրագործւում է, նուիրագործուում անձը, վեր ելնում անկումից ու սայթաքումներից՝ ընթանալու դէպի կատարելութիւն։ Անկեղծ և սրտաբուխ ապաշխարությունը Տիրոջ գթութիւնն է տարածում հաւատացեալի և ժողովրդի կեանքում՝ հեռացնելով չարի փորձութիւններից։

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ ապաշխարութեանը միանում է Աստծոյ բարեգթութիւնը, որով հեղւում են երկնային ողորմութիւնը, տէրունապարգև մխիթարութիւնն ու շնորհները։

Երկնային օրհնութիւնների ու բարիքների աղբիւրը նաև ազգի կեանքում բացւում է համընդհանուր ապաշխարութեան ու զղջման միջոցով, ինչպէս որ Աստուած խոստանում է Սուրբ Գրքում. «Եթէ Իմ ժողովուրդը, որի վրայ Իմ անունն է դրուած, զղջայ, աղօթի և Իմ երեսը փետրի ու հետ դառնայ իր չար ճանապարհներից, Ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը» (Բ Մնաց. Է 14): Արդ, մեծ Պահքի կարևոր այս ժամանակահատուածը ծառայեցնենք զղջմամբ ու ապաշխարութեամբ մեր հոգու և կեանքի մաքրման համար և ընթանանք աստուածահաճոյ ճանապարհով։

Այս գիտակցութեամբ և Աստծոյ օգնականութեամբ մենք կարող կլինենք հոգևոր զօրութիւն և ուժ գտնել՝ յաղթահարելու մեր երկրի հասարակական կեանքում լարուած իրավիճակը, յառնած բազմաթիւ հիմնախնդիրներն ու մարտահրաւէրները և շարունակել մեր ստեղծագործ, հաւատաւոր կեանքի ընթացքը։

Մեր սրտաբուխ աղօթքն ենք վերառաքում առ Բարձրեալն Աստուած, որ Իր բազում ողորմութիւնները շնորհի ազգիս հայոց, Սուրբ Հոգու սփոփանքը պարգևի վշտացեալ սրտերին և Իր գթառատութիւնն ու պահպանութիւնը տարածի աշխարհասփիւռ մեր ժողովրդի ու մեր հայրենիքի վրայ։

Թող Աստծոյ բարի հայեացքի ներքոյ Տիրոջ զօրակցութեամբ իրականութիւն դառնան մեր ժողովրդի բարի իղձերը՝ նեղութիւններից ու դժուարութիւններից յառնելու դէպի բարձունքը յաղթանակների և յաջողութիւնների՝ ի զօրացումն մեր պետութեան և ի բարօրութիւն ազգիս։

Եւ թող մեր Տէր և Փրկիչ Յիսուս Քրիստոսի սերը և երկնապարգև շնորհները միշտ լինեն մեզ հետ և ամէնքի. ամեն։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/02/2021, 08:43