Երիտասարդները՝ դէպի նոր հորիզոններ և «Համայնքային Կարիտաս»-ներ

«Իմ Աստուծով ես կարող եմ թռչել պարիսպների վրայով», Սղմ. 17, 30

 Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ» (Parish Social Ministries) ծրագիրը շարունակում է իր ընթացքը համայնքներում՝ որոշակի փոփոխութիւններով, որոնց նպատակն է առաւել շեշտադրել երիտասարդների ներգրաուուածությունը համայնքներում հոգևոր-սոցիալական կեանքում: Ըստ այդմ նախատեսուած են բազմաբնոյթ դասընթացներ, ճանաչողական այցելութիւններ՝ համայնքներից դուրս՝ դէպի կրթական ժամանակակից կենտրոններ, սոցիալական ծառայութիւններ իրականացնող կենտրոններ՝ նաև հաշուի առնելով երիտասարդների առաջարկութիւններն ու ծրագրային շեշտադրութիւնները: Այս տրամաբանութեամբ՝ ծրագրի ղեկավար Մկրտիչ Բաբայանի և գործառնական աշխատանքներն իրականացնող Յասմիկ Խաչատրեանի հետ միասին նախաձեռնեցինք ընդհանրական առաջին հանդիպումները՝ Աշոցքի հինգ կաթողիկէ համայնքների համար: Առաջինը կազմակերպեցինք փետրուարի 3-ին՝ Գիւմրիի «Զանան» մշակութային տանը, որ գտնւում է Հ. Շիրազի տուն-թանգարանի ներքնայարկում: Մասնակցեցին Մեծ Սեպասարի և Սիզավետի 13-30 տարեկան 30 երիտասարդներ և պատանիներ:

 Հանդիպումը սկսվեց ժամը 16:00-ին՝ նախ Հ. Շիրազի տուն-թանգարանում շրջայց-ծանօթութեամբ, որից յետոյ երիտասարդները ծանօթացան նորաբաց «Զանան» մշակութային տանը հնութիւններին, որոնք պատմում են Գիւմրի քաղաքի մշակութային անցեալի մասին:

 Նախ ներկայացրեցինք ծրագրի էութիւնը և «համայնքային կարիտասներ» գաղափարը, որը նախատեսում ենք իրականութիւն դարձնել համայնքներում և որի առաջին քայլերն արդեն արւում են սոյն ծրագրի և երիտասարդների կամաւորական սոցիալական նախաձեռնութիւնների միջոցով: «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի նպատակներից մէկը սահմանուել է նպաստել համայնքներում Հայկական Կարիտասի գրասենեակների հիմնադրմանը և գործունէութեանը:

 Հանդիպման բուն թեմատիկ մասում խօսեցի «Անհատի հնարաւորութիւնները. ի՞նչ կարող եմ անել» թեմայով: Նախ անդրադարձայ մարդու կարողութիւնների, տաղանդների աղբիւրին, որ Արարիչն Աստուած է և մարդու կոչմանը նմանուելու իր Արարչին՝ կրթութեամբ, ինքնազարգացմամբ, աշխատանքով և սեփական կարողութիւնները կատարելագործելով: Շեշտեցի հետևեալը. «Աստուած միշտ արարում է և ստեղծում նոր հնարաւորութիւններ՝ տիեզերքի և մարդու համար, հետևաբար ես ևս պէտք է միշտ աշխատեմ և ստեղծեմ նոր հնարաւորութիւններ՝ իմ, ուրիշ մարդկանց և երկիր մոլորակի կեանքի որակն առաւել բարձրացնելու համար»: Սա նաև Կաթողիկէ սոցիալական ուսմունքից բխող կարևոր մի սկզբունք է, որը մշտապէս շեշտել ենք մեր զրոյցներում:

 «Որո՞նք են իմ հնարաւորութիւնները» հարցին առաջարկեցինք պատասխանել հետևեալ կերպ.

-կատարել սեփական հնարաւորութիւնների վերլուծութիւն, հասկանալ, թէ ինչ կարողութիւններ ունենք,

-գոհություն յայտնենք Ամենակարող Աստծուն՝ մեր տաղանդների, նաև՝ մեզ համար շատ թոյլ թուացող կարողութիւնների համար:

-խնդրենք աղօթքով, որ Աստուած զօրացնի մեր կամքը և ամբողջ ուժով գործի անցնենք՝ զարգացնելու կատարելագործելու մեր աստուածատուր կարողութիւնները,

-երբեք, ինչքան մեծ յաջողութիւնների հասնենք, չմոռանանք, որ Աստուած է մեզ տուել ամէն ինչ և մնանք համեստ, խոնարհ,

-միևնույն ժամանակ՝ միշտ ձգտենք աւելիին՝ ոչ թէ նիւթական, այլ՝ մեր կարողութիւնների առաւելագոյն նշաձողին հասնելու իմաստով,

-երբեք չյուսահատուել դժուարութիւնների ժամանակ և ձգտել դժուարութիւնները վերածել նոր հնարաւորութիւնների և նոր մեկնարկների:

 Դիտեցինք մի կարճ անիմացիոն ֆիլմ՝ պայքարելու և չյուսահատուելու մասին՝ Pixar ստուդիայի նկարահանած, «Գառնուկը» վերնագրով:

 Հասմիկ Խաչատրյանը խօսեց փոփոխութիւններ բերելու գաղափարի, ձգտումներ ունենալու, պայքարելու սկզբունքների մասին, ներկայացրեց յայտնի անհատականութիւններ բնապահպան ակտիվիստ երիտասարդ Greta Thumberg-ի և գործարար Elon Mask-ի կենսագրական իւրայատկութիւնները, որոնք կարող են ոգեշնչել՝ յղանալու նոր գաղափարներ և իրականացնելու:

 Մկրտիչ Բաբայանը խօսեց համայնքային խնդիրների լուծման համաշխարհային փորձի և նորարարութիւնների, ստեղծարարութեան մասին, կազմակերպուեց ակտիվ քննարկում՝ երիտասարդների մասնակցութեամբ, ուրուագծուեցին հետագայ թեմաները՝ այլ հանդիպումներ կազմակերպելու համար:

 Յաջորդ հանդիպմանը, որ կլինի յաջորդ շաբաթ, կմասնակցեն Ղազանչի, Բավրա և Սարագյուղ համայնքների երիտասարդների համար:

 Աստծոյ զօրութեամբ վստահ եմ, որ մեր երիտասարդները կկարողանան իրենք իրենց առջև բացել ինքնազարգացման նոր հեռանկարներ:

Տ. Յովսէփ Քհն. Գալստեան

Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա, Սարագյուղ և Սիզավետ համայնքների հոգևոր հովիւ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

04/02/2021, 08:58