Սուրբ Սարգիսը և երիտասարդական ընդհանուր հաւաքը՝ Տիրամայր Հայաստանի կենտրոնում

Եկէ՛ք իւրաքանչիւրս ինքներս մեզ ասենք. «Ես կարո՛ղ եմ լինել սուրբ»

Նահատակ, երիտասարդների հովանաւոր, ամուր հաւատքի պաշտպան Սուրբ Սարգսի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինակիցների տօնն այս տարի Աշոցքի մեր հինգ կաթողիկէ գիւղերի՝ Մեծ Սեպասարի, Բավրայի, Ղազանչիի, Սիզավետի և Սարագյուղի երիտասարդների համար նշանաւորուեց մի օգտակար հաւաքով, որ կազմակերպեցինք Գիւմրիում՝ Տիրամայր Հայաստանի կենտրոնում, Անարատ Յղութեան հայ միաբան քոյրերի հետ միասին: Հաւաքին մասնակցեցին 13-30 տարեկան 70 պատանիներ և երիտասարդներ:

Նախ մատուցեցինք Սուրբ Պատարագը՝ երիտասարդների դիտաւորութեամբ և խնդրելով Սուրբ Սարգսի, նրա որդու և զինակիցների բարեխօսական աղօթքները նրանց համար: Քարոզիս ընթացքում պատմեցի Վարք Սրբոցի աւանդական վկայութիւնը՝ այս սրբերի մասին, յատուկ ուշադրութիւն հրաւիրեցի Սուրբ Սարգսի՝ հաւատքի մէջ անխախտ լինելու, հեթանոսական աշխարհում համարձակ վկայելու և մինչև վերջ Քրիստոսի սիրոյն հաւատարիմ մնալու սկզբունքայնութեան պատմական փաստի վրայ, որի մասին մտածելը շատ կարևոր է մեր օրերում, երբ այնքա՜ն պակասում է արմատականութիւնը և անսասանութիւնը՝ հաւատքի և հոգևոր արժեգների մէջ: Ս. Պատարագի աւարտին խնդրեցինք օրուայ սրբերի աղօթքները երիտասարդների համար, որպէսզի նրանք յառաջադիմեն աղօթական ջերմեռանդութեան մէջ, սրբակեցութեան մէջ, զարդարուեն աստուածային շնորհներով և առաքինութիւններով, ամէն ժամ լինեն աւելին Աստծոյ առաջ, ըստ առաքեալի խօսքի, իսկ նրանք, ովքեր անտարբերութեան թմբիրի մէջ են, արթնանան քնից և սկսեն ապրել թարմ հոգևոր կեանքով:

Ս. Պատարագից յետոյ երիտասարդների հետ միասին Տիրոջը գոհութիւն յայտնելով՝ ըմբոշխնեցինք քոյրերի և նրանց խոհարարական դպրոցի սաների հիւրասիրած ճաշատեսակները:

Ապա տեղի ունեցաւ հետաքրքիր մի զրույց-քննարկում՝ «Երիտասարդների դերը՝ համայնքի հոգևոր զարգացման մէջ» թեմայով: Նախ ներկայացրեցի մի խորհրդածութիւն՝ Յովհաննէս Աւետարանիչի ընդհանրական թղթի հետևեալ համարի շուրջ՝ «Երիտասարդներ, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ էք, և Աստծոյ Խօսքը բնակւում է ձեր մէջ, և դուք յաղթեցիք չարին», Ա Յվհ. 2, 14: Ուշադրութիւն հրաւիրեցի այս համարի երեք մասերի վրայ՝ առանձին-առանձին՝ շեշտադրելով հետևեալը.

«Դուք ուժեղ էք.

-աստվածային շնորհով,

-Քրիստոսի ներկայութեամբ ձեր մէջ,

-սրբությամբ»:

Խօսեցինք, յատկապէս, սրբութեան համընդհանուր առաքելութեան և աստուածային հրաւէրի մասին՝ յղում անելով նաև սրբերի մի քանի մտքերի.

-Աստված քեզ ստեղծել է իր պատկերով և նմանութեամբ

և կամենում է,

որ դու լինես սուրբ:

«Սրբութիւնը շքեղութիւն չէ՝ նախատեսուած միայն քչերի համար: Դա իւրաքանչիւրի պարտականութիւնն է՝ քոնը և իմը», Մայր Թերեզա:

 Չարին կարելի է յաղթել միայն աստուածային շնորհի օգնութեամբ, սրբակենցաղ վարքով և Աստծոյ խօսքը մարմնաւորելով՝ անհատական և հասարակական վարքագծում: Այս վերջին կէտի շուրջ ծաւալեցինք քննարկում:

 Քոյր Մարիամ Յարութիւնեանը, ով մեր համայնքներում կանոնաւոր կերպով ինձ հետ միասին աշխատում է պատանիների և երիտասարդների հետ, խօսեց երիտասարդների՝ անտարբերութեան տրամադրութիւնից դուրս գալու և եկեղեցական կեանքում ակտիվ դերակատարութիւն ստանձնելու անհրաժեշտութեան մասին: Ք. Նարինէն պատմեց մեր համայնքներում իր աշխատանքային փորձառութեան մասին և մի քանի օգտակար խորհուրդներ տուեց: Երիտասարդները ևս արտայայտեցին իրենց կարծիքներն ու առաջարկութիւնները, թէ ինչպէս կարելի է առաւել զարգացնել անհատական և համայնքային հոգևոր կեանքը: Պէտք է ասեմ, որ իւրաքանչիւր առաջարկութիւն մեզ համար շատ արժէքաւոր է, և միասին աստիճանաբար կիրականացնենք և կհարստացնենք բոլոր օգտակար առաջարկները:

 Չէինք կարող չյիշել և մեր նահատակ ընկերներին. երիտասարդներից մէկը՝ Կատյան, յիշեց նաև 2020թ. արցախեան պատերազմում զոհուած մեր նահատակ երիտասարդներից Գնելին, որ երեք տարի առաջ Բավրայում երիտասարդական միջոցառման ժամանակ կատարում էր Սուրբ Սարգսի դերը և նրա նման դարձաւ մի նահատակ զինուոր:

 Հոգևոր իմաստով կառուցողական այս զրոյցից յետոյ առաւել անմիջական զրոյց ծաւալուեց թէյի և սուրճի սեղանի շուրջ, լսեցինք նաև Տիրամայր Հայաստանի կենտրոնի սաների պատրաստած խօսքը՝ Սուրբ Սարգսի տօնի մասին:

 Քոյր Մարիամը երիտասարդների համար կազմակերպեց նաև հաճելի միասնական խաղեր, երգի մրցոյթ, որով և եզրափակեցինք մեր հանդիպումը: Շարունակութիւնը ծրագրում ենք իրականացնել աւելի փոքրաթիւ, բայց տևական հոգևոր հաւաքների տեսքով:

 Շնորհակալութիւն՝ Անարատ Յղութեան հայ քոյրերին, մասնաւորապէս, ք. Մարիամ Յարութիւնեանին և երիտասարդներին՝ այս գաղափարի իրականացմանը սիրով աջակցելու համար:

Աստուած օրհնի բոլորիս՝ նոր ստեղծարար մտայղացումներով, որոնք, վստահ եմ, ահռելի շատ կլինեն, քանի որ մենք մենակ չենք. Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ դէպի նոր հորիզոններ:

Տ. Յովսէփ Քհն. Գալստեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/02/2021, 14:48