Սուրբ Խաչը՝ յաղթութեան նշան Սուրբ Խաչը՝ յաղթութեան նշան 

Վարագայ Խաչի տօնին Սուրբ Պատարագները մատուցուեցին՝ հայոց բանակի յաղթանակի և խաղաղութեան համար

Անդադար աղօթքով յաղթենք թշնամուն. Սուրբ Գրքի դասը

Այս օրհասական պահին մեր բոլորիս պարտքն է ամէն կերպ և, յատկապէս, աղօթքով սատար կանգնել մեր քաջարի զինուորներին, ովքեր օր ու գիշեր կռիւ տալով՝ պաշտպանում են մեր ժողովրդին և պատմական հողը: Ադրբեջանի սանձազերծած յարձակումը համընկաւ Վարագայ Սուրբ Խարի տօնին՝ ցաւալիօրէն մեզ առիթ ընձեռելով մտածել Տիրոջ Խաչի խորհրդի և, միաժամանակ, հայ ժողովրդի կրած խաչերի մասին՝ արտաքին թշնամիների յարձակումների պատճառով, որոնք մեր ժողովուրդը շարունակում է իր ուսերին կրել միշտ՝ իր պատմական դարաւոր ընթացքով կիսելով մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի խաչակրութիւնը:

Վարագայ Սուրբ Խաչի տօնին հայ կաթողիկէ համայնքներում Սուրբ Պատարագը մատուցուեց հայոց բանակի յաղթանակի, հզօրութեան և խաղաղութեան դիտաւորութիւնով՝ որպէս միասնական աղերսանքի անդաւաճան միջնորդութիւն, Հայր Աստծուն առաջարկելով Իր Միածին Որդու Սուրբ Մարմինն ու Արիւնը՝ իւրաքանչիւր մարդ արարածի համար Խաչի վրայ կատարած սրբազնագոյն Պատարագի մշտնջենաւոր արդիականութիւնը, որ ամենազօրեղ աղօթքն է և զէնքը՝ ներքին ու արտաքին թշնամու դէմ: Աղերսեցինք նաև Տիրամօր մայրական քնքուշ և ազդու բարեխօսութիւնն ու հովանին՝ մեր զինուորների և նրանց ընտանիքների համար:

Եկէ՛ք այս օրերին շարունակենք մասնակցել Տիրոջ Սուրբ Պատարագին՝ այս նոյն անխախտ դիտաւորութիւնով՝ ՅԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆԸ՝ ՈՐՊԷՍ ԵՐԱՆԵԼԻ ՊՏՈՒՂ և արժանի՝ մեր տառապած ժողովրդին:

Այս պահին մեզ բոլորիս անհրաժեշտ է ամբողջովին վստահել ոչ միայն մեր զինուորների բազուկներին ու մարտական կամքին, այլեւ յատկապէս, ՎՍՏԱՀԵԼ ՏԻՐՈՋԸ:

Բայց եկէ՛ք նաև այս օրհասն ընդունենք որպէս ԱԶԴ՝ ԶՂՋՄԱՆ և ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ, և վճռականօրեն սրբագրե՛նք մեր առօրեական ընթացքը, մեր անհատական և հասարակական վարքագիծը, զտե՛նք մեր մտքերը և առուակի ջրի նման զուլալ ու ջինջ դարձնենք մեր հոգին և հոգևոր նկարագիրը՝ ատելութեան փոխարէն մեր հոգիներում պատուաստելով անհուն սէրը՝ հայրենիքի, հայրենի հոգևոր արժէքների, մեր ընտանիքների, մեր երկրի և Սուրբ Եկեղեցու հանդէպ և մեր բոլորիս գոյակռիւն ընկալենք՝ որպես սրբազան ինքնապաշտպանութեան և մերձաւորի հանդէպ սիրոյ պատուիրան՝ պաշտպանելով այդ հարստութիւնը, մեր ապրելու և հաւատալու իրաւունքը, մեր սրբութեան ճանապարհը և առ Աստուած սէրը:

Մեզ անհրաժեշտ է վճռականօրեն դարձ կատարել մեր մեղքերից, այս օրհասը համարել ապաշխարութեան, վերափոխման մի հնարաւորութիւն՝ իւրաքանչիւրիս համար և մեր տառապանքներն առաջարկել Տիրոջը՝ որպէս մի խաչակրութիւն՝ Քրիստոսի հետ միասին և հատուցում՝ մեր մեղքերի դիմաց:

Իւրաքանչիւր պատերազմ, արհաւիրք մեզ համար պէտք է լինի սեփական սխալները սրբագրելու և Աստծուն առաւել շատ ապաւինելու մի հնարաւորութիւն. այս ճշմարտութիւնն է մեզ սովորեցնում Սուրբ Գիրքը:

Եթէ ուզում ենք, որ Աստուած լսի մեր օգնութեան աղաղակը, պէտք է Աստծուն մօտենալ զղջացած և ապաշխարող հոգով: Ուզում եմ վերջում յիշեցնել մի դրուագ՝ իսրայէլացիների և ամաղեկացիների կռուից, որտեղ Աստուած Իր ժողովրդին յաղթանակ պարգևեց՝ մի արդար և ապաշխարող մարդու՝ Մովսէսի, աղօթքի շնորհիւ.

«Ամաղեկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին իսրայէլացիների դէմ։ Մովսէսն ասաց Յեսուին. «Ուժեղ տղամարդիկ ընտրի՛ր եւ առաւօտեան վեր կենալով պատերազմի՛ր ամաղեկացիների դէմ։ Ես կը գամ ու կը կանգնեմ բլրի գագաթին, եւ Աստծու գաւազանը կը լինի իմ ձեռքին»։ Յեսուն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը. նա պատերազմեց ամաղէկացիների դէմ։ Մովսէսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը։ Երբ Մովսէսը բարձր էր պահում ձեռքերը, առաւելութեան էին հասնում իսրայէլացիները, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, առաւելութեան էին հասնում ամաղէկացիները։ Եւ քանի որ Մովսէսի ձեռքերը յոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան եւ նրա տակը դրեցին։ Մովսէսը նստեց դրա վրայ, իսկ Ահարոնն ու Ովրը՝ մէկն այս կողմից, միւսն այն կողմից նրա ձեռքերը բռնած բարձր էին պահում։ Այսպիսով Մովսէսի ձեռքերը մինչեւ արեւի մայր մտնելը բարձրացած մնացին։ Յեսուն սրակոտոր արեց ամաղէկացիներին ու նրանց ողջ զօրքը։ Տէրն ասաց Մովսէսին. «Այս դէպքը որպէս յիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Յեսուին, որ ամաղէկացիների յիշատակը ջնջելու եմ երկրի վրայ՝ երկնքի ներքոյ»։ Մովսէսը Տիրոջ համար զոհասեղան շինեց եւ դրա անունը դրեց՝ «Տէրն իմ ապաւէնն է»։ Նա ասաց. «Այսպէս կոչեցի, քանի որ Տէրն իր անտեսանելի ձեռքով պատերազմում է ամաղէկացիների դէմ սերնդից սերունդ», Ելք 8-16:

Տ. Յովսէփ Քհն. Գալստյան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/09/2020, 13:10