Ափրիկեցի մանուկներ Ափրիկեցի մանուկներ 

Հարաւային Ափրիկէ. ընտանիքի պատասխանատուութիւնը ստանձնած երեխաների ողբերգութիւնը:

Հարաւ-ափրիկէցի բազմաթիւ երեխաներ ստիպուած են ստանձնել ընտանիքի հօր կամ մօր պարտականութիւնները: «Այս երեխաները դուրս են մղուած հասարակութիւնից, ուստի, անհրաժեշտ է պաշտպանել եւ նեցուկ լինել նրանց», - տեղեկացնում է «Արդարութիւն եւ Խաղաղութիւն» կոչուող հարաւ-ափրիկէցի եպիսկոպոսների յանձնախումբը:
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Որբեր, երեխաներ, ում լքել են ծնողները, աղջիկներ, ովքեր շատ վաղ տարիքում են մայրացել եւ ապրում են միայնակ մօր կարգավիճակով: Բազմաթիւ ողբերգական իրավիճակներ, որոնցից ելքի ուղիներ գտնելու համար պէտք է պատասխանատուութիւն ստանձնել:

Հարաւային Ափրիկէի Եպիսկոպոսների «Արդարութիւն եւ Խաղաղութիւն» յանձնաժողովը իր զեկոյցի մէջ ներկայացնում է այն տագնապալի կացութիւնը, որի մէջ են յայտնուել այս երեխաները, ովքեր կեանքի որոշակի հանգամանքների բերումով ստիպուած են եղել շատ արագ մեծանալ, ինչն էլ տարբեր հոգեբանական բարդոյթներ է ծնել նրանց մէջ:

«Խօսքը վերաբերում է այն երեխաներին, ովքեր տառապում են լքուած լինելու, կրած բարոյական վնասի եւ խտրական վերաբերմունքի պատճառով, ովքեր տառապում են, քանզի սոցիալական մեկուսացման մէջ են յայտնուել եւ, շատ յաճախ, հասարակութեան խարանն է դրոշմուած նրանց վրայ», - նշուած է փաստաթուղթի մէջ: Այս ամէնը, յաճախ, վկայում է նրանց «ցածր ինքնագնահատականի» մասին: Նրանք անգամ համոզուած են, որ «լիովին արժանի են հասարակութեան անտարբերութեանը»:

Բարոյական պարտք

Այս երեխաներին օգնութեան ձեռք մեկնելու եւ պաշտպանելու համար Հարաւային Ափրիկէի Եկեղեցին առաջարկում է կառավարութեան եւ քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների հետ համագործակցութեամբ յատուկ ծրագրեր մշակել եւ ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը, ինչն էլ կը նպաստի իրական «բարոյական վերածնունդին»:

Անհրաժեշտ է խրախուսել, որպէսզի հասարակութիւնը գիտակցի իր սոցիալական պատասխանատուութիւնը, իսկ մօտ հարազատները բարի կամք դրսեւորեն եւ հոգ տանեն այն երեխաների մասին, ում ծնողները մահացել են կամ լքել իրենց զաւակներին: Պէտք է միջոցներ ձեռնարկել, որպէսզի չը լինեն այնպիսի ընտանիքներ, որտեղ ընտանիքի ամբողջ հոգսը եւ պատասխանատուութիւնը դրուած է երեխաների փխրուն ուսերին», - յատուկ կերպով ընդգծուած է «Արդարութիւն եւ Խաղաղութիւն» յանձնաժողովի կողմից հրապարակուած զեկոյցի մէջ, միեւնոյն ժամանակ, յիշեցնելով, որ երեխաները պէտք է մեծանան «լիարժէք ընտանիքների մէջ»:

Սեռական շահագործման զոհեր

Հարաւ-ափրիկէցի եպիսկոպոսները յորդորում են. «ամէն ջանք ներդնել՝ պաշտպանելու երեխաներին սեռական շահագործումից, քանի որ վերոնշեալ դէպքերում մեծ է նրանց շահագործման վտանգը»:

Եպիսկոպոսների յանձնաժողովը կոչ է անում. «բարձրորակ հոգեբանական եւ բժշկական ծառայութիւններ մատուցել որբ եւ յատկապէս՝ խոցելի երեխաներին, կրած տառապանքը մեղմելու եւ հոգու վէրքերը դարմանելու համար»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/09/2020, 07:51