Կիսասարկաւագի ձեռնադրութիւն՝ ձեռամբ Առաջնորդ Սրբազան Հօր Կիսասարկաւագի ձեռնադրութիւն՝ ձեռամբ Առաջնորդ Սրբազան Հօր 

Տօնական երկու Սբ. Պատարագ և կիսասարկաւագի ձեռնադրութիւն՝ ձեռամբ Առաջնորդ Սրբազան Հօր

Սուրբ Պատարագի ընթացքում տեղի ունեցաւ քահանայական փոքր կարգերի շնորհման և կիսասարգավութեան ձեռնադրութեան կարգ՝ ճեմարանի սան Ահարոն Սամուէլեանի համար: 

Աստուածածնի Վերափոխման տօնի առթիւ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը մատուցեց երկու Սուրբ Պատարագ. առաջինը՝ օգոստոսի 15-ի երեկոյեան՝ Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան բակում՝ առընթերակայութեամբ Հ. Նարեկ Վրդ Մնոյանի, Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի, ներկայութեամբ Արհ. Տ. Նշան Արքեպս. Կարաքեհեյանի, Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանի, Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանի, սպասավորութեամբ Սրբոց Հրեշտակապետաց միացեալ հոգևոր ճեմարանի սաների և հաւատացեալների բազմութեան: Սուրբ Պատարագի ընթացքում տեղի ունեցաւ քահանայական փոքր կարգերի շնորհման և կիսասարգավութեան ձեռնադրութեան կարգ՝ ճեմարանի սան Ահարոն Սամուէլեանի համար: 

Ահարոնը ծնուել է 1995թ. Մարտունի քաղաքում: 2003-2011թթ. սովորել է Աստղաձոր գիւղի միջնակարգ դպրոցում, 2011-2013թթ. ուսումը շարունակել է Մխիթարեան հոգևոր դպրեվանքում, որտեղ առաջին անգամ լրջօրէն մտածել է քահանայական ծառայութեան պատրաստուելու մասին: 2013-2015թթ. ծառայել է բանակում, 2017-ից հոգևոր կրթութիւն է ստանում Լեհաստանի Սբ. Յովհաննէս Պօղոս Բ-ի անուան աստուածաբանական համալսարանում: «Շնորհավորու՛մ եմ, Ահարոն, որովհետև մի քայլ առաջ արեցիր դէպի Սուրբ Խորան՝ ծառայելու Աստծուն խոնարհութեամբ».-ասաց Ռաֆայէլ Սրբազանն իր հայրապետական քարոզում և յիշեց ևս մէկ կարևոր փաստ, որ հինգ տարի առաջ՝ Աստուածածնի Վերափոխման տօնին, քահանայ ձեռնադրեց Հ. Նարեկ Վրդ. Մնոյանին և նրան մաղթեց երկար տարիների քահանայական բեղուն ծառայութիւն: Անցնելով Վերափոխման տօնի խորհուրդին՝ Ռաֆայէլ Սրբազանն ասաց.  
 «Արդեօ՞ք մտածել էք, թէ ինչու՛ և ինչպէս տեղի ունեցաւ Տիրամօր Վերափոխումը: Նախ պէտք է ասել, որ Վերափոխումը Յիսուսի սիրոյ և երախտագիտութեան արտայայտութիւնն է՝ Իր մօր հանդէպ՝ այն բանի դիմաց, որ Կոյս Մարիամն ընդունեց Աւետման լուրը և համաձայնեց դառնալ Աստծոյ Որդու մայրը: Երկրորդ՝ Կոյս Մարիամը համարձակ ընդունեց այդ պատասխանատուութիւնը և դեռ չգիտեր էլ, որ իր առջև երկար ճանապարհ ունէր անցնելիք՝ լի ցաւերով, դժուարութիւններով, զոհողութիւններով, լքուածութեամբ, հալածանքով: Եւ այս ամէնը Աստուածամայրը կրեց լռութեամբ, խոնարհութեամբ և ցաւով, հետևեց իր Որդուն մինչև Խաչը: Եւ այդ պատճառով էլ արժանացաւ մարմնով և հոգով Երկինք փոխադրուելու փառաւոր շնորհին… Սիրելի՛ հաւատացեալներ, եկէ՛ք Տիրամօրը դարձնենք մեզ համար պաշտպան և ճանապարհ՝ հետևելով նրա օրինակին, որպէսզի մեր դժուարութիւնները յաղթահարելով՝ հասնենք նրա երկնային փառքին»: Տօնական երկրորդ Սուրբ Պատարագը Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը մատուցեց կիրակի՝ Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում՝ առընթերակայութեամբ Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչեանի և Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի: Հաւատացեալների համար մեծ երջանկութիւն էր Աստուածածնի տօնին ներկայ լինել Սրբազան Հօր ձեռամբ մատուցուած Սուրբ Պատարագին՝ մանաւանդ համավարակի այս օրերի բարդութիւնների և մտավախութիւնների ֆոնին և լսել նրա՝ հաւատի ու յոյսի մէջ հաստատող հայրական խօսքը, Վերափոխման խորհրդի մեկնութիւնը, Տիրամօր Սրբապատկերի շուրջ ջերմ և աղօթախառն խորհրդածութիւնը՝ ի սէր իր հոգևոր զաւակների: Տ. Յովսէփ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/08/2020, 09:26