2020.04.04 Covid19. Aiuto della Chiesa e Caritas Ecuador verso i poveri 2020.04.04 Covid19. Aiuto della Chiesa e Caritas Ecuador verso i poveri 

Քրիստոնէական ՀԿ-ների խնդրանքը ԱՄՆ-ի Քոնկրէսին. Օգնութեան ձեռք մեկնել աղքատ երկրներին:

ԱՄՆ-ի Քոնկրէսին ուղղուած բաց նամակում մօտ երեք տասնեակ Քրիստոնէական ՀԿ-ներ պահանջում են, որպէսզի Միացեալ Նահանգները ֆինանսական աջակցութիւն տրամադրի առաւել աղքատ երկրներին՝ Քորոնա ժահրի աղէտալի հետեւանքները հնարաւորինս նուազեցնելու համար:
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Օրեր առաջ ԱՄՆ-ի Քոնկրէսին հասցէագրուած այս բաց նամակը ստորագրուած է աւելի քան երեսուն Քրիստոնէական ՀԿ-ների կողմից, ի թիւս որոնց՝ Կաթողիկէ Օգնութեան Ծառայութիւնը (Catholic Relief Services (CRS)), Ամերիկայի Կաթողիկէ Եկեղեցւոյ միջազգային մարդասիրական գործակալութիւնը, ինչպէս նաեւ Եպիսկոպոսների Համաժողովի (USCCB) Արդարութեան եւ Խաղաղութեան Յանձնախումբի նախագահ Գերպծ. Դեյվիդ Ջ. Մելլոյը: «Եթէ չկարողանանք ամենուրեք յաղթել «Քովիտ-19»-ի դէմ պայքարում, ապա՝ ոչ մի երկրում չենք կարողանայ այս համաճարակին պարտութեան մատնել», - նշւում է նամակին կից CRS-ի ամփոփ հաղորդագրութեան մէջ՝ ընդգծելով, որ անցկացուած վերջին հարցումները ցոյց են տալիս, որ ամերիկացիների 72%-ը կողմ է այս համաճարակը մեղմելու գործընթացի շրջանակներում օգնութիւն տրամադրել ամենակարիքաւորներին:

Չնչին գումար՝ ի համեմատութիւն համաշխարհային բիւջէի

ՀԿ-ների կարծիքով նուազագոյնը 10-ից 15 միլիոն տոլար է անհրաժեշտ՝ աջակցութիւն տրամադրելու այն երկրներին, որոնք բաւարար միջոցներ չունեն առողջապահական ճգնաժամին դիմակայելու համար: Խօսքը վերաբերում է «Քովիտ-19»-ի դէմ պայքարի եւ ամերիկեան տնտեսութեան աջակցութեանն ուղղուած Դեմոկրատական Կուսակցութեան մշակած աջակցութեան ծրագրի ֆինանսաւորման համար Քոնկրէսի կողմից հաստատուած երեք տրիլիոնից ընդամենը 0,005%-ին համարժէք գումարին: Մինչ օրս որեւէ միջոց չի ձեռնարկուել միջազգային օգնութեան համար: ՀԿ-ները զգուշացնում են, որ ամենախոցելի երկրներին մարդասիրական օգնութիւն չտրամադրելը կարող է ողբերգական հետեւանքների յանգեցնել. «Համաձայն վերջին զեկոյցի տուեալների, մարդասիրական օգնութիւն չյատկացնելու դէպքում այս երկրներում կարող է մինչեւ 3 միլիոն մահ գրանցուել, միեւնոյն ժամանակ՝ համաճարակի արդիւնքում աղքատ երկրներում առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով միլիոնաւոր մարդկանց սպառնում է սովը»:

Համերաշխութիւնը՝ որպէս բարոյական պարտականութիւն եւ համաշխարհային ռազմավարութիւն

«Միացեալ Նահանգների մարդասիրական, առողջապահական եւ դիւանագիտական ծրագրերը կանխարգելման, ախտորոշման, հիւանդութեան բուժման եւ անհատական պաշտպանիչ միջոցների կիրառմամբ եւ տրամադրմամբ կարող են նպաստել կեանքեր փրկելուն», - ընդգծուած է նամակում: ՀԿ-ները յիշեցնում են, որ քրիստոնեաների բարոյական պարտքն է հոգալ կարիքի մէջ գտնուող մարդկանց մասին. «Անհրաժեշտ է, որ մեր երկիրը արձագանգի բնակչութեան այն խիստ կարիքներին, որոնք առաջանում են տնտեսական, մարդասիրական, պարէնային անվտանգութեան, «Քովիտ-19»-ի հետեւանքներով ստեղծուած բարդութիւններից, շարունակի մալարիայի (դողտենդ), տուբերկուլոզի (պալարախտ), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման համար իր մարդասիրական ընթացիկ գործունէութիւնը, ինչպէս նաեւ աշխարհում կրօնական ազատութեան խրախուսումը: Տագնապի այս պահին մենք չենք կարող երես դարձնել այս աշխարհում ապրող մեր եղբայրներից ու քոյրերից: Որպէս ազգ՝ մենք ունենք ե՛ւ հնարաւորութիւն, ե՛ւ պարտաւորութիւն մատակարարելու անհրաժեշտ միջոցներ, որոնք արգելք կը հանդիսանան այս հիւանդութեան տարածմանը եւ կը մեղմացնեն բոլոր նրանց ցաւը, ովքեր տառապում են այդ ախտով: Այսպիսով, վստահ ենք, որ մենք նոյնպէս պաշտպանուած կը լինենք այս երկրում», - գրուած է նամակում:

Այս կոչն ուղղուած է Քոնկրէսի անդամներին, որպէսզի արտերկրին յատկացուող անհրաժեշտ միջոցներով հրատապ ձեռնարկուեն «միջազգային պատասխան գործողութիւններ»՝ «Քովիտ-19»-ի ազդեցութիւնը զսպելու համար:

«Աղօթում ենք, որ մեր երկրի ներկայացուցիչները գտնեն ճիշտ ուղին եւ իրենց պարտքը կատարեն՝ օգնելով նրանց, ում նկատմամբ ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չի գտնուել», - եզրափակւում է ՀԿ-ների կողմից շարադրուած նամակը:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/07/2020, 06:23